ՀԳՄ վարչությունը շնորհավորում է արձակագիր, հրապարակախոս, մանկագիր Ռոզա եղիազարյանին ծննդյան 75-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
Մարտ ամիսն էր։ Արթնացա ու տագնապով մտածեցի, որ շուտով 50 տարեկան եմ դառնում։ Չէ, չեմ ուզում նշել, դե արի ու մտածիր՝ ինչ հագնես, ում հրավիրես, ինչ պատրաստություն տեսնես, որտեղ նշես ու էլի հազար ու մի բան։ Չէ, ո՛չ մի ծնունդ։ Կես դար եմ ապրել։ Պատմության համար կես դարը դարաշրջան է, մարդու համար՝ վայրկյան։ Սպասիր, սպասիր, ի՞նչ 50-ամյակ, լրիվ խելքս թռցրել եմ, 75 տարեկան եմ դառնում։ Աստվա՜ծ իմ, 75։
Ծնվել եմ Լեննականում։ Այո՛, հենց այդպես՝ Լեննականում և ոչ թե Լենինականում կամ Գյումրիում։ Ոչ մի լեննականցու մտքով չէր անցնի Լենինականը` իրենց աշխարհի կենտրոն քաղաքի անվանումը, պրոլետարիատի առաջնորդի հետ կապել։ Հայրս հայրենականի տարիներին Լեննականի դեպոյի պետն էր։ Բարձրագույն կրթությունը ստացել էր Մոսկվայում, Մեծ հայերենականը կամ, ինչպես հիմա է ընդունված անվանել, Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվելուն պես գործուղվել է Հայաստան՝ ղեկավարելու Լենինականի դեպոն։ Երկաթուղին այդ տարիներին երկրորդ ֆրոնտ էր համարվում։
Մինչև ղեկավար դառնալը, Մոսկվայում կրթություն ստանալը, հայրս երկար ճանապարհ էր անցել հենց այդ նույն դեպոյում, սկզբում՝ որպես աշակերտ, հետո՝ վարպետ և այդպես շարունակ։ Նրա առաջին ուսուցիչներից է եղել վարպետ Ավոն։ Հայրս սիրում էր նմանակել վարպետ Ավոյին. կկոցում էր աչքերը, շուրթերը գրեթե չէին շարժվում, ասես կոկորդով խոսելիս լիներ, պատմում էր զավեշտալի պատմություններ վարպետ Ավոյի մասին։ Յուղոտ, մազութոտ գործիքները դեպոյի պրակտիկանտները, որոնցից մեկը հայրս էր, լվանում էին հատուկ լոգանքի տաշտում։ Վարպետ Ավոն, ամեն անգամ նման անհարգալից վերաբերմունք տեսնելով տաք ջրով լի տաշտի նկատմամբ, զայրանում էր, կկոցում աչքերը և իր յուրահատուկ կոկորդային ձայնով անպատվում էր տղաներին (ընթերցողի ներողությունն եմ հայցում Վարպետ Ավոյին ցիտելու համար).
– Բոզի լագոդներ, ինստրումենտ լվալու ուրիշ տեղ չգտա՞ք։
Հայրս կշտամբում էր նրան.
– Վարպետ Ավո, ինչո՞ւ եք մեզ անպատվում։
Վարպետ Ավոն պատասխանում էր.
– Սարգիս ջան, քեզի չեմ անպադվե, դու լավ բոզի տղա ես։
…Ինչպես արդեն ասացի, հայրս, Մոսկվայում բարձրագույն կրթություն ստանալուց հետո, գործուղվեց Հայաստան՝ հենց այդ նույն Լեննականի դեպոն։ Վարպետ Ավոն դեռ աշխատում էր այնտեղ։ Տարիների ընթացքում նրա բառապաշարը անփոփոխ էր մնացել։ Հայրս խնդրել էր, ավելի ճիշտ, կարգադրել էր վարպետ Ավոյին, ինչպես նաև ողջ աշխատակազմին, հնարավորինս զուսպ լինել իրենց արտահայտություններում։
– Գուզե՞ս, օր դեպոն փագվի,- ընդհանուր կարծիքն էր բարձրաձայնել վարպետ Ավոն։
Հայրս հայհոյանք տանել չէր կարողանում: Իսկ ես, նրա երեքամյա դուստրը, հայհոյանքի գլուխգործոցներ էի արտաբերում ոչ միայն հայերեն, այլև ռուսերեն, վրացերեն։ Դրանցից ամենաանմեղը վրացերեն «մամաձաղլե»-ն էր, որքան հիշում եմ, նշանակում էր շան որդի։ Մեր տունը գտնվում էր դեպոյի մոտակայքում։ Տան դիմաց փոքրիկ բացատ կար, ուր գրեթե ամեն օր վրացի կինտոներ էին հայտնվում։ Երևի թե նրանք կինտոներ չէին, բայց լենինականցիները նրանց կինտոներ էին անվանում, գուցե յուրատեսակ կլոր թասակների պատճառով։ Իմ բառապաշարը կինտոների բառապաշարի արդյունքն էր։
Հիսունական թվականների սկզբին, այսինքն՝ մանկությանս տարիներին, Հայաստանում, առավել ևս Լինինականում, հազվադեպ ընտանիքներ հեռախոս ունեին։ Մեր տանը հեռախոս կար։ Դեպոյի աշխատակիցները գիտեին մեր հեռախոսահամարը։ Գիտեին նաև, որ հեռախոսափողը սովորաբար վերցնում է Եղիազարյանի կրտսեր դուստրը, այսինքն՝ ես։ Զանգը հնչելուն պես վազում էի, տեղեկանում՝ ո՞վ է խոսում, պատասխան չստանալով՝ սկսում էի հայհոյանքի տեղատարափը։ Լսափողում հնչում էին բազմաձայն ծիծաղի դայլայլները.
– Հըլը Եղիազարյանի աղջկան լսեք, իրեք տարեգան է, մեզնից բեթար կհայհոյե, հերն էլ գուզե դեպոյի հայհոյանքը վերացնե։ Ըդիք էղնելու բան է՞։
…Հայրիկիս տեղափոխեցին Երևան՝ Անդրկովկասի երկաթուղու վարչության պետի տեղակալ։ Երևանում հայհոյանք չկար, և իմ բառապաշարը ինքնըստինքյան փոխվեց։ Ի դեպ, ասեմ, որ հայհոյանքը իմ միակ թերությունը չէր՝ շատ զզվելի, կամակոր երեխա եմ եղել։ Եթե որևէ բան սրտովս չէր, լաց էի լինում, թավալ գալիս հատակին, դոփում ոտքերով, միայն թե նպատակիս հասնեմ։ Բայց ոչ մի անգամ ո՛չ հայրս, ո՛չ մայրս ձայն չեն բարձրացրել, չեն ծեծել, բայց և ուզածս չեն կատարել։ Սակայն, ինչպես տեսնում եք, արդյունքում այնքան էլ անկիրթ ու անբարո անձնավորություն չեմ ձևավորվել։
Դպրոց եմ գնացել Երևանում։ Հիշելու առանձնապես բան չունեմ։ Առաջին դասարանից մինչև ավարտականը գերազանաց եմ սովորել։ Գիտության գրանիտը կրծողներից չէի, պարզապես գիշեր-ցերեկ գիրք էի կարդում։ Հիմա գրեթե չեմ կարդում։ Գրում եմ։ Սցենարներ։ Սցենարներիցս մի քանիսը հրատարակվել են ԱՄՆ-ում։ Մի գեղեցիկ օր մոսկվացի կինոգործիչները պատվիրեցին ինձ ավարտի սցենարի երկխոսությունների խմբագրումը։ Ահավոր թույլ գործ էր։ Էշը ցեխից հանելու համար ծայրից ծայր արտագրեցի։ Ճիշտն ասած, չէի պատրաստվում սցենարիստ դառնալ, երբ համաձայնեցի երկխոսությունները գրել, անգամ չգիտեի՝ ինչը ինչպես է արվում։ Մտա համացանց, կարդացի իմ սիրած ֆիլմի սցենարը և հասկացա, որ կարող եմ։ Գրեցի։ Սցենարը ընդունվեց։ Հետո հասկացա, որ ուզում եմ աշխարհին ներկայացնել մեծագույն հայերին։ Իսկ դրա լավագույն և բոլորին հասանելի միջոցը կինոն է։ Այդպես ծնվեցին իմ սցենարները նկարիչ Գեորգի Յակուլովի և ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի մասին։ Ուղարկեցի դրանք Ռոման Բալայանին, Ռուբեն Դիշդիշյանին և այլուր։ Սցենարները բարձր գնահատականի արժանացան, սակայն, ավա՜ղ, այսօրվա կինոարտադրության պահանջարկը այլ է՝ ֆանտաստիկա, դետեկտիվ, թրիլեր։ Իսկ ինձ այդ ժանրերը հետաքրքիր չեն։
Մի գեղեցիկ, չէ՛, դժբախտ օր իմ կյանքում հայտնվեց ինչ-որ արկածախնդիր պրոդյուսեր և առաջարկեց Օրբելիի մասին սցենար գրել։ Հետաքրքրվեցի՝ ո՞ր Օրբելիի, ասաց. «Էն, որ կոմպոզիտորի ախպերն ա»։ Զարմացա, չգիտեի, որ Օրբելին ոչ միայն գիտնական եղբայրներ ուներ, այլև կոմպոզիտոր։ Ասաց. «Հա, ուներ, գնացել ա Ամերիկա, ոնց որ մեռել ա»։ Ես էլի բան չհասկացա, հարցրեցի. «Իսկ էդ ձեր իմացած Օրբելին ինչո՞վ էր զբաղվում»։ Ասաց. «Ինքն էլ ա մեռել, բիզնեսմեն էր, կռուպնի, տղեն էլ մեր օպերայի ղեկավարն էր մի վախտ»։ «Կոնստանտին Օրբելյանի եղբոր մասին է՞ խոսքը»,- գլխի ընկա ես։ Ասաց. «Հա՛, հա՛, էդ Օրբելին ա»։ «Բայց նրանք Օրբելի չեն, Օրբելյան են»,- ասացի։ «Թող ըլնեն Օրբելյան,- համաձայնեց պրոդյուսեր կոչեցյալը,- ես էլ համահեղինակ կըլնեմ»։
Կարճ կապեմ։ Սցենարը գրեցի մեկ տարվա ընթացքում։ Համահեղինակս ոչ թե պատվիրատուն էր, այլ գործերիս ամերիկյան հրատարակիչ Ռոման Գոսինը։
Իհարկե, պրոդյուսեր կոչեցյալը երկուսիս էլ «քցեց»՝ Կինոկենտրոն ներկայացնելով սցենարը՝ իբրև հեղինակ։ Դիմեցի ոստիկանություն։ Մեկ ամիս անց տեղեկացա, որ գործը վարող Մարաշի Նելլի մականունով ավագ քննիչը կարճել է այն՝ ըստ երևույթին համարելով, որ առանց դատ ու դատաստանի կարող է պատժել պրոդյուսեր կոչեցյալին՝ անձամբ զրկելով նրան կլորիկ գումարից։
Ինչո՞ւ դատարան չդիմեցի։ Մի քանի ամիս շարունակ շփվելով դատական մարմինների հետ, որոնց ցայտուն մարմնավորումն էր Մարաշի Նելլին, համոզվեցի, որ դատարան դիմելու դեպքում դատարանի դահլիճից հենց ի՛նձ կուղեկցեն Կոշի գաղութ, այլ ո՛չ թե արկածամոլ սրիկա, գրագող, խաբեբա անգրագետին։
Համոզված եմ, որ Տերը ժամանակ առ ժամանակ նման փորձություններ է ուղարկում ինձ, որ ստուգի մերթ ընդ մերթ իմ կյանքում հայտնվող զանազան սրիկաների։ Իսկ ես ընդամենը Աստծո միջնորդն եմ տականքներ բացահայելու գործում։
Մոլի հավատացյալ չեմ, սակայն համոզված եմ՝ ինչ-որ Վերին ուժ է ուղղորդում մարդուն։ Հուշում է, զգուշացնում: Սպիտակի երկրաշարժից առաջ երազ տեսա։ Դեղին երկնքի տակ, մինչև գոտկատեղը մխրճված դարչնագույն ավազի մեջ, անծայր, խորը փոսում անշարժ կանգնած էին սպիտակ ներքնազգեստով անթրաշ, մռայլ հայ տղամարդիկ…
44-օրյա պատերազմից առաջ մի քանի գիշեր շարունակ երազումս հանգուցյալ ծնողներիս էի տեսնում, իսկ Արցախը հայաթափվելու նախօրեին միայն հայրս հայտնվեց։ Սարսափած խնդրեցի, որ հեռանա, արթնացա ու սկսեցի վատ լուրի սպասել։ Արցախը ակնթարթորեն հայաթափվեց…
Լավ երազներ էլ եմ տեսնում։ Ապագա ամուսնուս ևս առաջին անգամ երազումս եմ տեսել։ Ծանոթանալուց 3-4 տարի առաջ։
…Լևոն Մկրտչյանի ամբիոնում ևս հայտնվեցի ճակատագրի բերումով։ Աշխատում էի «Սովետական գրող» հրատարակչությունում։ Չգիտեմ, ինչպես է հիմա, իսկ այն տարիներին առանց խծբ-ի (խնամի, ծանոթ, բարեկամ) կամ կաշառքի անհնար էր աշխատանքի տեղավորվել։ Ես ավարտել էի Տարտուի համալսարանը թարգմանիչ-խմբագիր մասնագիտությամբ։ Ուսումը Տարտուում առանձին անմոռանալի դրվագ է իմ կյանքում։ Գուցե, երբևէ գրեմ այդ մասին։ Էստոնիաից Երևան վերադառնալով՝ գնացի «Սովետական գրող» հրատարակչություն, հեշտությամբ մտա տնօրենի՝ Վիկտոր Բալայանի առանձնասենյակը, ներկայացա, ասացի՝ ով եմ, ինչ եմ, ասացի՝ պատրաստ եմ աշխատելու Բալայանի ղեկավարած հաստատությունում։ Այսօր, իհարկե, պատկերացնում եմ Բալայանի զարմանքը, բայց նա անվրդով մի երկու հարց տվեց, հետո իր մոտ կանչեց երկու աշխատակցի, որոնցից տեղեկացավ, որ հրատարակչությունում մի թափուր հաստիք կա։ Հետո շրջվեց դեպի ինձ և կարգադրեց վաղվանից անցնել աշխատանքի։
Իմ առաջին հանձնարարություններից մեկը Լևոն Մկրտչյանի գիրքն էր։ Եռանդով սկսեցի ոչ միայն սրբագրել, այլև խմբագրել։ Մի քանի օր անց իմ գլխավերևում հայտնվեց բարձրահասակ, բավականին գեր, ակնոցավոր, անծանոթ մի տղամարդ։ Նա հետաքրքրությամբ հետևում էր իմ ուղղումներին, իսկ ես ձևացնում էի, թե չեմ նկատում նրան։ Տեսնելով անծանոթի անսովոր պահվածքը՝ ավագ սրբագրիչը վեր թռավ տեղից, մոտեցավ նրան և սկսեց արդարանալ.
– Լևոն Մկրտիչևիչ, կներեք, նորեկ է, աշխատանքային փորձ չունի, ուրիշ մեկին կհանձնարարեմ։
Անծանոթը ձեռքի շարժումով ընդհատեց նրան ու դիմեց ինձ.
– Դու մեր ուսանողը չես, Բրյուսո՞վն ես ավարտել։
Իմանալով ով եմ, ինչ եմ՝ խոստացավ ինձ տեղափոխել իր մոտ, համալսարան։
Երևի մի քանի ամիս տևեց իմ համալսարան տեղափոխվելը։ Աշուն էր։ Աշխատանքի էի գնում տաբատե դեղին կոստյումով։ Այն տարիներին երևանցի աղջիկները ոչ միայն տաբատ չէին կրում, այլև կարճ փեշ։ Հրատարակչության ղեկավարներից մեկը, ընկեր Դավթյանը, գրեթե կույր էր։ Աշխատանքի գալուց-գնալուց նրան երկու հոգի էին ուղեկցում, որ կարողանա աստիճաններով իջնել-բարձրանալ։ Ինչ-որ մեկը հայտնել էր Դավթյանին, որ նոր սրբագրիչը տաբատ է կրում։ Ինձ հրավիրեցին Դավթյանի առանձնասենյակ։ Փոքրամարմին Դավթյանի գլուխը հազիվ էր երևում սեղանի ետևից։ Սենյակում ևս մի քանի աշխատակից հնազանդ կանգնած սպասում էին Դավթյանի հրահանգներին։ Աշխատակիցներից մեկը, մոտենալով Դավթյանին, ինչ-որ բան շշնջաց ականջին։ Դավթյանը, գլուխը բարձացնելով վեր, անառարկելի տոնով արտասանեց.
– Եղիազարյան, շալվարով գնում են կինո, թատրոն, սրճարան, այգի, բայց ոչ աշխատանքի։
Մի քանի քայլ արեցի, մոտեցա գրասեղանին, մաքուր թուղթ վերցրեցի, աշխատանքից ազատվելու դիմում գրեցի, մեկնեցի Դավթյանին և ասացի.
– Հաշվի առնելով ձեր ճաշակը, խնդրում եմ ազատել ինձ աշխատանքից։
…Առջևում համալասարանն էր և էլի բազում նոր ճանապարհներ։