ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գեղանկարիչ ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆԻՆ ծննդյան 75-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
Յոթ մուսաների «Ծիր կաթին» մշակութային կենտրոն՝ ըստ Արևշատ Ավագյանի երազանքի
Արևի շողերով ողողված պտուղների ու արևի ջերմությունից քաղցրացած աշտարակյան հողի վրա, ուր մի ժամանակ Նիկողայոս Թումանյան անունով հայի փոքրիկ այգետնակում հյուրընկալվում էին Նիկողայոս Մառը, Լևոն Շանթը, Ավետիս Ահարոնյանը և պատվարժան այլ այրեր, Մշակույթի հայկական ֆոնդի «Ծիր կաթին» միավորման երկնակամարում, երբեմնի կիկլոպյան ամրոցի տեղում՝ գագաթը մխրճած ամպերի մեջ, հառնում է երազային տաճար՝ Հայր Աստծու կամ տիեզերքի Տիրոջ տաճարը, որի շուրջ փռված այգու ծառերը վերամարմնավորում են ֆոնդի շուրջ համախմբված մշակութային գործիչների բնագավառները, և այս մշտական հավաքատեղի են գալիս մարդիկ՝ անկախ իրենց կրոնից ու գաղափարախոսությունից:
Մշակույթով ներծծված արևաշատ այս վայրում մեկտեղելով բոլորի արևային ձգտումները՝ արդեն կամաց-կամաց իրականանում է Արևշատի երազանքը, որն իր մեջ պարունակում է միանգամայն իրականանալի ծրագրեր, ըստ որոնց՝ կիկլոպյան ամրոցի պարսպապատերին ու մերձակայքում շաբաթվա ամենօրյա աշխատանքում յոթ մուսաներ են պար բռնելու, այգետնակի դեռ պահպանված կամարի առաջ, որն ապագայում վարչական շենքի մեջ է մտնելու, ինչպես նաև ընդարձակված հարակից հողատարածքներում երգ ու ասմունք է հնչելու, ամեն արվեստատեսակի տնից սերն ու միաբանությունն են բխելու: Ամեն պտղատոնին աշխարհի բոլոր կողմերից հավաքված արիակամ հայորդիներն իրենց սրտի թրթիռներով մարդկային մտքի ու հոգու լավագույն արգասիքներն են արարելու, տեսակ-տեսակ պտուղների սեզոնային պտղակալումից ամեն անգամ նոր բերք՝ նոր երկ ու կտավ են ծնելու:
Ամեն սեզոնի՝ մի մրգատոն, սեզոնի ամեն օրը՝ ստեղծագործական նոր ճառագում… Յոթ մուսաների տուն, յոթ մրգատոն. մայիսին՝ կեռասի օր, հունիսին՝ թթի օր, հուլիսի մեկին՝ արդեն ամրագրված ծիրանատոն, օգոստոսին՝ դեղձի օր, սեպտեմբերին՝ խաղողի, հոկտեմբերին՝ խնձորի, իսկ ձմեռնամուտին՝ ընկույզի օր:
Արևշատ Ավագյանի այս արևային երազանքի բեղմնավորման փուլն իր նյութականացումն է ստացել 2002 թ. նոյեմբերի 15- ին՝ ծառատունկ իրականացնելով Անահիտ Սահինյանի, Էդվարդ Իսաբեկյանի, Սեն Արևշատյանի, Բաղիշ Հովսեփյանի, Արամ Սաթյանի, Կարեն Սմբատյանի և այլոց մասնակցությամբ: Ծառերն աճել են, երազանքը մտել է սաղմնային փուլ, ուր հասուն այգու ծառերը շենշող նազանքով իրենց բարն են մատուցում բացօթյա հավաքույթներում, ու թվում է` ոչ թե մարդիկ են ծառերի արանքներում զբոսախնջույքի դուրս գալիս, այլ ծառերն են մատուցողի պատրաստակամությամբ իրենց բույրը հրամցնում բազմաճաշակ հյուրերին: Որպեսզի նախնյաց ամրոցի արծվաբույն ժայռերը շուտով մշակութային տարբեր օջախներ դառնան. գրականության ու երաժշտության, կերպարվեստի ու ճարտարապետության, բեմարվեստի (պարարվեստ, թատրոն, կինո, երգեցողություն և այլն) ու զանգվածային հանդիսության, թարգմանության ու ասմունքի: Ու որ այնտեղ վարպետների մշտական աշխատանք լինի, որպեսզի ծիրանափող շինելով` նրանք փայտը դարձնեն երաժշտություն, իսկ մետաղը՝ արծաթագործական զարդեղենից մինչև կենաց ծառ: Ու որ կտավներն ու գոբելենները հուշանվերների խանութում հանդիպեցնեն գույնն ու ձայնը, խոսքն ու շարժումը… ազգայինն ու տարբեր ազգերինը:
Արևշատ երազանքում նաև մարդկանց զբաղվածության հարց է լուծվում, կազմակերպվում են բնապահպանական, բժշկական (տեղում աճող դեղաբույսերի նպատակային օգտագործմամբ), գիտակրթական միջոցառումներ, դպրոցականների այցելություններ հարևանությամբ գտնվող Օշական՝ Մաշտոցի շիրիմին, որտեղ այցելուներին դիմավորում է տառախաչքարերի պուրակը: Իսկ մշակութային կենտրոնի տարածքում, ուրարտական ջրատար առվի, կիկլոպյան ամրոցի և պատմական ու թանգարանային այլ հնությունների մեջ բացվելու են նաև հայկական հայտնի տոհմերի տոհմածառերի թանգարան, Մաշտոցատուն ու տարբեր ազգերի այցելուների թողած հիշատակների անկյուն:
Եվ Քասախի ձորում, ուր գեղատեսիլ գետափին արդեն հանգստյան գոտի է հիմնվել, կշարունակեն ծիրանավառ ու աստղաբույլ մուսաներ թևածել, որպեսզի տիեզերքի բարին լճանա, ծփա, ու ամենուր տարածվեն ալեբախության անընդմիջելիությամբ խանդավառված լույսեր, քանզի մշակութային կենտրոնի ծիրում տեղեկատվության մշտական հոսքն ու ստեղծագործական բերկրանքի ամենօրյա հևքը կազդարարեն ամենայն նորի մասին ու ինքնաբերաբար կամփոփեն աշխարհի մշակութային եռքը:
Իսկ առայժմ, հարթմնի, հյուրընկալելով ու ճանապարհելով դեռևս համեստ ունեցածով՝ մրգերի հասունացման հետ այցելության նոր հայտեր են ընդունվում – իրականացվում, և պտղատոներն ու մտաշխարհների համախմբումը, կարծես ծիսականորեն, անցնում են միայն բաց երկնքի տակ, ուր ավանդույթի ուժ ստացած ամեն հանդիպման ընթացքում անձնականը դառնում է համամարդկային, իսկ հիշողությունը՝ շարունակվող իրողություն:
ԱՆԱՀԻՏ ԱՐՓԵՆ
ՎԱՍՏԱԿԱԾ, ԼՈՒՍԱՎՈՐ ՀՈԲԵԼՅԱՆ
Սամվել ՄՈՒՐԱԴՅԱՆ
Արևշատ Ավագյանն արդեն երեք քսանհինգ տարեկան է, այսինքն՝ Թումանյանի «Հառաչանքի» ծերունու «չորս քսան տարին» դեռ չի բոլորել: Ուրեմն՝ դեռ երկար ճամփա ունի գնալու, և նրանից հաճելի սպասելիքները դեռ շատ են:
Արգասավոր է եղել անցած ուղին, որ սկիզբ է առել Արևմտյան Հայաստանի Մոկաց աշխարհից, հանգրվանել «երգիչների հայրենիք» Աշտարակում ու Արևշատի բարի ծնունդով շարունակվել դեպի բանաստեղծություն ու գեղանկարչություն, դեպի իմաստասիրական խորքեր ու գագաթներ, դեպի Ծիր կաթին ու տիեզերական առեղծվածներ: Այդ ճանապարհի 1960-ական թվականներից Արևշատ Ավագյան բանաստեղծը, արձակագիրը, լրագրողն ու հրապարակախոսը, ինքնատիպ գեղանկարիչը ուղեկցել է մեր ժողովրդին, տասնամյակների եռանդուն ստեղծագործական աշխատանքով, կազմակերպչական ավյունով ուղղորդել մեր մշակույթի զարգացման ընթացքը:
Թռուցիկ հայացքն անգամ կկանգնեցնի իրոք տաղանդավոր արվեստագետի, օրինավոր ու արժանավոր հայ մարդու գնահատելի ու պատկառելի վաստակի առաջ, սակայն եթե հարցնես՝ ո՞վ է յոթանասունհինգամյա Արևշատ Ավագյանը, լավագույն պատասխաններից մեկը թերևս կարող է լինել հենց նրա «Ո՞վ եմ ես» ինքնաբնութագրական բանաստեղծության վերջին տան համեստ բանաձևը.
Ես ծիծեռնակի հայրենակիցն եմ,
արագիլի անդավաճան ընկերը,
որ երազից հյուսված
բներ է դնում
հայաշունչ բարդիների վրա:
Տասնյակ բանաստեղծական ժողովածուներ ու բազում գրական հանդիպումներ Հայաստանում ու արտերկրում, խորհրդային հանրապետություններում ու եվրոպական երկրներում, Մերձավոր Արևելքում ու Միացյալ Նահանգներում, աշխարհի լայնքով ու երկայնքով մեկ գեղանկարչական ցուցահանդեսներ ու հայ հոգեմտավոր մշակույթի ներկայացում… Թվարկելով չենք սպառի, սակայն պարտավոր ենք ընդգծել, որ Արևշատ Ավագյանը այն վեհսիրտ արվեստագետն է, ով միայն իր և սեփական ստեղծագործությունների քարոզիչը չէ: Աշտարակի շրջանային թերթում, «Ավանգարդում», «Գարունում» և առհասարակ հանրապետական մամուլի էջերում բանաստեղծական շարքերի հետ միասին հաճախ ենք ընթերցել հրատապ լուծում պահանջող հարցադրումներով նրա հրապարակախոսական ազնիվ ելույթները:
Դեռևս 1963 թ. լույս տեսած «Ակունքներ» ժողովածուով և հետագա բանաստեղծական գրքերով նա մեզ ընտելացրել էր այն իրողությանը, որ ինքը անակնկալի, գյուտի բանաստեղծ է և գեղարվեստական պատկեր ստեղծելու ճանապարհին այնքան հմտորեն է գործածում բառերի, գույների ու գծերի արտահայտչական հնարավորությունները, որ նրա գեղանկարները հնչում են բանաստեղծության լեզվով, իսկ բանաստեղծությունները` գեղանկարչության: Սրա շնորհիվ է, որ նրան արդարացիորեն անվանում են բանաստեղծ-նկարիչ կամ նկարիչ-բանաստեղծ` առանց այդ կողմերից մեկը թերագնահատելու:
Իր գրեթե բոլոր ժողովածուները ինքն է ձևավորել` յուրօրինակ ներդաշնակություն ստեղծելով սեփական ներաշխարհում ոչ թե կողք կողքի կամ հարևանությամբ, այլ ներդաշնակ ու միաձույլ ապրող բանաստեղծ-նկարչի ճաշակով:
Իսկ հեղինակային ձևավորումով նրա գրքերը դիտվում էին որպես արվեստի փոխլրացնող ճյուղերի միավորյալ դրսևորում: Արդեն 1980 թ. «Աստղի ծնունդը» ալբոմ-ժողովածուով նա ստեղծել էր իր բանաստեղծական և գեղանկարչական ունակությունների համատեղ դրսևորման իմաստով հետաքրքիր նախադեպ, իսկ այնուհետև լույս տեսած «Խոսք և գույն», «Ինքնության գույնն ու իմաստը», «Հոգեգույներ՝ ծածկագրերով» խորագրով հերթական ժողովածուները ձեռք են բերում առանձնահատուկ կարևորություն, քանի որ այս գրքերում միասնաբար հանդես են եկել Արևշատ Ավագյան բանաստեղծը, գեղանկարիչը և մտածող-իմաստասերը:
Իր սեփական աչքը, իր «ինքնության գույնն ու իմաստն» ունեցող, իր ուրույն գեղարվեստական աշխարհն ստեղծած այս վառ անհատականությունը յուրաքանչյուր գրքում, յուաքանչյուր էջում զետեղել է իր եռամեծ աշխարհից մի ճաշակ` մի բանաստեղծություն, մի գծանկար կամ գեղանկար և մի խոհաքանդակ-խորհրդածություն կյանքի ու արվեստի փոխհարաբերության, տիեզերքի այլևայլ առեղծվածների վերաբերյալ: Այնպես որ, ընթերցողը նրա գրքերում միասնաբար տեսնում է հեղինակի պատկերավոր մտածողության բոլոր ուղղություններն էլ, տեսնում ու համոզվում է, որ կա մեր անհանգիստ ժամանակների, մեր երկրի ներկայի ու ապագայի, մարդկային ու հասարակական նոր հարաբերությունների, մարդու ներաշխարհի, զգացմունքի ու մտքի, բառի բազմիմաստության, գույնի մեղեդու և սրանց գեղագիտական արժեքի, լույսի ու ստվերի, աստղի ու ծաղկի ուրիշ տեսակ ընկալում ու վերապատկերում: Այս հատկանիշների միավորմամբ է ձևավորվել բանաստեղծական այն սեփական ու միանգամայն ինքնատիպ ոճը, որ իր իսկ անունով պիտի կոչվի արևշատավագյանական:
Բանաստեղծություն գրողները շատ են, իրավ բանաստեղծները` քիչ, այս քչերի մեջ էլ քիչ են սեփական ոճ ունեցող բանաստեղծները: Այդ քչերից է Արևշատ Ավագյանը` այսօրվա մեր իմացական-խոհական քնարերգության ամենից երևելի դեմքերից մեկը: Առանց «զարմացնելու» հատուկ ճիգերի և աղմկարարության, թեթև ու անպաճույճ շարադրված «Տիեզերական այցեքարտը», որով սկսվում է «Խոսք և գույն» գիրքը, թվում է` բանաստեղծություն էլ չէ, այլ՝ հայ մարդու սրտի մեջ նյութապաշտության ընդդեմ ձևավորված հոգևոր առողջացման հորդոր, հավատամքի և աղոթքի պես հնչող պարզ ու սրտաբուխ մի կարգախոս-խորհրդածություն.
Հայոց սիրտը, հայոց արյունը իրենց խորքում կրում են արարչական հոգու գիտելիքը:
Հայ ժողովրդի հարատևության ծրագիրը դրված է հայորդիների էության մեջ:
Հոգևոր առողջացման շնորհիվ Հայաստանը կարող է վերածվել և դառնալ մեր մոլորակի լուսավոր երկրներից մեկը:
Իմաստնությունն ու կենսափորձը ձեռք են բերվում ոչ միանգամից, այլ՝ աստիճանաբար և տևական ժամանակում: Հոգևոր առողջացման պատգամախոս Արևշատ Ավագյանն առաջներում էլ է այսպես մտածել, սակայն գրական վաստակի, իմացությունների և ինքնավստահության մեծ պաշարի առկայությամբ է միայն հանդգնել բանաձևել խոսքարվեստի ի՛ր տեսությունը, ի՛ր ars poetica-ն, որը վերնագրել է «Խոսքարվեստի գունագեղ խորհուրդը»: Թերևս ինքն է իր գրելաոճի, իր բանաստեղծությունների ու գեղանկարների լավագույն մեկնաբանը, երբ գրում է. «Խոսքը և գույնն իրենց հնչյունաձևերով, գունաձևերով, ածանցումներով ու ներթափանցումներով, իրենց նրբերանգներով ու գաղտնագրերով ռիթմավորում ու իմաստավորում են մարդկային մշակույթի հոգեղեն էությունը: Խոսքն օժտված է կյանքի գունապատկերը հմտորեն ներկայացնելու մեծ հնարավորությամբ: Ինչպես գեղանկարիչը ներկերի օգնությամբ է ստեղծում իր պատկերավոր նկարները, այնպես էլ գրողը բառերի օգնությամբ է երփնագրում իր ասելիքը` գույնով ու գծով ներկայացնելով իր գեղարվեստական խոսքը»:
Հայ մարդուն բանաստեղծությամբ չես զարմացնի, սակայն ճշմարիտ բանաստեղծներն են միայն կարողանում բանաձևել հազվագյուտ խտացումներ: Հայոց եղեռնապատումի հսկայածավալ և պատկառազդու գրականության մեջ բնավ չի մոռացվի Արևշատ Ավագյանի՝ առանձնակի խտությամբ ու տարողունակությամբ հատկանշվող պատկերը.
Ամեն ապրիլի քսանչորսին
Լուսնի մահիկը
Կտրում է գարնան կոկորդը…
Բարեբախտություն է, որ այս բանաստեղծը երկարաբան չէ, այլ՝ իր սկզբունքների հետևողական կիրառողը: Կարճ տարածության մեջ ընդգրկուն բովանդակություն խտացնելը բարդ արվեստ է: Հայ դասական քնարերգության, մասնավորապես քուչակյան, թումանյանական, վարուժանյան, չարենցյան, շիրազյան ու սևակյան ավանդների հետևորդը լինելով, դասականության ձգտող Արևշատ Ավագյանը հետաքրքիր նորարար է` այս հասկացության ամենադրական ըմբռնումով: Կարևորը, սակայն, սեղմությունն է, ասելիքի հստակությունը, այն բառերով գեղանկարելու հմտությունն ու գեղարվեստական պատկերի կենսական հագեցվածությունը:
Արևշատ Ավագյանի բոլոր գրքերի համար բնաբան կարող է լինել հետևյալ բանաստեղծությունը.
Խոսքը հյուսվում է բառերից,
մտքի, սրտի ու արյան խորքերում
սաղմնավորվող իմաստներից,
պատկերներից, գույներից ու գծերից,
որոնք հայտնվում են
լեզուների ու շուրթերի վրա:
Բառերը կյանք են առնում
ներաշխարհի խորքերում,
ծնվում են արյան թրթիռներից,
ելնում են խորհրդավոր
բառահիմքերի աներևույթ շերտերից:
Խոսքերը լուսավորում են աշխարհը`
ասված ու չասված բառերով,
բացահայտում են կյանքը,
դառնում են զգացում, աղ ու հաց,
սրտի թրթիռ, երկիր ու հայրենիք:
Խոսքերը բացում են
լռության գունագեղ դռները
և աշխարհի խորհրդավոր պատկերը
տեսանելի և ընկալելի դարձնում
բառագծերի շնորհիվ:
Առողջ կենսազգացողությամբ ու նրբանկատությամբ, գրական բարձր գրագիտությամբ, իրերն ու երևույթները խորքային ընկալմամբ, կարևոր մանրամասներով դիտելու և ներկայացնելու հմտությամբ Արևշատ Ավագյան բանաստեղծը մի յուրատեսակ միջնորդ է անցյալի ու գալիքի, իրականության և ընթերցողի միջև: Տիեզերական ընդգրկումների ձգտումով հանդերձ՝ նա, ի տարբերություն որոշ մեծամոլ հայհոյաբանների, էապես հայ գեղագետ բանաստեղծ ու գեղանկարիչ է՝ ազգային ակունքներով ու արմատներով սնված կենսախինդ ու տխրուրախ արվեստագետ, որի կերտած գեղարվեստական աշխարհը ինքնատիպ է ու անշփոթելի:
Աշխարհի շատ երկրներում է շրջել Արևշատ Ավագյանը, սակայն նրա՝ հայ մտավորականի բնորոշ առավելություններից մեկն էլ Հայաստան աշխարհին, նրա պատմությանն ու մշակույթին ու մանավանդ Արագածոտնի մարզին ու ծննդավայր Աշտարակին որդիական անմնացորդ նվիրվածությունն է: Օշականամերձ իր հողամասը նա դարձրել է սքանչելի այգի, ուր հայ մշակույթի գործիչները տարվա ընթացքում հավաքվում են այնտեղ հասունացող բոլոր պտուղների՝ թթի, կեռասի, ծիրանի, խնձորի, դեղձի, խաղողի, ընկույզի ավանդական դարձած տոներին՝ բանաստեղծության ու երգի ուղեկցությամբ: Այնտեղ բանաստեղծը մտադիր է կառուցել յոթ մուսաները համատեղող «Մաշտոցատուն» կենտրոնը, որը ծառայելու է հայ մշակույթի զարգացմանն ու համաշխարհայնացմանը:
Ջերմորեն շնորհավորելով Արևշատ Ավագյանի վաստակած ու լուսավոր հոբելյանը՝ մաղթենք նրան նորանոր բանաստեղծական գրքեր ու գեղանկարչական ցուցահանդեսներ, իրական արևշատություն և սկսած բարի նախաձեռնությունների իրականացում՝ հանուն հայ մշակույթի, մանավանդ բանաստեղծության ու գեղանկարչության զարգացման:
«Սերմացու լույսը» բանաստեղծական հղացում է: Այն ենթադրում է փնտրել լույսերի լույսը, լույսերի ընտրանին` աշխարհն ավելի լուսավոր, գեղեցիկ, կատարյալ ու բարի դարձնելու համար:
Աշխարհում ամեն բջիջ վերարտադրում է իրեն, ամեն էակ ծնում է իր նմանին` պահպանելու համար իր տեսակի հարատևությունը:
Հավատացած եմ, որ աշխարհի բոլոր սերերի, սերմերի ու կորիզների նախահումքը հանդիսացող սերմացու լույսը պետք է ընտրել գալիքի հերկերի համար:
Պոեզիան իր արարչածին բնույթով և ոգեշնչման ունակությամբ կարող է կենսապայմաններ ստեղծել նրա բնական աճի, ծաղկման ու պտղակալման համար:
Արևշատ ԱՎԱԳՅԱՆ
Բանաստեղծություններն ընտրված են «Սերմացու լույսը» ժողովածուից:
ՕՐԱՄԱՏՅԱՆ
Օրերը դառնում են
պատմություն,
Նրանց մեջ ծնվում ու
մեռնում են մարդիկ`
եկող ու գնացող
պահերի նման:
Իրարից տարբեր,
իրար կրկնելով,
օրերը շարժվում են
ժամանակի մեջ`
մարդկանց ու դեպքերի պես,
ամեն մեկն իր տեղում,
իր տան, իր ճանապարհի,
իր ծննդի ու մահվան
ուղեծրում:
Ամեն մեկն իր դիմագիծն ունի,
իր պայծառ ու դժգույն
կերպարը,
իր հավաքական բնույթը`
շաբաթաշարի մեջ:
Ամսեամիս, տարեցտարի,
հիշարժան օրերը
շատանում են
պատմության օրամատյանում,
ոմանք ոտնատակ են ընկնում,
ուրիշները բարձրանում են
աստղերի պես:
Օրերը պտույտ են
տալիս երկնքում`
ժամանակի հարատև
ու հավերժական կորագծում,
փաստագրելով շարժման
իմաստը
տարածության մտքում:
ՇՐՋԱԴԱՐՁ
Մենք բոլորս մի օր
սրտով ու մտքով,
գլխով ու ոտքով
գործ ենք ունենալու
անսահման լռության հետ:
Մի թվացյալ
անշարժության մեջ
մեր էության ու մարմնի
բոլոր մասերը
բջիջ առ բջիջ
վերադառնալու են
Ոչնչի ու Ամեն ինչի
նախնական սահմանը:
Հետո կրկին սկսվելու է
ետդարձի ճամփան,
կրկին բջիջ առ բջիջ,
արթնանալու ենք մենք`
լռության ընդերքից
կյանքի աղմուկները
վեր հանելու համար:
ԼԱՎԱԳՈՒՅՆ
ԲԱՌԵՐԸ ՉԵՆ
ԱՍՎՈՒՄ
Աչքս բացել եմ,
որ ցավից ծնված արցունքները
դուրս գան կոպերիս տակից,
լացի միջից լսվող
առաջին հնչյունները
անիմաստ բառեր են,
որոնք ծնվում են`
իրենց վրա ունենալով
խավարի ու քաոսի
անցողիկ կնիքը:
Մանկությունից մինչև այսօր,
մի դարի առաջին կեսից
մինչև մյուս դարի
առաջին կեսը,
անցել եմ բառերի
ու բառիմաստների
աշխարհով:
Տեսել ու լսել եմ բառերի
լուռ ասելիքը,
նրանց դատարկ, ճղճղան
լիքն ու տարողունակ ընդերքը,
որոնք լցված են
մարդկային կյանքի
հուզական ու մտավոր
ներուժով,
փորձով ու իմաստությամբ:
Տեսել եմ, լսել ու ապրել եմ
բառերի մտացածին կյանքով
ու կարող եմ ասել.
– Լավագույն բառերը չեն
ասվում,
մնում են լռության լեզվի
ծայրին,
կամ գիտակցության
լուսաբջիջ խորքերում:
ՄՏԱԾՈՒՄՆԵՐՆ ՈՒԺ ՈՒՆԵՆ
Այս ահաբեկված
ու ահաբեկվող կյանքից
վեր ճախրող
աներևույթ միտքն եմ,
խոսք դարձող խիղճն եմ,
որին փորձում են հանել
կամքի բնականոն հունից:
Խավարում լուսարձակվող
մտածումներիս միջով
անցնում են հավերժության
անցողիկ պատկերները:
Փորձում եմ չկորցնել
այն հավատաբեր հույսերը,
որոնք լույսի նման
մի քանի անմեղների
կարող են տանել
փրկության ուղիներով:
ՄԹՆՈՂ ՕՐ
Երկար ստվերների ծառուղով
ես գնում եմ դեպի նստարանը
տերևազարդ բացատի:
Կասկածանքներիս
սարդոստայնում
մի թիթեռ իր թևերն էր
թափահարում
մայրամուտի ցոլքերի պես:
Ես մենակ էի,
երբ երեկոյի մի անկյունից
դու ինձ նայեցիր
մանեքենի նման:
Կռահեցի, որ հայացքդ
տեղ էր փնտրում աչքերիս մեջ
վայրէջքի համար:
ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ՄԱՍԻՆ
Համո ՍԱՀՅԱՆ
Արևշատ Ավագյանը բացառիկ տաղանդով օժտված գեղանկարիչ է բանաստեղծության մեջ: Հողածին ու հողաբույր նրա պոեզիայում բոլոր առարկաները երկինքոտ են: Հողն ու երկինքը արտացոլված են իրար մեջ, և այդ արտացոլանքն այնպիսի գույներ է տալիս, որ նկատված են թերևս միայն հեղինակի կողմից:
Այդ նույն տպավորությունն եմ ստանում նկարիչ Արևշատ Ավագյանի կտավներից: Գեղանկարչության մեջ նա նույն անկրկնելի բանաստեղծն է: Հողի և երկնքի հարևանությունն իրար մեջ, նրանց արտացոլանքն է Ավագյանի գեղանկարչության հիմքն ու հավատամքը: Այստեղից էլ` Հայաստանի բիրտ ու դաժան, խիստ ու խոժոռ բնության այնքան քնքշությունը, ես կասեի, գերող կանացիությունը, գույների մեղմությունն ու նրանց ինքնադրոշմ կերպավորումը:
Յուննա ՄՈՐԻՑ
Նույն ձեռքում է գրիչն ու վրձինը, նույն հայացքով են աշխարհին նայում բանաստեղծն ու նկարիչը: Միևնույն սրտից, նույն արյամբ են սնուցվում նրա պոեզիան և գեղանկարչությունը: Բայց և երկու ինքնուրույն աշխարհ, երկփեղկ տարերք է բացահայտվում մեր առջև, երբ մենք կարդում ենք նրա բանաստեղծությունները և դիտում նկարները:
Ավագյանը տիրապետում է ինքնաբացահայտման երկու արվեստների` չկրկնելով ինքն իրեն, չգնալով իր իսկ հետքերով: Նրա պլաստիկայում ոչինչ թոշնած չէ, վերամբարձ, փքուն, քրեստոմատիական չէ:
Էդուարդաս ՄԵԺԵԼԱՅՏԻՍ
Բանաստեղծն իր արվեստում ևս հավատարիմ է մնացել իրեն, մնացել է բանաստեղծ: Յուրաքանչյուր նկար բանաստեղծական փոխաբերություն է: Իր հայրենիքի, իր բանաստեղծական աշխարհի, իր հեքիաթի և մարդկային հարաբերությունների բանաստեղծականացումը հրաշալի է: Բայց Արևշատը միայն բանաստեղծ չէ, նա բանաստեղծ իմաստասեր ու փիլիսոփա է: Գույների պոեզիայով նա ինձ` նշանակում է արվեստասերիս, տանում է գեղեցկության աշխարհը, որտեղ մարդկային հոգին մաքրվում է` հասնելով կատարսիսի:
Իվ ԲՐՈՒՍԱՐ
Արևշատ Ավագյանի արվեստը շլացուցիչ է իր ճշգրտությամբ ու ճշմարտությամբ:
Նրա հետագիծը տանում է դեպի արարման մեծ խորհուրդը:
Իսկ ի՞նչ է անում բանաստեղծն այս պարագայում: Նա լուսավորում և ավելի է ընդլայնում հորիզոնի գիծը: Նա այդ ամենն իմաստավորում է:
Պարույր ՍԵՎԱԿ
Միայն ճշմարիտ բանաստեղծը կարող է անկենդան նատյուրմորտը ներկայացնել այնքան կենդանի, ասես ոչ թե գրիչ է բանեցրել, այլ վրձին` երկրորդ անգամ նկարելով այն, ինչ մենք չենք տեսել:
Արսենի ՏԱՐԿՈՎՍԿԻ
Արևշատի երկու մուսաները (պոեզիան և գեղանկարչությունը) քույրեր են և ընկերուհիներ: Նրա դյութիչ գեղանկարչությունը գույնով ու գծով մարմնավորված պոեզիա է, նրա պոեզիան` տպավորիչ գեղանկարչական: Այս բանաստեղծի և գեղանկարչի երկու արվեստներն էլ չափազանց թանկ են ինձ համար:
Սիլվա ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ
Հաճույքով դիտեցի Արևշատ Ավագյանի վերջին ցուցահանդեսը, որը` հենց նկարչի տարիքի պարտադրությամբ կարելի է համարել հանրագումարային: Ինչպես միշտ, այստեղ էլ բանաստեղծ Արևշատին լրացնում է նկարիչ Արևշատը և այս երկու սկիզբների ներդաշնակ «համակեցությունը» ստեղծում են մի միասնական ստեղծագործական աշխարհ, որտեղ, որքան էլ նկարիչը լինի ժամանակակից նկարչական հնարքներին արձագանքող, այնուամենայնիվ, այդ աշխարհը հայկական է, հայկական ռիթմերն են, հայ հոգու` և իր ժայռերին կպած, և` տիեզերքի ոլորտներում թափառող էությունը:
Շնորհավորում եմ հեղինակին` ինքն իրեն հավատարիմ մնալու, ասել է` իր հայաշխարհին հավատարիմ մնալու համար:
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
Նկարիչ և բանաստեղծ: Նկարը բանաստեղծության օրգանական շարունակությունն է: Ինձ համար Դուք բանաստեղծ եք մեծատառով: Որպես նկարիչ տեսնում եմ Ձեր մանկության հեքիաթների վերամարմնավորումը: Դուք նկարիչ եք նույնպես մեծատառով:
Պյոտր ՎԵԳԻՆ
Նրա բանաստեղծություններին անծանոթ մարդը նրա նկարները դիտելիս կասի. «Ինչքան բանաստեղծական են»:
Նրա նկարները երբեք չտեսած ընթերցողը կասի, որ նրա բանաստեղծություններում շատ են գույները, որ դրանք գեղանկարչական են, արևոտ: Բայց դրանք ամենևին էլ հավասարազոր հատկություններ չեն, իրար չեն կրկնում թե՛ պոեզիայի ժանրում և թե՛ գեղանկարչության մեջ: Դրանք Արևշատ Ավագյանի մարդկային հատկանիշներն են:
Իվան ԴՐԱՉ
Արևշատ Ավագյանի նկարները պետք է դիտել մաքուր հոգով, իսկ դա քչերին է հաջողվում: Եթե այդպես դիտես, միանգամից կհայտնվես հեքիաթային աշխարհում, որտեղ մենք բոլորս էլ եղել ենք, բայց մոռացել ենք կանգ առնել այնտեղ` մանկությունում: Եվ եթե բանաստեղծ նկարիչը օգնում է մարդուն` լինել ինքն իր մեջ, ուրեմն պետք է շնորհակալություն հայտնել նրան: Աշխարհընկալման առաջին հայտնությունը, հեքիաթայինը, որը գալիս է մանկությունից, փիլիսոփայական մոտեցումը և մի բան, որ անչափ ապշեցնում է նրա ստեղծագործություններում, դա տանջալից աշխատանքն է, որն ամեն օր խաչում է մարդուն ու կրկին հարություն տալիս: Պարծենում եմ այսպիսի անկրկնելի մարդու` գույնի և բառի վարպետի հետ ունեցածս մտերմությամբ ու բարեկամությամբ:
ԲԱՌԻ ԵՎ ԳՈՒՅՆԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ
Տառապանքը, ցավը և հակառակ կողմում` տոնն ու տոնականը կարող են միաժամանակ և փոխնիփոխ հանդես գալ` ստեղծելով ճշմարիտ հոգեապրումի բազմազան ու բարդ երանգապնակ: Արևշատ Ավագյանի թե՛ պոեզիայում և թե՛ գունանկարչության մեջ մենք տեսնում ենք ապրումի բարդությունը, մարդու հետաքրքիր, երբեմն անբացատրելի ներաշխարհը: Ամենաառանձնացողը նրա ստեղծագործությունների երիտասարդական ոգին է: Ժամանակին լինելով երիտասարդական մամուլի աշխատակից («Ավանգարդ», «Գարուն»), նա ջնջել է այն բոլոր կետադրական նշանները, որոնք հերթափոխած ժամանակները կտրոհեին իր ջահել ժամանակից:
Նախ նա առաջինների թվում է, ովքեր պոեզիան տարան նորացման, մտածողության վերափոխման ուղիով, ինչը կարծրատիպերի պարագայում չէր խրախուսվում: Երիտասարդական ավյունը բանաստեղծին տարավ դեպի ավանգարդիզմ, բանաստեղծության մեջ կարծրատիպերի փշրում: Նա տպագրում էր «մոդեռն տղաներին», որոնց առջև մամուլը փակ էր: Ժամանակին սա խիզախում էր: Անվարան կարելի է ասել, որ «Գարունի» պոեզիան նորարարական պատկերամտածողությամբ ամուր ճանապարհ է հարթել նաև Արևշատ Ավագյանի բարի ձեռքի օգնությամբ: Արևշատը մնաց երիտասարդ ստեղծագործողի խորհրդատուն առ այսօր: Նա երկար տարիներ կազմակերպում է քննարկումներ, լրացնում այն բացը, որ գրականության ու մշակույթի բնագավառում զգացվում է հանրապետությունում: Նա ՀԳՄ պոեզիայի բաժանմունքի ղեկավարն է: Նա այնտեղ է, որտեղ պոեզիայի քննարկում է, լավ գրքի երաշխավորություն:
Հետաքրքիր է իր մարդկային կեցվածքով: Ավելի ճիշտ՝ նրա մարդկային պահվածքն ամբողջովին արվեստագետի է: Ոմանք արվեստագետ լինելը ցուցադրում են, որպեսզի առանձնանան «հասարակ մահկանացուներից»: Արևշատը միշտ բնական է, հասարակ ու պարզ: Լույսը բացվեց` վերցնում է գրիչը կամ վրձինը և լույսն օգտագործում որպես բառի կամ գույնի պատկերանյութ: Մեր պոեզիայում լուսերգությունը եղել է երբեմն ինքնանպատակ: Արևշատի համար լույսը ինտուիցիա է և աղոթք, հնչյուն և գիծ: Լույսը տեսանկյուն է, աշխարհին ուղղված հայացք: Նրա պոեզիան և նկարչությունը պատկերադաշտերով նման են: Երկուստեք իշխողը տիեզերական առնչություններն ու տիեզերական կարոտներն են: Աստղերից իջած ճառագայթներն են միահյուսում նկարչի պատկերները: Նույնը` նրա պոեզիայում: Աշխարհի նախընկալական շերտերը նրա թե՛ բառային և թե՛ գունային պատկերների տարրերն են: Նա շարունակում է թռչող ափսեների իր «տարեգրությունը»:
Սարուխան գյուղի ճանապարհով բարձրացանք Գեղամա լեռներ: Ճանապարհին տեսանք օդերևութաբան տղամարդուն, որի տնակը բարձունքի վրա էր: Քամիները, հատկապես երեկոյան ու գիշերը, ուժգին էին: Օդերևութաբանը ներսուդուրս էր անում, կառչելով անցկացված պարաններից, որ քամին չքշի: Արևշատը ուրախացավ օդերևութաբանին հանդիպելով և նրա հետ կիսեց թռչող ափսեների վերաբերյալ իր մտքերը: Երկուսով համաձայնեցին, որ թռչող ափսեի իջավայրը լեռնային լճակի մոտ է…
Վիշապաքարերը մեզ դիմավորեցին հազարամյա իրենց անվրդովությամբ: Արևշատը երկար զննեց ձկնապատկերները: «Այ, ասաց,- մեր պատմության և արվեստի սկիզբն այստեղ է: Մենք այստեղ ուսումնասիրելու շատ բան ունենք: Արվեստը պիտի գնա դեպի իր նախահիմքերը»: Վիշապաքարերի մոտ անսովոր կապույտ գույնի փոքրիկ քար գտավ: Վերցրեց, որպեսզի գույնի «բնագիր» ունենա: Անսովոր գույնի մեջ բանաստեղծ-նկարիչը նախապատմություն, միֆոլոգիա, արվեստ է տեսնում: Երբ նա նայում է երկնքին, երկնային մարմիններին, նկատում եմ, որ ցավ է ապրում աննվաճ գույների համար: Համոզված է, որ Երկրում չեղած գույների միջոցով կարելի է վերափոխել արվեստը, ընդհանրապես մտածողությունը: Ըստ նրա, Երկրից դուրս գույները Աստծո աշխարհի գույներն են:
Համոզված եմ, որ բանաստեղծն ու նկարիչը ոչ երկրային գույներ է տեսնում և հնչյուններ լսում երազներում:
Այդ երազները ջահել մարդու երազներ են:
Նորայր ՂԱԶԱՐՅԱՆ