Բակունցի «Կարմրաքարը» անավա՞րտ է արդյոք… / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ակսել Բակունցի անավարտ համարվող վեպը, ըստ իս, բավարարում է ավարտված լինելու բոլոր պայմանները: Ավարտված, սակայն որ ընդգրկում է վիպասքային մի մեծ տարածք: Իսկ վիպասքն, ըստ էության, սահմաններ չունի, կարող էր և շարունակություն ունենալ, եթե…
Գուցե «անավարտ» պիտակն է եղել պատճառը, որ այն չդիտվի որպես Բակունցի գլուխգործոցներից մեկը: Այո՛, գլուխգործոց… Դեռ ի՜նչ գլուխգործոցներ էր արարելու… Դրանց ամուր ու շքեղ հիմքերը դրված էին դեռևս շատ երիտասարդ գրողի մի շարք գործերում, որոնք արդեն իսկ դասական են: Սակայն հիմա հերթը խախտելով` դառնանք «Կարմրաքարին»:
Կարմրաքար անունով գյուղ Սյունիքում հիմա չկա. կա այդ անվանումով միայն տեղանք, որտեղ զինվորական մաս է… 2015 թվականին այնտեղով անցնելիս տեսանք նորակոչիկների երդման արարողությանը սպասող ծնողների անհամբերությունը… Գյուղանման տեղանքում կենդանի արարածներից հատուկենտ շներ, հավեր ու սագեր էին երևում, ուրեմն՝ դրանց մի քանի տերերն էլ կլինեին:
«Կարմրաքարը», թեև ոչ ծավալուն (ընդամենը 145 էջ), թեև «անավարտ», բովանդակությամբ ավարտուն վեպ է, որ վիպասքի մի շարք հատկանիշներով է օժտուն: Վիպասքը հենց իր «ասք» բաղադրիչով ենթադրում է բերնեբերան, սերնդից սերունդ, դարուց դար անցնելով հարստանալու, նոր, ավելի խոր գծեր ձեռք բերելու վիթխարի կարողություն: Վեպի երկխոսությունների բնական լեզուն, խոսքի հակիրճությունն ու ռիթմը, բնության նկարագրությունները, գեղջուկի կենսակերպն ու մտքերը այնպիսի ծավալուն մթնոլորտ են ներկայացնում, որ թվում է՝ Բակունցը գրի է առել ու գրականությանն է հանձնել ժողովրդական՝ դեռ զարգացման ընթացքի մեջ գտնվող, ստեղծագործության փուլերից մեկը:
Կարմրաքարի բնակիչները Բակունցի՝ իրերի ու երևույթների խորքը թափանցող հայացքի տակ ի հայտ են բերում զարմանալի հատկանիշներ: Ինչպես օվկիանոսի մի կաթիլը, այնպես էլ Կարմրաքարը անտեսանելի են մարդկային սովորական աչքի համար: Ճիշտ է, վիպասքն սկսվում է նրանով, որ «անձնագրային տվյալներ» ունի, բայց սրանցից միայն 1825 թ. ապրիլի 17-ին Կովկասյան մարզի պետ, ինֆանտերիայի գեներալ Ալեքսեյ Երմոլովի «ռապորտն» է քիչ թե շատ ճշմարտանմանը, ըստ որի` այդ ժամանակ Կարմրաքարն ուներ 19 ծուխ, որոնցից հարկատու չէին միայն 3 ծուխ (հետաքրքիր է՝ ինչու): Իսկ մնացածը ասք է իր բնորոշ գույներով:
«Գնդապետը Կարմրաքարը համարել էր ոչ որպես գյուղ և դիմացը նշանակել էր «մշտական ձմեռանոց» (հետաքրքիր է՝ ի՞նչ է նշանակում սա): «Միայն երկու բարակ կածանով էր կապվում արտաքին աշխարհի հետ»: Իսկ մի քանի տարի հետո նույն վայրով անցնող մի ճանապարհորդ վարդապետ գրել է՝ «Խորաձոր անդունդ և դաշտաձև հովիտ, զարդարյալ ծաղկոք և առատ բուսոք: Գարունն աստանոր բերե զնմանությունն Եդեմի…»: Ապա հիշատակում է գյուղից վերև ընկած լեռների պարը, որի ամենաբարձր գագաթին կա սպիտակ լիճ՝ որպես հսկա մատանու ադամանդ (տեսնես հիմա էլ կա՞ այդ ադամանդը՝ չի՞ ցամաքել, չի՞ հայտնվել թշնամու «հսկողության» տակ): Նույն գրքի մի այլ գլխում անդնդախոր ձորերում ընկած նիստ ու կացը նկարագրելով՝ հեղինակը մի նախադասություն է ասում Կարմրաքարի կանանց մասին, թե իբր «ամոթխած էին որպես անտառի պախրա»:
Ըստ Տեր Նորընծա քահանայի վկայության՝ ինքն իր աչքով տեսել է վանքի խորանում պահվող մի գիրք, որ գրված է «ոսկե տառերով, ջեյրանի կաշվի վրա, ուր հիմից ավանդվում է աշխարհի երեսին եղած և կորած բոլոր ազգերի պատմությունը, թագավորների գահ բարձրանալը, քաղաքների կործանումը և այլն: Եվ իբր թե այդ գրքի մեջ գրված է, որ Կարմրաքարը աթոռանիստ և բերդաքաղաք վայր է եղել… Տեր նորընծայի ասելով՝ Կարմրաքարի ներկա բնիկները գաղթել են «Հագարացոց աշխարհից» դեռ այն ժամանակ, երբ լեզգիների թագավորությունն էր այն կողմերում… (ո՞ր կողմերում և ովքե՞ր էին այն ժամանակվա լեզգիները)»… Նրանք հանդիպում են մի վարար գետի… «Գետի ափին այնքան են սպասում, մինչև ջուրը բարակի: Եվ թե ինչպես են «շատ դառը տանջանք քաշելուց հետո անցնում գետը, շարունակում ճանապարհը, հասնում զուլալ մի գետակի, որ հանդարտ հոսելով միանում է այն մեծ գետին»: Այստեղ գրեթե աստվածաշնչյան ժողովուրդների նոր տեղորոնումների ու տեղակայությունների հանգույն ձայների նվագարանից զատորոշվում է մեկը, հետո մյուսը… Անմիջապես ի հայտ է գալիս առաջին խոսողը. «-Ո՞ր կողմն է էդ հագարացու աշխարհը, տերտե՛ր,- հարցնում էր Ավան ամին…»:
Գյուղը անձև, անխորհուրդ զանգվածից վեր է ածվում կենդանի, առույգ, բնությունից հետաքրքրասերների հասարակության: Լսվում են առանձին մարդկանց ձայներ… այնուհետև երևալու է նրանց անհատական լինելը… Իսկ անհատականությունները չեն ուշացնելու իրենց կարևոր ներկայությունը հաստատող, մեկմեկու խոսքին տեր կանգնելով, շարունակելով, լրացնելով՝ իրենց կյանքի իմաստը շարադրել:
Կարմրաքարցիք գրական հյութեղ կերպարների վերածվելու վրա գրեթե ժամանակ չեն կորցնում վեպում, քանի որ պարզ ու հասարակ է նրանց կյանքը ծնունդից մինչև մահ:
Հրանտ Թամրազյանը հակադրվում է Սուրեն Աղաբաբյանին, թեև վերջինիս համար պակաս սիրելի ու թանկ չեն այս վեպի մարդիկ, որը նա «էպոպեա» գնահատելով՝ գտնում է, որ «անհատական կերպավորումը վեպի մեջ մղված է երկրորդ պլան»: «Նա այնքան է համոզված իր տեսակետի մեջ, որ անտեսում է «Կարմրաքարի» կերպարները և վերլուծում միայն մասսայական, ընդհանուր ժողովրդական տեսարանները: Այնինչ Բակունցի գյուղացիները մի-մի գեղարվեստական քանդակ են: Ահա, օրինակ, ջրաղացպանը, գեղջուկ փիլիսոփան: Ինչպե՜ս նա գիտե Մարցա ջրի բնույթը, միշտ դիտել է ու հասկացել բնության շարժումը… Ի՜նչ հեքիաթներ է նա պատմում, զարդարելով մարդկանց տխուր կյանքը, ի՜նչ բնական եղանակով փիլիսոփայում մարդկանց բախտի մասին» (Հ.Թ):
Այս «գեղարվեստական քանդակներից» մեկն էլ Ունանն է, որ պատումի զարգացման դրվագներում քիչ է հանդես գալիս, բայց առաջին իսկ մուտքից դառնում է հասկանալի ու գրեթե ավարտուն կերպար: Մյուսների պես նա էլ է դժգոհ իր դժնդակ ապրուստից: «Նա ոչ միայն Կարմրաքարում, այլև շրջակա գյուղերում հայտնի էր որպես լավ մաճկալ: Ինչքան էլ քարոտ և կոշտ լիներ հողը, ինչքան էլ տափը սարալանջ լիներ, Ունանը և ոչ մի ակոս ծուռ չէր տանի: Ակոսն ակոսի վրա շարում էր ու գետինը նախշում սև ցելի ուղիղ գծով»:
Արդեն երևակված է պատկերը, որի հեղինակը Ունանն է, գնահատող աչքը՝ Բակունցինը:
«-Գնամ, նոքար մտնեմ, սրանից տասնապատիկ լավ կապրեմ: Չկա, չկա՛, Կարմրաքարում ապրուստ չկա,- ասում էր նա, բայց հենց ձյունհալը վերջանում էր թե չէ, խոնավությունն սկսում էր գոլորշիանալ, հողը փափկանում էր, մեղմանում էր, և Ունանը օրը մի քանի անգամ նայում էր սևին տվող գյուղի հանդերին, ուր դեռ ձյունի կիտուկները մնում էին ձորերում ու փոսերի մեջ,- հողը տրորում էր կոշտ մատներով և մոտենում՝ ամբողջ ձմեռը ձյունի տակ արորի սարքը նայելու»:
Մի՞թե ավարտուն չէ Ունանի կերպարը, որ այնուհետև գրեթե չի երևալու վեպում կամ ամբողջական չէ կյանքում նրա զբաղեցրած տիրույթի նկարագիրը:
Հրանտ Թամրազյանին նույնպես հիացնում են ու զարմացնում այս «տնաբույս փիլիսոփաների» ոչ միայն նիստուկացը, զրույցները, այլև այն, թե ինչպես են նրանք տանջում իրենց միտքը՝ իմանալու համար անիմանալին. «որոնց մտքերի մեջ ծիծաղելիի հետ միասին կա ինչ-որ տանջող, ծանր ու սրտմաշուկ բան» (Հ.Թ.): Ու փորձում ես հասկանալ այդ «ինչ-որ»-ը: Ավան ամին, ջրաղացպան Անդրին, Տեր Նորընծան մտածում ու տանջվում են այնքան, որքան տրված է բանական զգայուն մարդուն: Միայն նրան՝ բանական մարդուն, այստեղ տեսնում ենք թափանցիկության չափ պարզ: Գեղջուկ փիլիսոփաների այս խմբից ոչ մեկը չի փորձում քողարկվել, քանի որ աշխարհում գոյություն ունենալու միայն մեկ ձև գիտի, որ ընդունելի է, և դա արդար ապրելն է:
Մի քանի տողով Բակունցը կարողանում է ամբողջական ու ավարտուն, անմոռաց բնավորություններ ստեղծել: Անդրու կերպարանքը հեռու է շենքով-շնորհքով լինելուց: Նույնիսկ կարող էր վանել քաղաքաբնակ ընթերցողին նրա հնամաշ քուրքը, որ «ամառ, ձմեռ վրայից չէր հանում: Ալրոտ փափախն այնքան խոր էր կոխում, որ ականջի բլթակներն անգամ չէին երևում: Փափախի տակից թաղիքի կտորների նման կախվել էին անլվա, քրտինքից իրար կպած ու կեղտոտ մազերի փնջերը: Նրա փափախը, դեմքը, քուրքը, տրեխները, ինքն ամբողջովին ալրաթաթախ էր»: Ալյուրն ասես սրբագործում և նոր իմաստ է տալիս նրան, ինչպես ալպիական մանուշակի ծաղկափոշին, որի մեջ թաթախված էր գունավոր բզեզը: Նա վատ էր լսում. լսում էր միայն երիտասարդներին, որոնք տաքացած ու բարձր էին խոսում: «Նրանց խոսելուց ջրաղացպանը հասկանում էր, թե ինչ պատասխան է տվել Տեր Նորընծան»:
«Առաջ հողը պտուղ էր տալիս, հիմա հողը խռովել է: Հին խոսք է, որ հողը կռիվ չի սիրում… Հիմա էլ կռաժմունքը շատ է, մարդոց մեջ լիությունը խանգարված է: Կովը, որ կով է, էլի չարացած ժամանակ կաթը քաշում է»… (Եթե իմանար Անդրին, որ հիմա կովի կաթնատվությունը կարողանում են բարձրացնել նրան գեղեցիկ երաժշտություն մատակարարելով)… Հողն էլ էդպես: Երեսը հազար մեղավոր մարդ է կոխ տալիս, թքում են, արյուն են թափում… Արտի մեջ սատկած շուն են քցում… Էլ էն հողը պտուղ կտա՞… Մի խոսք, հողը խռովել է»:
Մարդկանց շատանալով է բացատրում ջրաղացպան Անդրին վատ կյանքը, թեև գաղափար անգամ չունի մալթուսականության, նեոմալթուսականության երկրաչափական ու թվաբանական պրոգրեսիաների, գլոբալիստների մասին: «…Էդ բոլորն ինչի՞ցն է՝ մարդու շատությունից, տերտե՛ր… Լցվել են՝ էս սարի տակ մի գյուղ, էն քարի տակ մի շհար, էլ տեղ չկա: Առաջ ինչպե՞ս էր: Ողորմած հոգի պապս էր պատմում, որ երեք օր, երեք գիշեր մեր գյուղից որ կողմի վրա էլ գնայիր, ճանապարհին մի մարդու չէիր ռաստ գա՝ բարի օր ասեիր»: Ավան ամին՝ Անդրու մանկության ընկերը, որի հետ դեռահասության շրջանում խոզ էին պահում, պատմում է. «…մեկ էլ տեսար վրաս կնեղանար, թե՝ խոզն ինչ է, որ մարդ նրա համար ծմակներն ընկնի, արի՛ գլուխ առնենք, կորչենք, տեսնենք աշխարհը որտեղ է վերջանում… Ա՛յ Անդրի, գլխիդ ձի չի քացի տվել, կրակը թե՛ժ արա… Ո՞ւմ ես ասում: Ածխակոթը վեր էր առնում, դուրս գալիս… Հա՜ կանչի, հա սպասի: Մեկ էլ լուսաբացին գալիս էր՝ բեզարած, ջարդված, ցեխոտ: Ունքամեջը չէր բացվում… Անդրի՛, էդ ո՞րտեղից ես: Պատասխան չէր տալիս… Որ հանդարտվեր, էլի էն ընկերն էր, ասող, խոսող: Հարցնում էի՝ Անդրի՛, ո՞ւր էիր էն գիշեր: Ծիծաղում էր… Էն քարերն ինչի՞ էիր շուռ տալիս… Թե՝ տակին ոսկի կա, համա չգիտեմ որ քարի տակին է: Էն է, վերջին տարին պսակեցին, հանդարտվեց»: Դեռահասի հոգեբանության ու տվայտանքների փայլուն դիտարկում:
Ահա և ամուսնության հենց առաջին տարին կնոջը կորցրած Անդրին… «Մի ամբողջ տարի Անդրին տանը չէր մոտենում, վախենում էին, որ կխենթանա: Մի անգամ նրան գտել էին անտառի խորքում՝ Պղնձաքարի մի ճեղքում կուչ եկած: Երկյուղն ավելի էր սաստկացել, կասկածել էին, թե Անդրին ուզում է ճգնի…»:
Եվ այսպես՝ մեր առաջ է Անդրին մանկությունից մինչև կյանքի մայրամուտ, ու միշտ հետաքրքիր է նրան նորից ու նորից հանդիպելը, տեսնելն ու լսելը:
Նույնպիսի ավարտուն կերպարներ են Տեր Նորընծան, Արզումանը, Ավան ամին և մյուսներն իրենց չափով:
Հաջի Հիբանի մասին Հրանտ Թամրազյանը նշել է, որ «այս կերպարի մեջ՝ իհարկե, կա որոշ գրական ավանդական բան (նկատի ունի Սունդուկյանի Զիմզիմովին (1870 թ.), Րաֆֆու Մասիսյանին (1879 թ.), Շիրվանզադեի Պետրոս աղա Ալիմյանին (1898 թ.), Վրթ. Փափազյանի Գրիգոր աղային (1904 թ.), բայց կան նաև նոր հատկանիշներ, որոնք արդյունք են ինքնուրույն դիտողությունների»:
Այս խմբաքանդակից յուրաքանչյուրն, ըստ իս, առանձին ուսումնասիրության առարկա է, թե՛ որպես ժամանակաշրջանի գյուղի, հատկապես Կարմրաքարի նման առասպելական պատմություն ունեցող, թե՛ որպես հայ գրականության մեջ հայտնված նոր անհատականությունների առումով: Նրանք շարունակողն են Աբովյանի, Րաֆֆու, Աղայանի, Պռոշյանի, Մուրացանի, Նար Դոսի կերպարների, բայց նրանցում բացահայտ է էպիկական մի նոր շունչ, յուրօրիանկ, ամեն պահ զարմացնող ներկապնակ…
Առանձին խոսակցության նյութ են նաև Բակունցի բնության պատկերները, կենդանական աշխարհը, սերը «Կարմրաքարում», որոնցում երբեք չեն կրկնվում մյուս գլուխգործոցների չքնաղ պատկերները: Նրա աշխարհը լեփ-լեցուն է դրանցով, զարմանալու ու զարմացնելու ունակությունը առատության եղջյուրից է բխում: Ոռոգում է մեր Հայրենիքի իմացության ու ճանաչողության դաշտերը: Բայց այստեղ խնդիրն այն էր, որ ուշադրության առնվեր այս գործի ավարտուն լինելը:
Բակունցը մեր գրականության այն հրաշալիքներից է, որից ժամանակները դեռ նորանոր ակնկալիք ունեն…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։