ՎԱՐԱՆԴ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՎ ՀՐԱԺԵՇՏ
1920-ականների սկիզբ: Հայաստան:
Ապստամբութիւններ:
– Յանկարծ չդառնան, չէ,
Եղբայրասպան.
Դառնում է արդէն իշխանափոխում…

…Անդնդի եզրին խումբ ֆիդայական,
Իսկ դաշտի կողքի
Կարմիր բանակի
Ձիերն են դոփում:
Հայդուկները պիտ Էրգիրը թողնեն,
Բաժանւեն անդարձ,
Հաստատւեն Իրան՝
Անցնեն Պարսկաստան.
…Խմբապետը՝ հին
Հեռադիտակով
Աւանն է դիտում, որդկանցը փնտրում,
«Քառասուն-աղբուր»-ի կարօտը սրտում,
Որտեղ թողնում է՝
Կին ու երեխայ,
Խորան եւ Աստւած,
Հեռանում անդարձ,
Եւ յամառ աչքի արցունքն է
կաթում:
. . . . . . . . . . . . . . . . . . . .

– Յովօ, դու կարգին տղայ ես մարտում,
Դու ջահել ես դեռ.
Հայաստանը քեզ
նմանների խիստ
կարիք է զգում,
Խիզախ ես զարկում.-
Մեզ հետ մի՛ արի, դուն մնա Էրգրո՜ւմ…
– Խմբապետ, դա դո՞ւ…
– Ո՛չ, մենք մեր զէնքին,
Սէգ դրօշակին,
Կանոնագրքին
Տւել ենք երդում…
– Խմբապետ…Մկօ…
– Դու գնա՛, լաօ, գնա դու, Յովօ…

* * *
…1960-ականներ: Նադերի: Թեհրան:
Շլեապան ճակտին: Սեւ ակնոց աչքին
Մի մարդ է կանգնել «Ս. Աստւածածնի»
Խնկաբոյր դռան,
Ու մոտենում է
Գանգրահեր տղան,
– Ո՛րն է ողջույնը «Օձ ու բազէի»,
– «Խոստումը Խայի.- հոգին Հազրէի»…
. . . . . . . . . . . . . . . . . . . .
– Գնացինք: Մօ՞տ է
Ազիզ-խան չարրան:
Այո, քիչ հարաւ, մի քանի վայրկեան…

* * *
…Ճռռում բացւում է
Դուռը նկուղի.-
…Շեմքին կանգնում է…
Բաղրամեան հսկան…
. . . . . . . . . . . . . . . . . . . .
Սանդուղքների տակ,
Կրպակ-խորշում ճաք՝
Կօշկաներկ, տուփեր,
Կաշի, խոզանակ,
Կուժ ու մի դիւան.
Իսկ պատից կախած
Մի Զինանշա՜ն…
* * *
– Յովհաննէս, որդի,
Մարշալ մեր ասլան…:
– Յաւերժ խմբապետ,
Վէ՛ս Նավասարդեան:
– Ո՞ր հողմը հասցրեց
Քեզ խեղճ այս դռան…:
– Խեղճ չէ՜…
Իմ խղճի զարկերը՝ կռան,
Յորդորեցիր դու՝ մնալ Հայաստան,
Կռւել անսասան,
Եւ հիմի եթէ փառք ունեմ, անուն,
Դա շնորհիւ քո խրատի, տիտան:
– Որքա՛ն եմ հարցրել,
Յուզւել, հիացել,
Մինչեւ փշրեցիք
Գամփռերին գերման
Եւ Բերլին մտաք,
Դրանով նաեւ փրկեցիք
Ափ մի հողն Հայաստանի,
Որ ֆաշիզմի որդ՝
Օսմանի որդին
Մեր վերջին, վերջին
Լոյսը չտանի…
– Մուկուչ, սիրելիս,
Եկել եմ, որ քեզ, իբրեւ մեծ տղայ,
Է՛լ տանեմ Մոսկւա:
Դու դուրս պիտի գաս
Տանիքից այս թեք,
Վէմերից այս ճեղք,
Նկուղից խաւար,
Նեղւածքից թիթեղ
Ու այսուհետեւ ապրես իբր աղա՜…

– Բաղրամեա՛ն, որդիս,
Գիտես՝ Սուրբ գործի
Ճամբին ոչ մէկից
Սպասելիք չունենք,
Չենք նենգ եւ ագահ…

– Յատկացնեմ քեզ պիտ
Զովասուն դաչա,
Ծաղկունքով լեցուն
պարտէզներ դրախտ,
Ես՝ իբր մարաջախտ,
Չեմ մնալու քեզ
խորթ ու ապերախտ.-
Շուրջդ կը լեցնեմ՝ սէզ, լելակներ, վարդ…
. . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . .
Երախտապարտ եմ ու շոյւած անհուն,
Բայց հարկադրաբար էլի՛ եմ կրկնում.
Դրօշակին մեր սուրբ ու Եռագոյն,
Կանոնագրքին
Ու անպարտ Զէնքին՝
տւել ենք երդում.-

– Յովօ, դու գնա՛
Լաօ, գնա դու…:

* * *
– Գիտէի՝ չես գայ,
Հայդուկ անյողդողդ,
Ուստի բերել եմ «Քառսուն-աղբուր»-ից
բուռ մի հայոց հող,
որ խորթ քարի տակ
չթաղւես կարօտ.-
հանգչես, որպէս թէ
հասած հայրենիք…
. . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . .
Այդ նոյն առաւօտ
Հեռո՜ւ Սասունում
40 արծիւ սլացան երկինք:
16-17 սեպտ. 2015 թ.

One thought on “ՎԱՐԱՆԴ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։