ԿԱՐԱՊԻ ԼՃԻ ԾԵՐԵՐԸ / Կլարա ԹԵՐԶՅԱՆ

Թե ինչու Օպերայի և բալետի թատրոնին հարակից ջրավազանը կոչեցին Կարապի լիճ, դժվար չէ կռահել` ի պատիվ Չայկովսկու «Կարապի լիճ» բալետի: Անունն ավելի կպավ, երբ այնտեղ հայտնվեցին սպիտակ ու սև կարապներ: Գարուն, ամառ ու աշուն նրանք լողում են մե՛կ զույգով, մե՛կ առանձնանում, հետո նորից միանում են: Լողում են այնքան սահուն, այնքան գեղեցիկ ու ներդաշնակ, որ թվում է՝ մեկն առանց մյուսի չի կարող ապրել` համակ սեր են ու քնքշանք:
Վաղ առավոտից մինչև ուշ գիշեր լիճը լիքն է այցելուներով. գալիս են դիտելու կարապների «ներկայացումը», խաղալու, զբոսնելու, նոր ծանոթներ ձեռք բերելու: Բայց ամենից շատ այն երեխաների ու մեծահասակների վայրն է: Ծեր տղամարդիկ գալիս են զրուցելու, շախմատ, շաշկի խաղալու, լրագիր կարդալու: Ծեր կանայք, որ թվով ավելի քիչ են, նստում են առանձին, բայց շատ աշխույժ մասնակցում են տղամարդկանց խոսակցությանը: Շախմատից հասկացողներն օգնում են այս կամ այն խաղացողին: Իսկ երբ նարդի է լինում, օդը լցվում է թվաքարերի թրխկ-շրխկոցով, դիտորդների բացականչություններով.
– Շաշ ու բեշ գցիր,- ասում է մեկը:
– Չէ՛, դու զառերը բռնել գիտես, ուզածդ թվերն ես բերում,- ասում է մյուսը:
Դիտորդներն իրենց խորհուրդներով թեժացնում, նարդին դարձնում են խմբակային խաղ:
Լճափին նաև սերեր են ծնվում` միայնակ մնացած մարդիկ նոր զույգ են փնտրում, անգամ` ամուսնանում: Լճի չգրված օրենքները շատ են` ծերերն ունեն իրենց գլխավորին, հարգված ու չսիրված մարդկանց: Վերջիններից է Էմմա անունով կինը, որ միշտ գալիս է շպարված, լայնեզր գլխարկով, քայլում է գլուխը բարձր, ասես ոչ մեկին չնկատելով: Նրա հայտնվելուն պես, ծայր է առնում բամբասանքը.
– Մի սրան տես, նոր որս է փնտրում:
– Տեսնես հիմա ո՞ւմ ա առնելու, գլուխն ուտի ու տունն իրենով անի:
– Արո՛ւս, դու սրա պատմությունը լավ գիտես, հլա պատմի:
Արուսն ասես դրան է սպասում.
– Ինքը մի յոթանասուն կլինի, սրանից երկու տարի առաջ իննսունն անց բիձու հետ էր ամուսնացել: Ասում էին՝ բժիշկ ա: Խեղճի խելքը գնալովի-գալովի էր` մե՛կ գիտեր, որ կնիկն ա, մե՛կ տանից վռնդում էր, չէր հիշում, թե ով ա: Էս կնիկն էլ հա՜ հետը կռվում էր, օր ու արև չէր տալիս` նպատակը մարդուն մեռցնելն էր: Բիձան սրա աղջկան զանգում էր, թե` էկեք, ձեր վհուկին տարեք: Բայց աղջիկը գժվե՞լ էր, որ տաներ, հազիվ էր ձեռիցը պրծել:
– Արո՛ւս, ասում են՝ Էմման դերասանուհի ա:
– Դերասանուհի, բա չէ՞, մի երկու կինոյում մասովկա ա եղել, այսինքն` մարդկանց խմբի մեջ ա նկարվել: Բա ի՜նչ, թազա հարսնություն ա արել: Թոռները զանգել են, թե.
– Տատի՛, քեզ կարոտել ենք, ինչի՞ հեչ մեր տուն չես գալիս:
Ասել ա.
– Ինչքան ձեզ պահել եմ` հերիք ա, հիմա ես իմ կյանքն ունեմ:
Կանայք ծիծաղում էին, հատուկ բարձր խոսում, որ Էմման լսի, բայց նրա պետքը չէր` տղամարդկանց հետ էր ընկերություն անում:
Այս խմբից առանձնանում է կանանց մեկ այլ խումբ, որտեղ մտավորականներ են. նրանց խոսակցությունը գրքերից է, թատրոնից, երաժշտությունից` ապրում են հոգևոր կյանքով: Նրանցից մեկին` Զարուհուն, դուր էր գալիս Սարգիս անունով մի բավականին առույգ ծերունի: Նա Կարապի լիճ էր գալիս միշտ նույն ժամին, քայլում էր լճի շուրջը, երբեմն շախմատ էր խաղում և սիրում էր զրուցել կանանց այս խմբի հետ: Զարուհին նրան տեսնելուն պես կարմրում էր, դժվարանում էր խոսել: Սարգիսն աշխարհ տեսած մարդ էր, շատ բան գիտեր, խոսում էր օրվա իրադարձություններից, երկրի ներքին ու արտաքին կյանքից: Բայց իր մասին ոչինչ չէր պատմում: Երբ նրա հայացքը հանդիպում էր Զարուհու հայացքին, մի փոքր շփոթվում էր: Ընկերուհիները վաղուց էին նկատել, որ նրանք իրար համակրում են:
Մի օր, երբ ընկերուհիներով հավաքվել էին, մեկն ասաց.
– Զարուհի՛, պատկերացնում եմ, թե երեխա ու երիտասարդ եղած ժամանակդ ինչքան սիրուն ես եղել` սուսիկ-փուսիկ, ռոմանտիկ: Մինչև հիմա էլ այդպիսին ես:
– Չէ՛, Անժելա, ես շատ լացկան ու կամակոր երեխա եմ եղել. մայրս գնում էր աշխատանքի, իսկ ես, պատշգամբի ճաղերից գլուխս հանած` «Վայ, մամա ջան» ասելով, ժամերով լաց եմ եղել: Խեղճ տատս չգիտեր ինձ ոնց հանդարտեցնի` շոյում էր, համբուրում, բարկանում ու վախեցնում, որ ինձ նկուղում կփակի. ոչինչ չէր օգնում:
– Խեղճ աղջիկ: Ճիշտ են ասում` մայրը չպիտի աշխատի` երեխան նրան կարոտում է,- ասաց Շուշանը, որ մասնագիտությամբ մանկավարժ էր:
– Ո՞նց չաշխատի,- առարկեց Անժելան: – Կինն ուսում է ստանում, որ միայն տնային տնտեսուհի դառնա՞:
– Նրա գիտելիքները երեխային ավելի են պետք, քան հանրությանը:
– Իսկ ինքդ ինչո՞ւ ես աշխատել, դեռ գիտական աստիճան էլ ունես:
– Դրանից իմ երեխաները չեն տուժել:
– Դու իրենց հարցրե՞լ ես: Որ հետևիցդ լաց չեն եղել` դեռ չի նշանակում, որ չեն տխրել, չեն կարոտել,- զրույցին խառնվեց Գոհարը, ով մասնագիտությամբ տնտեսագետ էր: – Դուք մոռանում եք շատ կարևոր մի հանգամանք` նյութականը…
– Բայց ես պատմությունս չեմ վերջացրել,- ասաց Զարուհին,- գիտե՞ք, լացն էլ երգի պես բան է` ունի տուն, կրկներգ… Երբ հոգնում էի լաց լինելուց և ուզում էի ձայնս կտրել, ինքս ինձ ասում էի` «Չէ՛, այս մասն էլ լացեմ ու հետո…»:
Ընկերուհիները ծիծաղում են, Զարուհին ուզում է շարունակել, բայց այդ պահին հանդիպակաց զառիթափի աստիճաններին հայտնվում է Սարգիսը: Նա միշտ սպորտային հագուստով է գալիս Կարապի լիճ: Նրա գալուն սպասում է ոչ միայն Զարուհին, այլև լայնեզր գլխարկով Էմման: Նա անմիջապես տեղից պոկվում է, արագ քայլում դեպի Սարգիսն ու ջահել աղջկա պես կոտրատվելով՝
– Ես հեռվից տեսա, որ գալիս եք, շտապեցի ձեզ բարևելու: Ինչպե՞ս եք:
– Բարև ձեզ, լավ եմ,- ասաց Սարգիսն ու շարունակեց ճանապարհը:
Բայց Էմմային կանգնեցնել չէր լինի` նա քայլեց Սարգսի կողքով.
– Այսօր սքանչելի տեսք ունեք` երևում է գարունը ձեզ վրա լավ է ազդում:
– Շնորհակալություն,- ասաց Սարգիսն ու քայլերն արագացրեց:
Զարուհին, մոռացած իր մանկության պատմությունը, հայացքը չէր կարողանում նրանցից կտրել: Ընկերուհիներն էլ շրջվեցին Սարգսի կողմը: Նա հեռվից ձեռքով ողջունեց կանանց ու մոտենալով՝ ասաց.
– Բարեկամնե՛րս, թույլ կտա՞ք միանամ ձեր զրույցին:
Էմման, որ մի փոքր հեռու էր կանգնել ու կարծում էր, թե Սարգիսը մի երկու խոսք փոխանակելով, կշարունակի իր հետ քայլելը, բարկությունից շառագունեց և արհամարհական հայացք ձգելով կանանց վրա, շարունակեց ճանապարհը, մտքում ասելով` «Դեռ դու կգաս ինձ մոտ, ոտքերս կընկնես…»:
Սարգիսը նստեց Զարուհու կողքը, ու խեղճ կնոջ սիրտն ավելի ուժգին բաբախեց:
– Գուցե խանգարեցի ձեր զրույցը,- ասաց Սարգիսը,- կներե՛ք:
– Ո՛չ, ի՜նչ եք ասում, ավելի լավ, դուք էլ մասնակցեք մեր բանավեճին,- ասաց Շուշանը,- մենք քննարկում ենք, թե ճի՞շտ է արդյոք, որ փոքր երեխա ունեցող կինն աշխատում է: Իսկ դուք ի՞նչ կարծիքի եք:
– Ես գտնում եմ, որ մայրը գոնե մինչև երեխայի դպրոց գնալը պետք է տանը մնա: Եթե նյութական պայմանները ներում են:
– Ճի՛շտ է,- համաձայնեցին կանայք:
Հետո զրույցի թեման փոխվեց` խոսեցին օրվա իրադարձություններից:
Զարուհին հանդարտվել էր, բայց Էմմայի պահվածքը չէր կարողանում մտքից հանել, մեջը կասկած էր մտել` «Բա որ Էմման հաղթի՞»: Հետո ինքն իրեն համոզում էր` «Բայց չէ՞ որ Սարգիսը նրան բանի տեղ չդրեց»:
Կարապի լճի զբոսայգում առաջ պտղատու շատ ծառեր կային` բալենի, թթենի, ընկուզենի… Մարդիկ օգտվում էին այդ բարիքներից: Հետո ծառերը կտրեցին և տարածքը սրճարաններով պատեցին: Բայց հրաշքով մի փշատենի էր մնացել, որ շուրջբոլորը լցնում էր խենթացնող բույրով: Զարուհուն այդ բույրը ողողել էր երիտասարդական ավյունով, թվաց՝ տարիները հետ են գնացել, ու ինքը քսան տարեկան է: Նա իր զանգակատնից էր հասկանում Սարգսի ասած ու չասած խոսքերը:
Այնքան լավ էր զբոսայգում, որ խումբը տուն գնալու մասին հիշեց, երբ մի կին երեխային ձայն էր տալիս.
– Սուրի՛կ, արի գնանք, ուշ է…
Բաժանվեցին՝ հաջորդ օրը նորից հանդիպելու ցանկությամբ:
Զարուհին տուն մտավ բարձր տրամադրությամբ. կահույքը, պատի նկարները, գորգը, ամեն ինչ, որ առաջներում նրան հին, դարն ապրած էին թվում, նոր փայլ էին ստացել, շուրջն այնքան գեղեցիկ էր, մոտեցավ դաշնամուրին, նվագեց, ինքն իրեն ձայնակցեց:
Հետո աչքի առջև հառնեց լայնեզր գլխարկով Էմման, որ հանկարծակի բարձրացած ալիքի նման, սրբելով Զարուհու երջանկությունը, հետ գնաց:
– Մի՞թե Էմման ինձնից գեղեցիկ է,- ասաց Զարուհին ու զգաց, որ խանդում է: – Էմման աներես է, նրան հանգիստ չի թողնի:
– Չէ՛, ի՜նչ ես ասում,- առարկեց ներքին ձայնը:- Սարգիսը Էմմայի նմաններին շատ է հանդիպել: Գիտի, որ դու ուրիշ մարդ ես:
– Ճակատագրի հեգնանք,- ասաց Զարուհին,- ինչո՞ւ նրան հանդիպեցի այսքան ուշ:
– Բայց լավ է ուշ, քան երբեք,- ասաց ներքին ձայնը:
– Ճիշտ է` լավ է ուշ, քան երբեք: Էմման թող գնա գրողի ծոցը:
Ու նորից երջանիկ ժպտաց` նորից շուրջն ամեն ինչ այնքան գեղեցիկ էր, սիրով լեցուն:
Զարուհին չիմացավ՝ այդ գիշեր քնե՞ց, թե՞ ոչ. զգում էր փշատենու զանգակ ծաղիկների երգն ու խենթացնող բույրը:
Նա սովորություն ուներ առավոտյան վաղ գնալ Կարապի լիճ: Բայց այդ օրն արևը դեռ չէր հասցրել աչքերը բացել` արդեն Կարապի լճում էր: Սիրում էր միայնակ քայլել, ծառ ու ծաղկի, ջրի հետ զրուցել: Ուրախացավ, որ կարապներն արդեն արթնացել են ու զույգերով լողում են` այնքան սահուն, այնքան գեղեցիկ՝ սպիտակը սպիտակի հետ, սևը սևի հետ: Կարապներն իրար հետ խոսում էին, ու Զարուհուն թվում էր՝ հասկանում է նրանց լեզուն: Իսկ լի՞ճը, լիճն էլ էր հասկանում նրանց խոսքն ու ժպտում էր մեղմ, բարի ծփանքով: Զարուհին ինքն էլ չիմացավ, թե ինչպես ջրին ասաց.
– Գիտեմ, քարից ձայն դուրս կգա` քեզնից դուրս չի գա… Խորհուրդ տուր, ի՞նչ անեմ` գլուխս քսան տարեկան աղջկա պես կորցրել եմ: Ամաչում եմ իմ այս ուշացած սիրուց: Չգիտեմ, նա ո՞վ է, ո՞վ ունի… Ինձ ոչինչ պետք չէ` միայն ուզում եմ միշտ նրան տեսնել, միշտ ձայնը լսել:
Ջրի մանրիկ ալիքները նրա խոսքը լսում էին, հասկանում ու կարծես ասում էին.
– Նայիր այս կարապներին` սերն Աստծու պարգևն է: Ուրախացի՛ր:
Հանկարծ Զարուհուն թվաց, որ մեկն իրեն նայում է. շրջվեց` Սարգիսն էր:
– Բարի լույս,- ձայնեց նա ու մոտեցավ:
Զարուհին քարացավ, չկարողացավ ողջույնին պատասխանել: Թեև ջրի հետ խոսում էր մտքում, բայց նրան թվաց՝ Սարգիսը լսել է, ու դրանից ավելի շփոթվեց:
– Երևի ինձնից ու քեզնից բացի էլ ուրիշ ոչ մեկն այսքան վաղ այստեղ չի գալիս:
– Բայց առավոտյան ձեզ այստեղ առաջին անգամ եմ տեսնում:
– Ինձ հետ դուքով մի՛ խոսիր, մենք վաղուցվա մտերիմներ ենք: Ես առավոտները միշտ հեռվից եմ քեզ նայում ու հիանում` այնքան սիրով ես նայում ջրին, ծառին, ասես նրանք քո հարազատներն են:
– Այդպես էլ կա:
– Զարուհի՛, ես քեզ հավանում եմ, տուր ինձ քո ձեռքը:
Այս ասելով՝ Սարգիսն ասպետի պես ծունկի եկավ ու ձեռքը պարզեց:
– Ի՜նչ եք անում, ոտքի ելեք,- շփոթվեց Զարուհին: Ամեն ինչ այնքան անսպասելի էր, որ խոսք չգտավ ու բռնեց իրեն պարզած ձեռքը: – Խնդրում եմ, ոտքի ելեք:
– Շնորհակալություն, բայց ուզում եմ իմանաս, որ ես մենակ եմ, կինս վաղուց մահացել է, ապրում եմ տղայիս ու նրա ընտանիքի հետ: Ես բնակարան չունեմ, թոշակառու մարդ եմ, երևի երկուսիս կբավականացնի:
Զարուհին, ուշքի գալով, հազիվ կարողացավ ասել.
– Բայց սա կատա՞կ է, թե՞ երազ:
– Մի՞թե ես անլուրջ մարդու տպավորություն եմ թողնում: Մինչև առաջարկություն անելս երկար եմ մտածել:
– Ես… ես,- ասաց Զարուհին,- տուն ունեմ, թոշակ էլ եմ ստանում, ինձ ոչինչ պետք չի, միայն դու ես պետք:
Եվ քանի որ Զարուհին ոչ մի հարազատ չուներ, Սարգիսը նրա ձեռքը խնդրեց մտերիմ ընկերուհիներից: Միասին որոշեցին ամուսնության օրը: Ընկերուհիներն իրենց համեստ միջոցներից մի փոքրիկ գումար հավաքեցին, Զարուհու համար ուրախ գույներով չիթ առան ու հագուստ կարեցին, որ հարսը նոր շորով դիմավորեր փեսային: Դրամը հերիքեց նաև փոքրիկ հյուրասիրության համար:
Նշանակված ժամին մի շքեղ մեքենա կանգնեց Զարուհու դռան առաջ, միջից դուրս եկան Սարգիսը, որդին ու նրա ընտանիքը:
Սարգիսը գեներալի համազգեստով էր, ձեռքին` սպիտակ վարդեր:
– Այ քեզ անակնկալ,- ասացին ընկերուհիները:
– Չեմ հասկանում` սա հեքիա՞թ է, իրականությո՞ւն, թե՞ երազ,- մի քանի անգամ կրկնեց շփոթված Զարուհին:
– Հեքիաթանման իրականություն,- ասաց Սարգիսը: – Զարուհի, ի՜նչ գեղեցիկ ես, հագուստդ քեզ շատ է վայելում: Շնորհակալություն, որ այսքան ազնիվ ու բյուրեղյա հոգի ունես: Ես քեզ փորձելու համար ասացի, որ բնակարան չունեմ: Գնանք, իմ առանձնատունը քեզ է սպասում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.