ԶԵՆՔԵՐԻ ՍՏՎԵՐՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ… / Սամվել Կոսյան

Կանխագուշակումները, թե Թուրքիայի իշխող կուսակցությանը չի հաջողվի նոյեմբերի 1-ի ընտրություններում հաղթանակ տոնել, փսկեցին, երբ պարզվեց, որ նախորդ ընտրությունների համեմատ կուսակցությունը 8,4 տոկոսով բարելավել է արդյունքները՝ իրավունք ստանալով միակուսակցական կառավարություն ձևավորել: Ըստ բրիտանական The Guardian-ի սյունակագիր Յավուզ Բայդարի՝ «Այս արդյունքները քչերն էին կանխատեսում: Այնպես որ, նման հաղթանակը մեծ զարմանք էր»: Կատարվածը Թուրքիայի նախկին փոխվարչապետ, իշխող կուսակցության ներկայացուցիչ Բյուլենթ Առընչը անգամ իրենց համար է անակնկալ համարում. «Մենք գրեթե հարսանիք ենք անում: Շատ մեծ հաջողություն է, կարող ենք հաղթանակ էլ կոչել»,- ասել է նա: Ու թեև «Արդարություն և զարգացում» կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չստացավ, որի համար 330 մանդատ էր հարկավոր, ինչը թույլ կտար փոփոխություններ մտցնել հիմնական օրենքում և մեծացնել նախագահի դերը, այնուամենայնիվ, Էրդողանի դիրքերը նշանակալիորեն ամրապնդվեցին, թեև ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի որակավորմամբ, ընտրությունները եթե Էրդողանի հաղթանակն էր, ապա Թուրքիայի՝ պարտությունը: Ըստ Guardian-ի՝ ընտրությունների արդյունքում «կարող է էթնիկ և կրոնական շերտերի միջև ճեղքվածքն ավելի խորանալ»: Ռուս փորձագետ Վիկտոր Ռաևսկու կարծիքով, Էրդողանի հաղթանակը նշանակում է շարունակել Թուրքիան իսլամացնելու գործընթացը: Դեռևս ընտրությունների նախաշեմին The New York Times-ն իր խմբագրականում Էրդողանին մեղադրել էր երկրում անկայունության մթնոլորտ ստեղծելու մեջ. «Թուրքական կառավարությունը կրկին ռմբակոծում է քուրդ ապստամբներին, ընդդիմադիր կուսակցությունները դժվարությամբ են ցույցեր անում և հեռուստատեսության ժամեր ստանում, հակառակորդներին ահաբեկիչի պիտակ է փակցվում, ընդդիմադիր մամուլին՝ դնչկալ հագցվում»: Այդ ամենով հանդերձ, Թուրքիայի ընտրողներն իրենց քվեարկությունը կատարել են հանուն կայունության, թեև փորձագետներն այնքան էլ վստահ չեն, որ հետընտրական Թուրքիան կայուն կլինի: Թերևս հակառակը՝ հաշվի առնելով Էրդողանի էքսցենտրիկ բնավորությունը: The Guardian-ի հեղինակը կարծում է, որ «Թուրքիան այս արդյունքներով չի մոտենա կայունության, փոխարենը` երկրի համակարգային ճգնաժամն է՛լ ավելի կխորանա: Այս ընտրությունները կարող էին կողմնորոշել, թե Թուրքիան ինչ ուղղությամբ է շարժվելու` արևմտյան ոճին մոտ ժողովրդավարությա՞ն, թե՞ կենտրոնասիական ոճի ինքնակալության, որի դեպքում չեն հարգվի ազատությունն ու իրավունքները, իսկ դատարանն ու լրատվամիջոցները կստորադասվեն իշխանությանը: Եթե Էրդողանը և նրա կուսակցությունը որոշեն, որ ընտրությունների հաղթանակը կարող է որպես «քարտ-բլանշ» ծառայել սահմանադրւթյունը խախտելու, այլակարծությունը ճնշելու և սիրիական ճգնաժամի շուրջ զիգզագներ անելու համար, ապա պետք է ավելի արագ սպասել ինքնակալության կայացմանը»: Այն, որ Էրդողանը դեռ նախընտրական շրջանում էր բռնապետի դրսևորումներ ցուցաբերում, քանիցս լուսաբանվել է: Բնական է, որ միակուսակցական կառավարություն ձևավորելով, Էրդողանը չի փոխելու նախկին ռազմավարությունը, ինչը նշանակում է նույն ապակառուցողական քաղաքականությունը տարածաշրջանի և մասնավորապես Հայաստանի նկատմամբ: Առայժմ իրադարձություններն այնքան էլ Թուրքիայի օգտին չեն` քրդական հարց, ներքաշվածություն սիրիական ճգնաժամին, հարաբերությունների սրում Ռուսաստանի, Իսրայելի և այլոց հետ, տնտեսության բացասական ցուցանիշներ… Կկարողանա՞ Էրդողանն առանց ցավալի կորուստների այս խնդիրները լուծել և երկիրը հասցնել իր կողմից խոստացած կայուն հանգրվանի: Գոնե ներկա պարագայում դժվար է հավատալ: Ընտրություններից հինգ օր հետո Թուրքիայի օդուժի ինքնաթիռները կրկին ավիահարվածներ են հասցրել Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դիրքերին, ինչին ի պատասխան՝ քրդերը չեղյալ են հայտարարել միակողմանի կրակի դադարեցումը: Նշանակում է՝ վերջ վիրտուալ կայունությանը և թուրք-քրդական պայքարը շարունակվելու է: Թերևս ճիշտ է քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, «… որ զենքերի ստվերում խաղաղություն չի լինի»: Սակայն ասողին լսող է պետք:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։