Հոկտեմբերի 17-19-ին Ծաղկաձորում՝ Գրողների ստեղծագործական տանը տեղի ունեցավ Երիտասարդ գրողների 21-րդ համաժողովը, որին մասնակցում էին երիտասարդներ Երևանից, Արմավիրից, Արարատից, Գեղարքունիքից, Լոռիից, Կոտայքից, Շիրակից և Տավուշից: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ողջունելով երիտասարդներին և ավագ գրողներին, ասաց. «Տարիներ շարունակ տարբեր ձևաչափերով տեղի են ունենում երիտասարդական հավաքները: Դրանք առիթ են երիտասարդների համար ճանաչելու միմյանց, ինչպես նաև ավագ գրողներին»: Նա խոսեց ՀԳՄ-ում և մարզային բաժանմունքներում երիտասարդ ստեղծագործողների համար իրականացվող աշխատանքների, ինչպես նաև մրցանակաբաշխությունների մասին:
Էդ. Միլիտոնյանը Նաթելլա Լալաբեկյանին հանձնեց ՀԳՄ «Գրական բարերար» դիպլոմ՝ ներկայացնելով նրա աջակցությամբ իրականացված աշխատանքները, այդ թվում նաև վերջին տարիների ծաղկաձորյան երիտասարդական հավաքները: Անդրանիկ Կարապետյանը և Մանվել Միկոյանը խոսեցին ՀԳՄ մարզային բաժանմունքներում երիտասարդների ներգրավման ու մարզային թերթերում նրանց ստեղծագործությունների տպագրության մասին:
Երիտասարդ գրողները ներկայացան, խոսեցին իրենց ստեղծագործությունների մասին: Համաժողովին մասնակցում էին նաև վրաց գրողներ՝ արձակագիր, «Մերանի» հրատարակչության տնօրեն Մանանա Գորգիշվիլին, բանաստեղծներ Օթար Ֆալիանին, Կախա Չլիկաձեն և արձակագիր Մորիս Ռոստիաշվիլին:
Համաժողովի աշխատանքներն ընթացան երեք խմբերում՝ ընթերցումների և քննարկումների շուրջ: Պոեզիայի ստեղծագործական խմբերից մեկում երիտասարդների հետ աշխատում էին Էդվարդ Միլիտոնյանը, Շանթ Մկրտչյանը, Մանվել Միկոյանը և Անդրանիկ Կարապետյանը, մյուսում՝ Արտեմ Հարությունյանը, Նաթելլա Լալաբեկյանը, Գագիկ Սարոյանը, Անուշ Վարդանյանը և Հակոբ Հարությունը, իսկ արձակի ստեղծագործական խմբում՝ Գուրգեն Խանջյանը, Ալիս Հովհաննիսյանը, Նորեկ Գասպարյանը, Դավիթ Մուրադյանը, Արմեն Ավանեսյանը և Նառա Վարդանյանը: Դավիթ Մուրադյանը մասնակցեց նաև պոեզիայի խմբի աշխատանքներին: Բազմաոճ ու բազմապիսի էին երիտասարդ գրողների ստեղծագործությունները: Բանաստեղծություններ ընթերցեցին Ալբինա Բուջատյանը, Մուշեղ Տոնոյանը, Արմեն Ավոն, Լուսինե Առաքելյանը, Մարիամ Սուքիասյանը, Անի Ղազարյանը, Աիդա Հարությունյանը, Նաիրա Ղուկասյանը, Սաթենիկ Արթենյանը, Լևոն Բեժանյանը, Միլենա Սաֆարյանը, Լիլիթ Հովհաննիսյանը և Սուսաննա Գևորգյանը: Արձակի բաժնում ընդգրկված էին երիտասարդ արձակագիրներ Ամալյա Ենգոյանը, Արամ Դովլաթյանը, Գոռ Աղամիրյանը, Սյուզաննա Գալստյանը, Անի Խաչատրյանը, Էրիկ Բեկնազարյանը և Հովհաննես Կարապետյանը: Խմբերում ծավալվեցին հետաքրքիր քննարկումներ երիտասարդների ընթերցած ստեղծագործությունների շուրջ: Ավագ գրողներն ուշադրությամբ ունկնդրում ու անդրադառնում էին յուրաքանչյուր ստեղծագործությանը բնորոշ առանձնահատկություններին և խորհուրդներ տալիս: Միմյանց ստեղծագործությունների մասին իրենց կարծիքներով կիսվեցին նաև երիտասարդները: Ավագ գրողները կարևորեցին հայ և համաշխարհային գրականության իմացությունը, ընթերցանությունը, որի շնորհիվ կընդլայնվի երիտասարդների աշխարհայացքը, և նրանց գիրն առավել ներկայանալի կդառնա: Նշվեց, որ ժամանակակից երիտասարդների բանաստեղծություններին բնորոշ է պատմողականությունը, թեմաների կրկնությունը, և անհրաժեշտ է զարգացնել ասոցիատիվ մտածողությունը: Վրաց գրողները ընթերցեցին իրենց ստեղծագործությունները վրացերեն լեզվով: Ստեղծագործական քննարկումները երկուստեք օգտակար էին գրողների համար՝ ծանոթանալու արդի գրականության թեմաներին, ոճերին, ինչպես նաև գրականության զարգացման միտումներին: Քննարկվեցին նաև փոխադարձ թարգմանության և հետագա հանդիպումների հարցեր: Վրաց գրողներին թարգմանում էր բանաստեղծուհի, թարգմանչուհի Նինո Սպանդերաշվիլին: Դավիթ Մուրադյանը կարևորեց հայ և վրաց երիտասարդ գրողների հանդիպումը՝ ասելով, որ իրավունք չունենք թույլ տալու, որ առաջանա սերունդների սև խոռոչ: «Սա երկուստեք ազգային ու մշակութային պարտք է և փոխադարձաբար օգտակար»,- նշեց նա:
Համաժողովի ընթացքում եղան մի քանի նոր տպագրված գրքերի շնորհանդեսներ: Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ Նաթելլա Լալաբեկյանի «Ալինի արկածները հեքիաթների աշխարհում» եռալեզու՝ ռուսերեն, հայերեն, անգլերեն, մանկական գրքի շնորհանդեսը: Գիրքը հայերեն է թարգմանել Արտեմ Հարությունյանը: Այն տպագրվել է «Ծիծեռնակ» հրատարակչությունում: Էդվարդ Միլիտոնյանը խոսեց Նաթելլա Լալաբեկյանի ստեղծագործության, Հայաստանում թարգմանված ու տպագրված նրա գրքերի մասին: Կարևորելով մանկական ստեղծագործությունները՝ Է. Միլիտոնյանը շնորհավորեց նոր հրատարակված գրքի առթիվ, մաղթեց հաջողություններ: Հրատարակչության տնօրեն Անուշ Վարդանյանն իր խոսքում նշեց, որ անցյալ տարի «Ծիծեռնակ» հրատարակչությունը հրատարակել էր Նաթելլա Լալաբեկյանի մանկական գիրքը, և լիահույս է, որ երկրորդ ժողովածուն նույնպես մեծ սիրով կընդունվի մանուկների կողմից:
Մանանա Գորգիշվիլին ներկայացրեց «Արիլի» ամսագրի հատուկ համարը, որ նվիրված էր Հայաստանին: Այնտեղ տպագրվել էին հայ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործություններ: Նա հույս հայտնեց, որ հայ և վրաց գրողների հանդիպումները շարունակական կլինեն, և թարգմանության միջոցով գրական կապերն առավել կակտիվանան:
Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց վրաց բանաստեղծ Բաղաթեր Արաբուլիի «Ուրիշ երկինք» գիրքը՝ իր և Գագիկ Դավթյանի թարգմանությամբ (տպագրվել էր Երևանում):
Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցան Հայկ Սիրունյանի «Ինձ թողեք այստեղ», Մարիամ Սարգսյանի «Փախչող պատմության շրջապտույտի ձայնը» և Քրիստինե Հովսեփյանի «Սրտխփոց» գրքերի շնորհանդեսները: Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց գրքերը, խոսեց երիտասարդ հեղինակների, նրանց գրքերի ու ստեղծագործական յուրահատկությունների մասին՝ մաղթելով ապագա հաջողություններ: Ներկաները շնորհավորեցին հեղինակներին գրքերի տպագրության առթիվ: Երիտասարդներն ընթերցեցին Հայկ Սիրունյանի բանաստեղծություններից:
Նույն օրը տեղի ունեցավ նաև երիտասարդական «Գրեթերթ»-ի կայքի շնորհանդեսը: Կայքը ներկայացրեց Նառա Վարդանյանը: Նա նշեց, որ կայքում հավաքված են 2006 թ.-ից տպագրված նյութերը, յուրաքանչյուր հեղինակ ներկայացված է առանձին՝ լուսանկարներով և ստեղծագործություններով: Կայքի նորացման և վերաթողարկման նպատակը՝ ի տարբերություն թերթի եռամսյա տպագիր տարբերակի, առավել ինտերակտիվ լինելն է, երիտասարդների ստեղծագործությունների հաճախականությունը, անդրադարձը գրական անցուդարձին, ինչպես նաև նոր հրատարակված գրքերին: Կայքն ունի առանձին լուսանկարների բաժին:
Հոկտեմբերի 19-ին ամփոփվեցին խմբային աշխատանքները: Ավագ գրողները խոսեցին իրենց խմբերում ներառված երիտասարդ գրողների ստեղծագործությունների ու քննարկումների մասին: Արտեմ Հարությունյանը նշեց հեղինակների առավել հաջողված ստեղծագործությունները: Համաշխարհային գրականության մասին նրա խոսքը երիտասարդ ստեղծագործողների համար չափազանց օգտակար էր: Շանթ Մկրտչյանը կարևորեց երիտասարդների ծանոթությունը դասական և ժամանակակից գրողներին ու նրանց ստեղծագործական ոճերին: Նաթելլա Լալաբեկյանի կարծիքով՝ գրականությունն առաջին հերթին աշխատանք է, և ուրախալի է, որ նախաձեռնված հանդիպումները օգտակար ու արդյունավետ են երիտասարդների համար: Նորեկ Գասպարյանի համար հետաքրքիր էր ծանոթանալ երիտասարդների ստեղծագործություններին և տեսնել նրանց յուրահատուկ դիտանկյունը, որով նրանք նայում են աշխարհին: Արմեն Ավանեսյանը կարևորեց երիտասարդական համաժողովների ավանդույթի պահպանումը և մարզային բաժանմունքների աշխատանքը, որի շնորհիվ նկատելի է երիտասարդների ակտիվությունը: Ալիս Հովհաննիսյանի կարծիքով՝ երիտասարդ արձակագիրների ստեղծագործական խմբում քննարկումները երկուստեք արդյունավետ էին:
Էդվարդ Միլիտոնյանը, եզրափակելով համաժողովի աշխատանքները, նշեց, որ երիտասարդ գրողները ներկայացել էին հետաքրքիր գործերով, բավական արդյունավետ քննարկումներ եղան, և նման հանդիպումները կարևոր են թե՛ գրողների ճանաչողության ու ծանոթությունների, թե՛ նրանց ստեղծագործական ընթացքի համար: Նա իր գոհունակությունը հայտնեց նաև վրաց գրողների մասնակցության վերաբերյալ և հաջողություններ մաղթեց համաժողովի բոլոր մասնակիցներին: Համաժողովի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին Գրողների միությանը, ինչպես նաև Ծաղկաձորի ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանին՝ հյուրընկալության և համաժողովի անցկացման նպատակով բոլոր պայմանների ստեղծման համար: Էդ. Միլիտոնյանը նշեց, որ տարիներ շարունակ Ծաղկաձորի ստեղծագործական տունը հյուրընկալել է ոչ միայն հայ գրողների, այլև շատ հայտնի գրողների աշխարհի տարբեր երկրներից: Նա խոսեց վերջերս ստեղծագործական տների նկատմամբ պետական հանիրավի վերաբերմունքի ու ՀԳՄ անշարժ գույքի սեփականության վիճարկման մասին՝ ասելով, որ դրանք ուղղակիորեն վնասում են մշակույթին, մշակութային արժեքների ստեղծմանն ու գրականության պատմությանը: Հիշեցրեց, որ ստեղծագործական միությունների շենքերը երբեք պետական կարգավիճակ չեն ունեցել և հիմնականում պահպանվել են սեփական միջոցներով ու բարերարների ներդրումներով:
Երիտասարդ գրողների՝ արդեն ավանդույթ դարձած ծաղկաձորյան համաժողովը միաձայն հրապարակեց ԿՈՉ ՀՀ կառավարությանը, ՀՀ դատախազությանը և ՀՀ վարչական դատարանին՝ հրաժարվել մշակույթին վնասող քաղաքականությունից՝ հարգելով ստեղծագործական միությունների բազմամյա վաստակը և 25-ամյա սեփականության իրավունքը:
Հերմինե Նավասարդյան