Friedensdorf. «փոքր մարդու» մեծ ճիգը / Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երկար դադարից հետո՝ 2023 թվականին, Գրիգը հրատարակեց իր նոր «Friedensdorf» վեպը, որը բոլորովին վերջերս արժանացավ «Ստեփան Ալաջաջյան» մրցանակի՝ «Երիտասարդ գրող» անվանակարգում։
Նախ վերնագրի մասին՝ ի՞նչ է Friedensdorf-ը։ Friedensdorf-ը Գերմանիայի Օբերհաուզեն քաղաքում գործող «Ֆրիդենսդորֆ ինտերնեյշնլ» բարեգործական կազմակերպության անվանումն է, որը գերմաներենից թարգմանաբար նշանակում է «Խաղաղության գյուղ»։ Կազմակերպությունը ստեղծվել է 1967 թվականին՝ արաբա-իսրայելական հակամարտության և Վիետնամի պատերազմի հետևանքով տուժած երեխաներին բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով։ Հետագայում շահառու երկրների աշխարհագրությունը ընդլայնվում է՝ ներառելով նաև նախկին ԽՍՀՄ որոշ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը։ Կազմակերպության նախագահ Ռոնալդ Գեգենֆուրտները 1999 թվականին Հայաստան այցի ժամանակ կազմակերպության նպատակների և հայ երեխաներին բժշկական օգնություն ցուցաբերելու առնչությամբ ասում է. «Նպատակը պատերազմի և զինված ընդհարումների հետևանքով վիրավոր, հաշմանդամ կամ պրոթեզավորման կարիք ունեցող երեխաներին օգնելն է: 1996 թ. պայմանագիր կնքվեց Հայաստանի մանկական ֆոնդի հետ: Համաձայն այդ պայմանագրի՝ մենք ՀՀ առողջապահության նախարարության բժշկական հանձնաժողովի հետ համատեղ ընտրում ենք մինչև 12 տարեկան հիվանդ երեխաների՝ նրանց անվճար բուժումը Գերմանիայում կազմակերպելու համար (ծնողների համաձայնությամբ)։ Հաշմանդամ, հիվանդ երեխաների ծնողները նախօրոք համապատասխան փաստաթղթերը ներկայացնում են մանկական ֆոնդին: Երևանի հանրապետական վերականգնողական մանկական կենտրոնում անցկացվում է բուժզննում։ Հայտնաբերում ենք այն հիվանդությունները (այրվածքներ, ոսկրային հիվանդություններ, պրոթեզավորում), որոնք Հայաստանում չեն բուժվում: Եվ հիվանդ մանուկներին տեղափոխում ենք Գերմանիա» («Երեկոյան Երևան», 1999, 28 մայիսի, էջ 6)։ Արցախյան առաջին պատերազմից հետո «Ֆրիդենսդորֆը» Հայաստանից բուժման էր տանում բացառապես պատերազմի հետևանքով տուժած երեխաներին, սակայն ժամանակի ընթացքում գործունեության ասպարեզը լայնացավ՝ ընդգրկելով նաև երեխաների, որոնց հաշմանդամությունը չի առաջացել պատերազմի հետևանքով. «Հայաստանի հետ համագործակցության սկզբնական շրջանում «Ֆրիդենսդորֆը» օգնում էր ապաքինվել Արցախի և սահմանամերձ գոտիների երեխաներին, հետագայում գործունեության ասպարեզը լայնացավ, և այժմ բուժման կարիք ունեցող բոլոր երեխաներին «Ֆրիդենսդորֆը» առաջարկում է իր ծառայությունը («Հայաստան» օրաթերթ, 1998, 9 մայիսի, էջ 4)։ Արցախյան առաջին պատերազմից հետո մինչև 2005 թվականը Հայաստանից Ֆրիդենսդորֆ անվճար բուժման է տարվել 180 երեխա՝ այդ թվում վեպի հեղինակը։
2015 թվականին իր առաջին՝ «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուն հրատարակելուց հետո Գրիգը բազմաթիվ առիթներով նշել է, որ ցանկություն ունի գրելու վեպ Ֆրիդենսդորֆում ապրած շրջանի մասին։ Վեպը գրվել է 2016-2023 թվականներին, հրատարակումից հետո հեղինակը մի առիթով նշել է, որ այն հրատարակել է գրեթե կիսով չափ կրճատված։ Վեպը ընթերցելուց հետո հասկանալի է դառնում, որ կրճատվել են Ֆրիդենսդորֆը ներկայացնող հատվածները, իսկ պահպանված շուրջ երեք տասնյակ էջը տարրալուծվել է վեպում՝ կտրտված ու հաճախ անկապակից։
Վեպը հստակ սյուժե չունի, հերոսը, որ միաժամանակ և՛ հեղինակն է, և՛ պատմողը, հասուն տարիքում հետահայաց՝ հուշ-երկխոսությունների վերարտադրության միջոցով ներկայացնում է նախ Ֆրիդենսդորֆում իր բուժման շրջանը, տարբեր ազգությամբ երեխաներին, ցույց տալիս նրանց կյանքն ու պատերազմի դաժան հետևանքները, որոնց պատճառով էլ նրանցից շատերը հաշմանդամություն էին ձեռք բերել և հայտնվել «Խաղաղության գյուղում»։ Ֆրիդենսդորֆը ներկայացնող հատվածները շատ չեն, կտրտված են ու տեղաբաշխված ամբողջ վեպով։ Նույնկերպ ժլատորեն են ներկայացվում նաև իր՝ պատմիչ-հերոսի մանկությունից մնացած հուշերը՝ որպես «ցավե կղզյակներ» (Ես հիշողությանս ցավե կղզյակներն եմ խնամում (էջ 104)։ Հերոսի հիշողության «ցավե կղզյակները» ամուր կապված են մանկությանը, հորից փոխանցված թուլությանը, պապիկի հայրենասիրությանն ու իր հաշմանդամությանը, որը վերածվել է տագնապի, վախի ու մղձավանջի. «…Դավիթը խփում է, միամտորեն փորձում ես հիշել, թե Աստված երբ ընտրեց քեզ, գնդակը թափով հարվածում ու ետ է թռչում, դարպասապահն ես, Դավիթն ինչքան ուժ ունի՝ խփում է, ու ոտքի տակից փախչող մանրաքարի ձայն է պայթում թևիդ մեջ, փորձում ես որսալ, ու պայթում է, այդ պահին ընտրեց, վստահ ես, հետո, ամեն անգամ, երբ կոտրելու ես թևդ, հաստատել է իր ընտրությունը, երբ օր օրի բարակող ոսկորը փշուր-փշուր է եղել, և մանրաքարի ձայն ես առել, կասկած չունես, բակում են լինելու, վստահ ես, վերադառնալիս Դավիթն ու տղաները բակում են լինելու, այնտեղ են միշտ, պրկվելու են, անցնելու ես նրանց կողքով, չե՛ս կարող, և մկաններդ պրկվելու են, դու չես կարող…» (էջ 65)։ Ապա հիշում է հոր հետ օդանավակայան մեկնելը, հոր խորհուրդները, հոր վախը իր՝ «ծաղկի անուն ունեցող» հիվանդությունից, և իր վախերը, որոնք կարծրացել են, դարձել բնավորություն։ Հերոսի մոտ, ըստ էության, ամեն ինչ չափվում է ըստ վախերի ու տագնապի, իր վախերն այլևս մեծ են իրենից.
«…հետո քեռիիդ արծաթագույն Ռենոն, որ տեսածդ ամենագեղեցիկ մեքենան է, կանգնելու է բակում, քեռիիդ նոր լվացած Ռենոն իրադարձություն է թվալու սովետական ու ռուսական մեքենաների կողքին, այդ ձայնը, տղե՛ս, չշարժվե՞նք, հարցնելու է քեռիդ, ու հավատալու ես, թե որոշում կայացնողը դու ես, թե ելնում է, տղամարդը չի վախենում, թե տղամարդը միշտ, ելնում է նորից, մեծ է իր վախերից…» (էջ 34)։ Թե՛ Ֆրիդենսդորֆը ներկայացնող հատվածներում, թե՛ մանկության հուշերում խեղճության, վախի ու տագնապի զգացողությունը առկա է՝ հաճախ տեքստում վերածվելով մղձավանջի. «…նայում ես հեռացող ուղեկցորդուհուն, առողջ մարմին պիտի ունենաս, թե չէ քեզ չի սիրի, ասում է, ու հավատում ես, իսկ մարմինդ մեծանում, իսկ մարմինդ չի ենթարկվում քեզ, փակում ես աչքերդ, խեղճ ես, արևի շողերը ձգվում-երկարում են առաստաղի վրայով, աչքերդ փակում ես, լավը չես, արևոտ փողոցում խեղճ ես, տղան գնդակով հարվածում է պատին, բայց ձայն չկա, գնդակը թափով հարվածում ու հետ է թռչում, բայց ձայն չկա, արևն ամենուր է, բայց ձայն չկա, նայում ես վարագույրի արանքից, չես ուզում, որ քեզ տեսնի, իսկ Դավիթն ինչքան ուժ ունի՝ հարվածում է, Դավիթն ասես վրեժ լուծի, Դավիթն ուժով գնդակը հարվածում է շենքին իսկ քեզ թվում է՝ փողոցը երկարում է…» (էջ 50), (ինտերտեքստը Մաթևոսյանի «Ծառերը» վիպակի հետևյալ հատվածն է. «Լա՛վը չես, խեղճ ես, լավը չես, զավա՛կս, որդիս, առաջնեկս, իմ հույսս, իմ թանկս, լա՛վը չես, մեջդ վրեժ չկա»)։
Ֆրիդենսդորֆի ու մանկության մասին հատվածները՝ որպես «ցավե կղզյակների» ամբողջություն, թեև կտրտված են ու անավարտ, սակայն վեպի ամենից ստացված մասն են, որոնք ամենից քիչ տեղն են զբաղեցնում՝ հատված առ հատված ցրված ամբողջ վեպով։ Վեպի պայմանականորեն սյուժետային երկրորդ գիծը 2016 թվականի Քառօրյա պատերազմի, 2018 թվականի քաղաքական իրադարձությունների, 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասին է։ Սակայն թե՛ առաջին, թե՛ երկրորդ սյուժետային գծերը չունեն հստակ տարանջատում, ներկառուցված են, և որպես այդպիսին՝ չկա ժամանակագրական հաջորդականություն, իսկ իրադարձությունները ներկայացվում են որպես հուշ՝ այլ կերպարների խոսքերի և պաշտոնական հաղորդագրությունների միջոցով՝ կրկին կտրտված, ներթափանցած մեկը մյուսի մեջ։ Վեպի մեծ մասը կազմող այս հատվածներում գրեթե չկան հեղինակային դատողություններ, իրադարձությունները ներկայացվում են այլ կերպարների խոսքերով և նրանց տեսանկյունից։ Վեպի սկզբում հեղինակը նշում է, որ օգտագործել է «հատվածներ պաշտոնական հաղորդագրություններից, մամուլից, հարցազրույցներից, սոցցանցային գրառումներից, հայ և օտարազգի գրողների ստեղծագործություններից և այլն՝ իբրև ընդհանուր տեքստ՝ առանց չակերտների, առանց ընդգծման» (էջ 3)։ Թվում է, թե հեղինակը կամ պատմողը ստանձնել է ընտրված ժամանակաշրջանը այլոց միջոցով վավերագրելու դերը՝ առանց անձնական վերաբերմունք ցույց տալու։ Հեղինակի մոտեցումը և վեպը հասկանալու համար կարևոր է ուշադրություն դարձնել երկու կարևոր հարցի. ինչո՞ւ է 200 էջ ունեցող վեպում հեղինակը օգտագործել շատ մեծ ծավալով մեջբերումներ, և ինչպե՞ս է կատարել մեջբերվող հատվածների ընտրությունը։ Հատկապես ժամանակակից գրականության մեջ ինտերտեքստը տեքստի ստեղծման կարևորագույն միջոցներից մեկն է։ Հաճախ հնարավոր չէ նույնիսկ ճանաչել տեքստի մեջ առկա նախատեքստը, որովհետև այդ մեջբերումները երբեմն վերաշարադրվում են և որոշակիորեն փոփոխվում՝ դառնալով տեքստի չտարանջատվող մաս։ Գրիգի վեպում, որպես ինտերտեքստ, ուղղակիորեն նկատելի են միայն պաշտոնական հաղորդագրությունները, մյուս դեպքերում դրանք ընդհանուր տեքստի մեջ ներկառուցված են վարպետորեն՝ այնպես, որ մեծամասամբ հնարավոր չէ կամ դժվար է ճանաչել նախատեքստը։ Ի՞նչ խնդիր է լուծում հեղինակը փոքրածավալ վեպում շատ մեծ ծավալի ինտերտեքստ կիրառելով (միայն պատերազմը ներկայացնող պաշտոնական հաղորդագրությունները տասնյակ էջեր են զբաղեցնում). վեպի ծավալը լրացնելու հա՞րց կա, թե՞ դրանք իրականության իր պատկերացումները այլոց՝ իր աշխարհընկալմանը հարազատ սոցգրառումների ու տեքստերի միջոցով ներկայացնելու ձգտում։ Այստեղից երկրորդ հարցը՝ ինչպե՞ս է կատարվել մեջբերվող տեքստերի ընտրությունը։ Նման մեջբերումները ևս հեղինակը ներկայացնում է այլ կերպարների միջոցով՝ հիմնականում հոր կամ պապիկի։ Հեղինակը տեքստը վերածել է խաղի, իսկ ինքը դիտորդ-պատմիչի դերում է՝ էմոցիոնալ, զգայուն, բայց ոչ մտածող ու տրամաբանող։ Այստեղ իրականում մենք գործ ունենք, այսպես կոչված, անվստահելի պատմիչի (Unreliable narrator) հետ, որը ստեղծում է իրականության օբյեկտիվ, ճշգրիտ վավերագրման խաբկանք, սակայն, ըստ էության, առկա է իրադարձությունների ներկայացման հստակ դիտանկյուն։ Ուշադիր ընթերցողի համար սա հատկապես տեսանելի կդառնա երկրի քաղաքական իրավիճակին և հատկապես՝ հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող հատվածներում. օրինակ, հոր և պապիկի հետևյալ երկխոսության հուշը, որտեղ հարձակվողի և սեփական հողը պաշտպանողի դերերը նույնացվում են, և ավելին՝ հայրենիքի սեփականության խնդիրը դրվում է կասկածի տակ՝ ինտերտեքստի միջոցով. «…պապդ քեզ է նայում… նրանք տանջամահ են անում անպաշտպան տարեցներիդ, կտրում ականջները, ադրբեջանցի զինվորները բռնաբարում են, մաս-մաս անում քո կանանց, երեխաներին, նրանք յուրացնում են, խեղում քո մշակույթը, պատմությունը, ադրբեջանցի զինվորները ծաղրում են, նվաստացնում քո տեսակը, քեզ, նայում է, մեր զինվորներն էլ են շատ վայրագություններ արել, հակադարձում է, քսանվեց տարի ուրիշի հողում հենակետեր սարքելը, տներ կառուցելը, հանքեր շահագործելը ծաղր, նվաստացում չի՞, հայ զինվորներն էլ ժամանակին պակաս վայրագություններ չեն արել, հակադարձում է հայրդ…» (էջ 160)։ Կարդում ենք «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մտել են այլ պետության տարածք, 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել: Հիմա տարածքի տերն ասում է գնացեք: Ասում են՝ հայտարարության մեջ դրա մասին բան գրած չէ: Էս է՞ ձեր մակարդակը: Ես որ գամ Ձեր տանը իմ գրասեղանը դնեմ, ու եթե ասեք գնա՝ պատասխանեմ որ հայտարարության մեջ կետ չկա ձեր բնակարանի մասին, լավ կլինի՞»։ Սա հեղինակի կողմից օգտագործվող ինտերտեքստի մեկ օրինակ է։ Վեպում պատմիչ-հեղինակը վերաբերմունք չի արտահայտում, սակայն ընտրված ինտերտեքստերը ինքնին վերաբերմունքի դրսևորում են՝ քողարկված հուշ-երկխոսություններում։ Անոտացիայում վեպը ներկայացվում է որպես «ինքնակենսագրական, վավերագրական, քաղաքական, միստիկ», գրախոսությունն ամենևին նպատակ չունի համակողմանիորեն քննելու վեպի վավերագրական-քաղաքական բովանդակությունը, սակայն դրանց ընթերցման դիտանկյունը ևս պետք է լինի այդպիսին՝ ոչ միայն որպես գեղարվեստական տեքստ։ Վեպում ինտերտեքստի նման օրինակները բազմաթիվ են, իսկ նախատեքստը հաճախ հնարավոր չէ ճանաչել. «…1920 թվականին Զանգեզուրի Շուռնուխ գյուղում ապրում էին բացառապես կովկասյան թաթարներ, հայրդ ասում է, Դրոյի ջոկատների կողմից գյուղը ենթարկվեց էթնիկական զտման, ասում է, այնտեղ սկսեցին բնակվել հայեր, սակայն հետագա տասնամյակներին բազմաթիվ ադրբեջանցիներ վերադարձան Շուռնուխ, ասում է, 1979 թվականին Շուռնուխում բնակվում էին 560 ադրբեջանցիներ, պի՛ղծ, գալու են, արցախյան շարժման շրջանում՝ 1988 թվականի նոյեմբերին, չէ, պի՛ղծ, չէ, երեխա, նրանք գալու են, մորթեն, չէ, նրանք, հաշտ է պետք լինել…» (էջ 170)։
Վեպում թե՛ 2016 թվականի, թե՛ 2020 թվականի պատերազմները ներկայացվում են բացառապես պաշտոնական հաղորդագրությունների միջոցով։ Հետաքրքիր է՝ ինչու քաղաքական կամ հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող դատողություններում առկա է իրադարձությունների ներկայացման հստակ դիտանկյուն՝ հոր կամ պապիկի միջոցով, իսկ պատերազմը ինքնին՝ ընդամենը պաշտոնական հաղորդագրություն է։
Վեպի հերոսը, ըստ էության, հեղինակի առաջին՝ «Հիսուսի կատուն» պատմվածքներում հանդիպող նույն փոքր մարդն է՝ զգայուն, ներփակված, խեղճ ու անվճռական մարդ՝ բարդույթներով ու «ցավե կղզյակներով», որի խնդիրները և բարդույթները ոչ թե պատերազմի հետևանք են, ինչպես Ֆրիդենսդորֆում բուժվող երեխաներից շատերինը, այլ՝ անձնական, և հիմքերը մանկությունում են։ Իսկ պատերազմը, որը վեպ է ներթափանցել որպես պաշտոնական հաղորդագրություն, քաղաքական դատողություններ պարունակող բազմաթիվ ինտերտեքստերը թե՛ գեղարվեստական, թե՛ բովանդակային առումով թուլացնում են վեպը՝ դարձնելով այն պարզ օրագրություն։ Վեպը առավել հաջող կլիներ, եթե գրվեր այնպիսին, ինչպիսին վերնագիրն է հուշում՝ վեպ Ֆրիդենսդորֆում բուժվող երեխաների մասին։ Իսկ սա հերոսի՝ «փոքր մարդու» մեծ ճիգն է՝ դուրս գալու սեփական էությունից և հասկանալու այն, ինչ իրենը չէ և խորթ է իր էությանը։ Իսկ նման դեպքերում պարտությունն անխուսափելի է։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։