Հարգելի՛ Սաթենիկ Մկրտչյան.
Շնորհակալության զգացումով ստացա Ձեր նոր՝ «Մենք և մենք» պատմվածքների ժողովածուն՝ «իմ առաջին գնահատողին» մակագրությամբ։ Հիանալի նվեր՝ Ձեր ծննդյան 75-ամյա հոբելյանին, ինչի առիթով ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ։
Ուշ եք մտել գրականության աշխարհ, բայց, տեսե՛ք, թե ինչ բարձունքի եք հասել հայ արձակի մայրուղում՝ պատմվածքների մի քանի ժողովածու («Վերադարձ», «Ֆաթում», «Մերկ՝ ինչպես Ադամը»), վիպակներ («Դաշտային ծաղիկներ», «Քառասունվեց ահեղ հնդկացիներ»), վեպ («Այրված կենդանակերպ»՝ առաջին և երկրորդ մասեր)։ Ես չեմ հիշում՝ մի՞թե առաջինն եմ գնահատանքի խոսք ասել Ձեր ստեղծագործական նորամուտի մասին։ Բայց լավ եմ հիշում, որ ինձ անչափ դուր եկան այն վիպակները («Դաշտային ծաղիկներ»՝ 1980 թ., «Քառասունվեց ահեղ հնդկացիներ»՝ 1984 թ.), որոնցով վստահորեն ներս մտաք մանկագրության աշխարհ։ Եվ ես սիրով գնահատանքի խոսքով շնորհավորեցի Ձեզ՝ բնության սքանչելի «դաշտային ծաղիկների» խնկարկումով՝ երեխաներին հայրենի բնաշխարհի հանդեպ սիրո ու գուրգուրանքի զգացումներով տոգորելու, և «քառասունվեց ահեղ հնդկացիների» արկածներն էլ հետաքրքիր, զվարթ տարերքով ներկայացնելու Ձեր վարպետության առումով։ Դրա հավաստումն էր նաև «Հին քաղաքի ամենածեր հնակարկատը» հետաքրքրաշարժ պատմվածքը (2000 թ.), որ սկզբում լույս տեսավ ռուսերեն՝ Մոսկվայում, ապա՝ հայերենով՝ Երևանում, առանձին գրքով, նույնիսկ մուլտիպլիկացիոն կինոնկարի սցենարի հիմք դարձավ և ցուցադրվեց համամիութենական էկրանով։ Այն ժամանակ հույս հայտնեցի, որ հայ մանկագրության բարի ու լուսավոր մոլորակն է մուտք գործել մի շնորհալի գրող, ումից կարելի է սպասել նոր հետաքրքիր, մանուկ ու պատանի ընթերցողների հոգեբանությանն ու մտածողությանը համահունչ գրքեր։ Բայց ի՞նչ պատահեց, որ Դուք այլևս մանկական նոր ստեղծագործություններ չնվիրեցիք երեխաներին, այլ ընդհակառակը՝ անցում կատարեցիք «մեծական» արձակի աշխարհ՝ գրելով խոհափիլիսոփայական-իմաստասիրական ներհուն տարերքով հյուսված բազմաթիվ պատմվածքներ ու խորհրդավոր խորագրով վեպ («Այրված կենդանակերպ»), բոլորն էլ ինքնատիպ ստեղծագործություններ։
Ընթերցեցի Ձեր առայժմ վերջին «Մենք և մենք» պատմվածքների ժողովածուն, և ինքս էլ, «դավաճանելով» մանկական գրականության գիտակի առաքելությանը (իմ գրքերը մեծ մասամբ նվիրված են հայ մանկագրության պատմության և տեսության խնդիրներին), սիրով ձեռնարկեցի նույնպիսի խորհրդավոր խորագրով Ձեր այս գրքի մասին, շուրջ քառասուն տարի անց, գնահատանքի խոսք ասել։
Մենք և… մե՞նք. առանց չակերտների և հարցականով եմ խորագիրը դնում, քանզի գրքին անծանոթ ընթերցողները ի սկզբանե չեն հասկանա, թե ինչ է «թաքնված» այդ կրկնակի բառերի տակ։ Իսկ Դուք, արդեն ես չգիտեմ, դրանով արտահայտել-խորհրդանշել եք պատմվածքների ասելիքի միասնական ոգին, էությունը։ Մենք, այսինքն, ինչպես գրքի «Անանունը» պատմվածքից հատվածաբար մեջբերված բնաբանն է հուշում՝ «բոլոր ժամանակներն իրար կապող նույնական «ինչ-երի», սոսկ հարափոփոխ «ինչպես»-ների փնտրտուքներում պատմվածքների ներկա ժողովածուն և հեղինակի տասներորդ գիրքը հղում է. «…աշխարհի չորս ծագերում (իրենց կամ ոչ իրենց կամքով ու ցանկությամբ) ցրված բոլոր արմեններին, հանուն ազնիվ սերմի ու ընտրյալ տեսակի, հանուն այլոց չձուլվելու ու չկորչելու՝ վերադառնալ (զորանալ ու հզորանալ) և ապա (հզորացած Հայաստանում)՝ խառնվել նրան (սեփական հողին) ու հիսուն տարի առաջ, թե հիսուն տարի հետո, միևնույնը չէ՞՝ մեկ Արմեն ավելի, մեկ Արմեն պակաս՝ ո՞վ է հաշվողը…»։
Մի փոքր «ռեբուսային», բայց ընթերցողին մտորելու խորազգացողությամբ ներհուն ասելիքը իմաստավորելու ոճական-բովանդակային հնարանք, ընդհանրապես բնորոշ Ձեր ամբողջ ստեղծագործությանը, մի «խայծ», որ ինքնատիպ երանգներ է հաղորդում յուրաքանչյուր պատմվածքի, վիպակի կամ վեպի։ Այսպես՝ Դուք ընթերցողին, եթե կարելի է ասել, ներգրավում եք համատեղ մտորելու Ձեր հուզող խնդիրների շուրջ՝ վերջնական եզրակացության հանգելու տեսլականով։ Իսկ «ռեբուսի» պատասխանը մենք գտնում ենք հենց «Անանունը» պատմվածքի խորքում. «…Մտքերի ծովն ընկած մե՞կը, փախստակա՞ն, յուրայիններին կորցրա՞ծ, հայրենիքից վտարվա՞ծ, ամեն ինչ տանուլ տվա՞ծ… Միլիոնավորների մեջ կորսվա՞ծ…»։ Եվ հաստատագրում՝ «Միլիոնավորների մեջ կորսված մի մարդ»։ Ո՞վ է այդ հիսունամյա անանուն մարդը, որ հաճախ մեն-մենակ սրճարան էր այցելում և գինու բաժակի մեջ խեղդում հոգու ցավը և ուզում է մեկնել այնտեղ, ուր սպասում են, քանզի «ամեն մարդ էլ, ի վերջո, մեկնում է այնտեղ, որտեղ սպասում են իրեն»։ Եվ սրճարանի մատուցող տղային Անանունը (իրականում՝ Արմեն հայի խորհրդանիշ անունով) պատմում է իր կյանքի ոդիսականը, թե ինչպես կլինիկական մահ տարավ և… հարություն առավ…, թե ինչպես՝ «մի խոսքով՝ միֆական աներևակայելի պատմություն», որ հուսով եմ, հարգելի՛ Սաթենիկ, ընթերցողը կիմաստավորի Ձեզ հուզող մտորումը, որ ընդգծված է պատմվածքի վերջին տողերում՝ հայրենակորույս Անանուն մարդու շուրթերով. «…Գնամ, ու թեև հայրենի հողին խառնվող մեկ Արմենը շատ է, իսկ ապրելու համար վերադարձող երկուսը՝ շատ քիչ, պառկեմ, փակեմ աչքերս ու աշխարհի չորս ծագերում ցրված բոլոր արմեններին հրաման-խնդրանք հղեմ՝ հանուն ազնիվ սերմի ու բարձրագույն տեսակի, հանուն այլոց չձուլվելու ու չկորչելու՝ վերադառնալ և ապա… խառնվել նրան… ու հիսուն տարի առաջ, թե հիսուն տարի հետո՝ միևնույնը չէ՞՝ մեկ Արմեն ավելի, մեկ Արմեն պակաս՝ ո՞վ է հաշվողը…»։ Փոքրիկ մի պատմվածք, մի հայրենակորույս մարդ՝ մայր երկիր վերադառնալու-ապրելու երազանքով գոյատևող Մարդ. Ձեզ հաջողվել է մեր ժողովրդի ճակատագրի՝ այդ տագնապալի, այսօր էլ շարունակվող երևույթը ներկայացնել հայրենախոս տարերքով, ասելիքի ներհուն շերտերով։
Ես երկար մնացի Ձեր «Անանունի» հետ, քանզի նրանում երևակած ասելիքի ոգին թանկ ու հարազատ է բոլորիս համար, և ինչպես ասացի, այդ գաղափարը Ձեզ հանգիստ չի տալիս, ու տարաթեմա մյուս պատումներում էլ հայ մարդու ճակատագրի, նրա հոգեաշխարհի անսպասելի-անտեսանելի շերտերն եք բացում մեր առաջ. դա էլ է Ձեր ինքնատիպ մտածելակերպի արգասիք, գրողական յուրօրինակ ոճի դրսևորում։ Հիմնականում այդպես են մեզ հետ «խոսում» Ձեր «Հողը», «Մենք և մենք», «Դիմանկար՝ ըստ ամենայնի», «Նվերը», «Մի՛ անիծիր», «Կորբունկուլ» և այլ պատմվածքներ, որոնցում ներկայացնում եք կյանքի, ընտանեկան կյանքի տեսապատկերներ՝ հոգեբանական նրբանկատ դիտարկումներով, հերոսների երկխոսություն՝ ինչ-որ տեղ դրամատուրգիային յուրահատուկ հակիրճ խոսք ու խոհով։ Ու կրկին հազվադեպ հանդիպող մի ոճական հնարանք՝ ասելիքի միտքն ընդգծող-լրացնող խոսքը նշում եք փակագծերում։ Ընդհանրապես՝ Ձեր արձակի բնորոշ հատկանիշներից մեկը հյուսվածքի հակիրճությունն է։
Գրքի վերջում ներառված են մեր ժամանակների տագնապներն ու ցավագին երևույթները արտացոլող՝ «Երկու ճեպանկար 2020 թվականի հազարամյա պատմությունից» և «Մի՛ ստիր»՝ մեկը՝ «Բացիլ, որ յանիրավի կոչի՝ «Կորոնա», մյուսը՝ ամենացավոտ լուրը՝ «Շուշին հանձնել էին՝ դավաճանաբար, հանձնել հենց այնպես՝ որպես լրացուցիչ նվերների լրացուցիչ թագ՝ երեսուն տարի իր բարձունքից Արցախն անառիկ դարձրած ու… (թշնամու վարդագույն երազանքներում իսկ չտեղավորվող) նրա հոգու թափանցիկ ծածկույթը…»։ Հրապարակախոսական տարերքով հյուսված այս «թարմ» պատումներում Ձեր՝ հայրենախոս գրողի հոգեխռով ցասումնալի զգացումներն են պոռթկում՝ ի դեմ ժողովրդին պատած արհավիրքների ու դրանց հրահրողների։ Սրանով Դուք արտահայտում եք քաղաքացի գրողի Ձեր հավատամքը։
Գրքի ամենավերջին էջերում Ձեր մտահոգ «մտորումներն են գիրք-ընթերցող բազմաբարդ ճանապարհին», երբ շուկայական հարաբերությունների, մեր նյութապաշտ ժամանակների «աքցանում» հայտնվել են… մշակույթն ու գրականությունը… «աղքատ ազգականի կարգավիճակում»։
Հարգելի՛ Սաթենիկ Մկրտչյան, անշուշտ, Ձեր արձակը արժանի է ավելի հանգամանալից քննական անդրադարձի, մեր հպանցիկ դիտարկումներն էլ՝ Ձեր նոր գրքի ծննդյան առիթն օգտագործելով, մի նպատակ ունեին՝ կրկին ջերմորեն շնորհավորել նշանավոր հոբելյանը՝ 75-ամյակը և մաղթել ստեղծագործական նոր նվաճումներ՝ կյանքի գալիք տարիներին։
Բարեկամաբար՝
Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Բան. գիտ. դոկտոր
