Իբրև պատմավեպի նյութ Գ. Դևրիկյանը ընտրել է հայոց պատմության ամենաողբերգական շրջանը, երբ Բյուզանդիոնի նվաճողական նենգ քաղաքականության հետևանքով հայաթափ Էին լինում Հայաստանի բնակավայրերը: Հեղինակն այն անվանել է վեպ, սակայն, անկասկած, այն պատկանում է պատմավեպի ժանրին: Գիրքը լույս է տեսել 1986 թ., բայց նրա յուրաքանչյուր էջն ու տողը ներծձված լինելով վսեմ հայրենասիրությամբ` մնում է առաջնակարգ պատմավեպերի շարքում: Իհարկե, վեպի գլխավոր հերոսը անչափահաս արքա Գագիկն է, ում կյանքում դաժան ճակատագիր էր բաժին հասել: Հեղինակը ներկայացնում է նրան անհեռատես բարեկամների և տիրանենգ չարակամների բարդ սարդոստայնում և, ի վերջո, բյուզանդական գերության մեջ հասունանալիս: Գ Դևրիկյանը նրա կերպարը կերտել է երկխոսությունների միջոցով՝ ընդդիմախոսների և իր ներքին ձայնի, խորհրդածությունների, հարց ու պատասխանների օգնությամբ: Այսպես. մինչև Բյուզանդիոն մեկնելու վճիռը կայացնելը, երկընտրանքի մեջ տառապելով մտորում էր` ներքին ձայնին ունկնդիր. «Անգետ ես քո ճակատագրին, քաղաք իմ նախագահ, մայր հայոց աշխարհի քաղաքաց: Անտեղյակ ես դավին, որ հյուսվում է շուրջդ որպես սարդոստայն: Անգետ ես, թե ինչեր են այս պահին որոճում դրուժանները և քո հպարտության վաճառքի գինն են սակարկում»: Կայսեր հրավերը մերժելու համար օգնություն էր ակնկալում շրջապատից՝ շարունակելով խորհրդածությունները. «Այժմ ո՞ւմ օգնության կանչ հղի, և կգա՞ն արդյոք այդ կանչին: Չէ՞ որ ամեն մեկն իր ափ հողն է ջանում պահել: Միայն թե իր այգու մի ճյուղին չդիպչեն, իր շինականից զորական չպահանջեն, իր գետի ջրով հանկարծ մի ածու չջրեն: Ու չեն էլ գիտակցում, թե համախումբ լինելու մեջ է փրկությունը երկրի ու ազգի: Ամեն մեկը իր հողն է ձգտում լայնացնել ի հաշիվ մյուսի»: – Իսկ դու չէի՞ր ցանկանում, թեկուզ մտքիդ մեջ իշխող լինել հայոց բոլոր հողերին,- հիշեցրեց ներքին ձայնը:
Նենգ կայսրից խաբված լինելու տվայտանքները, վեստի շողոմ հորդորները՝ իր գահի ժառանգական իրավունքները կայսրից հայցելու, հորեղբոր թողում ետկարը, առանց մարտերի Անիին հոռոմների տիրանալու ցավը մի կողմից, մյուս կողմից կողակցի սառը վերաբերմունքը ապրումների թնջուկ էին ստեղծել հոգում, որին գումարվում էր վրեժ լուծելու անկարողության տանջանքները անքուն գիշերներին: Նուրբ թախիծ ու գորովանք է արտահայտում գերված արքայի «գեհենի այրվող հրով մխացող հոգին»` անել վիճակում հայտնված, ուշացած դառը փորձով իմաստնացած իր պատգամն է ասում նա գալիք սերունդներին. «Այսպիսին ահա կլինի վախճանը նրա, ով հույս կդնի ոչ թե իր սրի, այլ խաչի վրա»: Նկատի ունի նույնադավան քրիստոնյա կայսրի երդումները ավետարանի վրա և ապա՝ ստոր դրժումը:
Վարդ իշխանի կերպարը ուղեկցում է Գագիկին մինչև իր հերոսական մահը` միշտ անչափահաս արքայի կողքին, իբրև խորհրդատու, իբրև նրան հուզող հարցերի մեկնաբան ու նրան նվիրված անձնավորություն: Այն հակադրված է անձնական շահով առաջնորդվող մյուս կերպարներին՝ անհեռատես թագավորիկներին, դրուժան իշխաններին որպես հայոց անկախության վերականգնման ջատագով: Որպես ապացույց նրա անմնացորդ հայրենասիրության` հեղինակը նրան տանում է մարտի դաշտ և անձնազոհների թվին է դասում, որ անմահանա հայրենասերի կերպարը: Այս կերպարի խորհրդածությունները և խորհուրդները անչափահաս արքային հեղինակի անձնական խոհերն են՝ վերագրված Վարդին, այսինքն` նա դառնում է վեպի հեղինակի գաղափարախոսը, հայրենիքի և ազգի հավերժության պատգամախոսը: Բերենք նրա պատգամներից մի քանիսը.
– Մի՛ զիջիր հոռոմին հողդ հայրենի: Դաշնակցիր թեկուզև անհավատների հետ: Ամեն միջոց ներելի է, եթե ի շահ երկրի է ծառայում:
– Արքաների արարքները հաճախ շատ են ճակատագրական երկրի և ազգի համար:
– Ասես հսկա մի արքունիք է կաթողիկոսարանը հայոց: Հինգ հարյուր թեմեր ենթակա են նրան: Եպիսկոպոսների թիվը հարյուրների է հասնում, թիվ չկա աբեղաներին, սարկավագներին, երեցներին և եկեղեցու մյուս սպասավորներին: Տերություն տերության մեջ: Դիզում են, դիզում, երկիրը շահ չունի նրանց կուտակածից, երկրի զորքն է պակասում, քանզի շատերն են ձգտում աբեղա ու սարկավագ դառնալ:
Հեղինակի կողմից ընթերցողի համակրանքին արժանացող հերոսներից է Աբլղարիբ իշխանը Արծրունյաց տոհմից, ով չի հետևում Սենեքերիմ Արծրունի թագավորի կողմից տարագրվող հայերի խմբին դեպի Բյուզանդիա, այլ իր զորախմբով գալիս է հարավ և Միքայել 7 Դուկաս կայսեր կողմից նշանակվում է Կիլիկիայի ստրատեգոս: Նա տիրում է Տարսոն, Սիս, Ադանա քաղաքներին, Լամբրոն ու Պապեռոն բերդերին: Կիլիկիայում հայերի համախմբման գործում նրա կատարած դերը շատ մեծ է՝ խելացի, հավասարակշռված կառավարմամբ և ռազմական հաջող պատերազմների շնորհիվ կարողանում է իր պետականությունը հաստատել և անկախանալ Բյուզանդիայից: Բյուզանդական կայսրից Անիի վրեժը լուծելու մտադրությամբ Գագիկը այցելում է Աբլղարիբին և առաջարկում է պայքարի ելնել հոռոմների, թուրքերի դեմ: Իսկ Աբլղարիբը իր հեռատես և հավասարակշռված պատասխանով բացատրում է այն վտանգները, որ կհետևեն այդ արկածախնդրությանը. «Ամեն ինչ ասածիդ նման կլիներ, իմ արքա, եթե Հայոց աշխարհն ու մենք մի թշնամի ունենայինք և ոչ թե բազում: Քաջ գիտցիր, քանզի ես համոզված եմ հաստատ, որ կայսրը հոռոմոց երբեք համաձայն չի լինի, հայոց թագավորության կրկին պայծառացմանը: Եվ ոչ այն պատճառով, թե շատ խելամիտ կգտնվեն նրանք այդպես խորհելով, այլ այն պատճառով, որ դեռևս պարզորոշ չեն գիտակցում թուրքաց վտանգն ահավոր և կարծում են Հայոց երկիրը մշտապես վահանի դեր կկատարի թուրքաց սրի առջև՝ փրկելով ու պահպանելով իրենց: Նրանք ոչ մի կերպ չեն վերադարձնի իրենց բռնի խլածը, որի համար այդքան երկար տարիներ ջանացին: Դեռ չի եղել մի դեպք, որ կայսրերից մեկն ու մեկը կամավորաբար զիջաներ թհկուզև մեկ շեն, եթե չի եղել հարկադրված»:
– Իսկ եթե չզիջենք հոռոմո՞ց:
– Այդ դեպքում արդեն, եթե հաղթենք էլ թուրքաց խաժամուժին, ապա ստիպված կլինենք պատերազմել հոռոմոց ընդդեմ: Մեր հողերը չենք շահի, իսկ այս եղածն էլ կկորուսենք հաստատ: Երբ թշնամիքս տեղեկանան, թե այստեղից զինական ուժ է հեռացել, անմիջապես կհարձակվեն քաղաքիս վրա. մի՞թե չգիտես, թե սրան են աչքադիր հագարացիք: Միշտ էլ այդպես երկու քարի արանքում ենք եղել, միշտ էլ մի քանիսն են եղել մեր թշնամիք»:
Այս կերպարի նուրբ և սառը դիվանագիտական դատողությունները դաս են նաև այսօրվա սերնդին: Մի՞թե դարձյալ երկու քարի արանքում չէ՞ Հայաստանը: Խելացի դիվանագիտությամբ ենք հաղթելու:
Դրական գծերով են ներկայացված Պահլավունիները, որոնք, թվով երեսուն հոգի, ներկա էին Գագիկ թագավորի օծման արարողությանը, և մեծից փոքր ծառայել էին Բագրատունյաց թագավորության ամրապնդմանն ու հզորացմանը: Քաջաբազուկ Վահրամ Պահլավունին բազմաթիվ ճակատամարտեր էր շահել, և երբ հարկ եղավ, ծերանազարդ զորավարը ի սեր հայրենիքի դարձյալ դուրս եկավ թշնամու դեմ և իր որդու հետ մահկանացուն կնքեց Անին պաշտպանելիս:
Վեստը և վեհը երբ համոզում էին Գագիկին գնալ կայսեր մոտ, Սպարապետը համառորեն դեմ էր առանց կռվի Անին հանձնելուն և Գագիկի կայսեր ողորմածությանը ապավինելուն: Հոր խորհուրդներից զրկված Գագիկը նրան հոր տեղ էր դնում:
Գրքի դրական հերոսներից մեկն է Արիստագես պատմիչ տարեգիրը, որն անընդհատ երկխոսության մեջ է ներկայացված պատմահայր Խորենացու հետ: Երբ բոլոր հայոց իշխանները «փոխանակում» են իրենց իշխանապետությունները հոռոմների հետ, և այլևս քարտեզից ջնջվում է Արմենիա երկիրը՝ դառնալով Արմենաթեմ, պատմահոր հետ երկխոսության մեջ մտած Արիստագեսը հարցնում է. «Այն ժամանակ, երբ Հայաստանը հսկայածավալ մի պետություն էր (Կասպից ծովից մինչև Կապադովկիա) համեստորեն անվանեցիր ածու փոքր», այժմ ինչպե՞ս անվանենք, երբ այդ փոքր ածուն իսկ չկա, խլվելով մեր հողերը, դարձել ենք անհայրենիք մի ժողովուրդ»:
Իսկ մեր իշխանները մոռացել են ազգին պատկանող հողի մասին, այն փոխանակում են հոռոմների հետ որպես սեփականություն և ոչ թե պաշտպանում: Արիստագեսը հարցնում է. «Այս ամոթալի իրականությունը ինչպե՞ս արձանագրեմ»: Պատասխանն է` գրիր, Արիստագես պատմիչ, և սթափեցրու ժամանակակիցներիդ, քանզի դա պարտքն է մեր, պարտքը նրա, ով գրիչ է վերցնում: Մի՛ երկյուղիր ճշմարտություններից: (581):
Այս խոսքերը՝ հազար տարի առաջ ասված, նաև այժմեական են այսօր: Պատմավեպի երկու խոշոր բացասական հերոսները՝ Վեհը և Վեստը, հակադրված են հայրենասեր դրական հերոսներին: Հատկապես գերազանց է կերտված ժողովրդի ատելավառ վերաբերմունքին արժանացած Վեստի կերպարը, որի Սարգիս անունը տալն անգամ անարժան է համարում ժողովուրդը, անվանելով նրան միայն Վեստ: Նրա հյուսած սարդոստայնները, շողոմ, կեղծպատիր լեզուն դաշնակից Գետադարձ կաթողիկոսի հետ, նողկալի խաղերը ընթերցողի մեջ անզուսպ ատելություն են առաջացնում, որը խարանվեց ժողովրդի կոդմից որպես Գագիկ արքայի և Անիի հայոց թագավորության դավաճան: Նա ոչ միայն հոռոմների կայսրից իր ակնկալած հայոց գահը չստացավ, այլև քսու հայրենադավ գործարքի դիմաց չարժանացավ կայսեր պարգևին՝ վաստակելով դարերում ստոր հայրենիքի դավաճանի անջնջելի խարանը:
Նույնպիսի դավաճանի անուն վաստակած կերպար Է ստեղծել Գ. Դևրիկյանը Վեստի դաշնակից դարձած Պետրոս Գետադարձ կաթողիկոսին, որի ընչաքաղց, դրամ կուտակելու մոլուցքը անհարիր Էր աստծո ծառայի, առավել ևս հայ առաքելական եկեղեցու գլուխ լինելու կոչման հետ: Հեղինակը նրա արծաթասիրությունը շեշտում Է հաճախ: Մասնավորեցված այս եկեղեցականի կերպարը հեղինակը ընդհանրացնել չի ցանկանում, որովհետև կրոնավորների մեջ իսկապես կային ուսուցիչներ (վարդապետներ) դպիրներ, ձեռագրեր արտագրողներ, ծաղկողներ և երգողներ (ձայնեղներ): Հատկապես շինականների բերանով Դևրիկյանը ոչ միայն հայրենադավ իշխաններին Է անպատվում, այլև կրոնավորներին, որոնք իրենց արատավոր քարոզներով Հայոց երկրում թշնամիների հայտնվելը բացատրում Էին մեր մեղքերի առատացմամբ, որոնց համար Էլ Տերը ուղարկում է, որպես պատիժ, հագարացիներին, սելջուկ-թուրքերին և հոռոմներին: Հեղինակը քննադատելով նման սխալ մտածելակերպ ունեցող հոգևորականներին, որոնք թևաթափ էին անում հայրենասերներին, հակադրում է նրանց առողջ դատողություն ունեցող հասարակ ժողովրդի հետ, որոնք հերքում են նման սխալ պատճառաբանությունը, ասելով. «թշնամին գալիս է թալանի, երկիրը զավթելու համար և ոչ թե մեղքերի հատուցման»:
Կորուսյալ հայրենիքի անզուգական գեղեցկությունները նկարագրելով հեղինակը ոչ միայն գլխավոր հերոսի սիրահարվածությունն է ընդգծում Հայոց աշխարհին ու նրա քաղաքամայր Անիին, այլև այդ չմարող կարոտն ու սերը փոխանցում է ընթերցողին, որը պատմավեպի հիմնական նպատակն է:
Շատ երկար չեն Դևրիկյանի կողմից Հայոց բնաշխարհի նկարագրությունները, երբեմն ընդամենը մեկ նախադասությամբ է բնութագրվում, կարճ, սակայն հուզումնալից բնութագրմամբ ու կարոտավառ հպարտությամբ վարակելով ընթերցողին կորցրած արժեքների նկատ- մամբ.
– Շիրակա դաշտերից փչող զովը լիներ, մեր զանգակ աղբյուրների ձնահամ ջուրը լիներ, – երազում է նա հայրենին:
– Եվ վայրի մասրենիները հիշեց, որոնց ծաղիկներն այնպես հոտավետ էին ու ճերմակ- ճերմակ: Եվ կանաչ խոտի մեջ աճած փարթամ ու գունագեղ ծաղիկներին նայելով, գարնանը ծաղկող կապույտ-կապույտ մանուշակները հիշեց և կարմիր ու խոշոր կակաչները, որ բուսնում էին ցորենի արտերում:
Արքան հիշում է նաև գինետանը երգվող կարոտի հայրենը.
Եկեք իմ տեղըս տարեք,
Ու ձնան ջրով ջրեցեք…
Ընթերցողին հայոց միջնադար տեղափոխելու համար Գ. Դևրիկյանը կոլորիտ է ստեղծում զանազան հնարանքներով. օգտագործում է միջին հայերենն ու գրաբարը, ետադաս որոշիչներ, հոգնակի սեռական ձևեր ու գրաբարյան ոճեր, օրինակ` Անի գահանիստ, հող հայրենի, երկիր հայոց, Անի մեծահռչակ, պաշտպան հայրենյաց, հիշատակ նախնյաց, այրուձի հայոց, վտանգ թուրքաց, գրաբարյան ոճեր՝ ակն ընդ ական, հրամանքդ ի կատար, առ ոտս կայսեր կամ գրաբար բառեր՝ զակակ (նրբանցք), կողպակ (կրպակ), մելան (թանաք), ճատրակ (շախմատ), թատր (թատրոն), կորոաել (կորցնել) և այլն:
Գրքի արժանիքներին պիտի ավելացնել նաև Հայոց հպարտությունը շոյող այն դիպվածները, որոնք հիմնական հերոսների հետ քիչ են առնչվում: Գ. Դևրիկյանը ճիշտ է վարվում, որ գլխավոր հերոսների հետ կապված իրադարձությունները նկարագրելուն զուգընթաց չի մոռանում նաև միջնադարի Հայոց պարծանքը համարվող մի շարք նշանավոր գիտության և արվեստի անձանց հիշատակելը` հետևելով Խորենացու այն նախադասությանը, թե. «Թեև մենք ածու ենք փոքրիկ, սակայն բազմաթիվ գործեր հերոսության մեզանում էլ են գտնվում կատարված և արժանի են գրավոր հիշատակության»: Այսպես, օրինակ, Պահլավունյաց տոհմի ամենանշանավոր դեմքը` գիտնական Գրիգոր Մագիստրոս զորավարն ու պետական գործիչը, թարգմանիչն ու ստեղծագործողը, ով մեկ գիշերվա ընթացքում չափածոյի էր վերածել Աստվածաշունչը, ազգի պարծանքներից էր և բյուզանդացիների կողմից արժանացել էր գունդստաբլի կոչման: Չի մոռանում Անանիա Շիրակացի գիտնականին: Հպարտությամբ է հիշատակում Տրդատ ճարտարապետին, ով վերականգնեց երկրաշարժից փլված Այա Սոֆիա եկեղեցու գմբեթը: Թվարկում է նաև բազմաթիվ հայազգի զորավարներին ու զինվորներին, ովքեր խիզախությամբ էին մարտնչում Բյուզանդիոնի ոսոխների դեմ և հաճախ էին բարձր պաշտոնների արժանանում, նույնիսկ գահակալում: Հեղինակը հաճախ է դիմում հայրեններին և միջնադարյան զրույցներին: Օրինակ, Թաթուլի հետ կապված դիպվածը: Թշնամի զորավարի որդին վիրավորվում է Թաթուլի սրից: Հայրը դիմում է Թաթուլին. «Եթե իմ որդին փրկվեց, ապա քեզ մահվան չեմ արժանացնի»: Թաթուլը պատասխանում է. «Ես պատրաստ եմ հիմա ընդունել մահը. եթե զարկը իմն է, նա չի ապրի հաստատ»:
Իհարկե, գիրքն ունի նաև որոշ թերություններ, որոնք բնավ չեն ստվերում գրքի արժանիքները: Սակայն պատմավեպ գրողը չպետք է մեղանչի պատմական դեմքերի և նրանց հետ կատարված իրադարձությունների դեմ: Մանավանդ Դևրիկյանի նման մի հեղինակ, որ հոյակապ գիտե մեր պատմագիրներին ու ժամանակագիրներին, ներելի չէ մի բացթողում` կապված Թորոս իշխանի քաջագործության անտեսման հետ: Հայ հեղինակները նշում են Գագիկի չարանենգ սպանությունը բյուզանդական Մանդալե իշխանի երեք որդիների կողմից Կոռոմոզոլ ամրոցում: Այդ ամրոցը գրավում և չարագործներին արժանի պատիժ է տալիս Թորոս իշխանը: Սակայն հարգելի հեղինակը չի հիշատակում գրքում նրա անունը, այլ միայն Ռուբենի, և այն տպավորությունն է, թե նա էր այդ հերոսության հեղինակը, ահա այդ հատվածը. «Խորհրդի էր նստել Ռուբեն իշխանը: Ցերեկը վերջին ջարդն էին տվել կայսերական զորքին և դուրս վտարել Լեռնային Կիլիկիայի այս շատ կարևոր հողերից: Ու այժմ ամրոցի դարպասին ծածանվում էր Բագրատունյաց հովազապատկեր դրոշը» (էջ 813): Ոչ մի խոսք հայոց Գագիկ արքայի սպանության վրեժը լուծող և ամրոցը գրավող հերոսի մասին, որին հիշատակում են նաև օտարազգի և հայ հետազոտողները՝ Ռընե Գրուսեն, Ֆերդինանդ Շալանդոնը, Սիրարփի Տեր-Ներսեսյանը և այլք:
Թեև պատմական իրադարձությունների հետաքրքիր մատուցման նպատակով պատմավեպի ժանրում թույլատրելի են ոչ պատմական կերպարների ստեղծում, սակայն Դևրիկյանն այս դեպքում տարվել է արկածային դրվագների հորինմամբ: Ներելի հնարք, բայց մի քիչ չափազանցված են թվում լրատարների ձերբակալման դրվագները, զնդան նետված անձանց, Վարդի և նման հերոսների անչափ դյուրին ազատվելը զնդանից, աստղագետ Մարտիրոսի հեռադիտակի ստեղծման դրվագը, որի գյուտը պատկանում էր Գալիլեին և այլն: