Մտորումներ Ղուկաս Սիրունյանի մի քանի  բանաստեղծությունների շուրջ / Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Նվիրվում է բանաստեղծի ծննդյան 74 ամյակին և լուսապայծառ հիշատակին….

 

Դեկտեմբերի 18-ին լրացավ անվանի բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանի ծննդյան 74 ամյակը: Հարազատները, ընկերները, բարեկամներն ու պոեզիայի սիրահարները նշեցին բանաստեղծի տարեդարձն առանց նրա ֆիզիկական ներկայության, բայց խորապես ազդված նրա հոգևոր ժառանգությամբ. սա թվով յոթերորդ տարեդարձն էր, որ հարազատները նշեցին՝ երկնքին նայելով:

Ինչպես եղավ, չգիտեմ, հենց պոետի ծննդյան օրը կրկին ձեռքս առա նրա «Տապանի վրա» (Երևան, «Նաիրի», 96 էջ) բանաստեղծությունների փոքրիկ ժողովածուն, որն իմ սեղանի գրքերից է, և որը մի պարտավորեցնող մակագրությամբ տարիներ առաջ ստացել եմ բանաստեղծի որդուց՝ Հայկից: Շատ անգամներ եմ թերթել այդ ժողովածուն ու ամեն անգամ համոզվել, թե որքան խորիմաստ բանաստեղծ է Ղուկաս Սիրունյանը, և որքան ճշմարիտ են այսօր նրա մասին ասվող խոսքերը մամուլում, եթերում ու ընկերական շրջապատում, կարդում եմ և հասկանում նրա բանաստեղծ որդու խոսքը. «Ափսոս՝ հորս հետ չես շփվել»:

«Տապանի վրա» ժողովածուն լույս է տեսել ուղիղ 27 տարի առաջ՝ 1996 թ., և ի թիվս այլ հատընտիր բանաստեղծությունների՝ պարունակում է Արցախյան ազատամարտի հետ ուղղակի և անուղղակի կապ ունեցող մի քանի բանաստեղծություններ, որոնք հաճախ եմ կարդում՝ նաև այդկերպ հասկանալու համար բանաստեղծի նկարագրած շրջանը: Դրանք չափազանց ուշագրավ են ո՛չ միայն անաչառ գրչի հետագիծ լինելով, այլև նրանով, որ մեր սրբազան գոյապայքարին նվիրված առաջին անդրադարձներից էին, երբ դեռ դաշտերում մխում էին արկերի պայթյունից առաջացած փոսերը՝ կարծես խնկարկելով հանուն ազատության զոհված մարտիկների շիրիմները՝ արևելքից մինչև արևմուտք, հյուսիսից մինչև հարավ: Կարդում եմ այդ մի քանի բանաստեղծություններն ու վերստին համոզվում, որ մարդկության գոյության ընթացքում տեղի ունեցած պատերազմները պատմաբաններն արձանագրել են թվաբանության, աշխարհագրության ու տնտեսության տեսանկյունից, իսկ ահա բանաստեղծները  դրանք ողողել են զգացմունքով ու հույզերով՝ կարծես ավելի ընդգծելու պատերազմի գույնը՝ կարմիրը: Ահա՛ այդպիսին են Ղուկաս Սիրունյանի այդ մի քանի բանաստեղծությունները, որոնք այնքան լավ են պատկերում պատերազմի մեկնարկը, ընթացքն ու վերջը, որ այդպես էլ վերջը չեղավ: Նա յուրովի է մոտենում մեր սրբազան պատերազմին՝ իր անձնական կռիվը համարելով այն՝ հաղթելով բոլորի հետ, զոհվելով ամեն մի քաջի հետ, բայց հաղթության բոլոր շնորհներից ու բարիքներից զերծ պահելով իրեն: Այսպիսով, «Տապանի վրա» ժողովածուից ես առանձնացրել եմ հատկապես ա՛յդ գործերը և դրանց հետ կապված մտորումներս հանձում եմ թղթին՝ ընթերցողին խնդրելով այն կարդալ որպես ուղղակի գրություն, մտորում, զերծ գրականագիտական որևէ տիպի մոտեցման փորձից անգամ (թեպետ նրա գիրը թույլ է տալիս անել շատ ավելին՝ սկսած ուսանողական, վերջացրած բարձրագույն գիտական աշխատանքներով):

 

***

Դեռևս 1989 թ. գրված «Ծննդյան տոներ» (էջ 9) բանաստեղծության մեջ երկրաշարժի հետևանքները աչքի առաջ ունեցող և զարգացող պատերազմը կանխատեսող հեղինակը խոսում է Աստծո հետ՝ հարցնելով նրան, թե ինչու է նա սիրով բացել իր աչքերն ու իրեն գցել այս քաոսի մեջ.

«Տեր Աստված,//եթե այս էր քո աշխարհը, //ինչո՞ւ ինձ հանեցիր անհայտության փոսից, //սիրովդ բացեցիր աչքերս//և ստիպեցիր նայել ու տառապել»:

Շարունակելով բանաստեղծությունը և նկարագրելով շրջանի ողբերգական շղթայի բոլոր օղակները, միաժամանակ գլխի ընկնելով, որ դա ընդամենը սկիզբն է, կարծես ազդված Ձիթենյաց լեռան վրա Հայր Աստծո հետ զրուցող Հիսուս Քրիստոսից՝ գրում է.

«Ինչի՞ս էր պետք տեսնել//Զատկի քո սեղանին հայի արյուն»:

Բանաստեղծության վերջում Սիրունյանը, արդար չհամարելով Աստծո Որդուն առաջինն ընդունած ազգին այսքան տրվող ցավերն ու դավերը, կարծես արդեն հուսահատ գրում է.

«…մի՞թե այդքան համեղ գինի//որթատունկը չի տալիս քեզ»:

Մեկ տարի անց՝ 1990 թ. գրված «Սա չէ իմ հայրենիքը» (էջ 17) բանաստեղծությունը, որում Ղ. Սիրունյանը դարձյալ զրուցում է Աստծո հետ,  արձանագրում է նախորդ բանաստեղծության մեջ կանխատեսվող անցքերի կատարումը: Վերնագիրն արդեն խոսուն է՝ հեղինակը չի ճանաչում իր հայրենիքը: Եվ այստեղ արդեն ականատես ենք լինում սիրունյանական վրձնի պատկերած քաոսին. տարակուսած բանաստեղծը հարցնում է Աստծուն, թե ի՞նչ վայր է դա, որտեղ «լուսաբացն ու մայրամուտը խճճվել են իրար մեջ», և «ամեն ջրի շիթ գետի հուն է զավթել, հոսում է բարձրագոչ՝ կամուրջ իսկ չհանդուրժելով»: Այստեղ ջրի կաթիլի պես պարզ են արդեն մոլեգնող պատերազմի պայմաններում ներքաղաքական ու հասարակական խառնիճաղանջությունն ու խորհրդային միության փլուզումով մեկնարկած, թող այսպես կոչենք, «բեզպրեդելը»: Այսինքն՝ հեղինակը նկարագրում է հոտի հետշրջումն ու կաղերի առաջին շարքերում հայտնվելը, վատ գործընթաց, որից տուժում է հայրենիքը: Նա ցավով է նկարագրում համատարած և վարակիչ «պարապը», բարոյական ամայի վիճակն ու շարունակում դիմել Աստծուն՝ արդեն համոզված, որ, իրապես, սա չէ իր հայրենիքը.

«Սա չէ իմ Հայրենիքը://Իմ Հայրենիքը մշուշների խորքում//թաղված հովիտ է,//ծանրության տակ է քաղաքական այրուձիերի…»:

Երկու տարի անց՝ 1992-ին, «Եվ այսպես» (էջ 19) բանաստեղծության մեջ արդեն շոշափած լինելով իր նախկին կանխատեսումները՝ բանաստեղծը նկարագրում է մարդկանց լքող, նրանց ապրելակերպից խորշող և հեռացող հրեշտակին.

«Երեկ չվեցգնաց հրեշտակը վերջին՝//խեղճխեղճ թափ տալով ձանձրացած թևերը://-Ձեր կյանքում,- ասաց,- ապրել չի լինի,//լցվել են այնտեղ երկրային դավերը»:

Սիմվոլներով հարուստ այս բանաստեղծության մեջ հրեշտակը մաքրակենցաղ հայի կերպավորումն է, որը չհամակերպվելով վիճակին, իրենը չհամարելով այդ ամենը՝ կարծես բռնում է գաղթի ճամփան ու ասում.

«Դարավոր երկինքս ես լքում եմ հիմա//ու կսկիծով չվում չգիտեմ, թե ուր…//Հայր մեր, չապրեցցէ սատանան ի տանս,//Տուր ինձ հնար դարձի ի միում աւուր»:

1992 թ. գրված «Տեր, պահպանիր նրանց» (էջ 15) բանաստեղծությամբ պոետն աղոթում է Աստծուն՝ խնդրելով պահպանել «սիրտն ու ճակատը սոսկումին ընդդեմ» արած տղաներին: Փորձելով հնարավորինս ընդգծել հայրենիքի համար կենաց-մահու կռիվ տվող ֆիդայիների մեծությունը՝ հեղինակը նրանց համեմատում է ընկնող ծառի հետ, որոնց անկումից հետո նրանց շուրջն անմիջապես հավաքվում են «կացնավորների խմբերը զազիր»: Բայց թերի նկատելով իր վերը հիշված գնահատականը՝ հաջորդ քառատողում նրանց պատկերում է բարձր լեռների վրա զոհվելիս, որոնց զոհողությունն ավելի է կատարելացնում, վեհություն հաղորդում լեռներին.

«Նրանք ընկնում են բարձր լեռներում,//և վեհանում են լեռներն ավելի»:

Բայց ամենամեծ գնահատականը, թերևս, այն է, որ Ղ. Սիրունյանը նրանց զոհողությունը համարում է ազատ ծփանք. նրանք «մեր մեծ երազի ծփանքն են վառում»: Ուշագրավ է բանաստեղծի՝ հայրենիքի համար ընկած մարտիկների հիշատակն անուն առ անուն վառ պահելու նպատակ-մտածումը, որն ի կատար ածելու համար նա խնդրում է Աստծո օգնությունը.

«…քո հիշողության պարունակներում,//և տիեզերքի ծալքերից խորխոր,//մինչև երկրային բավիղներն անհուն//թող պատարագվեն հայերեն լեզվով//հոգի առ հոգի, անուն առ անուն…»:

Չափազանց դառն է հեղինակի վիշտն ու ցասումը մարտի դաշտում զոհվողների և թիկունքում անհոգ ապրողների միջև առկա անհոգության և անպատկառության մերժելի անջրպետը նկարագրելիս: 1992 թ. գրված «Խփվում եք, տղերք» (էջ 16) բանաստեղծությամբ նկարագրում է հեռու թիկունքում թևածող տաղտուկը, վաշխառուական քաղաք-միջավայրը և այդ ամենից հեռու հանուն հայրենիքի, հանուն անկախության անքննելի գաղափարի զոհվող քաջերին.

«…սրանցից հեռու, սրանցից հեռու//Խփվում եք, տղերք»:

Շարունակելով՝ նկարագրում է ցավալի իրականությունը, անարգում «մեռնողը մեռնում է, ապրողն ապրում է»  մոտեցումը և նշում, որ, այնուամենայնիվ, ըստ մարդկանց աշխարհի օրենքի՝ խավարին լույսն է ընդդիմանալու: Զարգացնելով բանաստեղծության ասելիքը՝ Սիրունյանը եղած քաոսի մեջ էլ թունելի վերջում լույս է տեսնում և գրում, որ ինչ-որ մի ժամանակ արդարությունը կվերականգնվի, և որ «…երեկ էլ և վաղն էլ հացը//Հաց են կոչելու, մղեղը՝ մղեղ…»:

Սրանք հույս ունեցողի, հույս տվողի տողեր են, ուրիշ երկրի մանանան իր հայրենիքի չոր հացի հետ չփոխող բանաստեղծի ընտրություն, և ինչպես իր մի պատմվածքում է գրում, աշխարհում շատ երկրներ կան, բայց այդքանից միայն մեկն է հայրենիք, և այդ հայրենիքը նրա համար ցմահ եղավ Հայաստանը: Ահա՛ ճիշտ ընտրությունը, ահա՛ Ղուկաս Սիրունյանի ընտրությունը: Ատելով անհոգության մեջ իրենց գոյությունը քարշ տվողներին՝ Սիրունյանը ազգի փրկությունը գտնում է միայն մարտադաշտում մեր բախտը կռող ֆիդայիների մեջ.

«Դուք եք լցնում մեր երազի քաղցը//Ու խփվում, տղերք»:

Վերջին մասում հեղինակը նկարագրում է խորհրդապաշտական, կարծր խավարում արնոտ ճռինչով պտտվող և մեր «արմենոիդ վարքը» դեպի հաջորդ դար հրող համառ անիվը: Այստեղ, ակնհայտ է, որ անիվը հեղինակի ապրած ժամանակն է, կարծր խավարը՝ պատերազմը, իսկ համառ ու արնոտ ճռինչով այն պտտողները՝ մեր ֆիդայիները, որոնք թույլ չեն տալիս արմենոիդների գոյության ընթացքի կանգը.

«Դուք եք տանողը: Մնացածներս//ճառ ենք, տեսիլք ենք, նինջ ենք ու տարերք»:

Հայրենիքի ազատության համար զենք բարձրացրած զինվորին նա համարում է թիկունքում տիրող քաոսից փրկված և նաև այդ քաոսին հաղթածներ.

«…դուք մեզ էլ հաղթած, մեր թշնամուն էլ՝//խփվում եք, տղերք»:

Սիրունյանի պոետական վրձինն անզուգական երանգներով է պատկերում պատերազմի դաշտ մեկնած մարտիկներին «Տղերքը կռիվ գնացին» (էջ 18)՝ նրանց նկարագրելով փափուկ սրտով, ճերմակ ձեռքերով, երեսները նուրբ նորածիլ, բայց այնքան ուժեղ, համառ ու անխորտակելի, որ կարողանում են ճեղքել մեր ցասումի ծովը.

«Մեր ցասումի ծովը ճեղքած՝//տղերքը կռիվ գնացին,//փափուկ սրտով,ճերմակ ձեռքով,

երեսները նուրբնորածիլ»:

Բանաստեղծը նրանց համարում է մեր հազարամյա հին հայկազյան զորքի զինվորներ և հավատում, որ

«Պատվի, խղճի, ազատության//տենչն է նրանց  հանել ոտքի»:

Միշտ փոքրաթիվ ու հավերժական կռվի մաքառումների մեջ գտնվող մեր զորքին բանաստեղծը, կարծես, համարում է պատմության խորքից եկող, հանուն ազատության, հանուն արդարության կռվող զորքերի զինակիցները և նրանց կոչում Աստծո կամոք մարտնչողներ.

«Զորք, որ եղավ միշտ փոքրաթիվ,//բայց և՝ հավերժ զորակոչված,//զորք՝ Աստըծով ելած մարտի,//կեսը ռազմիկ, կեսն՝ առեղծված»:

Միայն սրատես աչքը կարող է նկատել, թե որքան խորն է ձևակերպված և որքան ցավ ու ազգային դառը ճակատագրի պատկերներ կան քառատան հատկապես առաջին երկու տողերի մեջ: «Զորք, որ միշտ եղավ փոքրաթիվ»: Այս տողը, նախ, ընդգծում է մեր «փոքր ածու» լինելու փաստը, բայց չի սահմանափակվում միայն դրանով: Վստահաբար, հեղինակին խորը կսկիծ է պատճառել նաև զոհվելով լեռները վեհացնող տղաներին մենակ թողած և ազատության համար մղվող մարտից խուսափած «մղեղների» գոյությունը, մարդիկ, որոնք, ինչպես վերը նշված բանաստեղծություններից մեկում է գրում, քնել են փողի բարձերի վրա: Բանաստեղծության հաջորդ տողը՝ «բայց և՝ հավերժ զորակոչված», մտքի արագությամբ թերթում է հայոց պատմության բոլոր էջերն ու ցույց տալիս անվերջանալի պատերազմների՝ հայության շեմքին միշտ ուղտի պես չոքած լինելու հանգամանքը և առավելապես այն, որ մեր գոյությունը պայքար է, պայքար, որտեղ ամեն մեկն իր զենքով պետք է կռվի, բայց կռվի ազնվորեն ու նվիրումով, անմնացորդ նվիրումով: Շարունակվող քաոսի մեջ լույսի սպասող բանաստեղծն իր սպասումները հետաքրքրական սիմվոլիկ լուծումներով է նկարագրում՝ քաոսը ներկայացնելով ձմռան, գարունը՝ լույսի պատկերով.

«Վերջանում է ձմեռը, բայց գարունը չի սկսվում…» («Ձմռանից հետո», էջ 37):

***

Այս մի քանի բանաստեղծությունները լավագույնս են արձանագրում Ղուկաս Սիրունյանի հայրենասիրական գաղափարները, պետականամետ մտածողությունն ու սթափ դատողությունը: Սրանք հայրենասիրության մասին գրված բանաստեղծություններ են, որոնք ոչ թե մերժում են երեկ ու այսօր մեր գաղափարները թունավորող «կենացային» մակարդակի «հայրենասիրությունը», այլ ստիպում են, հորդորում են, խնդրում են ու պարտադրում մտածել ըստ էության: Եվ ստիպում են նաև հիշել, որ Սիրունյանը, չնայած բանաստեղծական ցավալի նկարագրություններին, իր կարճ կյանքն ապրեց որպես լույսի, հույսի ու հավատի զինվոր, և մատնանշելով ցավը՝ մարդկանց ստիպեց հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու: Նա վստահ էր, որ մի օր ամեն ինչ փոխվելու է, և կյանքն ամեն մեկին ցույց է տալու իր տեղը, այնպես, ինչպես գրված է այս բանաստեղծության մեջ.

«Այս ամենը երբ անցնի//Արև օրեր//կրկին կգան//կտեսնենք, որ աշխարհում//չի փոփոխվել //ոչ մի բան://Մուժ էր, եկավ ու անցավ,//գնաց կորավ//անհունում,//բայց, այ, լեռը լեռ մնաց,//հարթությունը՝ հարթություն» («Լավատեսություն», էջ 26):

Կարդանք ու հանրահռչակենք Ղուկաս Սիրունյանի ազնվագույն պոեզիան, ճանաչենք Ղուկաս Սիրունյանին, որի ժամանակը, այնուամենայնիվ, դեռ հետո է գալու…

Շնորհավո՛ր երկնային ծնունդդ, պոե՛տ, և ների՛ր առեղծվածային գիրդ այսքան պարզ ու համեստ մեկնաբանելու համար…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։