Մնայուն արժեք խոսքի ու գույնի հավերժող աշխարհում / Ռոմա ԴԱԼԼԱՔՅԱՆ

Արևշատ-Ավագյան«Սպիկա» հրատարակչությունը 2013 թվականի վերջերին տպագրել է բազմավաստակ բանաստեղծ, արձակագիր, գեղանկարիչ Արևշատ Ավագյանի «Ինքնության գույնն ու իմաստը» խորագիրը կրող գիրքը, որը ներկայացնում է արձակ ու չափածո և գեղանկարչական ստեղծագործությունների մի յուրատեսակ աշխարհ: Եվ այդ ինքնատիպ աշխարհում պարզորոշ արտացոլվում է Արևշատ Ավագյանի ինքնությունը` ինքնաբուխ խոկումների ու զգացմունքների, իմաստասիրական դատումների, բազում գույների ներդաշնությամբ, խոսքաշխարհի ու գունաշխարհի գեղարվեստական համա­դրությամբ:
Արևշատ Ավագյանի գրիչն ու վրձինը, ծաղկազարդումներն ու գծապատկերները, խոսքերի ու մտքերի ձեռագրային գեղա­նկար դրսևորումները հաճախ մեկտեղված ու միաձուլված են արտահայտում ասելիքը, երևույթների ու առարկաների, մարդկային հոգու ու սրտի տարատեսակ գունաշխարհը, ազգային ինքնությունը:
Գիրքն սկսվում է «Ինքնության հոգեշունչ իմաստը» խոհափիլիսոփայական, վերլուծական խոսքով, որի մեջ հեղինակն ընդհանրացնում է. «……մեզ իմաստության պտուղներ է տալիս մեր մտքի ու երազանքների մեջ արմատ տված կենաց ծառը» (էջ 4):
«Ինքնության հոգեշունչ իմաստը» վերնագրով խոսքին հաջորդում են «Եղիցի խոսք», «Մաշկափոխվող քաղաք», «Սիրաշխարհ», «Անանձնական սեր», «Քառյակներ», «Գունանկարներ» վերնագրերով բաժինները` խոսքաշխարհի ու գունաշխարհի համադրությամբ: Դրանցում գրչի ու վրձնի միաձույլ ուժով արտացոլվում են հեղինակի ապրումները, կյանքի ու մարդկային փոխհարաբերությունների, տարաբնույթ երևույթների ու առարկաների, ներանձնական ու անանձնական սիրո հատկանշական կողմերը, մեր իրականության լույսերն ու ստվերները, մութն ու խավարը, հակամարդկային ու հակազգային արատները և այլն:
«Եղիցի խոսք» վերնագրով բանաստեղծության մեջ (էջ 6) հեղինակը կամենում է, որ միշտ լինի խոսքը, որովհետև «Ասես ոչնչից / երևակվում են / աշխարհաստեղծ բոլոր տարրերը, / բոլոր իրերը, երևույթները / ի հայտ են գալիս / բառաշար խոսքում» (էջ 6):
«Սեր առ հայրենիք» վերնագրով քերթվածում (էջ 8) հեղինակը դրսևորում է իր անափ սերը հայրենի երկրի նկատմամբ. նա, առանց հայրենիքի, «անգրիչ դպիր է, փակ բերանով երգիչ….», որտեղ էլ լինի ինքը, ուր էլ գնա, «արծիվն է իր լեռնաշխարհի» և առանց նրա` «թևաթափ կլինի երազի ճանապարհին»:
«Անմահության մարմնավորողը» վերնագրով բանաստեղծության մեջ խոհափիլիսոփայական ընդհանրացում է արտահայտված: Հիշյալ քերթվածին զուգակցվել է «Արարման ծառ» գեղանկար պատկերը, որը գունախաղերով և գրչարվեստով անմահության մարմնավորող է համարել Արարիչը, որի շնորհիվ
Ազատ ու արդար, / Ճշգրիտ ու հավասարակշիռ/ գործում է արարչական / հոգեձույլ համակարգը` / բարեշրջվող նյութաշխարհի /բազմաբնույթ հերթափոխով (էջ 9):
Ա. Ավագյանն օրհներգում է («Օրհներգ», էջ 14) հայրենիքը, ուր «իր մտքից սկիզբ առած հակադարձվող ուժով» «նախնիների պորտալարը դեպի հավերժություն է ձգվում` պորտեպորտ գալիք տանելով ազգիս հարահոս արյունը» (էջ 14): Իսկ իր դրախտ հայրենիքն ընկած է «հայոց երկնքի լուսախոս հավատի ու սիրո, վարդագույն ու թափանցիկ բուրմունքների ծոցում: Մաքրամաքուր օդի, վճիտ ջրերի, նրբասահ զեփյուռի և հաճելի ջերմության երազկոտ եզերքին» (տե՛ս «Դրախտ» վերնագրով քերթվածը, էջ 15):
Արևշատ Ավագյանը լավատես է ու հեռատես. նա խորապես համոզված է, որ
Մենք պիտի ապրենք այնտեղ,/ ՄԵծ եղեռնից, արտագաղթից, / Հալածանքներից հետո, / Մենք հավերժական պիտի ապրենք / Մեր արարչաստեղծ երկնքի տակ`/ վախի, սարսափի ու չարակամության/ բացակայության պայմաններում, /տիեզերքի Տիրոջ / օրհնության միջավայրում:
Ինքնության գույներն ու իմաստները թանձրանում են Ծիր Կաթինի, մրգահասի ճամփաներին` արձակ ու չափածո ստեղծագործություններով, գրչապատկերներով, առինքնող գեղանկարներով (տե՛ս էջեր 16-41): Իմաստալից են «Ծիր Կաթին» վերնագրի ներքո հրապարակված 20 արձակ խոսքերը. դրանք խոհական են, փիլիսոփայական: Այսպես, օրինակ, 2-րդ տողաշարում Արևշատ Ավագյանը գրում է. «…Բնությունը սանձահարում է ինքն իրեն: Ինքնակառավարման լծակները մտնում ու ելնում են բոլոր տարածքները… իշխում ու սրբագրում հողի ու ջրի, օդի ու կրակի բոլոր ժամանակավրեպ դրսևորումները» (էջ 17): Խոսքաշարով արտահայտելով տարբեր գույներ ու իմաստներ` հեղինակը 19-րդ խոսքում եզրահանգում է, որ ինքը գնում է «Հարդագողի ճանապարհով, հանգրվանից հանգրվան, սերմացու լույսը ցանելով ազատության ու արդարու­թյան բարեբեր ակոսներում»:
20-րդ խոսքում ընդհանրացնում է. «Ես ունեի տիեզերքի Տիրոջ բարեհաճ առաքելությունը` պահպանելու ազգիս ինքնության համահունչ լուսածին հատկանիշները, որոնք ներդաշնակվում են Ծիր Կաթինի Տիրոջ ինքնության խորհրդին….»:
Ինքնության տարաբնույթ գույներ ու իմաստներ են արտահայտված «Թոռնիկիս` Արևշատին»,«Փոքրիկ տղան», «Կակաչը», «Խնձորի խորհուրդը» և այլ բանաստեղծություններում, «Մրգահաս» վերնագրով արձակ խոսքաշարում, որոնք նույնպես զուգակցված են խորիմաստ գրչանկարներով, գրչապատկերներով (տե՛ս էջեր 20-41):
Միանգամայն իրավացի է հեղինակը, երբ գրում է. «Պետք է աչք ունենալ` տեսնելու համար կյանքը` տիեզերական գեղադիտակի մեջ» (էջ 39): Հիրավի, միայն դիտարկելով և ուշադիր կարդալով կարելի է թափանցել Արևշատ Ավագյանի չափածո ու արձակ ստեղծագործությունների, գրչանկարների ու գեղագիտական կտավների խորքերը և ըմբռնել ու ըմբոշխնել դրանք:
«Հողից ու աստղերից եկած լիցքերը կյանք են տալիս» (էջ 52) բանաստեղծի բառերին` «Մարդկանց պետքական խոսքեր ասելու համար» (նույն տեղում), և խորազգաց գեղագետը բացահայտում ու ներկայացնում է մեր կյանքի անբարո կողմերը` անընդունելի գույներով ու հատկանիշներով: « Ամենուր լաց ու կոծ է. / ոստիկանները բախվել են ցուցարարների հետ, / բողոքի ու բռնի ուժի դեմ գործա­դրում կա` խեղճության ու թշվառության դեմ…» («Մաշկափոխվող քաղաք», էջ 43):
Արևշատ Ավագյանն իրավացի է, երբ տեսնում է, որ մեր «քաղաքը զարդարվում է ամեն օր ցուցամոլի նման, օտար շորերով, օտար տառերով, օտարահունչ բառերով լցնելով/ իր խանութներն ու փողոցները» («Ժամանակներ», էջ 45): Եվ ապա` «Ցուցափեղկերից վերանում են / Մեսրոպյան գրերը,/ բանկերը խժռում են խիղճը, / հարկահավաքները վխտում են ամենուր,/ արդարությունը ոտնատակ են տալիս / օրենքի պահապանները…» (նույն տեղում):
Քաղաքացի գեղագետին` Արևշատ Ավագյանին, խորունկ ցավ է պատճառում, որ «Քաղաքը հարստանում է էլիտար շենքերով»` խախտելով ճարտարապետական պատկերը, «իգացող այրերով պղծված սրբություններով…..(նույն տեղում):
Մեր կյանքի այլանդակ բարքերը, իշխանամոլների ու նյութամոլների հակազգային, հակաժողովրդական գործունեությունը մերկացնող պատկերներ կան «Զգուշացումներ», «Հայոց կապիտալիզմը», «Կայծակ ու ցասում», «Ամոթի գույնը» վերնագրերով բանաստեղծություններում (տե՛ս էջեր 46-49): Բանաստեղծն ամոթի գույնը (կարմրելու հատկանիշը) կորցրած ընչաքաղցներին հակադրում է մաքրության ճերմակ գույնը, որ խղճի պես զուլալ է ու անբիծ ( տե՛ս «Ամոթի գույնը», «Մաքրության գույնը» քերթվածները, էջ 49):
Էջ 48-ի «Հիշատակների երկիր» գրչապատկերը հակադրված է արդի կյանքի անընդունելի գույներին և դատարկ ու անիմաստ կրքերին: «Տիեզերքը լցված է աստղալույսերի գույնով…,- իմաստաբանում է գրախոսվող գրքի հեղինակը,- Տիեզերքի բանալին լույսը և լույսով իմաստավորվող սերն է ու հավատը… Հայորդիներն ու հայուհիները պետք է արմատակալեն հայոց հողում…»: «Հիշատակների երկիր» գրչապատկերի այս տարողունակ խոսքի տառերով կազմավորված է հայոց ծառը` իր արմատներով և պտղակալած ճյուղերով:
Տարողունակ ու խոհական են «Սիրաշխարհ» շարքի քերթվածներն ու դրանց զուգակցված գեղարվեստական գրչա­նկարները (էջեր 53-68), որոնք ինքնատիպ պատկերներով, խոսքի պատկերավորման ու արտահայտչական տարբեր միջոցներով արտացոլում են մաքուր ու անաղարտ սերը, սիրո գեղեցկության խորհուրդը, հավատն ու հավատարմությունը, որոնք կյանքի ելևէջներում ապահովում են հաղթանակ ու երջանկություն:
Լայն ու խորն է բանաստեղծի երգած սերը: Բանաստեղծի բնութագրմամբ` «Լռության խավարում, փարոսի նման, լուսարձակում է խղճի ձայնը: Մարմնի միջով ելնում, մտնում է սրտի մեջ, որ այնտեղից ջերմություն, սեր ու հույս սփռի շուրջը հուսահատված ու մոլորված բոլոր մարդկանց համար» (էջ 63):
Ծավալով սեղմ (2-10 տող), արձակ ստեղծագործություններում Ա. Ավագյանը քնարերգում է անանձնական սերը (էջեր 68-73), և շարքի վերջին երկտողը, ասես, ընդհանրացված բնութագրում է անանձնական սիրո գաղափարը. «Արևելյան իմաստությունն ասում է. «Գտի՛ր քո մեջ սիրո ծաղիկը և նետի՛ր նրա ոտքերի տակ, ում հետ խոսում ես»:
Գրախոսվող գրքի մի պատկառելի բաժինն են կազմում Արևշատ Ավագյանի խորիմաստ ու նրբահյուս քառյակները: Դրանք հարյուր քսանութն են, որոնք հարուստ բառուբանով, պատկերավորման ու արտահայտչական բազմազան միջոցներով արտահայտում են բանաստեղծի հոգու ու սրտի խոկումները, ընդհանրացված ներկայացնում նրա խոհառատ ներաշխարհը, անապական սերը, մայր բնությունը, հայրենիքը, լույսի ու բարության սերմերը, ծնողների նկատմամբ դրսևորվող սերը, մեր ինքնությունն ու արժանապատվությունը, ազգային ոգին, մտքերը գույն ու գծով նկարելու շնորհները, լուսառատ գալիք տանող ճամփաները, հայրենի եզերքի հավերժող ուղիները և այլն, և այլն:
Բերեմ երկու օրինակ, որոնք ընդհանրացման շունչ ու ոգի ունեն.
Քառյակներս արիական արմատների/ համն են բերում, / Հայրենական պատկերների մշտահոլով ցավն են բերում, /Հայոց լեզվի արարչածին խորքից եկող / Հայրենների վերընձյուղված տաղն են բերում (էջ 76):
Եվ կամ`
Ես բացում եմ քառյակներիս վարագույրը աշխարհի դեմ,/ Հանգ ու վանկի, / տողատակի ասելիքս հանում եմ բեմ, / Ցույց եմ տալիս սեր ու սրտի երանգները իմաստալի, / խաղ ու տաղի խորհուրդները լույսի նման հանում եմ բեմ (էջ 85):
Խոր ու բովանդակալից են Արևշատ Ավագյանի քառյակները, որոնք կատարյալ արվեստի գործեր են, բանաստեղծական ձևի ու բովանդակության համաձուլվածքներ` գրված անաղարտ լեզվով, առինքնող գեղարվեստական պատկերներով:
Հարուստ ու իմաստալից բառուբանով, խոսուն գրչանկարներով, կտավներով արարելու տաղանդավոր վարպետ է Արևշատ Ավագյանը: Նրա գրչանկարներն ու կտավները զուգակցված են չափածո ու արձակ ստեղծագործություններին: Այս իմաստով գրախոսվող գիրքը մի ուրույն պատկերասրահ է, իսկական թանգարան` ցողված իմաստությամբ, գունառատությամբ:
Գրախոսության մեջ ցույց տրվեց, որ գեղարվեստական խոսքն ու միտքը, գրչագրերն ու կտավները գրեթե միշտ զուգակցված են միմյանց: Այդ կերպ հեղինակի ասելիքը դառնում է նաև տեսանելի, խիստ առարկայական, ցուցադրական: Այդ առավելությամբ հանդերձ` Արևշատ Ավագյանի «Ինքնության գույնն ու իմաստը» խորագրով գիրքն ավարտվում է իմաստալից ու առինքնող գրչագրերի, գրչանկարների, կտավների մի առանձին շարքով, որ ավելի է հարստացնում ու արժևորում նրա կշիռն ու բովանդակությունը (տե՛ս էջեր 95-135):
Հիշյալ շարքն սկսվում է «Ինքնության ծառը» ուշագրավ գրչագրով, ուր հայոց գրերը, ձևավորելով ծառ պատկերը, միաժամանակ վերածվելով խոսքի, արտահայտում են հետևյալ իմաստությունը. «Ազգային ինքնության պահպանությունը պետք է մտահոգի բոլոր հայորդիներին ու հայուհիներին: Մեր սրտի ու հոգու մեջ պահենք արարչական ծածկագրերը: Լուսաշող մեղեդին հոգևոր երգի սփռվում է ողջ տիեզերքում: Աներևույթ խոսքի և լեզվի ու տեսանելի հոգենյութի գունագծերը մեզ են ներկայացնում կյանքի իմաստը: Ազգային միասնության խորհուրդը, համախմբում, լինենք լավագույն ժառանգորդները մեր ազգի» (էջ 95): Դրան հաջորդում է «Պատգամ հայորդիներին» (էջ 96) գրչագիրը` փոխարկված յուրահատուկ ծառի: Եվ այս երկուսը մի տեսակ բնաբան են դառնում ամբողջ գեղանկար շարքի, որ պետք է ուշադիր դիտարկել, զննել և ըմբռնել գեղա­նկարների իմաստն ու բովանդակությունը:
Ասվածին հավելեմ, որ գիրքը ձևավորված է գեղարվեստական ու գեղագիտական բարձր ճաշակով, մեծադիր էջերով, շքեղ կազմով: Խոսքի ինքնատիպ պատկերավորությունն ու արտահայտչականու­թյունը, տարողունակ իմաստներն ու նպատակային ուղղվածությունները, հայոց լեզվի արարչածին խորքն ու լույսը, կտավների, գծանկարների, գրչագրերի գեղանկարչական բարձրարվեստ հատկանիշները մի առանձին շուք ու գեղեցկու­թյուն են հաղորդում գրախոսվող գրքին և աներկբայորեն հավաստում, որ այն մնայուն արժեք է հավերժական հայոց գեղարվեստական գրականության և գեղա­նկարչության խոսքի ու գույնի աշխարհում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։