ՅՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆ

ՅՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ, մանկագիր
ՅՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
ծննդյան 80-ամյակի առթիվ

«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին

ԱՆՈւՇ ԱՆՈւՆՆԵՐ
Մայրիկն անուշ անուն է,
Մ Ա Յ Ր Ե Ն Ի Ն՝ է՛լ ավելի:

Հայրիկն անուշ անուն է,
Հ Ա Յ Ր Ե Ն Ի Ն՝ է՛լ ավելի:

Անունները այդ անուշ
Մեզ հետ աճում, բարձրանում,
Քաղցրանում են օրեցօր
Ավելի ու ավելի:

ԱՇԽԱՐՀԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ
Արևի փոքրիկ մի շողի մեջ
Քանի՜ աչքեր են շողարձակում:
Նայիր քո շուրջը ու կտեսնես
Դաշտում,
Անտառում,
Անապատում,
Ուր էլ որ ասես,
Ապրում են, կան,
Զարդարում են մեր կյանքն իրենցով,
Իրենց անաղարտ ուրախությա՜մբ.
Երգո՜վ,
Դայլայլո՜վ,
Տզտզոցո՜վ…

ԱՂԲՅՈւՐՆԵՐՆ Ու ԱՊՐՈՂՆԵՐԸ
Ամպը գալիս է անձրևում՝
Կաթ-կաթ,
Կաթ-կաթ…

Հողը խմում է հաճույքով՝
Կում-կում,
Կում-կում…

Կուտակվում են աղբյուրները՝
Կաթ-կաթ,
Կաթ-կաթ…

Որ վայելեն ապրողները՝
Կում-կում,
Կում-կում…

ՄԿՆԵՐԻ ՄԵԾ ՏՈՆԸ
Բերքի տոն էր, երգի տոն,
Մթերքի տոն, խելքի տոն:
Մի մուկ նստել տան շեմին
Երգում էր. «Դիմ-դամի-դոմ:
Դիմ-դամի-դոմ, դամի-դոմ:
Թթվեց կաթը մի բիդոն:
Կաթը ձորը թափեցին,
Մկներին լուր ճամփեցին:
Մեծ Մուկը տոհմն իր առավ,
Եկան ջահել ու պառավ,
Եկան նիհար ու չաղլիկ,
Եկան պոչատ ու կաղլիկ,
Եկան գիտուն ու անգետ,
Եկան թոռ ու ծոռան հետ,
Եկան երգով ու ծափով,
Ծնծղաներով ու դափով,
Եկան ձորը լցվեցին,
Կաթի գործին լծվեցին…
Բայց հայտնվեց ահարկու
Փողոցային սև կատուն,
Որին մկները բոլոր
Վաղուց էին հարկատու:
Չվախեցավ Մուկը Մեծ
(Սազական չէր իր պատվին),
Պատկառանքով մոտեցավ
Ու ողջունեց նա կատվին.
– Այսօր տոն է, երգի տոն,
Մթերքի տոն, խելքի տոն,
Մենք նվեր ենք ստացել
Թթված կաթն այս մի բիդոն:
Սեղանակից դարձիր մեզ՝
Շնիկի պես բարեհաճ,
Մոռանանք ու չհիշենք
Ինչ որ եղել ենք առաջ…
Կատուն խորհեց, մտածեց,
Ասաց.
– Գերին չեմ ոխի:
Կերուխումը ձեր ուրախ
Մի փոր ճաշով չեմ փոխի:
Շարունակեք տոնը ձեր
Ու մոռացեք մռռանին,
Մոռացեք, բայց հիշեցեք,
Երբ մոտենաք մառանին…
– Խնդիր չկա,- խոստացավ
պարկեշտորեն Մուկը Մեծ,-
Ավարտենք, բան չմնաց,
Թե հանգիստ ես թողնում մեզ…
Տոն էր, տոն էր, երգի տոն,
Մթերքի տոն, խելքի տոն:
Եկեք բոլորս երգենք.
«Դիմ-դամի-դոմ, դամի-դոմ…»:

ԿԱՂՆՈւ ՃՈւՏԸ
Մի ճկույթի չափ էլ չկա
Փոքրիկը այս նորածիլ:
Երեք տերև ունի միայն
Փոքրիկը այս նորածիլ:

Աչքը բացել բացատի մեջ,
Արևի մեջ ու լույսի,
Հիանում է ողջ աշխարհով
Փոքրիկը այս նորածիլ:

Ամպերն ահեղ որոտացին,
Կայծակեցին ու անցան:
Չզարմացավ, չսարսափեց
Փոքրիկը այս նորածիլ:

Կաղնու ծառն է մայրը նրա,
Մռավ սարն է պահապան,
Պիտի հզոր մի ծառ դառնա
Փոքրիկը այս նորածիլ…

ՆՈւՌԸ
Աշնան այգում
Ճաքած մի նուռ,
Ատամներն է բացել հուր-հուր
Ու ժպտում է ծառի ծերից.
– Արի՛, հատիկ կտամ մի բուռ:
Արի՛, արի՛, ճիշտ եմ ասում,
Կեր ինչքան ուժդ կպատի:
Ծիտիկները եկան թե չէ՝
Քեզ չեն թողնի ոչ մի հատիկ:

ՓՆԹՓՆԹԱՆԸ
Անտառի մեջ՝ իր հին տանը,
Ապրում էր ծեր փնթփնթանը:

Փնթփնթում էր քուն մտնելիս,
Արթնանալիս փնթփնթում էր:

Տանձ էր ընկնում՝ փնթփնթում էր,
Տանձ չէր ըկնում՝ փնթփնթում էր:

Փնթփնթում էր ձորն իջնելիս,
Ջուր խմելիս փնթփնթում էր:

Մարդ էր տեսնում՝ փնթփնթում էր,
Մարդ չէր տեսնում՝ փնթփնթում էր…

Չէր հասկանում խեղճ անտառը,
Ի՞նչն է սխալ կամ ինչը ճիշտ,

Որ փնթփնթում էր անընդհատ
Արջը՝ դժգոհ ամեն ինչից:

ԿԱՏՈւՆ ԿԱԹՆԱՏԱՆԸ
Տո՜ւն-տո՜ւն,
Կաթնատո՜ւն:
Կաթի գնաց գող կատուն:

Տիկին այծը գեղանի
Կաթը դրեց սեղանին.

– Կաթը տաք է, իմացե՜ք,
Նստեք, մի քիչ դիմացե՜ք…
Մի քիչ նստեք, դիմացե՜ք,
Կաթը տաք է, իմացե՜ք…

– Մենք մեր գործը լավ գիտենք,
Մենք կխմենք, դուք դիտեք:-
Ասաց կատուն աչքաբաց,
Խփեց, կաթը թափեց ցած,
Իջավ,
Լիզեց,
Կշտացավ,
Դունչը մաքրեց, հեռացավ:

Ժողովրդական
Բ ու թ մ ա տ ն ասաց.
– Եկա՜ն, եկա՜ն…

Ց ու ց ա մ ա տ ն ասաց.
– Ովքե՞ր եկան:

Մ ի ջ ն ա մ ա տ ն ասաց.
– Գայլե՜րն եկան:

Մ ա տ ն ե մ ա տ ն ասաց.
– Դե շո՜ւ տ, դե շո՜ւտ,
Ելե՜ք փախչենք:

Ճ կ ու յ թ ն ասաց.
– Ճստլի՜կ եմ,
Պստլի՜կ եմ,
Ոտքեր չունե՜մ,
Թևեր չունե՜մ,
Ինչպե՞ս փախչեմ…

Բ ու թ մ ա տ ն ասաց.
– Մենք չենք փախչի:
Գայլերի դեմ չենք նահանջի:
Ուս ուսի տանք,
Դառնանք բռունցք,
Ջարդենք նրանց քիթ ու մռութ:

ԱԾԱՆ ՀԱՎԻԿ
Ածա՜ն հավիկ,
Ածա՜ն հավիկ,
Աստված ճուտիկներիդ պահի:
Մի այնպիսի ձու ածիր, որ
Հերիքի մեզ ամբողջ մի օր.
Լուսիկն ուտի՝ չվերջանա՜,
Հուսիկն ուտի՝ չվերջանա՜,
Արան ուտի՝ չվերջանա՜,
Շարան ուտի՝ չվերջանա՜,
Մայրիկն ուտի,
Հայրիկն ուտի,
Տատիկն ուտի,
Պապիկն ուտի,
Ուտեմ ես էլ, ես էլ, ես էլ…

Ու թե հանկարծ հյուր գա մեր տուն,
Կարողանամ հետը կիսել:
ԳՅՈւՂԱԿԱՆ ԲԱԿ
Շունը նստել մտածում է.
«Կատվի կերածը մածուն է,
Հավինն՝ ընտիր կուտ ու կորեկ,
Կովինը…
սա ո՞ւր է կորել:
Նախիրն եկավ, ինքը՝ չկա:
Գլխին հանկարծ փորձանք չգա՞…»:

Կատուն նստել մտածում է.
«Շունը հաչում, հավն ածում է:
Խոզը բակում փոս է փորել,
Կովը…
իսկ սա ո՞ւր է կորել:
Նախիրն եկավ, ինքը՝ չկա:
Գլխին հանկարծ փորձանք չգա՞…»:

Խոզը պառկել մտածում է.
«Շունը կատվին հալածում է,
Խռոված են քանի օր է,
Կովը…
իսկ սա ո՞ւր է կորել:
Նախիրն եկավ, ինքը՝ չկա:
Գլխին հանկարծ փորձանք չգա՞…»:

Հենց այդ պահին,
Հենց այդ պահին,
Շրջադարձից ճանապարհի
Լսվեց կովի բառաչը գոհ,
Իբր՝ եկա՜, եղեք անհոգ,
Իբր՝ ներե՜ք, պաշտելիներ,
Շա՜տ ուշացա դաշտերի մեջ…

ԱՆՎԱԽ ՇՆԻԿԸ
Մի շատ վախկոտ պոչիկ ուներ
Շնիկը անվախ:
Երկու վախկոտ ականջ ուներ
Շնիկը անվախ:
Չորս վախկոտիկ ոտքեր ուներ
Շնիկը անվախ…
Երբ փախցնում էին անվախին
Վախկոտները այն,
Հավատարիմը շնիկին
Հաչոցն էր միայն:

ԽԱԲԱՐԲԶԻԿ
Խաբարբզիկ,
Խաբարբզիկ,
Արի զանգակ կախենք վզիդ,
Որ գալդ մարդիկ իմանան,
Զսպեն իրենց ու դիմանան,
Համբերելով լուռ սպասեն,
Չասելիքը հանկարծ չասեն,
Որ լսածները քո երբեք
Չտարածես աշխարհով մեկ:

ԴԴՈւՄԸ
Դդումը բոլորի պես էր.
Երբ ծլեց, սիրունատես էր:
Օրեր հետո ծաղկեց նույնիսկ,
Ծաղիկ ծաղկեց դեղին գույնի:
Աճեց, ձգվեց, վեր բարձրացավ,
Պտղավորվեց, կլորացավ…
Առվից ջրվեց,
Հողից սնվեց,
Առոք-փառոք փարթամացավ
Եվ օր օրի, և օր օրի
Չափսերով անցավ բոլորից:
Ո՛չ աչք ունեցավ, որ նայի,
Ո՛չ քիթ՝ բույրերով հմայվի,
Ո՛չ բերան,
Ո՛չ էլ ականջներ,
Որ խոսք խոսեր, լսեր, կանչեր,
Միտքը մարզեր,
Բան իմանար,
Որ, թեկուզև դդում ծնվել,
Բայց այդքան չդդմանար…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։