Քնից նոր էի արթնացել, երբ բարձր զնգաց հեռախոսը: Գիշերը լիցքավորման նպատակով թողել էի սեղանին, ու ասես ամբողջ ժամանակ սպասել էր հենց այդ զանգին: Լի՜քը, կերած-խմա՜ծ, ուղեղն անջատա՜ծ: Զանգ չէր, այլ ծղրտոց, որ անդադար ու համառորեն փչացնում էր իմ վաղորդյան ինքնահմա անզգայությունը: Միտքս եկած բոլոր բառերով, իսկ սուրճ չխմած` դրանք արտակարգ իմաստալից են, նախշեցի զանգողի էությունն ու վեր թռա: Գլխիս տակ մնացած ձեռքով, որը եռում էր տաքությունից, բռնեցի բաց ուսս և սրթսրթալով վազեցի դեպի հեռախոսը:
Ընկերուհիս էր, օվկիանոսի եսիմ որերորդ անդինից: Ամերիկյան իր գիշերազարդ կարոտի գրկից: Նրա բռնկումը միշտ համընկնում է իմ լուսավառ առավոտին, ու ես բարկանում, քան թե ուրախանում եմ, թե մեկնելը որն էր, հիմա էլ զանգելը` որը, որ ջիգյարի նորանոր ռեկորդներ է արձանագրում իմ սրճաբաղձ, խեղճուկրակ ուղեղին: Նրա մոտ եղնիկներ են պտտվում լուսամուտների տակ ամեն առավոտ, իսկ գիշերները երկնքում աստղերը հյուսիսափայլից ուժեղ են փայլատակում: Բայց, այդուհանդերձ, ընկերուհիս չունի որևէ կաշկանդիչ հանգամանք` գիշերվա հազարին ընկնելու ընկճախտի մեջ ու ինձ իր թանկագին սրտխփոցներին վկա դարձնելու:
Ես սեղմեցի պատասխանելու կոճակին և հորանջելով ձեռքս վերցրի ջազվեն: Երկու գդալ սուրճ լցրի, կրկնակի չափաբաժնով` շաքարավազ (թե պիտի մեռնեի` լավ էր` սպիտակ թույնից), մեկնվեցի բազմոցին ու պատրաստվեցի լսել հրաշքիս զեղումները, բայց նա տարօրինակ կերպով լռում էր… Ապա… սաստիկ աղմուկ, հետո նորից լռություն: Ուժգնացող լռություն: Անսովոր լռություն:
Ու ընկերուհիս պոռթացող լացը լցրեց հեռախոսիս մեջ:
– Նանը մեռավ…
Նանը ընկերուհուս տատն էր, որը ԱՄՆ-ում բնակվում էր յոթանասունականների սկզբից ու իր յոթը պորտի` Ամերիկա քոչելը կազմակերպել էր Սովետի «անղիմիշ» տարիներին մի ամերիկաբնակ սիրիահայի հետ ամուսնանալով ու հերթով-կարգով «թռնելով» ոչ միայն նախնիների, այլև օրենքների, ադաթների ու նախկին ամուսնու հարազատների գլխի վրայով:
Սուրճի վերջին ումպը սառեց կոկորդումս:
– Ո՞նց, Նանարը մեռել ա՞…
Նարինեն` ընկերուհիս, որ իր կապանցի Նանար տատի անունն է կրում` «ռեմիքս» տարբերակով, հեծկլտաց.
– Հա՜… Նենսիս գնա՜ց…
Նենսի մի ասա` հնոց ու բոց: Մեկնելն ու անունը ամերիկացնելը մեկ էր արել: Սիրիահայ պարոն Գարեգինի հետ քոմփանի էր բացել ու իր Գյուլնազ տատի գորգագործության ողջ հմայքը ներդրած` «Նենսիի կարպետներ» բրենդային արտադրամասի ու խանութների համասեփականատեր դարձել:
Թե Նանարի մեռնելը ի՞նչ կարող էր նշանակել դարի ու հազարամյակի տարբեր փուլերում դեպի Ամերիկա դասավորված արյունակցական գնդի համար, ինձ միանգամից հասկանալի դարձավ, բայց Նանարը, չնայած իր իննսունամյա տարիքին, ախր «թոփի գյուլլի պես» առողջ էր ու էն աշխարհում հայտնվելու և իր փառահեղ կարպետները էնտեղ տեղափոխելու որևէ մտադրություն չուներ: Ուրեմն, ի՞նչ էր պատահել:
Նանարի բախտի աստղը դեռ մանկուց էր ժպտացել, որովհետև համ շնորհքով էր, համ սիրուն, համ էլ գործունյա: Բայց հազիվ էր քսանը լրացել, ու ամուսնացրել էին Կապանի ամենագեղեցկատես երիտասարդներից մեկի հետ: Սակայն էս մարդը ոչինչ անել չգիտեր, ու Նանարը հենց սկզբից էր գլխի ընկել, որ իր կյանքը անբանի հետ չի երկարելու: Միության մայրաքաղաք Մոսկվայից հայտարարություն էր տարածվել այդ օրերին, որ Ժողովուրդների հոր հոբելյանի պատվին ՎԵԴԵԷՆԽԱ-ում` Ժողովրդական նվաճումների ցուցահանդեսում մրցույթ է կազմակերպվելու և Ստալինին նվիրված ամենալավ ստեղծագործությունը պարգևատրվելու է Առաջնորդի հետ հանդիպելու հնարավորությամբ: Նանար ջան դու Նանար. մեկ ամսում գիշեր-ցերեկ էր արել ու հատիկ-հատիկ գույների ու հեքիաթների, սրտի ու երազանքների շերտեր հավաքել տեղական ոչխարների բրդից ու հայրենի անտառների ներկանյութերից: Նա աշխատանքը ներկայացրել էր տեղկոմին, սրանք տվել էին նախնական դաբրոն, ու շուտով Նանարը գնացք նստած` կուսկոմի մի կարևոր դելեգացիայի ու շչակի սուլոցի հետ հասել էր Մոսկվա:
Սյունազարդ դահլիճում ասեղ գցելու տեղ չէր եղել: Նանարին Կրեմլի վարսավիրը մի «բեսպադոբնի» ստրիժկա էր արել` մազերի լաքի միջոցով հենասյուներ դնելով մազափնջերի տակ, որ Նանարը «պիշնի» տեսք ունենա: Ու զարդարված մրցակիցներին կազմակերպիչները հանել էին Ստալինին ի տես` ներկայացնելով անուն առ անուն:
Հերթը հասել էր Նանարին, ու ասել էին.
– А сейчас слово предоставляется… предоставляется… Нан… Наан… На наре…
Չէին կարողացել օտարահունչ բառը նորմալ կարդալ, և այն հնչել էր, ինչպես ռուսերեն կհնչեր բերդում «նառի վրա» նստածի անունը:
Այստեղ դահլիճը փռթկացել էր, ազգերի ծովը ծփացել էր Սյունյաց դաշտերի նման: Ծիծաղը չէր կարողացել զսպել նաև Ստալինը: Նա քրքիջով ընդառաջ էր եկել, որ վերցնի գորգը, բայց Նանարն անսպասելի օրորվել էր և երեսի գույնը գլխի սյուներին տված` ընկել:
Ուրիշ ոչինչ Նանարը չէր հիշում:
Նույն գնացքով, շչակի սուլոցի ու օդում պարող քուլաների բերանին դողալով` նա ետ էր դարձել` անտեղյակ, որ միութենական թերթերի հերոսուհին է դարձել: Նրա նվաղած պատկերը Ստալինի գրկում արտապատկերել էին գրեթե բոլոր թերթերը` բացառությամբ ծույլերի ու անփորձների, ու փաստը կանաչ չէ՜, զմրուխտ չէ՜, կարմի՜ր գորգ էր դառնալու հետագա բոլոր ճամփաներին:
Նանարին պատվի առած ընդունեցին հայրենի եզերքում, և անգամ սեփական ամուսինը վախեցավ գիշերը մտնել նրա վերմակի տակ` առանց թույլտվությունը հարցնելու:
Ուղևորությունները, որոնցից բաղկացած է մարդու կյանքը, ինչպես և գրականությունը, լինում են արցունքաբեր, ծիծաղաբեր ու խելաբեր… չեմ հիշում` որ գրական գործի մասին ասել է մտածողներից մեկը: Նանարի դեպքում երեքը միանգամից թափվեցին գլխին: Ոտքը դեռ տուն չէր դրել, մայրաքաղաքում ստալինյան նախագծի շենքում երեքսենյականոց նվիրեցին:
Նանարի մտքով էլ չէր անցնի, որ իր ստեղծագործությունը այդպես փառք կբերի, ու ինքը կդառնա տարվա` ստալինյան մրցույթի հաղթողը: Նանարը երեք երեխա ունեցավ ստալինկայում` երկու տղա ու մեկ աղջիկ, որոնց մեծացրեց ոսկե ձագերի պես: Ժողովրդական արվեստների բոլոր ցուցահանդեսներին նրան հրավիրում ու պատվարժան ժյուրի էին կարգում համարյա ամեն տարի, և Նանարը շարունակ թերթերի գլխավոր վերնագրերում էր հայտնվում, զավակներն էլ` իր հետ: Այդպես էր ամերիկաբնակ պարոն Գարեգինը տեսել ու սիրահարվել Սյունյաց դստերը: Երկաթյա վարագույրը ճեղքելով` հասել էր Մոսկվա ու հարցազրույցի պահին նրա ոտքերի տակ դրել իր սիրտն ու ձեռքը:
Նանարի մեկնելու մասին լուրը տարածվեց զգուշավորությամբ, իսկ ամենավերջում իմացավ ամուսինը:
– Միայն իմ դիակի վրայով,- ասել էր նա ու ընկել կնոջ ոտքերը:
– Դիակն էլ դու ես, հա՞, մի դիակի չափ լինեի՜ր…- լոք էր արել Նանարն ու փակել Սովետի դուռը ընդմիշտ:
Ընկերուհուս լացն ինձ արդեն լիովին հանել էր վաղորդյան արբեցումից: Նրա հուզմունքը սեղմվել էր կոկորդիս, ու չգիտեի` ինչ խոսքերով հանգստացնել:
– Դե լավ, տարիքով կին էր, մի օր պիտի գնա՞ր: Հո քարե խաչարձան չէ՞ր դառնալու,- հիշեցրի մեծական խոսքն ու ինձնից գոհացած` ջազվեն մոտեցրի ջրի ծորակին` լվանալու:
– Չէր դառնալու, բայց լիքը խնդիրներ առաջացրեց` փոխանակ խնդիրները լուծելու,- հեծկլտաց Նարինեն:- Ու… դեռ հարց է` եթե այդ… այդ Սահակ կոչեցյալի պարտքերը չլինեին` տատը դեռ որքան կապրեր:
Սահակը Գարեգինի միակ որդին էր, Նանարի հետ ընդհանուր երեխաներ չէին ունեցել, և Գարեգինի մահից առաջ Նանարը խոստացել էր, որ սեփական երեխաների պես կշարունակի հոգալ ու հոգածել Սահակի համար ևս, չնայած ողջ ունեցվածքը հավասար բաժանվելու էր ըստ գրված կտակի:
– Պահո՜, փաստորեն դետեկտիվների մեջ եք,- անկախ ինձնից բացականչեցի ես, և ընկերուհիս էլ ավելի փլվեց:
– Նա՜ր… Նար ջան, հանգստացիր, հա՞, վաղը կխոսենք,- փորձում էի մխիթարել` անկարող ողբը դադարեցնելու:
Մի երկու օր Նարինեն չզանգեց, մտածեցի` հուղարկավորության հարցերով են զբաղված, և որոշեցի չանհանգստացնել: Ու երեկոյան, իր մոտ` վաղ առավոտյան, զանգ եկավ:
– Ստեղ երկար չեմ ձգի, պահող էլ ոչինչ չկա,- անքնությունից բորբոքված` ասաց նա:
– Չկա՞` վեր կաց արի, ո՞վ է ոտքիցդ բռնում: Իգռած` տակ ս մուզիկոյ,- վերջապես կարծիքս հայտնեցի հեգնանքով:
Երբ քոչում էր, իմանալով բնավորությունը, համոզված էի, որ Գրին քարտի լույսը իրեն չի ուրախացնելու, քանի որ Կապանի բորբոսնած տան պատերը չոքեչոք էր գրկում, երբ պապի գերեզմանին այցի էր գնում:
– Մի Նանարը փակեց դուռը, այս մյուս Նանարը կբացի,- հեռախոսի մեջ ժպտացի ես:- Երևում ա` խանդից վախճանված պապիդ վրեժը ցեղի մեջ վերջը դու ես լուծելու, Նենսի՜, աղվո՜րս,- գեղարվեստական մեր բառախաղերը հիշելով` վրա բերեցի կսմիթով,- ու դու, քաղաքացի Նանար, Գրին քարտը Դանկոյի սրտի պես գլխիցդ վեր պարզած` ուղեկցելու ես անառակ ցեղիդ վերադարձը հայրենյաց սահմաններ:
– Էէէ, վախտ գտա՞ր կատակելու, դու էն ասա, ո՞նց է էդտեղ հիմա. կարո՞ղ եմ գալուց հետո հարմարվել…
– Ի՞նձ ես հարցնում: Դու գիտես, որ ես Արարատի պես հավերժ եմ ու համառ, ինձ համար դիմանալը երբեք էլ դժվար չի: Բայց լսիր, ա՜յ պստի Նենսի, էդ դու մեզնից ինչո՞վ ավելի եղար. արի ու ինքդ էլ տես` լա՞վ է, թե՞ վատ,- ինձնից անկախ վրա տվեցի ես:
– Ճիշտ ես, գիտե՞ս,- անսպասելի պատասխանեց Նարինեն:
– Էդ ե՞րբ եմ սխալ եղել որ,- չդիմացա ու խաղը շարունակեցի ես:- Ոնց լինի` Նենսիից մի հոգեպահուստ պոկած կլինես, կգաս, կհիմնես` թող չլինի «Նենսիի կարպետներ», լինի` «Նանի կարպետներ», կբացես քո սեփական արտադրամասը ու էդ շնորհքդ, որ տատիցդ ժառանգել ես, արդարորեն կծառայեցնես, վա՞տ կլինի:
Նարինեի տրամադրության փոփոխությունն ինձ ահագին ուրախացրեց, ու ես հետաձգեցի հարցը, թե ի՞նչ էր եղել տատին, և այդ ի՞նչ պարտքեր ուներ խորթ մորեղբայրը:
Հեռախոսազանգերը դարձել էին կանոնավոր, ու հարմարվել էի, որ իմ ամեն առավոտը նա պիտի իր անվարժ սլենգով ծղրտացնի: Միմյանցից կտրտված խճանկար-պատմությունները համադրում էի և ստանում ընդհանուր պատկերը:
Տատը, որի հաղթած գորգի պատմությունը գիտեին թաղի մեծից փոքրն ու փոքրից մեծը, պարզվեց` լեղաճաք էր եղել: Անցած ողջ ընթացքում որևէ մեկի մտքով չէր անցել հարցնել, թե այդ ի՞նչ հրաշալի գորգ էր հյուսած եղել նա, որ Ստալինն այդպես հավանել էր, ու թե ինչո՞ւ տատը չէր փորձել նույն մոտիվներով նոր գործեր հյուսել. չէ՞ որ դրանք ակնթարթորեն կվաճառվեին:
– Սահակը մի օր եկավ, կանգնեց Նանարի բկին, թե առանձին զրույց ունի: Քաշվեցին քոմփանիի գրասենյակը ու երկար խոսեցին, հետո նանը հավաքեց բոլորիս ու ասաց, որ Սահակը օգնության կարիք ունի: Կազինոյում կես միլիոնի պարտք էր հավաքել տնաքանդը:
Սահակը հարցում էր արել Մոսկվա, պատմության թանգարաններից մեկում գտել տատի տրիումֆը ու հարյուր հազար դոլարի դիմաց պայմանավորվել գորգը ետ գնել: Բայց անհրաժեշտ էր, որ թելեվիզիոնը տեսանկարահաներ այդ ամենը` թե ոնց է նանը ետ ընդունում իր շահումը, ոնց է կոլեկցիոներ Ավետիսը հինգ հարյուր հազար դոլար վճարում գորգի համար` վերագնելով, ու թե ոնց են բոլորը գոհ ու երջանիկ հեռանում:
Թելեվիզիոնի աչքից հեռու, իհարկե, նանը գումարը պիտի տար Սահակին, որ սա կրված փողերը մարեր:
Պայմանավորված օրը գորգը հասնում է տան բակ: Այստեղ հին տարազը հագին, արծաթե մետաղադրամները ճակատին և սպիտակ ասեղնագործ թաշկինակով բերանը կապած` սպասում էր նշանավոր կարպետների տիրուհին:
Սակայն… գորգը ներս բերելն ու նրա ուշաթափվելը մեկ է լինում: Բժիշկները արձանագրել էին, որ սիրտը հուզմունքից պատռել է:
Նույն հագուստներով ու ըստ պատշաճի մի քանի օր անց Նենսիին հանձնել էին հողին, որտեղ համբերատարությամբ ու երիտասարդ տարիների սիրով սպասում էր պարոն Գարեգինը:
Թվում էր` այսքանը բավական է, սակայն…
Սահակը, գորգի փաթեթը դեռ չբացած, տանում է, որ պայմանավորվածի համաձայն հանձնի կոլեկցիոներին: Երբ բացում է ու հանդիսավորությամբ կանգնում` ապշում է: Ավետիսը կատաղությամբ ֆշշում էր, ու հենց գորգն ամբողջությամբ փռում է դիմացը, բռնում է վզակոթից.
– Այդ մարդասպանի, այդ հանցագործի պատկերին տամ հինգ հարյուր հազա՜ր… Դո՛ւրս… Ո՛տքդ այլևս այստեղ չտեսնեմ,- մռնչում է ու Սահակին թիկնապահների ուղեկցությամբ վռնդում:
Սահակը վերցրել էր «աղետն» ու վազել հին ու նոր շիրիմների մոտ: Ողջ գիշեր ոռնացել, իսկ լուսադեմին ափալ-թափալ կորել:
Գերեզմանատան մեքսիկացի պահակը վաղ առավոտյան տեսել էր թեք ընկած գորգը, ուղղել ու փռել թմբի վրա: Կեսօրին եկած ազգուտակը քար էր կտրել: Նանարի վրա, Գարեգինի աչալուրջ հայացքի ներքո, հասակով մեկ ձգված էր Ստալինը` ծխամորճը ձեռքին ու սև փայլուն սապոգները հագին: Իսկ ոտքերի տակ Նանարի մատղաշ, դողդողացող ձեռագրով ձոնված էր. «Մեր հեր, մեր արև, մեռնեմ ոտիդ տակին…»:
Շատ տխուր կլիներ այս ամենը, եթե վաղ առավոտյան նորից չզանգեր ամերիկյան հրաշքս: Ցնծում էր` իր պատուհանների տակ «ֆռֆռացող» եղնիկներից ավելի անմեղ, հյուսիսափայլից ավելի պայծառ.
– Գա՜-լի՜-սե՜՜՜՜մ…