Միշտ էլ գրպանումս ապահովության համար ծալվող դանակ եմ պահել` նույն դանակը: Նա էլ էր ապրել բթամիտ անտեղյակության մեջ, որ իր մահն իմ գիտակցական ողջ կյանքում թաքցրած պտտել եմ գրպանումս: Իսկ ի՞նչ իմանար, որ իր մահը ծպտված է ապահով զգալու իմ ցանկության մեջ:
Դանակահարելուց հետո պարանոցից հանեցի ոսկե խաչով վզնոցը, որ հոգևորականի խորհրդով ինձ պահեցի. տեր հայրը խորհուրդ տվեց, որ խաչը ես կրեմ: Դաստակին լավ ժամացույց էր կապած, որ անկասկած ինչ-որ մեկի ձեռքից էր խլել: Դանակահարելուց հետո ժամացույցը ևս պահեցի ինձ` չգիտես ինչու մտածելով, որ հանցանշան է: Հիմա ժամացույցը դարակումս է, սենյակիս լռության մեջ զարկում է սրտխփոցի նման: Կարծես նրա մյուս գերեզմանը դարակս է: Ամեն անգամ, երբ բացում եմ պահարանս, մտածում եմ, որ ամբողջ կյանքում անընդհատ նայել է այդ ժամացույցին, որ ավելի որոշակի իմանա, թե մարդկանց աչքից հեռու` այնտեղ, ուր բարեբեր արևի տակ թմրախոտ էր աճում, երբ ենք ժամադրվելու, որ ես առանց տատանվելու դանակահարեմ իրեն:
Առաջին անգամ հարվածեցի, երբ չբավարարվեց անպատվելով, հանդգնեց մորս հասցեին հայհոյել: Չգիտեմ` գիտե՞ր, թե՞ չէ, որ մայրս մահացած է: Զարմացած նայեց ինձ, կարծում եմ` այդպես էլ չհասկացավ, որ հայհոյանքին արժեր դանակով պատասխանել: Երկրորդ անգամ հարվածեցի ակամա, երբ հասկացա, որ մեռնելու է: Հասկացա նրա աչքերի զարմանքից: Հարվածեցի կիսատ մահվան վախից: Լուռ ընկավ` երկու ձեռքով երկրորդ վերքը պահած: Առաջին վերքը, որ նույնպես արնահոսում էր, անուշադրության էր մատնել: Ոչ մի ձայն չհանեց, անգամ չնայեց իմ կողմը: Տխուր նայում էր հատակին: Դեմքին ցավի արտահայտություն չկար. մտահոգություն էր միայն: Պպզել էի կողքին ու չգիտեի ինչ անել նրան մնացած կյանքի հետ:
Երբեք մտքովս չէր անցել` ինչպես է գրպանի սովորական դանակը մարդասպան դարձնում: Եթե հավանական էր, որ մահացու` հինգ մատնաչափ շեղբով դանակը վեճի ժամանակ, հակառակորդից ծածուկ գրպանիս մեջ բացեի, ապա մի դեպքում միայն` երբ ինչ-որ մեկը հանդգներ մահացած մորս հայհոյել: Դեպք, որ երբեք հաշվի չէի առել:
Բանտում մի տարեց ոճրագործ, որ ամենասակավախոս կալանավորի և թղթախաղի հանճարի համբավ էր վայելում, իմաց էր տվել, որ իր առանձնախուցն անցնեմ: Մինչև նրան հանդիպելն ինձ հուշեցին, որ մահացած մորը հայհոյելու համար նա էլ է ինչ-որ մեկից դանակի շեղբով կյանք խլել. մեր ճակատագրերը զուգադիպում էին: Ի տարբերություն ինձ` նաև թաղել էր իր զոհին և ուրիշի գերեզմանի գաղտնիքն իր հետ գերեզման տանելու համբերատարությամբ` ոչ մեկին չէր խոստովանել` որտեղ. գուցե նրան դուր էր գալիս, որ մի բան կա, որ միայն ինքն ու Աստված գիտեն: Հանցանքս խրախուսելու համար թփթփացրեց ուսիս և խոնավությունից, գուցե առանց ֆիլտրի ծխախոտներից խռպոտած ձայնով արձակեց մեռյալի հետմահու դատավճիռը.
– Մեռած մարդուն քֆուր անողն էն աշխարհ գնալու իր ցանկությունն է քեզ խոստովանում:
Գրպանից մի գլանակ թմրախոտ հանեց:
– Սրա հետ ո՞նց ես,-հարցրեց:
Ժպտացի: Հիշեցի, որ դանակահարելուց հետո նրան մահամերձ ծխացրել էի, ինչ է` հոգեվարքը թմրախոտի պատրանքների հետ շփոթի:
Միասին ծխեցինք: Ուղղիչ գաղութում միակ կալանավորն էր, որ մշտապես արհամարհում էր ոստիկանության հոտառությունն ու հսկողության տակ նման բան թույլ տալիս իրեն: Թմրելուց հետո հիշում եմ միայն նրա տառապանքից կնճռոտված ու խոհուն դեմքը` լույսի մեջ, ճաղապատ պատուհանից ընկած ստվերները վրան: Այդ օրը շատ երկար օր էր:
Ջղերս թուլացել էին: Առաջին անգամ այդ օրը` լռության մեջ ժամացույցի համաչափ թկթկոցների տակ, զգացի, որ թմրախոտը համակերպում է հավերժության հետ. ես վայելում էի ժամանակի հանդեպ նյարդերիս բացարձակ անտարբերությունը: Եվ կարծես արդեն կռահում էի, որ ձեռքի ժամացույցը համաչափ լռություն լսելու համար է կրում միայն:
Ամեն անգամ նստում էինք դեմառդեմ, և նա ինձ թմրախոտ էր հյուրասիրում: Արդեն իսկ նրանից լռել էի սովորել. սակավախոսությունը նաև ակամա զգուշավորություն է: Թմրախոտի ազդեցության տակ նայում էի նրա դեմքին և ինձ թվում էր, որ մինչև կալանքիս ժամկետն սպառվելը նրա դիմագծերն եմ փոխ առնելու: Հատկապես, երբ թմրած` դեմքիս թուլացած մկաններով ինքնաբերաբար ժպտում էի, թվում էր` սկսել եմ նրա նման ժպտալ: Կարծես թմրախոտ էր հյուրասիրում, որ իր նման լռել և ժպտալ սովորեցնի ինձ:
Դանակահարելուց հետո տնտղեցի գըրպանները: Մի գլանակ թմրախոտ գտա: Դեռ հոգեվարքի մեջ էր: Նրա գրպանի լուցկով էլ կպցրի: Լուցկին նորից գրպանը վերադարձրի:
– Կասես ինչի՞ս է պետք լուցկին: Գիտե՞ս,-հարցրի,– էն անեկդոտը, որ թմրամոլը դժոխք է ընկնում: Ի՜նչ դժոխք, զարմանում է, ի՜նչ շոգուկրակ, ի՞նչ անենք, թե արև կա, բայց ստվեր չկա, երբ շուրջբոլորը չորացած պլանի արտեր են: Մի կասյակ լցնում է, տնտղում գրպանները` լուցկի չունի: Մի ամբողջ օր գլանակը տրորում է մատների արանքում, մինչև որ պատահական մի անցորդ է հանդիպում: Անցորդը ստվեր չուներ, բայց կարևորը դա չէ: Լուցկի է խնդրում: Անցորդը խոր հոգոց է հանում` Է՜հ,- ասում է,-լուցկին էլ որ լիներ, դրախտում կլինեինք:
Չգիտեմ` անեկդոտը պատմեցի՞, թե՞ սեփական ձայնս լսելու պես հիշեցի:
Թմրախոտը թունդ էր. գլանակի կեսից ազդեցությունն զգացնել տվեց: Նրան էլ հյուրասիրեցի: Գուցե որոշել էի նրա մահը կիսով չափ վերցնել իմ վրայից: Չհրաժարվեց: Ներս քաշեց ծուխը:
– Մահվան հրեշտակներին նեղություն չես տա. ինքդ կթռչես ու գուցե դրախտից էլ լավ տեղ գտնեք:
Չգիտեմ` մտածեցի՞, թե՞ բարձրաձայն ասացի: Հետո զգացի, որ թմրախոտն իր ազդեցությունն է գործում. ժպտում էր` արևը դեմքի վրա: Մոտեցա:
– Գնա՞նք մեր տուն,-առաջարկեցի,-մառանում լավ գինի կա պահած, գիտե՞ս ոնց կբացի:
Լավագույն ընկերներիս կռվով եմ ձեռք բերել. ծեծկռտուքից հետո հաշտվել եմ իմ բոլոր հակառակորդների ու թշնամիների հետ. ափսոս որ մահացած մորս անպատվեց:
Գլխով համաձայնության նշան արեց: Օգնեցի, որ ոտքի կանգնի: Ձեռքն ուսովս գցեցի: Ինձ հենվելով` հազիվ էր կանգնում ոտքի վրա: Խնդրեց, որ արևոտ մասով անցնենք, հանկարծ ստվերների մեջ չմտնենք, ստվերներից դուրս գալ կարող է չհաջողվի: Արդեն խուսափում էր ստվերներից:
Ճանապարհին մի պահ ձեռքը գրպանը սահեցրեց: Չպատկերացրի, որ դանակ է հանելու: Տնտղել էի գրպանները, բայց թմրախոտի գլանակից ու լուցկուց բացի ոչինչ չէի գտել: Ո՞նց էր թաքցրել: Դանակը ձեռքից սահեց, ընկավ գետնին: Շեղբն արևից փայլեց: Ներողամիտ ժպտացի: Հարցրեց` շա՞տ կա դեռ: Պատասխանեցի, որ վաղուց հասած կլինեինք, եթե շոգ չլիներ: Ասաց, որ արդեն շատ ուշացավ: Ինչի՞ց: Վախենում էր` մի քիչ էլ ուշանա, բոլորը կռահեն, որ ինքն արդեն մահացել է: Հետո կանգնեց և շոգից ու մահից նվաղած` հոգեվարքի ձայնով հարցրեց.
– Ասա ինձ` կինս բո՞զ է, թե՞ չէ:
Մահամերձ մարդու մտքով անկարևոր բաներ են անցնում` մահից առաջ կարևոր թվացող բաներ: Մի հարց կար, որ ուզում էր ճշտած հեռանալ. դա էր գուցե հայացքում շվարած մտահոգության պատճառը: Ասացի, որ նրա կնոջ բարոյականությունը ոչ ոք դեռ կասկածի տակ չի դրել: Հետո պարզվեց, որ նրա հանդեպ ունեցած վախն էր զսպում ասեկոսեները: Կինն իրոք բոզ էր, բայց մինչև հիմա էլ զարմանում եմ` ովքեր են եղել այդ անհայտ, գուցե կյանքից ձեռք քաշած անծանոթները, որոնք համարձակվել էին անտեսել նրա գոյությունը: Բանտարկությունից առաջ ինձ էլ անկողին քաշեց: Չհասկացա` ամուսնու սպանության վրե՞ժն առավ ինձնից, թե՞ երախտահատույց եղավ:
Հեռվում արդեն երևում էր մեր տունը: Մի կերպ անցանք նաև մինչև դուռն ընկած տապը: Հասանք ու ներս գցեցինք մեզ: Մեր տան պատերը հաստ են: Ներսում զով էր: Մի ձեռքով վերքը պահած, մյուսով հենվեց սեղանին: Հևում էր: Դեմքը քրտինքի մեջ էր: Աթոռը քաշեցի, որ նստի. աղոտ մի հույս էի դեռ փայփայում` գուցե թե հոգնությունն առնելուց հետո չմեռնի: Նստեց: Ձեռքերը վերցրեց վերքից, փակեց ականջները. այդ պահին նկատեցի միայն, որ ձեռքերն արյունոտ են: Վերջ` մեռնում է, տագնապեցի, երբ ինձ թվաց, որ ականջներն են արնահոսում:
– Ծառերի խշշոցը,-ասաց` դեմքը ջղաձգված էր. ականջները ցավում էին հաստատ,- ծառերի խշշոցը,-կրկնեց:
Պատուհանից նայեցի ծառերին, սաղարթներն անշարժ էին: Քամի չկար, բայց արդեն լսում էր տերևների խշշոցը:
Գլուխը սեղանին ընկավ. մի երազում տեսել եմ, որ մեռնելու համար աթոռի էր ուզում հասնել: Մեր տան փայտե հատակի վրա ստվերի պես սահեց նրա արյունը: Գոռացի.
– Մա՜մ, գինին բեր… գինի’ն…
Նստեցի: Գլուխս սեղանին դրի: Աթոռս մութ դատարկության մեջ ճոճվում էր, սիրտս խառնում էր: Փակ աչքերով խավարը կարմիր էի տեսնում` արևին երկար նայելուց էր, գուցե արյունն էր աչքիս առջև գալիս:
Ձեռքս պարզեցի, գինին սեղանի վրա էր: Քաշեցի գլուխս, որ ավելի անորոշ հասկանամ, թե ինչ եմ արել: Առաջին բաժակից քիչ հետո մեր տան հատակով աչքերիս առաջ ուրիշ ստվերներ անցան: Երկրորդ թե երրորդ բաժակից չհասկացա` ոնց գլուխս ընկավ սեղանին, ոնց քնեցի:
Միջօրեի քնի մեջ, երբ գիտակցությունը նիրհում է, լսողությունը հաճախ մնում է արթուն: Ականջիս տակ լսում էի մորս և նրա բարձրաձայն փսփսոցը` խառնված բակում խաղացող մանուկների աղմուկ-աղաղակին, որոնց տան ճանապարհին չէի հանդիպել: Հետաքրքրությունս չէր շարժում` ումից, ինչից են խոսում, անտարբեր էի` ում ձայնն է թափառում լսողությանս լաբիրինթոսում. Աստված տա՝ մահը ևս միջօրեի քնի` ձայների հանդեպ երանելի անտարբերության մեջ տանեմ: Երբեմն մայրս կանչում էր ինձ. ձայնը մոտենում էր, հեռանում: Վաղուց մեր տանը չէի եղել, վաղուց չէի լսել անունս տվող նրա ձայնը, բայց լսողությունս, ինչպես արթուն ժամանակ, չէր տագնապեցնում իմ գիտակցությանը: Իմ անունը տվող մորս ձայնը չէր հուզում ինձ: Զգում էի, որ քնած եմ. արթնանալու վճռականությունս էր նիրհում միայն:
Ականջներիս մեջ ծառեր էին խշշում: Երազի նման թվում էր` խշշացող ծառերի ստվերում եմ քնած, իսկ ծառերը ավելի բարձրահասակ են: