Ալիս Հովհաննիսյանի «Լենինական-Կումայրի-Գյումրի»
Նվիրվում է Սպիտակի երկրաշարժի 26-րդ տարելիցին
«Հզոր աստվածուհին ամենևին դժգոհ չէ վերածնունդից, թեև դրա համար վճարել է իր հրաշագեղ ձեռքերը…»,- Ալիս Հովհաննիսյան, և նրա՝ ամենանուրբ զգացողություններ առաջ բերող, բյուրեղյա տողերից մեկը:
Կարծիք կա, թե գրականագիտության մեջ իբրև պարտադիր պայման առկա է երևույթի նկատմամբ սուբյեկտիվ վերաբերմունքը: Այնքան էլ ընդունելի չէ: Գրականությամբ զբաղվող «սուբյեկտը» պետք է երևույթը գնահատի վերևից, այլ ոչ թե, այսպես ասած, ներսից, կամ, ավելի ճիշտ, «ներսով անցկացնելով»: Սակայն այս գրքի պարագայում, երբ գործը առաջին հերթին ներսն է թափանցում, ստեղծում խառնաշփոթ և կամ թե հակասական զգացողություններ, երկար ու լուռ մտորումների տեղիք տալիս, միայն բոլոր հայտնի ճշմարտություններից շեղվելու բացառության կարգով պետք է տեղ տալ զգացմունքներին: Ինչո՞ւ. հեղինակի խոսելիքը, նյութը՝ իբրև վաղեմի գոյ, արդեն իսկ նստած է ամեն մի հայի, հատկապես նրա` ցնցում ապրած հատվածի ներսում: Եվ միայն այսքանով սահմանափակվում է սուբյեկտիվ վերաբերմունքը: Մնացածն ունի իր գիտական բացատրությունը՝ ամեն ինչից զատ, ընդհանրապես:
Գրողը հսկայածավալ նյութ ունի խտացրած, այնքան, որ «բացելիս» ծավալը կրկնապատկվում է. չէ՞ որ տեսածը, զգացածը, լսածը և հիշողության մեջ հիմնավոր ու պինդ նստածը գումարվում-միահյուսվում են վիպական խոսքին: Ահա թե ինչու երկրաշարժյան յուրաքանչյուր նկարագրություն-էջ գալիս է մի հազարերորդ անգամ, նույնիսկ առանց ավելորդ ճիգ ու ջանքի, փորփրել-քչփորելու գիտակցության «արխիվը»: Այսինքն՝ հեղինակի «մաքուր» միտքը (ու նաև տողատակը) առանց սեփական (ընթերցողի) հիշողությունների հնարավոր չէ ընկալել: Անգամ մի պահ ինչ-որ տեղ վերջինս պատճառ է դառնում, որ խամրի գիտակցությունը, սակայն դա միայն մի պահ է. ենթագիտակցության յուրաքանչյուր հաջորդ շերտը բացվելով՝ նպաստում է, որ տիրող քաոսային վիճակը գնահատվի ամբողջովին, բոլոր կողմերից՝ իրեն բնորոշ հետևանքներով՝ հոգեբանական, ֆիզիկական, նյութական… Տարիների հեռվից այսօր այդ իրականության մասին հիշողության բացառիկ փերթերը անգամ տարակուսանք են առաջացնում. ինքը՝ մա՞րդն է անցել դրա միջով, թե՞, որ ավելի զարմանալի է, դրա մի մասը երազ է միայն, այս ու այն կողմից լսված պատմություններից գոյացած հիշողության մի-մի պարբերություն և բնավ էլ իրեն չի վերաբերում… Ուշագրավ են գրողի արձագանքները հենց այդ իրականությանը, արձագանքներ, որոնք հիմնովին արդարացված են՝ վերոհիշյալ փաստարկներով պայմանավորված: Ակնթարթային մի չափում-ընդգրկումով պետք է գնահատել այդ նույն իրականության մյուս կողմը, որն արդեն ո՛չ սուգն էր, ո՛չ ցավը, այլ՝ նյութը, գումարը, ամենակուլ ու հոգեզուրկ այն իշխողը, որ արդեն շուրջ քառորդ դար անց, այսօր էլ, հարաբերական «անցնցում» պայմաններում, առանց բազմահարկերի փլվածքի փոշուց կուրացած ուղեղների առկայության էլ, արդիական է:
Գործը պետք է կարդալ մի քանի անգամ, թեև դրա հնարավորությունը գրեթե սահմանափակ է. շարժուն պատկերներով տողերը առաջին անգամ կարդացողը, թվում է, երկրորդ անգամ իր մեջ ուժ չի գտնի հետահայաց ակնարկ գցելու ստեղծագործությանը: Սակայն ընթերցելը կարևոր է թեկուզ և այն հանգամանքով պայմանավորված, որ զգացողություններից ծնված սարսուռներով առաջին անգամ վարագուրվածը գուցե թե երկրորդ անգամ բաց տեքստով հանձնվի…
Յուրաքանչյուր հաջորդ ակնթարթին չգիտենալով, թե ինչ է իրեն սպասվում, այսինքն, թե դարանակալ մահը ո՛ր անկյունում (ասել է թե՝ որ ցնցումի հաջորդ որերորդ կատարին) է թաքնված, և ավելի շատ սպասելով մահվանը, քան կյանքին, այն ո՞ր մարդն է (առաջին հերթին մարդը, հետո նոր՝ գյումրեցին, սպիտակցին…), որ հոգեբանական-փիլիսոփայական երևույթի՝ «ման»1-ի «իշխանության» տակ է դեռևս: Գործը պետք է գնահատել նաև այս դիտանկյունից: Այսպես, ի՞նչ իմանաս, հաջորդ վայրկյանի ցնցումը հողի տակ չի՞ թավալելու քեզ, և արժե՞ ուրեմն դրանից առաջ… ափսեներ լվանալ: Սակայն այն օրերին… Ի՞նչ էին անում անբարոյականն ու չարը: Եվ արդյո՞ք անբարո արարք էր այն, ինչին ականատես ենք լինում. մարդու երկու ես-ն են վեճի բռնվում ակամա: Իսկ ո՞ւր է այստեղ կյանքի և մահվան սահմանագծին հայտնված մարդու հոգեվիճակը. չէ՞ որ սա նախ և առաջ հոգեբանություն է, հետո միայն` գործողություն: Սա իրական, անմիջական արձագանքն է տիրող քաոսային վիճակին և մարդու՝ ըստ էության (էությունից բխող) բնազդն է: Մարդը հասնում է գրեթե մինչև իր մտածողության նախասկիզբը, և կամ թե դրանից գեթ մի քայլով բաժանող իրականությունն է սա:
Մենք ուղղակիորեն առանձնացրել ենք այն հարցադրումները, որոնք շեշտում է հեղինակը բաց կամ փակ տեքստով. չէ՞ որ, ի վերջո, կարևորը ոչ թե իրականության պատկերումը և կամ թե հերոսներն են, այլ՝ առաջ քաշված գաղափարները: Իսկ հարցադրումները, «դուրս բերված» սահմանումները, մարդ արարածի առեղծվածային դիմագծի արտահայտություն-արտացոլանքը խոսում են ի շահ ստեղծագործության: Հայ-գյումրեցի-համամարդկային խորքով դատողություններ. ահա այն հենքը, որի վրա իբրև ինքնատիպ հյուսվածք ձևավորվել է ամբողջ գործը:
Կանացի կերպարներից առանձնապես մի քանիսին չենք անդրադառնում միայն մի պարզ պատճառով. վիպակում գուցե թե սուբյեկտիվիզմի ակտիվությունը խթանող միակ կետը այս է: Ի վերջո, յուրաքանչյուր իրողություն ունի իր ուրույն մեկնաբանությունը, հարկավ, ոչ բոլորի կողմից ընդունելի:
Չափազանց ուշագրավ տեսարաններից է երկում հերոսներից մեկի՝ Մուկուչի՝ անբացատրելին իրականության մեջ բացահայտելու մեծ ցանկությունն ու համառ ջանքերը, որին հետևում են հերոսի «հետազոտության արդյունքները». «Չկար մեկը, ում սրտի վրա մեկ կամ ավելի սպի չլիներ: Բոլորի ուղեղները նույն կետում, փոքրիկ, գրեթե աննշմար մի գորշավուն կետ ունեին՝ մի քիչ փոս գնացած, որի մեջ թանձր նյութ էր արտադրվում՝ նույնիսկ մեռնելուց շատ ժամեր անց: Քրքրեց բժշկական հանրագիտարաններ, հարցրեց բժիշկներին, ոչ ոք չգիտեր, և հետաքրքիր է՝ չէին ուզում խորանալ անծանոթ երևույթի մեջ… եզրակացրեց նաև, որ եթե մի շատ հետաքրքիր երևույթ խոթում ես մարդկանց աչքը, և նրանք չեն զարմանում, կամ զարմանալուց անմիջապես հետո մոռանում են, ուրեմն մարդկության համար տվյալ երևույթի բացատրությունը դեռևս արգելված պտուղ է»:
Բնականաբար, պայմանականորեն է ընտրված դիահերձարանի տեսարանը՝ ուղղակի ժողովրդի «ներսը», սիրտն ու հոգին բացեիբաց տեսնելու, ի ցույց դնելու համար: Խիստ համոզիչ է. նրան էր տրված ժողովրդի վիճակը (նույնիսկ հետմահու) բացահայտողի դժվարին դերը: Սիմվոլիկ կերպարների մի երկար շարք կարելի է թվարկել. դերասանի կերպարը. կյանք-բեմը նա սկսում է այլևս այլ ձևով գնահատել, գնահատել իր բնական վիճակով (նա «հեշտությամբ ընտելանում էր դերասանություն անելու փոխարեն բնական մարդու վարքով ապրելու հարմարավետությանը: Շատերի պես նրա աչքերը լայն բացվեցին դաժան իրականության հանդեպ: Երկրաշարժի ներկայացրած պատկերները վերջին արարվածն էին համընդհանուր կատակախառն ողբերգության»), սա թատրոնի՝ աշխարհացունց հանգուցալուծումն էր: Այդպես և Մուկուչ՝ նախազգուշացնող կերպար (երազում հայտնված՝ «չար լեզուներից գոյացած հսկա սարը», դիահերձումից հետո նաև այսօրվա ախտերի մասին նախազգուշացումը (թմրամոլություն) և այլն: Նշվածներից առանձին պարբերությամբ պետք է անդրադառնալ Սաթոյի կերպարին: Ո՞րն է նրա «առաքելությունը» գործում. ամոքել բոլոր դրա կարիքը զգացող տղամարդկանց վիշտը՝ բոլորին միևնույն միջոցը առաջարկելով. «Դարդ մի էնե, ազիզ, էգող տարի էս վախտս քեզի արու զավագըմ կպարգևեմ»: Սա եթերային և ամենաիրական կերպար է, որ սահելով անցնում է, ու նրան բնորոշելիս գործածված բառերն էլ հենց կանացի գենոֆոնդի հավիտենական պահպանման խորհրդանիշն են: Նա իրական է այնքան, որքան և անիրական է. ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, թե այս կինը որտեղի՞ց է հայտնվում՝ բնությունից, դաշտերից՝ ամառ թե ձմեռ խորհրդանշական անթառամների պսակը գլխին, կնոջական ուրուի նման՝ իբրև կյանքի շարունակականության, իսկ առաջին հերթին՝ վերածննդի և հարատևության խորհրդանիշ: Սաթոն, «աշխարհի հանդեպ անսահման գորովից խենթ դարձած Սաթոն». դառն հեգնանքը առավել քան խոսուն է, ու ասես նրա շուրջն է պտտվում ողջ տիեզերքը, այս սերը մոռացած, գրեթե ամեն ինչ մոռացած, «հիմնահատակ փոխված չափանիշների» աշխարհն ու քաղաքը:
Հիրավի, արդարացի է հեղինակը, երբ նշում է, որ սա իր սիրելի գործն է. չէ՞ որ առաջին հերթին այդ աշխարհի հետ հոգևոր կապի արտահայտությունն է առկա: Ահա թե ինչու, գրողը անդադար շեշտում է՝ «ինչպես կվարվեր լենինականցին…»: Ինչո՞ւ. նեղացնելով մտահորիզոնը՝ մեծ աշխարհի ազդակները նա պրոյեկտում է փոքր աշխարհի վրա: Հաճախակի կրկնելով այս և համանման այլ խոսքեր՝ գրողը երիցս գալիս է ապացուցելու, որ իր մտասևեռումը, խոհերի կիզակետը Գյումրի մեծ ու փոքր աշխարհն է: Լենինականցի-գյումրեցին մարդկային իր որակներով նախ և առաջ յուրատեսակ հոգեկերտվածք է ու մտախառնվածք, ապա և մյուսներից որոշակիորեն տարբերվող նրա մտածողությունն է, որի շուրջ խոհերը պարբերաբար գրողին տանում են դեպի համամարդկային արժեքների վերհանում: Հետաքրքիր է, որ մյուս կողմից էլ՝ գրողը այդ ժամանակներին (որոնք, ցավոք, նաև բոլոր ժամանակներին են վերաբերում) բնորոշն է նեղացրել. ահա արձակագրի բավականին համարձակ խոսքը. «Անծայր վշտից մարդուն դուրս բերելու համար հնարներ մարդը միշտ էլ կարող է գտնել, եթե փորձի: Յուրաքանչյուրին պետք է զբաղեցնել ըստ իր հակումների, նախասիրությունների. աշխատասերին աշխատանք տալ, բնածին լիդերին՝ աշխատանք կազմակերպելու հնարավորություն: Թվում է՝ ամենադժվարը բնածին անբանի համար զբաղմունք գտնելն է, բայց Հայաստանում բնածին անբանը հեշտությամբ է տեղ գտնում, տեղավորվում է բոլոր այն աթոռներին, որոնց վրա նստելու համար խելացի, բանիմաց մարդիկ դեռ տատանվում են, լրացուցիչ հիմնավոր գիտելիքներ ձեռք բերած չլինելով՝ դեռ հապաղում են: Եվ ժամանակը աշխատում է հօգուտ մակերեսում լողացողների»:
Ժամանակային երեք չափումները՝ մինչերկրաշարժյան՝ մեղքերով լի մարդիկ ու քաղաք, բուն երկրաշարժ, հետերկրաշարժյան՝ հարաբերական «մաքրակենցաղություն». գրքում դրանց հերթագայությունն է՝ առավելապես հոգեբանական տեսակետից, պահի և դրան հաջորդող ամեն մի ակնթարթին մարդկային կերպարանափոխությունները (թե՛ դրական, թե՛ բացասական առումով. տե՛ս «ատելություն չկար, կար միայն սեր»): «Բնական հողակույտերից» («…Տե՜ր իմ: Ինչո՞ւ են այս հողակույտերը այսքան բնական: Գուցե նրանի՞ց, որ դրանց տակ դեռ կենդանի մարդիկ կան») իբրև անմեղներ և կամ թե մեղավորներ ակամա դուրս մնացածներին միավորում է ինքը՝ Աստված ամենակարող, ու մարդկանց հոգիներում նրա իսկ ներարկած սերն է: Եվ առաջադրվում է հերթական հարցը. մի՞թե պարտադիր են տարերային աղետները, որ իշխողը լինի միմյանց հանդեպ՝ միայն տիեզերքից առաքվող համապարփակ սերը:
Կամաց-կամաց ոտքի է կանգնում վիրավոր Գյումրին, «աճում» են «հրեշտակի թևերը» նաև մարդկային հոգիներում. չէ՞ որ յուրաքանչյուր ցնցում ազդում է մարդու հոգեկան աշխարհի վրա առաջին հերթին:
ժամանակի բոլոր իրադարձություններին անդրադառնում է գրողը, որոնում և գտնում է այդ ամենի հիմնավոր պատճառները՝ հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնելու փորձ անելով: Թեև տիրող վիճակը, ցավոք, նույնանում է հուսալքության հետ: Դեռևս անտիկ փիլիսոփաներից մեկը՝ Սենեկան, խոսելով հույսի մասին, այն մոտեցնում և զուգադրում է վախին. երկուսն էլ «ապրում են» նույն իրականության մեջ՝ վախն ապագայի նկատմամբ և նույն վախից ծնվող և գուցե թե վախով սնվող… հույսը:
…Անգամ այդ ամենից հետո էլ ոչ ոք չհամարձակվեց երկնքին նայելիս վատ խոսքեր մրմնջալ: Սրանք զուտ մարդկային հատկանիշներ են, որակներ, որոնք աշխարհագրական սահմանների չեն ենթարկվում. սա մեծատառով մարդու տեսակն է, և այլ հարց է, որ այն ավելի ամուր նստած է գյումրեցու ներսում:
Ահա հայը, ահա գյումրեցին՝ հայի գենետիկ կոդի լավագույն որակների կրողներից մեկը, թեև ասվածն անվերապահորեն տարածվում է այդ օրերի ցնցումներն ապրած հայի բոլոր զավակների վրա: Սակայն իբրև նախազգուշացում, որից մինչև իրականություն, ցավոք, ընդամենը մեկ քայլ է, հնչում է հեղինակի ձայնը. «Հենց որ հային զրկեցիր աշխատանքից, կբռնի պանդխտության ցուպը…»:
Գրքում հեղինակի խոսքը լի է մտքերի՝ ժողովրդական բառուբանով հարուստ առատ հունձքով, որը, ի դեպ, առանձին ուսումնասիրության նյութ է՝ համապատասխան գիտության կողմից:
1. ««Ման»-ի իշխանությունից դուրս գալու և ազատություն ձեռք բերելու համար մարդը, համաձայն էկզիստենցիալիզմի, պետք է իրեն դնի կյանքի և մահվան միջև սահմանամերձ իրադրության մեջ»:
Ուզում եմ նշել, որ առկա է փոքրիկ վրիպակ. խոսքը Ալիս Հովհաննիսյանի «Լենինական-Կումայրի-Գյումրի» վիպակի մասին է: