***
Ինձ ոչինչ չի կարող հաշտեցնել
պարտության հետ,
իմ արմատները կարծր են
բոլոր մետաղներից,
բայց փխրուն են սաղարթներս,
որոնք խճճում են աշխարհը
պատրանքների լաբիրինթոսում…
Բանականությունն անզոր է
վերծանելու հոգուս
անթափանց շերտերը…
Իմ մարմինը խոցում են
ատելության թունավոր նետերը,
բայց հակաթույնը
վաղուց է ներարկված
արյանս բջիջներում…
Երբ Վերև չեմ նայում,
գիտեմ, որ ՆԱ նայում է ու հսկում…
Ես միշտ վերածնվում եմ
նույն դեմքով…
Իմ զավակներն իմ կողքին են,
իսկ «անառակ զավակներս»
վերադառնում են ճիշտ ժամանակին,
երբ լսում են ձայնը
գերված կարոտների…
Ես չեմ կանգնում
անցյալի, ներկայի ու ապագայի
խաչմերուկներում,
քայլում եմ առաջ,
քանզի ինձ սպասում են
գերված կարոտներս…
Ես Հայաստանն եմ…
Սամվել Զուլոյանին
Նրա թռիչքը միայն
անդունդի վրայով էր լինելու,
երբ մյուս կողմում տեսներ
մեր պարզված ձեռքերը։
Նա բոլորից լավ գիտեր,
որ նետվելը բոլորովին
չի կարող թռիչքի
պատրանք ստեղծել,
իսկ մենք փորձում ենք
հավատալ մեր հորինած ցնորքին
և չենք կարողանում…
Խոսքերը հրաժարվում էին
արդեն հորինվելուց,
քանզի այնքան էին նույնացվել
նրա փխրուն էության հետ,
որ իրենք էին հորինում
իրենց անսթափ գերյալին,
որ հետո տարիների փոշին
չնվազեցնի սթափության
սպասումն ու չլքող ջերմությունը
բառի կախարդանքի։
Մենք վերև ենք նայում.
Ես այստեղ եմ,- ասում է նա
և ծաղրում մեր հայացքների
անճիչ լրջությունը։
***
Լռության մեջ թաքնված հղացումը
զորեղ է ձայնից,
քանզի անկռահելի են
կանխատեսելիության սահմանները…
Իրար կողքի շարված բառերը
կարող են ընդվզել միմյանց դեմ
և կործանել խոսքը,
եթե նրանք իրենց կամքով չեն
հայտնվել հարևանությամբ։
Երբ նրանց ազատ ես թողնում,
իրենք են ընտրում
խոսքի տիրույթը,
իրենք են ընտրում Անունը,
ով պետք է կրի
լռությունը խախտելու
անքավելի մեղքը
երկրային ժամանակում…
Սահմանված ոլորտում
ներման տեսիլքն այցելում է
միայն այն հոգիներին,
որոնք չեն որսում բառերը,
այլ դառնում են որսը բառերի…
Ես մեկն եմ նշանակետերից,
իսկ ժամանակը
բառեր է սոսնձում
դեպի ինձ սլացող նետերին…
– Մի՛ կկոցիր աչքերդ,
Լռության պաստառին կաթկթող
արյանս երանգներն
իրենք են ընտրում
Սահմանված աչքերը…
***
Ես քայլում եմ
իմ չգրված գրքերի
ճմռթված էջերի միջով,
լսում եմ ձայներ
ծանոթ ու անծանոթ հղացումների,
որոնք մարում են
հորիզոնի անվերջությունում…
Անքավելի մեղքի դաշույնները
կտրտում են հոգիս,
ցավը սփոփանքի դիմակ չի դառնում,
ես վախենում եմ նայել
չապրած օրերիս հայելում,
փնտրում եմ դեմքս
նոր հղացումների լճակների
պարզ հայելիներում,
որ ոտքերս տանեն ինձ այնտեղ,
որտեղ կենսունակ է
տեղ հասնելու
հավերժական պատրանքը։
***
Քարանձավները ետ են պտտում
ժամանակի խունացած ժապավենը
և կրկին չափում
մտահորիզոնը պիտեկանտրոպի,
դեղին լույսի ծվեններ են ուղարկում,
որ մարդիկ պատճենեն
անդրադարձներն
անծիր անապատների…
Անծանոթ լույսը որսում են
զգայուն աչքերը ռոբոտների,
որոնք տագնապալի
ձայներ են արձակում՝
խլացնելու բանականությունը
մոլորյալների ահարկու զանգվածի,
որ նրանք չընկալեն
հույզերը մաքուր ու անխաթար,
որ փակեն ճանապարհը
հոգևոր Վերադարձի
և այն դադարը լռության,
երբ կրկին կտեսնեն Տիրոջ դեմքը
և համր քայլերով կվերադառնան
ՆՐԱ ուղեկցությամբ։
Ռոբոտները շրջում են
մարդկանց հայացքները
դեպի ահռելի
երկնաքերներն ապակյա,
որոնց վերելակները
ոչ թե մոտեցնում են երկնքին,
այլ սահմանափակում
ավելի վեր գնալու երազանքը։
***
Ծաղիկն ակնթարթի խորհրդանիշն է,
ծառը՝ հավերժության։
Եթե նույնիսկ չի պոկվում ծաղիկը,
միևնույն է՝ թառամում է
իր նուրբ ու բարակ ցողունի վրա…
Ծաղկաթերթերը մեր օրերն են,
որ ընկնում են, հատելով
պահերի մազե թելերը,
ընտելացնելով մեզ
հողի պաղությանը։
Ծաղիկն ահազանգ է՝
վաղանցիկ գոյության
արժեքն ըմպելու հրաշքի
հիացմունքը զսպելու
անհեռատեսության ձայներով։
Ծառը սարսափում է միայն
սղոցի ձայնից,
սակայն անմար է հույսը
հզոր արմատից վերընձյուղվելու…
Մենք՝ ամենքս, մի ծաղիկ ենք՝
ժամանակի հավերժության
ծառի տակ
անփութորեն աճած։
***
Բանականության նահանջի
կարմիր լույսն սկսում է թարթել,
երբ ենթատեքստ ես փնտրում,
առանց ֆիքսելու
գոյությունը տեքստի,
որը բառերի անկանոն կույտ է՝
իրարից օտարված,
որոնց հնչյունները
հրդեհ չեն ստեղծում
կարճ միացումից,
սակայն զգացվում է հոտը
քայքայված հաղորդալարերի…
Ոչնչանում է հույսը՝
մտքի վերածվելու։
Դու խելագար չես,
քանզի հարմարավետ ես զգում
քո մտասևեռման տարածքում…
Խելագարը ես եմ
այն պահերին,
երբ քեզ տեսնում եմ
երկրային ժամանակի
իմ տիրույթում։
***
Երբ ձգում են ցավերը ինձ,
ամեն մեկն ուզենալով
իր անդունդի եզրը տանել,
ես հավաքում եմ բոլորին
անհաշտության շրջագծով
Հեռացումի հորդորանքի,
Լուսե շողը թողնում ՆՐԱՆ՝
աղերսներիս բավիղներում,
զի չեմ եղել ամբարտավան,
չեմ հանդգնել անցնել երբեք
հոգուս ձայնի սահմանները…
Զգացել եմ ՆՐԱ ձեռքի
ջերմությունը ամենազոր,
որ ցրում է իմ վերքերի
ճառագայթող հարվածները,
ասում՝ ապրիր մեծ պոետի
շուրթից պոկված հավատամքով.
«Կյանքը ոչ թե օրն է նախորդ
օրից հետո, այլև հաճախ
ցավը՝ ցավի»… Միայն Սերը,
Սերը երբեք չպակասի…
***
Օրն ամպամած է, ինչպես կեսգիշերին
զանգերին չպատասխանող
ամուսնուն սպասող կնոջ դեմքը…
Ես քայլում եմ զգույշ ու աննկատ
օրվա տխուր աչքերից,
որ չտեսնի ինձ ու չարտասվի,
չտրտնջա ու չպատմի ինձ
այն, ինչ գիտեմ վաղուց…
Հետո նայում եմ լուսամուտից՝
արդեն արտասվում է,
երևի տեսել է ուրվականիս,
քանզի միշտ ինձ թվում է,
որ «թիրախը» միայն ես եմ,
երևի շատերին է այդպես թվում։
Ես փորձում եմ
թարմ արյուն ներարկել
օրվա երակներում,
լվանալ կեղտոտ ու փոշոտ մազերը
ներշնչանքի թափանցիկ հեղուկներով.
ոչ մի արձագանք,
միայն ախտազերծ տխրություն
և լուռ պարսավանք օրվա աչքերում,
որ համառորեն չի փորձում
հավաստել իմ ներկայությունը
լոկ մի մահկանացուի չնչին չափով…
Ես ներկա՞ եմ, թե՞ բացակա՝
չգիտեմ և չեմ իմանալու,
քանզի ստում են բոլորը,
ովքեր ասում են, թե գիտեն։
***
Քեզ համար ի՞նչ տարբերություն, Տե՛ր,
թե հիշողությանս
մաշված թիկնոցի
ո՞ր գրպանում եմ պահում
պատկերն իմ ստեղծած
մոմագույն Աֆրոդիտեի,
ում դեմքն այդպես էլ
մնաց ամոթխած
իմ չկայացած հպումներից…
Գույնը խաբկանքի
վրձնի արդյունքն է։
Նրա մարմինը
երկու հազարամյակ խտացած
քո հայացքի ջերմությունից
չի՛ հալվելու, Տե՛ր,
հանի՛ր կորստյան տագնապը
իմ թափառական հոգուց,
որ ձեռքս չդողա շարունակ,
հոգուս վերջին վերադարձից առաջ,
քանի դեռ չեմ կորցրել մարմինս…
Ես Այստե՛ղ եմ լցրել ավյունով
նրա նուրբ մաշկի տակ
թրթռացող սպասումը։
Նա միայն Այստե՛ղ է իմը,
Այնտեղ ուրիշ է
մտապատկերը ցնորքների…
Նա չի՛ հալվելու, գիտեմ,
սակայն շրջի՛ր հայացքդ, Տե՛ր,
որ չդողան ձեռքերս
մայրամուտիս վերջին
շողերի ներքո,
որ վերջում, ամենավերջում
իմ ժպիտը ձուլվի
արտացոլանքում
Քո ամենազոր ժպիտի…
Քեզ համար ի՞նչ տարբերություն,
Տե՛ր…
***
Մինչ դու հասկացար
կյանքի հայացքում թաքնված
չասված բառերը,
արդեն շատ ուշ էր…
Մինչ փորձում էիր տաքանալ անվերջ
մի վառարանով,
որը թղթից էր միայն պատրաստված՝
մետաղի գույնով,
այրվում էր իսկույն, ակնթարթորեն,
չէիր կարողանում տեսնել
իրական դեմքը ժամանակի,
որում սպառվում էր
անողոք օրերի քանակը…
Դու մրսում էիր
քո ներսից փչող պաղ քամիներից։
Կարծրացավ քիչ-քիչ
սառույցն անտարբեր քո շրջապատում,
իսկ հոգուդ վրա
թևեր չաճեցին, որ թռչի վերև,
տեսնի՝ ներքևում ինչ է կատարվում
ցնորքից անդին։
Իսկ այդ ամենը կրկնվում էր հար
անհամար անգամ։
Օրն անհաղորդ է
արդեն ժամկետանց քո աղերսներին,
միայն հոգիդ է նայում քեզ այժմ
լուռ կարեկցանքով,
միայն աչքերդ են
փորձում ճանաչել քեզ ամբողջովին
կորսված հույսի
կոտրած, սոսնձած խավար հայելում…
Ես քո կողքին եմ,
չնայած արդեն քո վերադարձը
հեռացումից էլ ավելի ցավոտ
ու դաժան եղավ։
Բռնում եմ ձեռքդ՝
մի քիչ տաքանա աշնան ավարտին։
Նամակ ցպահանջ
Անձրևանոց չվերցնես
իմ տողերի միջով անցնելիս,
որ դեմքիդ զգաս
իմ աշնան անձրևի
կաթիլների հպումը,
գլխարկ չկրես
իմ տողերի միջով անցնելիս,
որ թարթիչներիդ զգաս
իմ ձմռան փաթիլների հպումը,
որոնք կհալվեն իսկույն
իմ արցունքների փոխարեն,
հուշելով, որ անցել են
իմ գարունն ու ամառը,
հիշեցնելով, որ նաև
իմ ուղեկցությամբ ապրես
քո գալիք
ծաղկաշատ գարուններն ու
տոթակեզ ամառները։
***
Մեռնող ժամանակի առջև
իմ անզորության
միակ արդարացումը
քո ավետաբեր ժպիտն է,
որ կտրտում է
ինձ անթիվ հանգույցներով
հողամերձ տիրույթներում կապկպած,
մետաղի ամրությամբ
բոլոր թելերը՝ ինձ ընծայելով
վերելքի ճանապարհի
դյուրինության
բարդագույն կոդերի ծածկագրերը…
Կածանը ճանապարհ է դառնում,
երբ վստահում է
քայլերիդ հաստատուն ռիթմին,
այլապես տանում է
դեպի անորոշության փակուղի,
որտեղ ոչ ոք չի հուշում
ետդարձի ճանապարհը…
Ժամանակը չի հանդուրժում
ետդարձի ու զղջման
ծանծաղ մտասևեռումը,
երբ հոգիդ ծերանում է՝
քամահրանքով նայելով
մարմնիդ առույգությունը…
Քո ժպիտը զերծ է պահում
հոգուս մերձակայքը
մեղանչման սայթաքուն խայծերից,
վհատության
ինքնաթունավորող թմրանյութից…
Քո ժպիտը միակ արդարացումն է
գալիք օրերիս քանակը
չհաշվելու
իմ անուղղելի անլրջության։
***
Բնությունն իր անկրկնելիությունը
հավաստում է միայն
մեր աչքերում իր արտացոլանքով…
Մեր աչքերը
միակ փրկությունն են
սև-սպիտակ միօրինակությունից,
որ ամեն օր
գույների նոր թրթիռներ են ֆիքսում՝
լիովին տարբեր
երեկվա ու վաղվա երանգներից։
Ծաղիկների չթառամելու
միակ երաշխիքը մեր աչքերն են
և մեր ուղեղում պահվող
բույրերի հիշողությունը,
որի շերտերն ավելանում են
ամեն մի նոր ծաղիկ տեսնելիս…
Երբ տեսնում եմ Քեզ,
հապաղում են բոլոր բույրերը,
քանզի Քո բույրով են լցված
իմ բոլոր լուսաբացներն
ու մայրամուտները։