***
Ալբեր Կամյուի «Ժանտախտը» (թարգմ.՝ Գ. Քեշիշյան) ընթերցելու համար հարմարագույն ժամանակ ընտրելու հապաղումներս ձգվեցին գրեթե 30 տարի (վեպը լույս է տեսել 1991-ին): Կամյու-վիպասանի (ոչ աբսուրդի տեսաբանի) հանդեպ թերացումս մի օր պիտի ստիպեր ինձ վճռականորեն ձեռքս առնելու գիրքը: Ու դա եղավ: 2019-ի սեպտեմբե՞րն էր, թե՞ հոկտեմբերը…
Կորոնավիրուս համաճարակի առաջին սպառնալի ճայթոցը Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահի «պանդեմիա» գույժի մեջ, որ լսեցի (2020-ի մարտի 12-ին), հազիվ մի տասը օր էր` մեզ մոտ հայտնվելու հասանելիությունը հաղթահարել էր այդ վարակախտը: Կամյուի վեպին ծանոթությունս ու իրականում «ժանտախտ» տեսնելու համընկնումի մեջ որևէ միստիկա չփնտրեցի:
Դա խորհրդավորը հանդուրժող, բայց երբևէ խորհրդապաշտություն չխրախուսող պարզ պատահականություն էր: Ինչպես նման անկանխատես բան չես համարի՝ քեզ հետաքրքրող նյութի տրամադրած զուգահեռները: Եթե «Ժանտախտը» (Կամյու), ուրեմն՝ «Պելոպոնեսյան պատերազմի պատմությունը» (Թուկիդիդես), ուրեմն՝ Հիերոնիմոս Բոսխի «Մղձավանջները», «Ժանտախտի տարվա օրագիրը» (Դ. Դեֆո), ուրեմն՝ «Նշանվածները» (Ա. Մանձոնի) և այլն. սրանցից մեկ-երկուսը արդեն ոչ պատահական ընթացակից դարձրի ֆրանսիացու վեպի ընթերցումին:
***
Նրբագեղ մինիմալիզմի (նկարագրելու զսպվածությունը նկատի ունենք) եթե դիմենք, մեր արտահայտվելու ձևն էլ, ըստ այդմ՝ ընտրած, Կամյուի պատմության ամենախոսուն հատվածները դիպուկ բավարարությամբ կբացահայտեն` ինչպե՞ս է «աշխարհի վերջի» առօրյան բարեհաճում ցույց տալ, որ ինքն այլ բան չէ, քան մի սովորական օր` անսովորության աստիճան հայտնված բացառիկ իրավիճակում («…Օրանը առավ եզակի կերպարանք»)՝ բացիլակիր առնետների* «անկումի» առաջին նախանշաններից սկսած:
Երբեմնի զգայուն ու ժիր այդ մոխրագույն կրծողի դնչի ծայրը ճզմվել էր թակարդի եզրին: Դնչից զեղված արյան կաթիլը փայլում էր հատակի վրա: Իր զեղումն ու իմ զզվանքը, առանձին-առանձին տարբեր տեղերից իրար հանդիպած, եկան ու խառնվեցին արյան այդ լերդուքին, որ սատկած առնետից էր դուրս ծփվել:
Երևակայությանս մեջ այս պատկերով են վերարթնանում Կամյուի «Ժանտախտի» առաջին օրերը: Վեպում նման նկարագրություն չկա: Կա ուռած ու նեխող առնետի «արյան կաթիլը»: Ցուցադրովի կարգապահություն ներքին անվերահսկելի վարքի վրա. Կամյուի ոճից եմ ենթադրում, որ այն թեև արտաքուստ պարականոնիկ չէ, ներսից է կազմալուծման վտանգը անընդհատորեն ներկայում:
Ժանտախտային տենդի նախանշաններով դերասանները խաղում են Գլյուկի օպերան՝ «Օրփեոսը», որ արտակարգ իրավիճակում երկար դադար էր ունեցել ու ներկայացումները վերսկսելիս, ամիսներ շարունակ նույն «մելոդրամատիկ» տեսարաններով, մի տեսակ հիստերիկ մթնոլորտ է թողնում Օրանի քաղաքապետարանի թատրոնում: Հյուրախաղերի ժամանած դերասանական խումբը սովորական պայմաններում երևի այն ներգործությունը չունենար հանդիսատեսի վրա: Դա «ցուցադրականը» հսկող ոճը ներքին «անվերահսկելիի» հետ հաշտեցնելուց է, «կյանքով ապրելուդ» հետ միաժամանակ մահացու վարակված լինելուդ չհավատալուց է, հուսահատությունը թաքցնելու «ընդհանրական պահանջից» է: Ես մեռնում եմ բեմում («Օրփեոսի» դերակատարներին սա բառացի է սպառնում) հանուն այն կյանքի, որ դահլիճում է:
Ժանտախտ ու առնետ նկարագրելու Կամյուի չորությունն ու իմ վախը` թույլ չտալ դա փոխանցվի ինձ նույնը նկարագրելու իմ փորձերում,- ինձ ու Կամյուին արժանապատվությամբ է վարձատրում: Կամյուին, որ իր «չորությամբ» հանդերձ, չի ախտահարվել կողքից դիտողի անտարբերությամբ: Իսկ ինձ, որ հակառակ սպասվածի, վախից «չորությամբ» չեմ վարակվում այդ ամենի մասին խոսելիս:
Ժանտախտը նկարագրել միայն հիշողությամբ, առանց չափազանցումների (Կամյուի «խնայողական» խոսելակերպին սա չի վերաբերում), նույնն է, թե առնետով խցանված խողովակը գալարափողի դեր կատարի որևէ մռայլ սիմֆոնիայում: Ընդունել առնետներին այնպես, ինչպես նրանք կան,- խորշանքով իրենց վրա կենտրոնանալու տհաճ անհրաժեշտությունից, հատկապես, երբ խորհրդավոր պատումի նախամուտքն ես բացում սատկած առնետ նկարագրելով, մինչև հոգեբանական նախապատրաստումը մոտալուտ աղետի, որի առաջին զոհերը հենց իրենք՝ առնետներն են դառնում որոշ հանգամանքներում: Ընդունե՞նք ինչպես որ կան վախճանի հեռավորությունը զգալու մեջ նրբացած այդ կենդանիներին: Մենք էլի անաչառ հավասարակշռություն պահպանելու հակված չենք,- օրինակ, որևէ մեկս կարեկցանք կապրի՞ առ առնետը, որ առաջինն է «զոհաբերվում»՝ մեծ ժանտախտից առաջ կանխանշան թողնելով սպասվող «վշտի ու ողբերգության»: Ես այդ կարեկցանքն (զզվանքի հետ) ապրեցի Կամյուի «Ժանտախտում», ըստ էության՝ առաջին նախադասությամբ. «Ապրիլի տասնվեցի առավոտյան բժիշկ Բեռնար Ռիեն իր բնակարանից դուրս եկավ: Նախասանդուղքի վրա նրա ոտքը դեմ առավ մի սատկած առնետի: Որևէ նշանակություն չտալով՝ նա ոտքով մի կողմ հրեց այն ու աստիճաններով իջավ ցած»:
– Դուք փախչում եք առնետների՞ց: Ո՛չ: Դուք փախչում եք առնետներից հետո դրվող կախման կետերից, որոնցից մեկը ժանտախտն է: Դուք փախչում եք ժանտախտի՞ց: Ո՛չ: Դուք փախչում եք կախման կետերից հետո դրվող Ալբեր Կամյուից: Ժանտախտը իրականում այն ժամանակ էլ այնքան սարսափելի չէր, որքան գրականության մեջ: Առեղծվածային ուղին, որ հանգեցնում է մեծ գաղափարի, պետք է հսկողության տակ լինի, որպես «կանխարգելիչ միջոցառում»` թույլ չտալու մի անգամ Մտածվածը համաճարակ դառնա: Մեծ գաղափարը մեծ ժանտախտի պես է` ուսումնասիրվում է առաջին զոհը՝ հիվանդության առեղծվածը պարզելու համար: Մնացած հազարավոր զոհերը առանց հետազոտման վարակից «հնձվածներն» են, որ արժանանում են ընդհանրական գերեզմանի:
«Ժանտախտի» առօրյան,- չքավորների ու մեծահարուստների է՛լ ավելի սրված հակադրումը, համաճարակի տեղատվությունն ու մակընթացքը, խուճապի նոսրացումներն ու թանձրացումները, հույսի և հուսահատության բռնկումներն ու «վերադարձը» այնտեղ, որտեղից սկսում է «հունձքը»` մեռածների ու փրկվածների վիճակագրությունը,- որոշ համընկնումներ ունի Դեֆոյի և Կամյուի մոտ, ինչքան էլ Կամյուի վեպում թվային վիճակագրություն գրեթե չկա, մի երկու տեղում են «թվերը» խոսում,- գումարումները վհատեցնում են, բազմապատկումները անդարձ պեսիմիզմ են,- ինչը անհամեմատ ընդարձակ ցանկերով է ներկայացնում Դեֆոն: Կամյուի «Ժանտախտի» առօրյան (նշածս իմաստով) գալիս է Դեֆոյի «օրագրայինից»,- որտեղ վարակի տևականություն, այնտեղ էլ «Օրագիր»,- թեև Դեֆոյի վեպը նույնքան կապ ունի օրագրի հետ, ինչքան Դանտեի «Աստվածայինը» կատակերգություն է: Տարբեր է այդ «առօրյայի» ակցենտավորումը` Դեֆոյի դեպքում նախախնամությունն է, Կամյուինը` աբսուրդը: Որտե՞ղ է Կամյուի աբսուրդը: Սովորական ձողի վրա նշումներ գծիր ու գործածիր որպես չափ: Սրանո՞վ կճշտես հանգուցյալի հասակը, թե՞ ամենաճշգրիտ մետրով, միևնույն է, տախտակների թիվը չի փոխվում: Պատերազմներո՞վ եք չափում, աղետներո՞վ, համաճարակներո՞վ, ինքնասպանության վիճակագրությա՞մբ, թե՞ բնական մահերով, դրանից մեր մահկանացու լինելը ավելի արդարացված փոսի չի արժանանում:
Ով ամենուր իրեն բանտարկյալ է զգում, աքսորված լինելու զգացողություն էլ չի կարող ունենալ: Որտեղի՞ց աքսորված և ո՞ւր, եթե, անկախ վայրից ու տեղանքից, ինքը, միևնույն է, իր «բանտն» է կրում իր մեջ: Աքսորի ճանապարհ են բռնում «բանտի» զգացողությունից խուսափողները (թե՞ վախեցողները)՝ կարծելով ժանտախտը,- փոխաբերությո՞ւն է սա, թե՞ համաճարակ հիվանդություն, կապ չունի,- իրենց չի գտնի: Եղե՞լ է` ժանտախտը մեզ չճանաչի` որտեղ էլ ապաստանած լինենք: Ուրեմն՝ համակերպվելն է «բանտված» լինելու զգացողությանը, որ մեզ ազատագրում է աքսոր-արտաքսումներից, գաղթ-թափառումներից:
Անելանելիության հետ հաշտվելը ազատագրում է պատրանքներից:
Դեֆոյի և Կամյուի «ժանտախտային» հերոսները աստիճանաբար «հոգեվարքի» թմրանքի մեջ են հայտնվում: «Եվս քառասուն օր, և Լոնդոնը չկա [….] Եթե ինչ մեզ վիճակվել է, Աստծո կամոք է, ուրեմն՝ իմ այս երկմտությունները քմահաճույք չեն, ինչ-որ նպատակի են ծառայում ու ինձ արդարացիորեն խորհել են տալիս` այդ վերին վճիռը նշա՞ն չէ երկնքի բարեհոժարության, որ ես չլքեմ քաղաքը: Ու միանգամից ինձ համար անառարկելի է դառնում Տիրոջ կամեցողությամբ իմ այստեղ մնալը, որովհետև եթե Նրա խնամության ներքո եմ, ապա Նա ինձ անկասկածելի հովանի է մոլեգնող տագնապների ու այս մահաժամի մեջ»: («Ժանտախտի տարվա օրագիրը», գլ. 1, М., «Наука»,1997):
Ինձ համար չէ, որ կուզեի քննաբանել քաղվածքը, այլ հնարավոր անհստակության, որ կշփոթեցնի ոմանց՝ համադրելով Դեֆոյի աստվածային «նպատակաբանական» ծրագիրը այն սոփեստության հետ, որ թույլ է տալիս Կամյուի Հայր Պանլուն:
Որպեսզի փրկության արժանանաս,- քարոզում է ծխական քահանան,- պետք է ելքեր փնտրես: Ելք փնտրում են տառապանքի ու պատուհասների դատապարտվածները: Անելանելիությունից են գիտակցում ելքի անհրաժեշտությունը: Փրկության կարիք չունեն նրանք, ովքեր չեն տառապում: Հետևապես,- շարունակում է քարոզիչը,- Աստծո ուղարկած պատիժներն ու պատուհասները մեր մեջ փրկության գաղափարը բորբոք պահելու համար են (ցնցում են մեզ քնկոտ հեղգամտությունից), չլինեն այդ փորձությունները, կմեռնի մեր մեջ Աստված: Հավիտենական Հայրը ինչ անում է, մեզ սիրելով է անում, անգամ պատժելիս:
Խարազանի ու խավարի պատժապարտված լինելուն (այստեղ` ժանտախտի միջոցով) համակերպող, հաշտեցնող, սփոփող ամեն մի սոփեստություն պանլուիզմի պարզություն ունի, ինչպես այս քարոզն է Օրան քաղաքի Մայր Տաճարում: Պարզ ու հիմարացնող: Չլիներ այդքան պարզ` ունկնդիրները սկզբից կնկատեին «հիմարացնողը» (բարդությունը կմատներ դա): Չլիներ այդքան հիմարացնող, ունկնդիրները չէին լինի նույնքան պարզ(ամիտ):
Օրհասական խառնաշփոթը, որ արձագանքում է քաղաքի վախճանի մեկ ընդհանուր խորխորատում,- ու այդ սպառնացող վախճանը պատանք է կենդանի մնացածների մարող հույսերի համար,- ահա այս «տեղային» աղետի (թեև Կամյուն հեռու է «տեղայնացման» շեշտադրումից) վերջին օրերը, երբ կործանման խարանը ապրողներին խոցում է նվաստացմամբ` ոչ այնքան, որ անզոր են ժանտախտի դեմ, այլ, որ զրկված են մեռնելու իրենց «ձևը» ընտրելուց (Կոտարի ինքնասպանության փորձը Կամյուի վեպում),- ահա այստեղ է մարդու ապոկալիպսիս ապրումերի հրաշքը (մարդկային հանճարը ընդդեմ «ժանտախտի հանճարի»): Չկան այլևս անհատական ճակատագրեր, այլ՝ ընդհանուր ընդվզում չարիքի դեմ: Ու համախմբվում են տարբեր ճակատագրեր բժիշկ Ռիեի շուրջ (հմմտ. «դիմադրության շարժումը» Երկրորդ աշխարհամարտում 1940-ականներին): Միակ լուսավորը վեպում:
***
Անհոգ ու ազատ քայլելը հեշտ անցումների սահունությամբ` սեփական ձեռքով ճակատագրի ընձեռած միջնորդագիրը պատռելու պես է դարձել ինձ համար: Ու աշխատում եմ, որքան հնարավոր է, դժվարացնել քայլերս` մի ոտնաչափ նույնիսկ առաջ անցնելուց ինքս ինձ տանջեմ կասկածներով: Գո՞ւցե «անհոգ ու ազատ» ոտքս դրած տեղում նեղություն առնեմ փորելու՝ նախքան առաջ կքայլեմ: Ու փորվածքից վեր հանեմ թաղված գաղտնիքներ, այս դեպքում՝ Կամյուի ալեգորիաների տեսքով**: Հետևության կարգն է գոնե մի քանիսը առանձնացնեմ այդ այլաբերումներից:
Նախ` Ժոզեֆ Գրանը հենց ինքը` Կամյուն է (բժիշկ Ռիե լինելուց բացի), որ «բառերի տանջանք» է ապրում: «Ժանտախտում» որոշ հատվածներ ինքնացույց ակնարկներ են, երբ հերոսը (Գրանը) դառնում է հեղինակի վերակերպավորման միջոց: Կամ երևակայածիդ սլաքը ետ պտտելով՝ այն խոհածումներիդ վրա ես պահում, որ ցույց են տալիս գրելու դժվարությունը, անիրականի միջոցով (Դեֆոյի ասած) իրականը ներկայացնելը (գրելը ժանտախտ է):
Երկրորդ: Նացիստների համակենտրոնացման ճամբարներում ողջակեզներ մատակարարող գնացքները ուղեկցվում էին անմիջապես հրկիզման վառարաններին կից, ոչ շատ հեռու, որ մոխրանալու դատապարտվածներին ավելորդ տեղաշարժելու խնդիրներ չունենային ճամբարի պարեկախմբերը:
Կամյուի ակնարկած պատկերի նույնիմաստությամբ կարող ենք փոխատեղել. համակենտրոնացման գնացքները` քաղաքային տրամվայներով, ռազմագերիները` վարակակիրներով, մահվան կայանները` «քաղաքի արևելքով», ուր «նողկալի ծուխ էր սավառնում»… հիշեցնելով (ֆաշիստական) «նոր կարգերի» մասին:
«Արևելքով» գուցե ակնարկվում է Լեհաստա՞նը, որտեղ կենտրոնացված էին էս-էս-ականների ամենախոշոր կոնցլագերները, որովհետև ալժիրյան Օրան քաղաքում չարաղետ հիվանդության դեմ պայքարողների խորհրդով երկաթգծեր ավելացվեցին դիասայլերի դեր կատարող տրամվայների համար, որ վարակնոցներից հանգուցյալները ուղիղ «հասնեին» դիակիզարան:
Երրորդ: Կամյուի նկարագրումներում, իհարկե, ժանտախտ հիվանդությունն է, բայց այն պետք է պահել «շրջադարձ»` իրական ախտորոշումը կարդալու համար. նախախնամ ախտորոշում, որ մարդկությունը ժամանակ առ ժամանակ պետք է կուլ տա: Դեղի և ապաքինման մասին չէ խոսքը կամ ժամանակավորապես ապաքինման, այլ՝ դեղատոմսի, որ «աներևույթ թանաքով է գրված, լուսավորող թանաք` ընթերցելու համար կրակի վրա պահվող» («Սերը ժանտախտի օրերին», Գ. Մարկես): Այն, որ ասում են զարհուրելի, հաճախ ահ ու զարհուրանքի մեջ ընկնելը չէ, զգացածի ահավորությունից կարկամելը չէ, ոչ էլ խելահեղության եզրին ահաբեկված սեփական սարսուռով սնվելը: Զարհուրելին երբեմն ամենաառօրեականն է, որ աղետով ներծծված չի էլ ազդում, ասենք՝ ինչպես ենք քայլ առ քայլ մոտենում մեր վախճանին:
***
Ալեսանդրո Մանձոնին տալիս է ժանտախտի անատոմիան` իր տաբուազերծման պրոցեսում. «…սկզբում ժանտախտը չկար, բացարձակապես գոյություն չուներ: Նույնիսկ արգելվում էր այդ բառն արտասանել: Սկսվում են թե չէ ժանտախտային տենդի նախանշանները, այդ մասին խոսվում է շրջադարձ ձևով` ածականի օգնությամբ: Հետո խոսվում է, թե իսկական ժանտախտ չէ… այսինքն, այո՛, ժանտախտ է, բայց որոշ իմաստով. ոչ թե իսկական ժանտախտ, այլ՝ դրա նման մի բան, որի անունը դժվար է գտնել: Ի վերջո, գալիս է անկասկած ու անվիճելի ժանտախտի մասին խոսելու ժամը, բայց այստեղ էլ դրան զուգակցում են նոր հասկացություններ` թունավորում, չարակամություն, որ աղավաղում է, շփոթմունք է գցում բուն ժանտախտ բառի մեջ, այնպես նրբորեն, որ այդ բառին այնքան էլ մեծ նշանակություն չտան… շատ խորաթափանց լինելու կարիք չկա տեսնելու համար, թե ժանտախտներից շատերը նման ուղի են անցել… հնարավոր է խույս տալ այդքան երկար ու ոլորապտույտ «ուղիներից»` պահպանելով վաղուց ընդունված կարգը, այն է` զննել, լսել, համեմատել ու մտածել, ապա միայն խոսել… իսկ այդ ամենից հետո միայն խոսելը այնքան էլ հեշտ բան չէ, քան մյուս բոլորը միասին վերցրած, դրա համար էլ, կրկնում եմ, մենք` մարդիկս, ընդհանրապես արժանի ենք որոշ կարեկցանքի» («Նշանվածները», գլուխ 31):
Կամյու. «…միայն թե չհամարձակվեցին այդ ժամանակ իսկական անունը տալ: Հանրային կարծիքը սուրբ է: Խուճապ չլինի, միայն խուճապ չլինի… անկարելի է, ամեն մարդ էլ գիտի, որ այն Արևմուտքից վաղուց անհետացել է: Այո՛, ամեն մարդ էլ գիտի` դա չկա, բացի մահացածներից…»:
Տարբեր տարեգրություններ հանձնառած տպավորիչ հաջորդականությամբ դեպքերը շարադրող հեղինակների կարող ենք օրինակ բերել, որ թեև ուղղակիորեն չեն նշում, բայց ասենք, Ալեսանդրո Մանձոնիի «Նշանվածներում» մի ակնարկի հանգույն, ոչ մեծ դժվարությամբ կռահել են տալիս գուցե և ժանտախտից ավելի սարսափելին: Այդ աներևույթ պատուհասի տարածման պատճառը երբեմն կարող է լինել մարդկային անգիտությունը, երբեմն` դիտավորությունը: Եթե նկատել եք, հենց Կամյուի դեպքում Օրանի իշխանությունները, իբր ավելորդ իրարանցում, խառնաշփոթ ու հիստերիա չգցելու համար, երկար ժամանակ ճշմարտությունը չէին ասում քաղաքացիներին, որ սպասվում է մահացու համաճարակ,- հայտնեցին, երբ ամեն ինչ բացահայտ էր, այսինքն՝ անուղղակիորեն ժանտախտի «օգտին» էր:
Տագնապալի տեղեկություններին,- այն չարագույժ նշանները, որ տեսնում ենք դեռևս չժայթքած վարակախոցի «ծխի» մեջ, որովհետև հիվանդությունը գործող հրաբխի է նման, սկզբից «ծուխն» է երևում,- նախ՝ անլուրջ, իսկ զգուշության դեպքում էլ, վերապահումով են միշտ հետևել «առողջապահական ատյանները»՝ անկարող կանխատեսելու «վիրուսային կեղեքման» վտանգավորության աստիճանը («երկու… երեք զոհը», իբր թե, ոչինչ չի նշանակում), ինչը որ եղավ Քովիդ 19-ի ժամանակ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահը (Թեդրոս Հեբրեեսուս) Կամյուի Օրանի տեղական վարչության սխալը կրկնեց իր անխնամ խնամատարությամբ, ինչի համար իրավական պատասխանատվության է ենթակա «միջազգային հանրության» կարծիքով:
***
Տաբու դրվածի (ժանտախտ բառը արտասանելու) անունը չտալու նախապաշարումից ու ժառանգած հավատալիքներից երկյուղած՝ ասես մոտենաս «տոտեմատեղին»: Արտաբերելու համար արգելվածը գործում է անգամ այդ «արգելվածը» արտասանելուց հետո էլ: Բժիշկ Ռիեի` «դժվար է հավատալ, բայց թվում է, որ ժանտախտ է» տարակուսանքում «թվում է» բայն է հետագա ձգձգումների դրդապատճառը: Թվո՜ւմ է… Այսինքն՝ այո՛, ժանտախտ է, բայց որոշ իմաստով. ոչ թե իսկական ժանտախտ, այլ դրա նման մի բան, որի անունը դժվար է գտնել:
«Իրականում աղետները սովորական բաներ են, բայց մարդիկ դժվարությամբ են հավատում դրանց… բժիշկ Ռիեն պատրաստ չէր «ժանտախտ» բառը արտասանելու, ինչպես մյուսները, և հենց դրանով պետք է բացատրել նաև նրա վարանումը… թե ինչո՞ւ է նա տատանվում մտահոգության ու վստահության միջև… աղետը հնարավոր չէ չափել, ուստի մարդիկ այն անիրական են համարում, ինչպես մի վատ երազ, որ պիտի անցնի: Բայց միշտ չէ, որ անցնում է – և վատ երազից ավելի վատին անցնելիս մարդիկ իրենք են նախաձեռնողը, հումանիստներն առաջին հերթին, որովհետև պատրաստ չեն…»:
Այսպես «անպատրաստ» է լինում իր «տոտեմատեղին» քայլ առ քայլ մոտեցող աբորիգենը, որ «արգելվածը» արտաբերելու համար անընդհատորեն նորանոր «անուններ» է որոնում, այնինչ, «առարկան» մեկն է. տաբու դրվածը` «արտահայտության» համար երկյուղալի: Այդ մեկը մեր դեպքում «կորոնավիրուս» բառն է:
Հաստատակամությունս զորու չէ տրամադրելու ինձ ինքնին ընձեռնված պահերի, որ նպաստավոր են նյութից չշեղվելու համար, եթե այս չշեղվելով առանձնապես նոր բան չեմ ասելու,- մինչդեռ, փոքր-ինչ «անփութություն» եթե ունենամ` խախտելու «անշեղ» ընթացքս ու տեղ տամ կողմնակի մտածումների,- կարող է և շատ ավելի նպաստեմ բացահայտումների:
Յումբրիները (Հնդկաչին), ենթադրում եմ, իրենց անանուն դիմելաձևով պաշտպանվել են չար ոգիներից, անուն տալը, ըստ այդ ցեղի, «խոցում» է իրենց մերկությունը: Նրանց անուն-«դիմակ» պետք չէր,- իրար դիմում էին հայր, կին, որդի, կնոջ եղբայր, հոր որդի և այլն, ընդհանրականով,- իբր այդպես չեզոքացնում են հնարավոր հարձակումը չար ոգիներից՝ դառնում են չթիրախավորված:
Այսպես, Կամյուն, որ բառընտրության «չարչարանաց շաբաթներ» է ապրում (վեպում իր «վեպը» գրող Ժոզեֆ Գրանի «միջոցով» է դա ակնարկվում), ենթադրում եմ` հենց «ժանտախտ» բառի «շրջադարձ ձևերը» որոնելուց է: Ֆրանսիացի գրողը տաբուազերծման նույն պրոցեսն է ապրում (որ այդպես էլ չի հաղթահարվում՝ վիրուսը կարող է տասնյակ տարիներ քնել ու… նորից արթնանալ), որի մասին խոսում է Մանձոնին` չթիրախավորված լինելուց ժանտախտ «չար ոգուց»:
***
Պանդեմիայի ժամանակագիրներից սարսափում եմ ծարավից հյուծված ծովագնացի գերությամբ – ինքը անծայրածիր ծովերի վրա տոչորվում է հենց այն մի բանից, որ ծովը անսահմանորեն ունի իր մեջ, բայց որի մի կաթիլը կսպանի իրեն,- նույնը և օրինակներ բերելն է ինձ համար «Պելոպոնեսյան պատմությունից» Թուկիդիդեսի նկարագրած տիֆը, Հուստինիանոսի շրջանից, Բոկաչչոյից, Էդգար Պոյից («Կարմիր մահվան դիմակը»), Նիկոլայ Կարամզինի «Ռուսական պետության պատմության» գլուխ 10-ից, որտեղ նկարագրվում է «սև մահը», և այդ «խոցախտից» կեղեքվածների թվում հիշատակվում է նաև Հայաստանը 1348-1351 թթ.-ին, այն ժամանակահատվածը, որ Յան Պարանդովսկու «Պետրարկայի» 11-րդ` «Ժանտախտ» գլուխն է ընդգրկում, որտեղ զավեշտալի ու տխուր հետևությամբ խոհակիցը դարձա հեղինակի: Աստված իմ,- խորհում էի,- ագռավները չե՞ն արդյոք լավագույն վիճակագիրները, եթե, ըստ նրանց «խնջույքների», վերջնահաշվում հստակվում է` որ քաղաքում և գյուղում ինչքան բնակչություն է եղել, քանի որ մինչ այդ «մարդահամար» չէր արվում, սովորություն չկար ժողովրդագրական հարցումներ անցկացնել:
Ինչ որ ճիշտ է` ագռավների «մարդահամարը» մեռելահաշիվ է, բայց մի՞թե ավելի մարդասեր հոգսով էինք մենք` ննջեցյալներ խցկելով քվեաթերթերի մեջ ու «հուղարկավորելով» նրանց ընտրատեղամասեր: Մարդահամար առանց մարդու…
Քովիդ 19-ի` առայժմ այս ընթացքում համաճարակի վիճակագրության վրա նստած քաղաքական ու տնտեսական «նպատակները» (առաձնակի ԱՄՆ-Չինաստան պայքարում) առաջվա ագռավներն են, որոնցից պետք է վախենալ, երբ լռում են,- գիշակերությունը թույլ չի տալիս միաժամանակ նաև կռռոց,- քան երբ իրենց «չարագուշակն» են պտտում երկնքում:
Եթե զգուշանում եմ ներվի վրա զեղումներ թողնող Հովհաննու «Հայտնության» տիպի գրականություններից, նյարդերից թույլ լինելու վախից չէ, թե մինչև վերջ չեմ դիմանա աղետալի նկարագրումներին, այլ, որ հայտնվելու եմ մի աշխարհում, ուր բռնկված ժահրի տարածումը վավերագրելով՝ հույս են ունեցել, թե ես ինչ լարվածությամբ որ հիմա եմ ականատես մանրէ-մահավարակի, նույն սոսկալի կացությունը կըմբռնեմ նաև իրենց դեպքում: Անհնա՜ր է դա: Ու այս անհնարինության կանխապես գիտակցումն է ինձ խանգարել մինչև վերջ ընթերցել որոշ դրվագներ պատմության մեջ եղած պանդեմիկ «հայտնություններից»: Այսպես, համբերությունս սպառվեց Ժան Դելյումոյի հետ «քայլել» «համաշխարհային մեղքերի ու սարսափների» միջով («Սարսափն Արևմուտքում», М., «Голос»,1994), ինչպես մի ժամանակ «քայլում» էի Ֆուկոյի` տարբեր դարաշրջաններում խենթանոցների ու հիվանդանոց-մեկուսարանների միջանցքներով: Դելյումոյի «Սարսափն Արևմուտքում»-ը (մաս 1-ին, գլ. 3, «Կոլեկտիվ վարքի տիպաբանությունը ժանտախտի ժամանակ») Մանձոնիի «ժանտախտի անատոմիայի» ավելի ծավալուն ու խորը բացահայտումներ է պարունակում:
Վախից չէ, որ ես դողում եմ: Ես դողում եմ,
որովհետև եթե վախը անցել է, ինչո՞ւ եմ դեռ
կարկամած, որ չեմ կարող պատմել այն,
ինչ որ տեսա այդ գրքում:
Դելյումոյից մի վերապրում տեղայնացնեմ՝ այսօրվա «կորոնախտի» անատոմիան հասկանալու համար:
Քովիդ 19-ը սկզբից իր հետ մեղմ վարվողների ներողամտությունից է մոլեգնում: Չի սիրում, որ իրեն առանձնապես բանի տեղ չեն դնում, ու նա դրանից խելահեղվում է, դիվոտում: Ու երբ հնարավոր զոհը զգում է իր սխալը, իր թեթևամտության մահացու լինելը ու տեսնում է, որ դժոխքից մոլեգնահար դուրս պրծածի հետ գործ ունի և անցնում է բնազդային ինքնապաշտպանումի, վարակը, փոխարեն հանդարտեցնի իր գրգռմունքը, տեղի տա ապաքինման, ավելի է կատաղում՝ իր դիվոտությամբ անդառնալիորեն գազազած,- մի՛ դիպչիր ինձ,- կարծես ոռնում է,- ուշ են բժշկվելու քո ջանքերը:
Տաբուացնելով «ժանտախտ» բառը՝ Կամյուի օրանցիները ակամա նպաստում էին հիվանդության տարածմանը, որովհետև այդ սևախտը ինքն է խրոխտանում, հանդգնությամբ է ծավալվում հենց դրանից, ու ինքն է նախաձեռնում իր տաբուազերծումը, այսինքն՝ դառնում է ցինիկորեն բացահայտ, որ իրերը իրենց անունով կոչվեն:
***
Քանի դեռ վարակ-չարիքը իր բռնկումներում հաճախակի է նախընտրում Չինաստանը, հաշտվեք, որ դա որակի վրեժխնդրությունն է քանակի դեմ: Որակը զոհաբերումների իր «հունձքով» խնդիրներ է լուծում ընդդեմ քանակի: Համաշխարհային մահտարաժամը պատահական չէ թաքստոց ընտրում Չինաստանը, որ այնտեղից ցատկի աշխարհի վրա: Սա այն «դեղին հողերը» չեն, որտեղից ավերված Եվրոպայի վերածննդի իր «Անաբասիսն» է սկսում Ս.-Ժ. Պերսը: Սա «դեղին հեղեղն» է, ինչի մասին խոսում էին մարգարեները: Ահա նրա «տարաժամերը»:
3000 մ.թ.ա. – «Սև ծաղիկ»: Եգիպտոսի, Մերձավոր Արևելքի հետ նշվում է նաև Չինաստանը՝ որպես առաջին համատարած վարակներից մեկի հնարավոր «բռնկման օջախ»:
4-րդ դար – «Սև ծաղիկ»: Տարածումը սկսվել է Չինաստանից (հիշատակվում են նաև այլ երկրներ):
1338 թ. – «Սև մահ»: Դատաստանի վեցերորդ կնիքը արձակած «Գազանը» պատրաստվում է ցատկի Չինաստանի և Մոնղոլիայի սահմաններից: Ամենասոսկալի ավերածություններ գործած համաճարակներից է, որի ավարտը թեև համարում են 1353-ը, իրականում «բռնկումը» պարբերաբար շարունակվեց 15-16-րդ դարերում: Զոհ դարձավ Եվրոպայի բնակչության կեսից ավելին (տասնյակ միլիոններ):
«Մահացու հիվանդությամբ վարակակիրները թափառում էին` թափահարելով մարդկային գանգոսկրի նմանող զանգեր, որ, ճիշտ է, զրնգուն չէին պղնձի պես, բայց բոլորին էլ լսելի ու հասկանալի էր՝ ոսկրե այդ զանգի միջից հնչող մահկանացուն…»: Դժոխքով ներծծված պատկեր: Միջնադարի տարեգիրներից ո՛ւմ էլ սա պատկանի, այսօր անունը այլևս չի կարևորվում:
1641-1644 թթ. – «Ժանտախտ»: Նշվում է Չինաստանը՝ որպես «համաճարակի հայրենիք»:
1817 թ.-ի պանդեմիան «արթնացել» է Չինաստանում, հայտնի չէ՝ կոնկրետ ո՛ր նահանգից է տարածվել:
1855 թ. – «Ժանտախտ»: Սկսվել է Յուննան նահանգից:
1910-1912 թթ. – «Բուբոնիկ ժանտախտ»: Չինաստան:
1946 թ. – «Բուբոնիկ ժանտախտ»: Նույնությամբ կրկնվում է Չինաստանից:
1957-1968 թթ. – «Հոնկոնգյան գիրպ»: Առաջին վարակակիրները հայտնվել են Հույչժոու նահանգում:
2002-2003 թթ. – «Կորոնավիրուս»: Չինաստան:
2019-ից – «Նոր կորոնավիրուս» (Covid-19): Մեզ բոլորիս ծանոթ չինական Ուհան քաղաքը վիրուսային «ցատկի» առայժմ վերջին տրամպլինն է:
Մոռացե՞լ եք Թոմաս Մալթուսին: Աշխարհի բնակչությունը: Մրջյունների բազմապատկություն: Բազմաբյուրավոր կրկնապատկումներով: Բազմապատիկ գումարումներով: Չնչին բաժանումներ ու նվազում: Որպեսզի աճն ու «նվազումը» ներդաշնակեն, Մալթուսը Երկիր մոլորակի գերբնակեցումը հավասարակշռող ֆունկցիա է տեսնում բնական ու արհեստածին աղետների մեջ:
Ինչո՞ւ է վարակ-չարիքը իր ժայթքումները հաճախ նախընտրում Չինաստանից:
Որակի վրեժխնդրություն է արթնանում քանակի դեմ, ու սրա մասնակին Չինաստանն ու… Մալթուսն են տալիս:
***
Ասեղները տարբեր են, թելն է նույնը, որ դառնում է առանցքի թել: Թուկիդիդեսի պատմական անցքերի միջով թելվածք առած ժանտախտագրությունը (գուցե ասենք՝ պանդեմոգրաֆիա) մինչև հասնում է Ալբեր Կամյու, նրանց հետ մատներս են քրքրվում «սև ցավի» նկարագրության տարբեր ասեղներով: Ու մինչև որ գտնում ու դուրս եմ քաշում առանցքաձիգ թելը` Թուկիդիդեսից մինչև Կամյու ձգված, գրեթե սպառված եմ լինում հարակից, ոչ այնքան հայտնի պատմություններ ներառելու այս գրվածքիս կցակարերի վրա:
Այսպես, համաճարակները սկսվում են նախ՝ բնակչության թերահավատությամբ, անգամ հեգնանքով, հետո առավոտյան տնից դուրս գալուց ոտքդ առնում է սատկած առնետին՝ առաջին նախանշանին, ու երեկոյան վրա հասած աղետի հաղորդագրությունները լսելիս հանկարծ հիշում ես տանդ շեմին հոտը դեռ չտարածած լեշը… ու ինչ-որ նախնական թվեր… երկու-երեք զոհ… Սա դեռ վիճակագրության ներքնազգեստն է, ուր մուտք չունի մեր հետաքրքրասիրությունը, որի դեպքում կարող ենք մեղադրվել թվերի հետ շնանալու մեջ, ինչքան էլ երդում անենք, թե չենք տառապում թվամոլությամբ:
Առայժմ դեռևս չպարզված վարակից տեղեկագրեր ես քրքրում՝ անցյալում համախտի տարածման հետ կապված, ախտանշաններ ես ուզում համընկնեն ու չհամընկնեն՝ լսածդ լուրերի հետ բաղդատելով, այս ու հետագա կարճ ընթացքում թվերը աճո՜ւմ են ու աճո՜ւմ: Ու էլի ինչ-որ չհավատալու բան, թե շուտով թվերը կհանդարտվեն, ու առօրյայի բնականը չի խզվի, բայց հիմա էլ զոհերի վիճակագրությունն է համընդհանուր-նախահարձակ խուճապի հետքի վրա ընկել: Ու էլի շատ շուտով վիճակագրությունն ու խուճապը իրենց գիշատիչ հետապնդումներից ընկնելու են գզվռտուքի մեջ` կյանքի ու մահվան, որի ականատեսն ու կրողը ինքներս էինք 2019-2020-ի ձմեռից գարուն անցնելիս, ինչպես Թուկիդիդեսն է անձնապես իր վրա կրել (Աթթիկայում ձմեռ-գարուն էր… մինչ Կամյուի Օրանում մաքուր գարնանային էր օրը. «…օրանցիք գարուն էին ծախում փողոցներում») աթենացիների մեջ տարածված բառախաղով՝ loimoz-ժանտախտ և limoz-սով («Պելոպոնեսյան պատերազմի պատմություն», գիրք 2, «Համաճարակը Աթթիկայում», 48-55, «Наука», Санкт-Петербург, 1999):
Այն, որ մարդու մեջ է դժվար բացահայտելի, ոչ միշտ է ենթադրել տալիս հոգևոր խորություն, թերևս հաճախ խորամանկություն է: Բնության թաքունը, ներիմաստավորածը, որ գայթակղում է իր «բացահայտելիությամբ», միշտ էլ իր խորությամբ է հրապուրում մեզ: Ինչո՞ւ: Որովհետև բնությունը խորամանկել չգիտի: Ժանտախտ (loimoz) ու սով (limoz)*** բառերի նախախնամական հնչյունակցությունը լեզվական խաղ (թե՞ խորամանկություն) չէ, որ կարող էր Թուկիդիդեսի մտքով անցնել, այլ՝ անցյալ-«գալիքի» նախազգուշացում:
«Աստծո պատուհասը» նկարագրող Դեֆոն և Ջեկ Լոնդոնը (ֆուտուրիստական «Ալ ժանտախտը») պատմում են միևնույն` վաթսունամյա վաղեմությամբ դեպքեր: Դեֆոյի «ծերունու» համար անցյալ է 1665 թ. լոնդոնյան մղձավանջը, երբ իր «հունձքով» Բյոկլինի «գերանդիով հրեշը» տասնյակ հազարավոր մահեր էր սուլում: Ջեկ Լոնդոնի նկարագրածը համընկնում է մեր օրերին ընդամենը 7 տարվա տարբերությամբ (2013 թ.), բայց որը նրա վեպի «ծերունին» ապագա 2073 թ.-ից է վերհիշում, ինչպես մի մանրէ կարող է դառնալ մեր անպաշտպանվածության մահացուցիչը՝ համաշխարհային բնաջնջմամբ:
Թուկիդիդե՞սը… «ես ինքս եմ այդ հիվանդությամբ տառապել ու ականատես եղել ուրիշների տառապանքներին»,- նման այժմյան մեր կացությանը. և՛ ականատես ենք, և՛, երբեմն, կրող:
Առանցքի թելի պես անցնում են այս ու այլ համանմանումներ,- վիճակագրություն ու խուճապ, աղետ ու աղետին հաջորդող սովը,- Թուկիդիդեսից մինչև Ալբեր Կամյու մի թելի պես ամենատարբեր ասեղանցքով ձգվել ու ձգվելու են նաև այն գալիքներում, որ անցյալում են:
Երբեմնապես էլի լինելու է, ինչ եղել է, ու այն ժամանակ էլ այսօր եղածը կդառնա ապագա աղետների «երբևէն»:
Շախմատի նույն տախտակն է Ալբերտուս Պիկտորի որմնանկարից ի վեր (15-րդ դար, Շվեդիա), որտեղ պատկերված է մահկանացուներիս հետ շախմատ խաղացող ժանտախտը: Փոխվում են քարերի կոմբինացիաները, խաղարկողները՝ ո՛չ: Պիկտորի շախմատիստ մահը «սևերով» է քայլեր անում, ինչը ակնարկ է, որ որմնանկարը 14-րդ դարում բռնկված ու դեռ մոլեգնող «սև մահվան» արհավիրքների արձագանք է:
Ապրելու չափ կասկածի տակ առնելու չէ՝ առայժմ բոլոր պարտիաները ավարտվել են «սպիտակների» (կյանքի) հաղթանակով:
Հ.Գ. Կորոնայից հյուծված հիվանդի տեսա վարակակիրների համար վերակահավորված մարզային հիվանդանոցում: Հիվանդը լցված էր ժանտախտի տարեգրությամբ:
……………………….
*Եթե համաճարակ է, ուրեմն՝ տարին առնետի է, անկախ օրացույցից, իսկ օրացույցով արդեն առնետների տարի է, նկատի ունեմ համաճարակը միտումնավոր տարածողներին: 1996-ից 12 տարին մեկ Հայաստանում «արտակարգ իրավիճակները»,- միայն 2020-ն է կորոնավիրուս-վարակի պատճառով,- եղել են առնետի տարում (1996, 2008, 2020):
Կատաղի առնետը ո՛չ քաղցածն է, ո՛չ՝ թակարդն ընկածը, այլ սատկածն է, առնետի սատկածն է կատաղին, նա վրեժխնդիր է իր քաղցի ու թակարդի դիմաց «համաճարակով»: 2020-ի երրորդ ամսում (մարտի կեսերին) առնետը չուշացավ, սկսեցին խոսել հանթավիրուսից, որը տարածվում է առնետների ու մկների միջոցով:
**Կարել Չապեկի «ժանտախտը» («Սպիտակ վարակ» թատերգությունը) նույնպես ալեգորիա է ֆաշիզմի դեմ, ի դեպ՝ գրված Կամյուից գրեթե 10 տարի առաջ:
***Ժանտախտ (loimoz) ու սով (limoz) – տե՛ս նաև՝ «Նոր բառգիրք հայկազեան լեզուի»: