Մուղամ սիրելը արյան կանչ է Արմենուհի ՍԻՍՅԱՆ

Էլ ինչո՞ւ պետք է օտարը գիտենա, թե որն է քո երգը, երբ Պոլսում հայ տիրացուները հարուստ ամիրաներին դուր գալու համար կլկլացնելով պատարագ են երգում՝ նմանեցնելով տաճկական եղանակներին։

ԿՈՄԻՏԱՍ

 

Դու՝ մեր երգի Մեսրոպ Մաշտոց,
Գիրն ու տառն ես Հայոց երգի:

Պ. ՍԵՎակ

 

Կոմիտասի մասին խոսելն ակամա ենթադրում է հոգևոր մաքրագործում, սուրբ խորան, ուր հարկ է մուտք գործել մաքուր ոտքերով: Կոմիտասագիտությունը մեր մշակութաբանության մեջ կատարելապես ուսումնասիրված-յուրացված չէ, այն դեռևս իր խորախոր շերտերն ունի: Անգամ մասնագետները նրա գործի մասին խոսում են ոչ լիիրավ իմացության իրավունքով ու զգուշավոր ակնածանքով: Եվ ահա գալիս է ժամանակիս սուպեր «երաժիշտը» և վստահաբար հայտարարում, որ «Կոմիտասը տեսավ, որ Եվրոպայում չհասկացան մեր մուղամը, հետ ա էկել, ասել ա՝ չէ՛, չսիրեցին, բռնե՛ք-ջնջե՛ք, ու սաղ էդ քառորդ նոտաները ջնջել ա»: Ավելին. «Կոմիտասն ուզում էր, որ գան իր համերգները լսեն, դրա համար ջնջեց դրանք»: Այսինքն՝ դահլիճ լցնելու խնդիր ուներ, և քանի որ եվրոպացիք չսիրեցին քառորդ նոտաները, նրանց դուր գալու համար մեր մուղամը հանեց: Մարդկային տգիտության դրսևորումները դիտարկելու փորձս վկայում է, որ որքան մարդը դիլետանտ է ու կիսագրագետ, այնքան 100 տոկոսանոց համոզվածությամբ է սփռում իր մտքի «գոհարները»: «Ես էդ պատմությունը գիտեմ»,- հաստատում է սուպեր լուսավորիչը: Նա գիտի, իսկ մենք՝ շարքային մահկանացուներս, ո՛չ, մշակութաբան-մասնագետներն առավել ևս՝ բանից անտեղյակ: Երբ ինչ-որ մեկը սուպեր ապուշություններ է դուրս տալիս, նա մեղավոր չէ, քանի որ այդքան է նրա սուպեր սանդղակը: Պակաս հիմարություն չէ հիմարից պահանջելը, որ նա իմաստուն լինի: Հետևաբար, պատասխանատվության ողջ բեռն ընկնում է նրան հարթակ տրամադրողների վրա: Կային ժամանակներ, երբ Հ1-ը բացառապես ազգային, հանրային շահեր սպասարկող ալիք էր: Այնուհետև, ցավոք, կտրուկ փոխվեցին չափանիշները: Վերջերս նկատվում էր, որ կարծես թե վերականգնվում են ազգապահպան, մշակութային հաղորդումների բարի ավանդույթները, ինչի համար անկեղծորեն ուրախ էի: Ավա՜ղ: Մեղավոր են տգիտությունը, քարոզողներն ու տարածողները, առավել ևս՝ տգիտության միջոցով որոշակի նպատակներ հետապնդողները: Սույն սուպեր մտածողը լուրջ դեմքով ասում է նաև, որ իր համար մեկ է ազգությունը, ոչ մի նշանակություն չունի կրոնը, նա գնում է իր մուսուլման ընկերների մզկիթները, աղոթք անում, ղուրան կարդում նրանց հետ: «Մենք ենք հա՞յ: Հիմա ես կապույտ աչքերով ու դեղին մազերով ե՞մ»,- հեգնում է՝ ակնարկելով, որ հայերը վաղուց խառնվել են ու չկան որպես ազգություն: Կամ մի՞թե կոռեկտ է հպարտորեն ասել, թե ինքն այնքան հարուստ է, որ եթե իր ժամացույցներից մեկը ծախի՝ մի տուն կառնի անապահովի համար… «Մուղամը մերն է»,- ասում է վստահաբար: Իսկ գուցե ճի՞շտ է ասում՝ իրե՞նցն է: Ինքն էլ, երևի, ոչ թե հայկական առաջին ալիքի եթերում է իրեն զգում, այլ, ասենք՝ մուղամի երկրի եթերում… Ի դեպ, մեկ այլ պարագայում, մեկ այլ երկրում, սա կարող էր դիտվել որպես ազգային անվտանգության հարց, քանի որ կասկածի տակ է առնվում մշակութային բաղադրության ինքնությունը, հետևաբար՝ սպառնալիք է մեր ազգային-մշակութային անվտանգությանը:

Ինչևէ, եթե նա ունի իր մեծ լսարանը և կարողանում է լցնել հսկա դահլիճներ, ուրեմն վաստակել է այն և իրավունք ունի զբաղվելու իր գործով: Հասարակության կողմնորոշման, նրա ընտրության խնդիրն է: Սակայն հանրային 1-ին ալիքը պարտավոր է ճաշակ թելադրել և ոչ թե բավարարել լայն զանգվածների պահանջները և առաջնորդվել դրանով: Այլապես նույն հաջողությամբ պետք է հաղորդման հրավիրել, ասենք, Դոգին. չէ՞ որ նա նույնպես ունկնդիրների մեծ լսարան ունի: Մի՞թե երեկոյան հեռարձակվող հաղորդումը շտկվելու հնարավորություն չուներ, մի՞թե հաղորդման ողջ խմբագրակազմը հնարավորություն չուներ մոնտաժելու մերօրյա սուպեր լուսավորչի մտքի փայլատակումները: Եվ այստեղ, բնականաբար, հարց է առաջանում. իսկ գուցե կարիքը չկա՞ր… Գուցե հոգևոր Հայաստանը մեզ այլևս պետք չէ՞…

Ազգային սրբություններ կան, որ ոչ մի տեսակի հանդուրժողականության ու ժողովրդավարության չափումների մեջ չեն տեղավորվի, պարզապես կձախողվի նման փորձը: Մշակույթը, լեզուն և կրոնը մեր վերջին բաստիոններն են: Հայրենիքի կորուստը սկսվում է ազգային ժառանգությունը մեր մեջ կորցնելուց։ Իսկ մուղամ սիրելը, ըստ իս, արյան կանչ է, ԴՆԹ-ի անվճար թեստ:

Ինչքան էլ մեր հասարակության մի ստվար զանգված չի պատկերացնում իր առօրյան ու քեֆերն առանց թունդ ռաբիսի, այնուամենայնիվ, այսօր քիչ չեն ժողովրդական, ազգագրական երգերի տարատեսակ մշակումները, որոնք մեծ հաջողությամբ որպես պարեղանակներ հնչում են հարսանիքներում ու խնջույքներում և բարձր տրամադրություն ապահովում: Հեռուստատեսությունը՝ որպես քարոզչության հզոր գործիքակազմ, ցանկության դեպքում կարող է քարոզել հենց այդ հաջողված աշխատանքները ու դրանով ճաշակ ու հանրային պահանջ ձևավորել: Ինչ չափով է դա իրականացվում՝ բոլորովին այլ հարց է, բայց, Աստծու սիրուն, ազատե՛ք մեզ հեղինակավոր ալիքներով սուպեր սաքոների կողմից հայկական երաժշտության պամության ու Կոմիտասի մասին հեղինակավոր դասեր լսելուց: Որքան էլ անուշադրության մատնենք նրանց ճամարտակումները, այնուամենայնիվ, դրանք ամրագրում ու յուրացնում է նրանց երկրպագուների մեծ լսարանը: Աղետն այդտեղ է հարկավոր կասեցնել: Ահա թե որտեղ է խնդիրն ահագնանում:

Ի դեպ, այս աղմուկը ոմն Սուպերի ասածի շուրջ, իրականում դարձավ նրա գովազդը: Անձամբ ես լսած չկայի նրա երգերը, փնտրեցի, մի երկու բան լսեցի: Իհարկե, իմ կյանքում ոչինչ չի կարող փոխվել դրանից, բայց պատկերացրեցի, թե քանիսն են ինձ պես հետաքրքրվել նրա սուպեր գոյությամբ:

 

Հ.Գ. Մայիսի 9-ին Առինջ մոլի տոնավաճառից գնումներ էի անում: Տաղավարներից մեկի մոտից ճաշակով գործիքավորմամբ, շատ սիրուն մի երգ էր լսվում՝ մոտավորապես այսպիսի բառերով.

«Պիտի ապրեմ իմ երկրում, զավակներ ունենամ, այգի աճեցնեմ»… Անկեղծ հուզվել էի, որ նման վայրերում ցածրակարգ ռաբիսի փոխարեն կարելի է այդպիսի երգ լսել ու անելիքս թողած՝ շրջվեցի, հմայված գնացի այդ երաժշտության ուղղությամբ: Դիմացս մի երիտասարդ տղամարդ դուրս եկավ: Մի կերպ զսպեցի ինձ, որ չգրկեմ նրան. կարող էի ճիշտ չհասկացվել… Միայն հարցրեցի.

– Դուք ե՞ք միացրել երգը:

– Այո՛,- ասաց ու հարցական նայում է վրաս:

– Չէ՛, ոչ մի բան: Ուղղակի շատ ապրեք…

Հետո ավելացրեցի՝ շնորհակալություն, ու շրջվեցի-գնացի… Համեստորեն ժպտաց ու հեռանալուս հետ ակնհայտ զգացվեց, որ երաժշտության ձայնն ավելի բարձրացրեց: Մայիսի 9-ն էր:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։