ԽՈՍՔ` ԳԱԼԻՔԻ / Նվարդ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Նվարդ-Ալեքսանյան

Սեպտեմբերի 2-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման տոնն է, սակայն ժամանակի հարահոսից այս օրը զատելն, անշուշտ, պայմանական է, քանզի տիեզերաչափ տառապանքի միջով անցած մեր ժողովրդի մասնիկը լինելով, ինքս ինձ հարց եմ ուղղում. տարվա այդ ո՞ր օրն ենք ապրում առանց պետականության ու բանակի և, արդյոք, հնարավո՞ր է նման իրողություն:
Արդեն քանի տարի է մեր նորանկախ պետականությամբ նոր ժամանակ ենք արարում, ինչպես վերստեղծում է ինքն իրեն մարդը, երբ կամավորագրվում է սեփական փրկության գործին: Չմեռնելու կամքը, տեսանք, հաղթանակում է նույնիսկ փրկության բոլոր հնարները տանուլ տալուց հետո: Երբ սեփական արմատների ծանրությունն ես զգում երկրիդ շնչառության մեջ ու հայրենիքի կորուստը ոչ թե մաշկիդ, այլ մաշկիդ տակ առնված խարազանի քուրձ է դառնում, փրկությունն անհնար չէ, որքան էլ որ այն անիրականանալի երևա, իսկ դու` անուժ ու անզեն:
Մարդկության պատմության մեջ երևի շատ քիչ ազգեր կլինեն, որոնք մեզ նման իրենց ազատագրական պայքարը սկսել են առանց զենք ու զինամթերքի: Մեր հին զրույցներից հառնող հսկաների պես` երկաթե ոտնաման մաշելու և ժայռեր գլորելու ուժ ունեինք, բայց զինված թշնամուն արժանի հակահարված տալու հնարավորություն չունեինք:
Թեև պատերազմն այդպես էլ չհեռացավ մեզնից, սակայն հայերիս խաղաղ ու ստեղծագործ աշխատանքին տրվելու մշտակարոտությունը` հրադադարի տարիները, պատերազմի թողած երևույթ և աներևույթ վերքերը փոքր-ինչ ամոքելու, մեր տունն ու սահմանը նորոգելու ժամանակ դարձրին: Վերջին ժամանակներում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ծավալված իրադարձությունները ակամա հիշեցրին պատերազմի արյունոտ տարիները: Որքան էլ փորձեինք փոքր-ինչ հավասարակշռություն տալ մեզ պարուրած դաժան մտքերին, միևնույն է, պատերազմ տեսածներիս ցավը` աղետալի հիշողություններից ծնված, բյուր անգամ կսկծալի մտքի էր վերածվել. չլինի՞ թե շարունակվի սերնդեսերունդ պատերազմ ապրելու դժոխային ավանդույթը: Մեծ պապս Առաջին համաշխարհայինի զինվորներից էր, և Ավստրիայի մասին նրա հուշերը հասել է նաև մեզ` իր ծոռներին: Հայրս և պապս Մեծ հայրենականի մասնակիցներ էին, մենք` նրանց զավակները, արցախյան պատերազմով անցանք: Աստված ոչ արասցե, որ այսօր մեծացող երիտասարդներն էլ հայտնվեն պատերազմի անողոք ճիրանների մեջ: Ե՞րբ ենք ունենալու պատերազմ չապրած սերունդներ, ե՞րբ է գալու երանելի այն ժամանակը, որ մեր արյունը չի թափվելու մեր սահմանին…
Ժամանակը մեզ բացառիկ հնարավորություն է տվել, որ մեր արյան գնով պետականություն ու բանակ ունենանք` իբրև սպեղանի մեր ցաված սրտերին, բայց և ինքնագոհության ու ինքնագովության պատրանքից հեռու մնալու և զորանալու իմաստնություն: Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր. աշխարհի երկակի ստանդարտները վկա: Աշխարհի ձայնին սրտատրոփ սպասում էինք 88-ին, որ սատարի մեր տանն ապրելու մեր խաղաղ ցանկությանը, սակայն մեր հասցեին միայն լուտանքներ ստացանք և մեր հեղվող արյան հանդեպ` քար անտարբերություն, ինչից նույնիսկ հաճախ մահն էր սարսռում և մեզ խնայում:
Չնայած դեռևս հեռու ենք «Ակն ընդ ականի», «Ատամն ընդ ատամանի» բերած զինվորությունից, բայց ասենք, որ հաղթահարվել են 88-ի անզենությունն ու պատերազմի տարիներին սեփական հայրենիքում փախստական դառնալու մորմոքը, որ այսօր մեր դեմ հանած տանկին ու հրանոթին, երկնքից մահ սփռող ռմբարկուներին կարող ենք պատասխանել նույն ուժով և որ մեր հակահարվածի ճշգրիտ նշանառությունը ապահովելու է մեր երկրում ապրելու մեր աներեր կամքը: Վերջին տարիներին աշխարհի լռությունը մեզնից ճառագող լույսից ճեղք է տվել, և ԼՂՀ անկախությանը սատարող փաստաթղթեր են ընդունվում, իսկ մեզ համար մեր սահմանին ամեն օր է կայանում անկախության հաստատումը…
Մեր պատմությունը լի է առեղծվածներով, չբացահայտված իրավիճակներով, դրանք մնում են իրենց գաղտնիքի մեջ, ամեն սերունդ իր հայացքով պիտի վերծանի, ինչն էլ իր հերթին մի նոր գաղտնիք է գալիքին ուղղված:
Ուրեմն, հազարամյակներ առաջ երևան եկած հայ ժողովուրդը դեպի ինքն իրեն քայլելու, ինքն իրեն ճանաչելու հազարամյակներով չափվող ժամանակում պահված երջանկությունն ունի:
1991 թվականին ԼՂՀ-ն հռչակվել է արցախցիներիս կամքով, և այսօր նույնիսկ մի զինվորի հերոսական արարքը զորու է հիմնահատակ անել մեր պատմության` պետականությունից ու բանակից զուրկ, խեղճությամբ մթին ժամանակը, այն երբեք չվերապրելու համար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։