«Երևանում շնորհանդես ունենալը երազանքս է եղել…»

Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում ընթերցասեր հասարակայնությունը հավաքվել էր ողջունելու բանաստեղծ Ռոբերտ Եսայանի՝ քնարական զեղումներով, փիլիսոփայական հայեցողությամբ, բնապաշտությամբ լի պոեզիայով հագեցած, «Քաոս և Լույս» գրքի շնորհանդեսը: Ներկա էին գրականագետներ, հասարակական և մշակույթի գործիչներ, Արցախի Հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչներ և այլք:
«…Սիրելիդ իմ Ռոբերտ Եսայան, ինչ-որ կարևոր բան էի փնտրում և քրքրում էի խառնիխուռն գրքերս ու թղթերս և նրանց մեջ գտա քո բանաստեղծությունների գիրքը՝ «Նժարը»: Հիմա, երևի մեծ ուշացումով, գիրքդ կարդացի անկեղծ հիացումով և պիտի ասեմ, որ քո «Նժարը» թերևս ամենից ծանր է կշռում իմ ընթերցած շատ բանաստեղծական գրքերի համեմատ… Դու իսկական բանաստեղծ ես.- ոչ միայն տաղանդավոր, այլև շատ ու շատ կողմերով ավելի ուժեղ, քան մեր բազմաթիվ «մոդեռն» համարվող բանաստեղծները, քանզի քոնը անգլերենից կամ ֆրանսերենից արտագրված մոդեռն չէ, այլ՝ իսկական, միայն քեզ պատկանող մոդեռն… Եվ եթե այսօր մեկն ուզենա թվարկել մեր այսօրվա տաղանդավոր բանաստեղծներին, ապա դու անկասկած պիտի լինես նրանց շարքում:
Ի սրտե շնորհավորում եմ քեզ և սպասում քո նոր գրքերին…»:
Գևորգ Էմին
1996 թ. սեպտեմբեր, ք. Երևան

Բանաստեղծ Արտաշես Ղազարյանը, շնորհավորելով հեղինակին, նշեց. «Ռոբերտ Եսայանի ստեղծագործություններում որևէ պատահական, հենց այնպես գրված տող չկա… Նրա և համանման պոեզիան ու արվեստը գալիս են ասելու, որ հայ ազգը հաղթելուց բացի ուրիշ ճանապարհ չունի»:
Հեղինակին ողջունեցին և նրա գրական գործունեության վերաբերյալ դրվատանքի խոսքեր հղեցին բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ, Մշակույթի հայկական ֆոնդի» նախագահ Արևշատ Ավագյանը, գրող, հրապարակախոս, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանը, բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը, գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ Թորոս Թորանյանը, բանաստեղծ, արձակագիր, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը, բեմադրիչ, ԼՂՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանը, կինոգետ, կինոդրամատուրգ Սերգեյ Գալստյանը:
Երաժշտական կատարմամբ ներկաներին ողջունեց երգիչ, երգահան Արսեն Համբարյանը:
Հանդիսությունն ամփոփելով, հեղինակը շնորհակալություն հայտնեց ներկաներին և տեղեկացրեց, որ իր նախորդ գրքերի շնորհանդեսները տեղի են ունեցել Արցախում, իսկ «Երևանում շնորհանդես ունենալը երազանքս է եղել, որն այսօր իրականություն է դարձել»:
Հեղինակի ստեղծագործություններից հատվածներ ներկայացրեց հանդիսավար Գայանե Սամվելյանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։