1886-87 թվականներին «Արձագանք» թերթում շարունակաբար տպագրվում էր Րաֆֆու վերջին ստվարածավալ գործը՝ «Սամվել» վեպը, որի երկրորդ գրքի «Մեկը արևմուտքում, մեկը արևելքում» գլխի «Պատմոս» ենթավերնագրի տակ պատմվում է Ներսես Մեծի կյանքի մի հատվածը:
Միայն մեկ օր: Ավելի երկար ժամանակ չուներ Րաֆֆին Ներսես Մեծի հետ Պատմոս կղզում լինելու, և քանի որ հիմա էլ «Արձագանք» թերթի գրաշարն էր անհամբեր շտապեցնում նրան, ինչպես որ «Դավիթ Բեկի» ձեռագրերին սպասում էր «Մշակի» գրաշարը, նա չէր կարող երկար մնալ իր հորինած Պատմոս կղզում: Ասում եմ՝ «իր հորինած», քանի որ ոչ Բուզանդի և ոչ էլ Խորենացու մոտ չի հիշատակվում կղզու անունը, որտեղ Վաղես կայսեր հրամանով աքսորված էր Ներսես մեծը:
«Այդ մենավոր կղզին այնպիսի տպավորություն էր գործում, որ կարծես մի փոքրիկ սունկի նման բուսած լիներ ջրերի տակից: Ծովը վաղուց կրկին կուլ տված կլիներ նրան, եթե նրա վրա բնակվելիս չլիներ մի սրբազան անձնավորություն» (խոսքը Ներսես Մեծի մասին է): Իսկապես էլ, ներկայիս Պատմոս կղզին ունի սնկաձև մի բարձրություն (290 մ), որի վրա կառուցվել է Սուրբ Հովհաննես Ավետարանչի եկեղեցին (1088 թ.): Րաֆֆին, անշուշտ, իմացել է, որ հին հռոմեացիները դատապարտյալներին Պատմոս կղզի էին աքսորում, բայց ամենայն հավանականությամբ չի իմացել, որ հենց այս կղզու աքսորյալն էր նաև Հովհաննես Ավետարանիչը՝ 95-97 թ.թ., և որ ամենագլխավորն է, այստեղ էր նրան այցելել ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ տեսիլքը: Կղզին այս պատճառով նաև Ապոկալիպսիս է կոչվել: Իսկ եթե իմացել է, ինչո՞ւ չի հիշատակել այս փաստը: Գուցե ցանկացել է, որ իր հրաշափառ ազգակիցն առաջի՞նը ոտք դրած լինի Պատմոսի քարանձավը: Բայց Պատմոս կղզում շատ են քարանձավները (Պատմոս՝ նշանակում է ժայռ), որոնցից մեկն էլ կարող էր Ներսես Մեծի 9-ամյա բնակատեղին լինել: Կամ գուցե նա էլ հրաշքով կամ զուգադիպորեն հայտնվեր նույն քարանձավում, որտեղ Հովհաննես Ավետարանիչը ականատեսն ու վկան էր եղել ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ: Գուցե Ներսես Մեծին հենց այս կղզում բանտարկելով՝ Րաֆֆին նպատակ ուներ նրա՞ն էլ մի հրաշափառ հայտնության ականատեսը դարձնելու: Բայց ինչո՞ւ չզարգացրեց այս գաղափարը: Գուցե «Արձագանքի» գրաշա՞րն էր խառնում նրա մտքերը իր շտապողականությամբ: Րաֆֆին ինքը մեզ համար սրբագործել է այս կղզին, չիմանալով, որ իրենից հարյուրամյակ անց կղզին պաշտոնապես սրբագործվելու է: 1669 թ. այստեղ հիմնված է եղել նշանավոր Պատմոսյան ակադեմիան: Իսկ հենց Հովհաննես Ավետարանչի ժամանակներում կղզին անմարդաբնակ չի եղել, վկայություններ կան, որ նրան հաջողվել է կղզու բնակիչներին քրիստոնեական հավատին բերել:
Բուզանդի նկարագրած լերկ, նույնիսկ խմելու ջրից զուրկ կղզում Րաֆֆին առատ բուսականություն է աճեցրել: Անջուր մակերևույթին աճած անտառների գոյությունը, որոնց մեջ հաստաբուն ծառեր կային, քարանձավի երկու կողմերում՝ նույնիսկ սգավոր ուռենիներ, նա բացատրում է ծովի գոլորշիացող ջրերով, ինչի շնորհիվ կղզում պահպանվում էր խոնավությունը: Այդ ծառերից մեկի բնափայտից Ներսես Մեծը այդ օրը շարունակում էր նավ կառուցել երեք հոգու համար: Նրա հետ կղզում գտնվող երկու երիտասարդ սարկավագներից Տիրեն «մի առանձին վստահությամբ» ասում է. «Առաջիկա լուսինը մեզ այլևս այստեղ չի տեսնի…»: Ներսես Մեծն այդ գործը վաղուց էր սկսել, և եթե հաշվի առնենք, որ նա քարե կացնով էր անում այդ գործը, արդեն իսկ տարիներ էր վատնել: Կղզում գտնվելու մասին տարընթերցումներից մեկում հիշատակվում է ինը տարի, իսկ մեկ ուրիշում՝ ինն ամիս, Խորենացին ասում է՝ «Ութ ամիս կերակրվեցին այն ձկներով, որ ծովը կենդանի ափ էր գցում»: Րաֆֆին նախընտրել է տարիների և ոչ թե ամիսների վարկածը: Իսկ թե ինչ է նշանակում «առաջիկա լուսինը», կարելի է ենթադրել, որ երիտասարդների՝ միմյանց հուսադրելու կրկնվող ճիգերից մեկն էր սա:
Եթե Րաֆֆուն հայտնի էր Հովհաննես Ավետարանչի պատմությունը, ուրեմն նա գիտեր նաև, որ նա իր հետ եկած աշակերտներին պատվիրել էր իրենց հետ բահեր վերցնել և մի մենավոր աղոթքից հետո՝ խնդրել, որ խաչի ձևով փոս փորեն և իրեն թաղեն այնտեղ: Իսկ մեր Ներսես Մեծը, քանի որ գաղափարի մարդ էր, իրավունք չուներ հայրենիքից հեռու այս կղզում իր մահկանացուն կնքել: Անպայման, հրաշքով թե ֆիզիկայի օրենքներով, նա պետք է հեռանար այնտեղից, քանի որ հայրենիքն էր իրեն սպասում: «Քարանձավը, որի մուտքի առջև նստած էր նա, գուցե շատ խաղաղ բնակարան կարող էր լինել մի ճգնավորի համար, որ աշխարհը ուրացած, կյանքից ձանձրացած, նրա մեջ լռության մխիթարություն կգտներ: Գուցե այնտեղ երջանիկ կապրեր և մի ծովային աստված, որ մերժված աստվածների ակումբից, հալածված Արամազդի շանթերից, յուր վրեժ-խնդրությունը կգտներ այն զվարճություն- ների մեջ միայն, որ կկախարդեր, կքարացներ նավերը, երբ կհամարձակվեին մերձենալ յուր կղզուն… Բայց այստեղ կարո՞ղ էր երջանիկ լինել գաղափարի մարդը»:
Դարձյալ հիշենք, որ ի տարբերություն մեր ժամանակների, երբ քչերն են կարդում Րաֆֆու գործերը, դեռևս լրագրային հատվածի շարունակությանն սպասող «Արձագանքի» բաժանորդները շատ էին, և հենց այդ բազմությանն էլ հասցեագրում էր Րաֆֆին դժվար թվացող իր մտքերը: Ուրեմն որքան մեծ հոգեբան էր Րաֆֆին. նա վստահում էր իր ճնշված ժողովրդի հավաքական ընկալունակությանը, փույթ չէ, թե շատերին դեռ հասանելի չէին իր գաղափարները. դա մի օրվա, մի տարվա գործ չէր: Աներևակայելի է այս վստահության, լավատեսության չափը, որ և նրան ուժ էր տալիս այսքան հանգամանորեն, այսպես գեղարվեստորեն խոսելու այն ամենի մասին, ինչ անքուն գիշերների տքնաջան աշխատանքով պեղում էր պատմության ծանր ծալքերը ետ տալով, առանց իսկ մի պահ մտածելու, թե օր օրի քայքայվում է իր առողջությունը:
Գուցե Ներսես Մեծի անհողդողդ կամքը, հայրենիք վերադառնալու և անպայման իր բարենորոգությունները շարու- նակելու գաղափարը, հզոր լավատեսությունը արդյունք էին մի նոր Հայտնությա՞ն, թե՝ Հայաստանը չի կործանվելու, թե հարատևելու է: Մենք գոնե այս լավատեսությունն արդարացնող վկաներն ենք, որ հրաշքով ապրում ենք այդ ժամանակներից մոտ 1660 տարի հետո էլ:
Մեկ օր էր կարծես ինքն իրեն տվել Րաֆֆին Ներսես Մեծի՝ այս սքանչելի մարդու կերպարն ամբողջացնելու համար իր «Սամվել» վեպում: Մեկ հատիկ օրվա մեջ նա պետք է տեղավորեր այդ արտասովոր քաղաքական գործչի, Աստծո անմնացորդ նվիրյալի ամբողջ կյանքը: Առաջին հայացքից անհասկանալի է, թե ինչո՞ւ նա չի օգտվում Բուզանդի թողած հրաշալի հեքիաթ հիշեցնող տեղեկություններից: Մանավանդ որ Րաֆֆուն հեքիաթը որպես իրականություն հրամցնելու մեջ մեղադրող Հայկունին արդեն ստացել էր իրեն արժանի շամփրահարող պատաս- խանը: Րաֆֆին այստեղ կարող էր գործածել ոչ թե իր, այլ ուրիշի հեքիաթը որպես ատաղձ: Ինչո՞ւ է նա հրաժարվել Բուզանդի տեղեկություններից, մանավանդ որ դրանք 14 դար շարունակ ընդունված են եղել որպես ճշմարտություն և վերստուգման չեն ենթարկվել: Ասենք, որ Րաֆֆին չէր հավատում Բուզանդի նկարագրած հրաշքներին, փորձում էր ամեն ինչ բնական օրենքներո՞վ բացատրել:
Րաֆֆին չի գործածում Բուզանդից եկող այն տեղեկությունը, թե Ներսես Մեծի ծնրադիր աղոթքից հետո քամին ձկների վտառներ էր ափ նետում, նաև՝ փայտ, որ ինքն իրեն էր այրվում, Ներսեսի աղոթքի շնորհիվ կղզում հայտնված խմելու ջրի հրաշքին շատ կարևորություն չի տալիս, միայն թեթևակի ասում է.«Հետո դիմեց (Ներսեսը) դեպի աղբյուրը, որ մի հրաշքով բխեցրեց, երբ այդ կղզում ջուր չէինք գտնում»… Կրակի մասին նույնպես հպանցիկ է ասվում.«Կրակը մի հրաշքով գտան նրանք և անշիջանելի էին պահում, որպես որմզդական սուրբ հուր»: Ինչո՞ւ Րաֆֆին, Բուզանդի սքանչելի հեքիաթը թողած, որտեղ Ներսես Մեծը Հովհաննես Ավետարանչի նման Աստծո հավանած առանձ- նաշնորհյալ մարդն է, շեշտադրում է նրա մեկ այլ հատկանիշ, որ շատ ավելի դժվար էր իր ժամանակակցի մտքին հասցնելը, քան զարմանագործությունը: Այն, որ նա ավելի ճիշտ էր գտնում Ռոբինզոնի եղանակով կրակ ստանալը, քան իրենք իրենց այրվող փայտերի հրաշքը, կարելի է բացատրել նրանով, որ իր ժամանակի ընթերցողը լիուլի ճաշակել էր արդեն հրաշքների, տեսիլքների, սրբերի պատմությունները, իսկ երբեք և ոչ մի դեպքում չվհատվող Ռոբինզոնի պատմությունը, որ այնքան նոր հորիզոններ կարող էր բացել մարդու երևակայության առաջ, դեռևս անծանոթ էր նրան:
Րաֆֆին Բուզանդի տվյալները մշակելիս նաև չի օգտվել դրանց մեջ եղած շատ առինքնող մի քանի տեղեկություններից, որ ոչ միայն հավաստի են հնչում, այլև հենց այն միջավայրն են, որի պակասությունից նա բողոքում էր միշտ: Բուզանդի խոսքերը երիտասարդ Ներսեսի բազում շնորհները ներկայացնելիս՝ հորդում են զվարթության շատրվանի պես, նրա՝ եկեղեցու հովիվ կարգվելու պատմությունը ջերմության, հարազատության, ծիծաղի խտտանք է առաջացնում հարյուրավոր դարերի միջից. «Իսկ նա, քանի որ իր խոնարհությունից իրեն արժանավոր չէր համարում այդ (աստիճանին), առաջ եկավ, սկսեց մի քիչ սուտ խոսել իր մասին, սկսեց իրեն բամբասել այնպիսի մեղքերի և անօրենությունների մեջ, որ չէր գործել: Երբ բազմությունը այս լսեց, և գիտեր որ նա իր մասին ստեր է հորինում՝ բոլորը միասին թագավորի հետ ծիծաղից թուլանում էին: Իսկ բոլոր զորքերը միաբերան աղաղակում էին. «Թող մեր վրա, մեր գլխների վրա դառնան քո գործած մեղքերը, թող մեր վրա, մեր որդոց վրա թափին քո (անօրեն) գործերը…»: Իսկ նա, որովհետև ուրիշ բան չգտավ նրանց պատասխանելու, որ զորքի համար վիրավորանք կլիներ, ասաց. «Դուք անօրեն եք ու պիղծ. ես չեմ կարող ձեզ հովիվ լինել և ձեր մեղքերը ինձ վրա վերցնել. ես չեմ կարող աչառություն անել, չեմ կարող ձեր գործած չարիքներին համբերել: Դուք այսօր զուր եք ինձ սիրում, վաղն իմ թշնամիներն ու ատողները կդառնաք. դուք ինձ կապում եք ձեզ հետ՝ ձեր գլուխը թակելու համար: Ինձ հանգիստ թողեք…»:
Ահա այս տվյալները ինչո՞ւ չի գործածել Րաֆֆին, որ այնքան սիրահար է նման սրտառուչ պատկերների: Ի՜նչ փառահեղ դրվագ կարող էր դուրս բերել սրանից իր բնատուր փայլուն հումորի, երգիծանքի ուժով: Դրա փոխարեն նա ակներև հաճույքով կանգ է առել զույգ ձեռնասուն ոզնիկների պատկերի վրա: Գուցե ի՞նքն էլ նույնացել էր այդ պահին աքսորյալ Ներսեսի հետ, և կղզին իրե՞ն էլ գերել էր իր գաղտնիքներով:
Իմ, ոչ այնքան վստահ, կարծիքով՝ տեղի (լրագրային էջեր) և ժամանակի սղությունն էր պատճառը (նա արդեն շատ հիվանդ էր և քանի որ հանճար էր, չէր կարող չկանխազգալ մոտալուտ մահը): Եթե Տոլստոյը իր Յասնայա Պոլյանայի դաստակերտի տաք, հարմարավետ առանձնասենյակի ճոխության մեջ ձեռագրերը բազում անգամներ վերանայելու հնարավորություն ուներ, և Սոֆյա Անդրեևնան էլ դրանք նորից ու նորից արտագրում էր, ապա Րաֆֆուն մի բաժակ քաղցր թեյն ու ծխախոտն էին միայն ընկերակցում և ուժ տալիս իր սխրանքն իրականացնելու:
Դառնանք Պատմոս կղզի:
Միայն մեկ օր և մի փոքրիկ կղզի, բայց որպիսի՜ գեղեցկություն՝ մարդկային հոգու և բնապատկերի, որքա՜ն սեր, արիություն՝ անհատի և ազգի…
ՄԵԿ ՕՐ ՆԵՐՍԵՍ ՄԵԾԻ ԵՎ ՐԱՖՖՈՒ ՀԵՏ ՊԱՏՄՈՍ ԿՂԶՈՒՄ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
