Արդեն տասը տարի է, ինչ մեզանից հեռացել է բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱ թղթակից անդամ, ՀՀ գրողների վարչության անդամ, գրական ֆոնդի նախագահ, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական աստիճաններ շնորհող և Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի խորհուրդների անդամ Սևակ Արզումանյանը, ում գրականագիտական ժառանգությունը շուրջ կեսդարյա տարեգրություն ունի:
Սևակ Արզումանյանին նվիրված բոլոր հոդվածների հեղինակները բազմիցս ներկայացրել են նրա անցած աշխատանքային և ստեղծագործական ուղին: Նա մեզ՝ իր սաներին, սովորեցնում էր որևէ հեղինակի մասին գրելիս հարազատ մնալ նրա տեսակին, որքան հնարավոր է հաղորդել տվյալ հեղինակին հատուկ անձնային հատկանիշները: Հավատարիմ մնալով նրա ուսմունքին` ստորև կներկայացվի այսօր արդեն արխիվի վերածված ձեռագրերի ու պահպանված փաստաթղթերի մեջ եղած ինքնակենսագրության օրինակը:
Ինքնակենսագրություն
Արցախյան պատմական հողում եմ ծնվել, Սեյտիշեն (այժմ` Խաչեն) գյուղում 1929 թ. նոյեմբերի 22-ին: Մայրս բանվորուհի էր մետաքսագործարանում, հայրս զբաղվում էր հողագործությամբ: Թերի միջնակարգն ավարտել եմ հայրենի գյուղում, միջնակարգը՝ հարևան Խնձորեստանում: 1946-ին ընդունվել և 1951-ին ավարտել եմ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Նույն տարում ընդունվել եմ համալսարանի ասպիրանտուրան և 1954-ի հունիսին պաշտպանել թեկնածուական դիսերտացիա «Հայ գրականությունը ռուսական առաջին հեղափոխության շրջանում» թեմայով: Ասպիրանտուրայի տարիներին դասախոսել եմ բանասիրական ֆակուլտետում:
1954 թ. սեպտեմբերից մինչև 1962 թ. սեպտեմբերը աշխատել եմ Հայաստանի գրողների միությունում` որպես «Խորհրդային գրականություն» ամսագրի տեսական-քննադատական բաժնի վարիչ: 1958 թվականից գրողների միության անդամ եմ, իսկ 1962 թվականից՝ գրողների վարչության անդամ:
1962 թ. սեպտեմբերից տեղափոխվել եմ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ՝ ավագ գիտաշխատողի հաստիքով: 1968 թ. փետրվարի 20-ին պաշտպանել եմ դոկտորական դիսերտացիա «Սովետահայ վեպը» թեմայով: Նույն տարում աշխատանքի եմ անցել Լենինականի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում՝ հայ գրականության ամբիոնի վարիչի, իսկ 1974-ից նաև բանասիրական ֆակուլտետի դեկանի պաշտոններով: 1970 թ. մայիսից պրոֆեսոր եմ և իբրև գիտական ղեկավար, աճեցրել եմ բազմաթիվ գիտական կադրերի:
1978 թ. առ այսօր վարում եմ պրոֆեսորի պաշտոն Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում: Հեղինակ եմ բազմաթիվ ծավալուն մենագրությունների և հարյուրավոր հոդվածների: Մշտապես կատարել եմ մի շարք հասարակական աշխատանքներ: Այժմ գիտական երկու խորհուրդների անդամ եմ:
Ամուսնացած եմ, ունեմ հինգ երեխա, երեք թոռ:
Սևակ Հարությունի Արզումանյան
05. 03. 1996թ.
Սովորաբար նման գրությունները ունեն որոշակի ֆորմալ ձևեր՝ չոր ու ցամաք, զուտ թվերի ու փաստերի միջոցով մարդու անցած կյանքն ու աշխատանքային գործունեությունը ներկայացնելու միտումով, սակայն այս պարզ ժամանակագրական գրության մեջ ևս զգացվում է Ս. Արզումանյանի կենսահաստատ խառնվածքն ու էությունը: Վերը նշված թվականից (1996 թ.) երևում է, որ դեռ առջևում ութ տարիներ կան, որոնք իրենց հետ բերելու են բազմաթիվ կորուստներ և վաստակած ու սպասված հաջողություններ, դեռ բազմաթիվ նոր գրքեր ու հոդվածներ պետք է գրվեն, հայրենասիրական-հասարակական աշխատանքներ պետք է կատարվեն, հազարավոր ուսանողներ պիտի ստանան հայ գրականության գանձարանի հարստությունները, տասնյակ ասպիրանտներ գիտական թեզեր պիտի պաշտպանեն և համալրեն գրականության մշակների շարքերը, իսկ թոռների թիվը բազմապատկվելու է…
Ինքնակենսագրության մեջ ակնարկվում է «բազմաթիվ ծավալուն մենագրությունների, հարյուրավոր հոդվածների» մասին: Լավ պատկերացնելու համար, թե խոսքն ինչ ծավալի մասին է, պետք է նշել, որ միայն նրա գրականագիտական աշխատությունների մատենագիտությունը տասնյակ էջերի է հասնում, ուստի այս հոդվածում ամենաառանցքայիններն են ներկայացվում. «Սովետահայ վեպը» (հինգ հատորով), ի դեպ, այդ կոթողային աշխատության չորրորդ հատորը արժանացել է ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի: Աշխատությունների ժամանակագրությունն ընդգրկում է 20-րդ դարի 20-ական թթ. մինչև դարավերջ, այսինքն` Ս. Արզումանյանը համապարփակ ձևով ներկայացրել է մի ամբողջ «էպոխայի»՝ ԽՍՀՄ հաստատումից մինչև փլուզումն ընկած ժամանակահատվածում մեծ կայսրության մի փոքր հատվածի՝ Հայաստանի գրողների ստեղծագործությունների վերլուծությունները` գրականության պատմության, քննադատության և տեսության դիտակետից ուսումնասիրված: Աշխատությունը, հիրավի, դարակազմիկ է, հսկայածավալ նյութ է ներկայացված, կարծես ոչ թե մեկ անձի, այլ մի ամբողջ գրականության ինստիտուտի խմբագրական կոլեգիայի բազմամյա տքնաջան աշխատանքի արգասիքը լինի: Բերենք գրականագետներից մի քանիսի կարծիքը: «…Արզումանյանի գրիչը նոր իմաստ ու խորք տվեց մի այնպիսի բարդ երևույթի, ինչպիսին էր խորհրդային շրջանի հայ արձակը: Հայ արձակին նվիրված հինգ հատորանոց նրա աշխատությունն առ այսօր մնում է չգերազանցված»,- բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արտեմ Հարությունյան: «Կոթողայինը Ս. Արզումանյանի գրականագիտական ժառանգության մեջ նրա «Սովետահայ վեպը» ծավալուն մենագրությունն է, որ բաղկացած է հինգ ստվար հատորներից: Այս հետազոտությունը փաստորեն մի ամբողջ դարաշրջանի գրական տարեգրությունն է, որն ապագայի գրականության պատմաբանի համար լինելու է կարևոր գիտական սկզբնաղբյուր»,- բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյան:
Իսկ անվանի պատմավիպասան Հայկ Խաչատրյանը գրել է. «Սևակ Արզումանյանը հավանաբար միակ գրականագետն է, ով ընթերցել է հայերեն գրված բոլոր վեպերը, որոնց թիվն անցնում է հազարից, և դարձել հայկական վեպի հետազոտող տեսաբան»:
Աշխատության վերջին՝ հինգերորդ հատորի «Ակամա խոստովանություն՝ վերջաբանի փոխարեն» հատվածում կարդում ենք. «Ահա և ավարտեցի այն գործը, որ սկսել էի շուրջ քառասուն տարի առաջ: Սկսել էի որպես դոկտորական թեզ և կարծում էի` «Սովետահայ վեպը» մենագրության մեկ գրքով կամփոփեմ ասելիքս: Աշխատանքի ընթացքում համոզվեցի, թե ինչ հսկայածավալ ու ահռելի նյութի եմ բախվել, և երբ լույս տեսավ առաջին գիրքը, արդեն հստակորեն գիտակցում ու պատկերացնում էի ընդգրկման չափերը, ժանրի զարգացման էտապային բաժանումները, կառուցվածքի ու թեմատիկ-բովանդակային համակարգի սահմանագծերը: Գիտեի նաև, որ ժամանակի հետ գրվելու էին նոր վեպեր ու վիպակներ, դժվարանալու էր գործս, բայց չնահանջեցի: Սկսել էի, պետք է շարունակեի ու ավարտին հասցնեի»:
Ս. Արզումանյանը նաև բազմաթիվ մեծարժեք մենագրությունների հեղինակ է, իր խոսքերով ասած, նա գրականագիտական «հետախուզումներ» է կատարել ու ավարտուն տեսքով ներկայացրել մի շարք նշանավոր գրողների ամբողջական ստեղծագործական գործընթացը, դրանցից են` «Վահան Թոթովենց», «Զապել Եսայան», «Հումորի ասպետը» (Գևորգ (Ժորա) Հարությունյան), ինչպես նաև «Բանաստեղծության ազգային հողը», որը հայկական բազմադարյա քնարերգության ուսումնասիրության բացառիկ կոթող է՝ ծավալի ընդգրկմամբ ու համակողմանի ուսումնասիրությամբ: Հետմահու լույս է տեսել նրա «Ստեփան Ալաջաջյան» մենագրությունը:
Ս. Արզումանյանը բազմաթիվ գրողների նոր հրատարակված ժողովածուների առաջաբանների հեղինակ է, իսկ նրա հոդվածների ու գրախոսությունների հրատարակումների բազմազանությունը «աշխարհագրական քարտեզ» է հիշեցնում:
Պատմությանը հայտնի են շատ դեպքեր, երբ ի վերուստ ստեղծագործական տաղանդ ունեցողները նվիրվում են ուրիշների ստեղծագործությունների լուսաբանմանը՝ այդպես էլ ժամանակ չգտնելով սեփականի արարման համար, գուցե դա է պատճառը, որ Ս. Արզումանյանը մի գրքի սահմաններում է ներկայացել որպես գրող: 1997 թ. լույս է տեսել նրա անդրանիկ «Ցամաքող աղբյուրներ» վիպակը: Լինելով ինքնակենսագրական՝ վիպակում կենդանի գույներով ու բնական պաթոսով պատկերված են հեղինակի մանկության ու պատանեկության տարիները: Չնայած դժվար ու ծանր տարիներ էին (Հայրենական պատերազմի ժամանակաշրջան), սակայն զգացվում են ապրելու տենչով ամբարված պատանեկան հոգու ելևէջները, երազայինի ու իրական կյանքի համադրության պահանջը: Հեղինակը ցավով է խոսում ներկայիս դատարկվող գյուղերի մասին: Վիպակի առաջին էջում կարդում ենք. «Սա հեղինակի անանց կարոտն է, մեծ ցավն ու հպարտությունը՝ հայրենի գյուղի և ամբողջ Արցախի հանդեպ», իսկ «Իջնում է վարագույրը» վերջաբանում` «Այս պատմությունը մեր գյուղի ու գյուղացիների մասին է: Նրանք շատ գեղեցիկ գրքերի են արժանի, ես սա կարողացա գրել…»:
Սևակ Արզումանյանի հետմահու հոբելյանական տարեդարձի` 75-ամյակի առթիվ ակադեմիկոս Սեգեյ Սարինյանը, ներկայացնելով նրա կյանքի անցած ուղին, նշել է. «…Եվ այսպես, ամբողջ կես դարի գրական, քննադատական, մանկավարժական արգասավոր գործունեություն և մշտապես դիրքերի վրա` առաջին շարքերում: Գրիչը ընդհատում չունեցավ, շարահյուսեց հոդվածների, մենագրությունների, հետազոտությունների տասնյակ հատորներ և մնաց չսպառված ու անավարտ, երբ տակավին թարմ էին աշխարհային զգացողությունները, և միտքը գործում էր հարցահույզ անհայտով: Սևակ Արզումանյանը անուն էր երկրային կյանքում և արդար հոգի` հանդերձյալում: Նրա հուշը կմնա հայոց մշակույթի պատմության էջերում»: