Ապրիլի 1-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմում Ջրականի (Ջաբրայիլ) մարտական դիրքերից մեկում հակառակորդի դեմ հերոսաբար մարտնչած և զոհված զինծառայող Բագրատ Ալեքսանյանի «Վերադարձ» գրքի շնորհանդեսը: Գրքում ընդգրկված են բանաստեղծություններ, պատմվածքներ, մտորումներ և պատառիկներ օրագրից:
Հերոսի մայրը` Նարինե Ասրյանը, խոստովանելով, որ իրեն երբեք չի լքում իր երկու որդիների հանդեպ հպարտության զգացողությունը, նշեց. «Այսօր Բագրատը վերադառնում է՝ իր գրած բանաստեղծություններով բերելով իր շունչն ու կենդանի ոգին»: Ապա շեշտելով, որ որդու բոլոր գործերն էլ հոգեհարազատ են իրեն՝ տիկին Նարինեն կարդաց նրա գործերից:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ժողովածուն բնորոշելով իբրև անմահության վերադարձ, ընդգծեց, որ անցյալ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մեր զինվորներն իրենց պապերի, նախնիների ոգով կարողացան պաշտպանել իրենց հողն ու արժանապատվությունը: Եվ նրանց շնորհիվ է մեր կյանքը շարունակվում: «Կարդում եմ նրա բանաստեղծությունները, որոնք գրված են անկեղծ մարդու սրտի թելադրանքով և որոնք հետո պետք է գեղարվեստորեն ամրանային: Դրանք գրված են մեկի կողմից, ով և՛ երկրի զինվոր էր, և՛ որդի, և՛ հայի կերպար»,- ասաց Էդ. Միլիտոնյանը:
«Շնորհալի երիտասարդ, որը բացվելու տեղեր ուներ, երկրին, ազգին, ընտանիքին նվիրված մարդ: Այս գիրքը ներկայացնում է նրա ամբողջական կերպարը այսօրվա լավագույն երիտասարդի կերպարը՝ և՛ որպես զինվոր, և՛ որպես գրող»,- ասաց ՀԳՄ հրատարակչության տնօրեն Շանթ Մկրտչյանը և նշեց, որ գիրքը տպագրվել է պետական աջակցությամբ: Հրատարակման հարցում նախանձախնդիր է եղել հեռուստալրագրող Մայա Խաչատրյանը, որը տրամադրել է ձեռագրերը: Նա հավելեց, որ ամեն ինչ արվել է, որպեսզի գիրքը պատրաստ լիներ ապրիլյան պատերազմի տարելիցին:
Շնորհանդեսի շրջանակում Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը պատվոգիր շնորհեց հերոսի ծնողներին, իսկ «Նարեկացի» արվեստի միությունը` խորհրդանշական «Նարեկ»:
Շնորհանդեսին ներկա էին հարազատներ, ընկերներ, այլ հերոսների ծնողներ: