Գրականությունը միշտ ուղեկցելու է երեխաներին

Մարտի 30-ին Մանկապատանեկան գրքի շաբաթի շրջանակներում ՀԳՄ-ում հյուրընկալվեցին Երևանի ծովակալ Իսակովի անվան թիվ 132 դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը աշակերտներին ներկայացրեց Հայաստանի գրողների միության հիմնադրման պատմությունը, որի առաջին նախագահը եղել է Ավետիք Իսահակյանը, տեղեկացնելով, որ երկու տարի առաջ նշվել է ՀԳՄ-ի 80-ամյակը: Նա իր խոսքում նշեց, որ մանուկների համար լույս տեսնող թերթերն ու ամսագրերը պետք է անպայման մտնեն դպրոց, և հորդորեց ծնողներին, ուսուցիչներին` աշակերտներին հասու դարձնել այսօր նրանց համար ստեղծվող գրականությունը: «Դասագրքերում շատ քիչ գործեր են տպագրվում: Ժամանակակից գրողները տպագրվում են «Ծիծեռնակ», «Աղբյուր», «Ցոլքեր» և այլ մանկապատանեկան ամսագրերում և թերթերում»,- ասաց նա:
ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը ուրախալի համարեց այն փաստը, որ աշակերտներն իրենք են ցանկություն հայտնել հանդիպելու այն գրողների հետ, ում գործերը տեղ են գտել իրենց դասագրքերում: «Անհատական-անձնական շփումները, գրողի հետ հանդիպումը նոր լիցքեր են տալիս, հետո սկսում ես ուրիշ աչքով ընթերցել նրանց բանաստեղծությունները: Գրականությունը հավերժական է, այն միշտ էլ ուղեկցելու է երեխաներին»,- վստահեցրեց Պ. Դեմիրճյանը:
Սուրեն Մուրադյանը խոստովանեց, որ ինքը դպրոցական տարիքում փախել է դասից` Ավետիք Իսահակյանին տեսնելու համար: Եվ պատմեց Վարպետի հետ իր հանդիպման մասին, ընդգծելով, որ Ավ. Իսահակյանը, կարդալով իր բանաստեղծությունները, խորհուրդներ է տվել, իսկ հետագայում նաև ջերմ խոսքեր գրել իր գործերի մասին:
Սաթենիկ Ղազարյանը ներկայացրեց «Ծիծեռնակ» ամսագիրը, որն արդեն 88 տարեկան է, փաստելով, որ այստեղ տպագրվում են ժամանակակից բոլոր մանկագիրները: Նա նաև տեղեկացրեց, որ ամսագրում առանձին էջ է տրամադրվում ստեղծագործող երեխաներին՝ տպագրելով նրանց թե՛ նկարչական, թե՛ գրական աշխատանքները՝ խրախուսելու նպատակով:
Հռիփսիմէն խոստովանեց, որ յուրաքանչյուր փոքրիկի մեջ տեսնում է իր թոռնիկին և բանաստեղծություն կարդաց հյուրերի համար:
Շրջելով ՀԳՄ-ում՝ աշակերտները լուսանկարներով ծանոթացան տարբեր տարիների ընթացքում այն ղեկավարած նախագահների հետ: Այնուհետև նրանք այցելեցին ՀԳՄ հրատարակչություն: Հրատարակչության տնօրեն Շանթ Մկրտչյանը երեխաներին պատմեց, թե ինչպես է ստեղծվում գիրքը, ինչպես է ձեռագիր վիճակից որոշ գործընթացներ անցնելուց հետո իջնում տպարան: Բացատրեց խմբագրի և հեղինակի հետ տարվող աշխատանքները և ամփոփելով ասաց. «Դե, սպասում եմ ձեր գրքերին, երեխանե՛ր»:
Հրատարակչությունից հետո երրորդ դասարանցիներն իջան տպարան՝ տեսնելու, թե ինչպես է տպագրվում գիրքը:
Հանդիպման ավարտին հյուրերին հանձնվեցին «Ծիծեռնակ» ամսագրի համարներից, ինչպես նաև «ԳԹ»-ի մանկական էջի ներդիրը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։