Ապրիլի 1-ին «Ավետիս» մանկապարտեզը անվանակոչվեց մանկագիր Մնացական Թարյանի անունով: Այսուհետ կրթօջախը կոչվելու է Մնացական Թարյանի անվան «Ավետիս» ՍՊԸ: Մանկապարտեզի տնօրեն Ռուզաննա Ավետիսյանը նշեց, որ պատահական չէր գրողի անունով կրթօջախը անվանակոչելը, քանի որ տարիներ շարունակ սաները կրթվել, դաստիարակվել են մանկագիր Թարյանի բանաստեղծություններով, կատարել են նրա գործերի հիման վրա գրված երգերը: «Անվանի բանաստեղծ, արձակագիր, մանկավարժ, Հայրենական մեծ պատերազմի վետերան Մնացական Թարյանի անվամբ անվանակոչությունը լավ առիթ է՝ ի մի բերելու մարդու անցած ուղին, հիշելու և միշտ վառ պահելու նրա գործը»,- ասաց նա: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը կարևորեց կրթօջախները գրողների անուններով կոչելու ավանդույթը, քանի որ այդպիսով երեխաներն առավել մոտ են լինում նրանց ստեղծագործություններին, մեծանում են հենց այդ գրվածքներով: Ապա ներկայացնելով դժվարին կյանք ապրած, տառապանքի քառուղիներով անցած մարդուն` Մնացական Թարյանին, Էդ. Միլիտոնյանը փաստեց, որ, չնայած այդ ամենին, բարությունն ու ժպիտը անպակաս էր նրանից: «Ուրիշներին բարություն, ժպիտ, մի լավ խոսք էր ուզում փոխանցել, որովհետև դրա կարիքը շատ է զգացել կյանքում: Գրողի գոյության մեծագույն իմաստը այդ բարությունը, ժպիտը փոխանցելն ու կյանքը սիրելը, ապրելը և մաքառելն է»,- ասաց Էդ. Միլիտոնյանը և հորդորեց ճանաչել, սիրել մեր գրողներին: «Ամեն մարդ ինքն իր օրինակով պիտի պանծացնի մեր գրականությունը»,- ամփոփեց նա: Ըստ Անուշ Վարդանյանի` այսօր էլ հայը ամբողջ աշխարհում ճանաչվում է գրողի շնորհիվ, ապացույցը` Գրիգոր Նարեկացու սրբադասումը Ֆրանցիսկոս Պապի կողմից: Ելույթ ունեցան նաև Լևոն Բլբուլյանը, Անահիտ Թարյանը, բանաստեղծի թոռնուհին և ուրիշներ:
Կարդալ նաեւ․․․
ՆՎԻՐՈՒՄՆԵՐ ՉԱՐԵՆՑԻՆ
Նոյեմբերի 2-ին ՀԳՄ ճեմասրահում տեղի ունեցավ Եղիշե Չարենցի 125-ամյակի առթիվ…

«21-ՐԴ ԴԱՐԸ ՄԵՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ»
Մարտի 7-ին ՀԳՄ ճեմասրահում տեղի ունեցավ «Վազգեն Սարգսյանը լուսանկարներումե ցուցահանդեսի…

ՇԻՐԱԶԻ ՎԱՐԴԱՏՈՆ` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ / Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ
Աստվածատուր բանաստեղծությունը Հովհաննես Շիրազին «Էն գլխից» «գարնան թագավոր» է կարգել,…