Դեկտեմբերի 5-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ, հրապարակախոս Սամվել Մարգարյանի «Հերոսապատում» գրքի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ընդգծելով, որ գրական աշխարհում Ս. Մարգարյանը միշտ էլ ներկա է եղել քաղաքացիական իր մասնակցությամբ, նշեց, որ «Հերոսապատում» գիրքը տարբեր տարիների գրվածքների միաբերում է: «Այս գիրքը Արցախյան հերոսամարտի մասնակիցների, Սարդարապատի և ապրիլյան քառօրյայի զոհվածների, նաև ապրողների մասին է»,- ասաց նա և հավելեց, որ այն երկար ժամանակի քրոնոգրաֆիա է, մեր այն ժամանակի, որը հագեցած էր ֆիդայական, խմբակային պայքարով, արցախյան պատերազմով: Էդ. Միլիտոնյանը նկատեց, որ պատերազմական իրավիճակը, լարվածությունը Ս. Մարգարյանի համար դարձել է պոեզիայի նյութ՝ հաստատելով, որ գրականությունը ոչ միայն ներկա ժամանակի, այլև ապագայի մեջ ունի իր խնդիրները՝ կապված հայրենասիրության, ռազմահայրենասիրական դաստիարակության հետ:
ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանի հավաստմամբ՝ Ս. Մարգարյանը, իր առաջին գրքից մինչև «Հերոսապատում» ժողովածուն, հավատարիմ է մնացել այն թեմաներին, որոնք առկա են եղել իր ստեղծագործություններում՝ հայրենիքը, Հայաստանը, մեր հերոսները, մեր պատմական թեմատիկան և սերը ոչ միայն հայրենիքի, այլև կնոջ նկատմամբ: «Սիրո զգացում և հայրենիքի զգացում. այս երկուսը Սամվել Մարգարյանի համար դառնում են մարդու բուն էությունը և շարքից շարք, ժողովածուից ժողովածու տարբեր վարիացիաներով իրենց բանաստեղծական դրսևորումներն են ունենում»,- ասաց Պ. Դեմիրճյանը, հավելելով` «այն ամենը, որ գրողը բերում է պոեզիայի մեջ և անունը դնում հերոսապատում, արդարացնում է նրա՝ իբրև բանաստեղծի գոյությունը մեր գրական անդաստանում:
Շիրակի համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր Գագիկ Խաչիկյանը տեղեկացրեց, որ Սամվել Մարգարյանին տարածաշրջանում ճանաչում են ոչ միայն իբրև գրողի, այլև մշակութային գործչի: Ապա անդրադառնալով «Հերոսապատում» գրքին՝ նա վստահեցրեց, որ այս ժողովածուն հնարավորություն է տալիս ծանոթանալ մեր հերոսների հետ, ովքեր կարող են օրինակ ծառայել իրենց հայրենասիրությամբ, անձնվիրությամբ:
«Յուրօրինակ ու ինքնատիպ գիրք, որը հայոց պատմության տարբեր դրվագներով մի ընդհանուր հերոսապատման շղթա է իր առանձին օրինակներով»,- ասաց ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը՝ հավելելով, որ անցյալի գեղարվեստական փորձը, ավանդույթը ներառված է ժողովածուում:
Ելույթ ունեցան նաև Արևշատ Ավագյանը, Դոնարա Հարությունյանը, Խաչիկ Բադիկյանը, Ռազմիկ Դարբինյանը, Շանթ Մկրտչյանը, ազատամարտիկ Ջուլիետա Գյունաշյանը, Արա Գևորգյանը, Սերգեյ Վարոսյանը, Արա Արթյանը, որոնք իրենց խոսքում մեկ անգամ ևս փաստեցին ներկայացվող գրքի հիմնական առաքելությունը` հայրենասիրությունը որպես հոգևոր արժեք գնահատելով:
Շնորհակալական խոսք ասաց Սամվել Մարգարյանը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ