ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Մայիսի 7-ին Գրողների միությունում էին հյուրընկալվել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ջաֆար Ջամանին և Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության Մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Մաջիդ Մեշքին: Հանդիպմանը ներկա էին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, բանաստեղծ Սամվել Կոսյանը, ՀԳՄ թարգմանական բաժնի ղեկավար Շանթ Մկրտչյանը, Միջազգային կապերի բաժնի ղեկավար Հերմինե Նավասարդյանը: Այցելությունը նպատակային էր՝ էլ ավելի զարգացնել երկու բարեկամ ժողովուրդների մշակութային կապերն ու ավանդույթները: Մաջիդ Մեշքին նշեց, որ բազմաթիվ են մշակութային համագործակցության օրինակները, և հույս հայտնեց, որ հետագայում ևս համատեղ բազմաթիվ ծրագրեր կիրականացվեն: Նա ասաց, որ ծրագրել են Ֆիրդուսուն նվիրված համաժողով կազմակերպել, և նպատակահարմար են համարել այն համատեղել Հովսեփ Օրբելու հոբելյանի հետ: Էդվարդ Միլիտոնյանը ողջունեց առաջարկը և նշեց, որ անցյալ տարի տպագրվել է Ֆիրդուսու ստեղծագործությունների հայերեն ժողովածուն, ապա հավելեց, որ հրաշալի կլիներ եթե Իրանում այն տպագրվեր Մարտիրոս Սարյանի նկարազարդումներով: ՀԳՄ նախագահը պատմեց հայ գրողների ստեղծագործությունների տպագրման համատեղ ծրագրի մասին, որի շնորհիվ Թեհրանում շարունակաբար տպագրվում են հայ ժամանակակից գրողների գրքերը: Փոխադարձաբար կտպագրվեն նաև պարսիկ գրողների գրքերը հայերեն: Թարգմանությանը մասնակցում են իրանահայ գրողները, որոնց հետ աշխատանքը նպաստում է հայ և պարսիկ գրողների համագործակցությանը: «Հայ-պարսկական բարեկամությունը բազմադարյա պատմություն ունի, և մենք ուրախ ենք, որ մեր միջև կան ու շարունակվում են բարեկամական փոխհարաբերությունները»,- ասաց նա: Սամվել Կոսյանը պատմեց հայ ու պարսիկ դրամատուրգների համագործակցության, տպագրված ստեղծագործությունների և Հայաստանում ու Իրանում բեմադրված ներկայացումների մասին: Պետրոս Դեմիրճյանը խոսեց հայ գրողների մասին, ովքեր իրենց ստեղծագործություններով մշակութային կամուրջ են ստեղծել երկու ժողովուրդների միջև: Հերմինե Նավասարդյանը դրական համարեց անցյալ տարի Հայաստանում Պոեզիայի միջազգային փառատոնին երկու պարսիկ բանաստեղծների մասնակցությունը, առաջարկելով շարունակել համագործակցությունը՝ հայ բանաստեղծներին հրավիրելով մասնակցելու Իրանում կազմակերպվող միջազգային փառատոներին: Մաջիդ Մեշքին վերջում հավաստիացրեց, որ կշարունակեն մշտական կապի մեջ լինել ՀԳՄ-ի հետ և կանեն հնարավորը՝ հայ-իրանական մշակութային կապերն առավել բարձր աստիճանի բարձրացնելու համար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։