Սուրեն Սարումյանը գրում է ակվարելի նման` խտացումներ չունի, բայց ամբողջական պատումը, երբ ընթերցում ես վերջին տողը, սարսռեցնում է: Ուզում ես ազատվել` չի ստացվում: Ինչի՞ց է` չես հասկանում, որովհետև մինչև վերջին պահ թվում էր` նյութը քեզ չի տիրում: Բայց գիրքը փակելուց հետո պարզում ես, որ դեռ այնտեղ ես, և պատումը քո մեջ կենդանի թրթռում է, խտղտում զգայարաններդ: Խոսքը հեղինակային ապրումից անդին` քո մեջ հնչում է: Ու թեև առանձին սյուժեներ չես հիշում, ամբողջականի զգացողությունը դեռ երկար քեզ չի լքում:
Երևույթի տեսական բացատրությունը ես չունեմ: Հեղինակն էլ հազիվ թե ինչ-որ գրական ուղղության հետևորդ կամ հանձնակատար է: Հիմնական տպավորությունն այն է, որ Սուրեն Սարումյանը կարողացել է տեսնել անդենականի իրականությունը: Այն, ինչ կա առօրյայից դուրս` որպես «սև խոռոչ», դեպի ուր մղվում ենք ակամա, որովհետև առտնին կեցությունը մեր վարքի կանոնակարգված դրսևորումն է միայն: Կյանքը, մինչդեռ, պայմանականություններից դուրս իրողություն է, որ բաղկացած է ոչ միայն ներկայի մեր գոյությունից, այլև` անցյալի հիշողություններից և ապագայի մասին պատրանքներից, այլապես լինելու էինք ընդամենը խոսող էակ:
Մարդն, այնինչ, ավելի շատ լռություն է, և հեղինակին հաջողվել է «համր» գոյությունից արթնացնել ոչ այնքան սոցիալական էակին, որ տվյալ միջավայրի կոնկրետ պայմաններում ինչ-որ բան է անում կամ խոսում, որքան փիլիսոփայի, ում ներկայությամբ ժամանակն իմաստավորվում է իբրևւ անցյալ կամ ներկա, կամ հակառակը` որպես թե մեզնից յուրաքանչյուրն իր հեռավոր նախնու լավ կամ ձախողված կրկնությունն է, և մեր հետնորդներն էլ ներկայացնելու են մեզ: Եվ այսպիսով ստեղծվում է կյանքի անսկիզբ-անվերջությունը` որպես բոլորովին այլ իրականություն, որ պատմա-սոցիալական տվյալ միջավայրում չի ընկալվում, բայց կա, նույնիսկ շատ հաճախ պայմանավորում է մեր վարքը, քանի որ մենք ժամանակի կոնկրետ հատույթում դրսևորվող գոյություն չենք միայն, այլ կրում ենք ժառանգականության բեռը և փոխանցում մեր զավակներին:
Սուրեն Սարումյանն, ահա, կարողացել է սոցիալական միջավայրից աբստրահել առհասարակ-ինքնին-անպարտադիր գոյության գրողական իր աշխարհը, որտեղ մարդիկ «ստվերներ» են, տարօրինակ էակներ, եթե պատումին նայելու լինենք իրականության սպասումով: Բայց գրականությունը պատճենահանում չէ: Գրողի հայացքն ունի ներքին «օբյեկտիվ», որը առօրյա պատկերներից սինթեզում է բնորոշը:
Հեղինակը տեսնում է անդենականը, մարդու էության երկրորդ-երրորդ շերտերը, որ սոցիալական կյանքում գրեթե չեն դրսևորվում, մնում են երկրորդ ԵՍ-ի մակարդակում: Սուրեն Սարումյանի կերպարները երկրորդ ԵՍ են: Նրանք հաճախ չգիտեն էլ, որ իրենք ներաշխարհում բոլորովին ուրիշ են: Գրողն է նրանց խորքում հայտնաբերել սահմանային դրսևորումներ և կենդանացրել ներքին ապրումների ընթացքը: Եվ ստացվել է անդենականի իրականություն, որի հանդեպ առօրյան չափազանց դժգույն և նույնիսկ օտարոտի է:
Եվ ուզում ես հավատալ, որ կա կյանքի բոլորովին ուրիշ շերտ, որտեղ սոցիալական և քաղաքական բախումներն ստորադասված են անհատական ներհայեցողությանը, փիլիսոփայի հայացքին, որ, ի վերջո, ամեն ինչ խաբկանք է, և մենք բոլորս ընդամենը «մտածող եղեգ» ենք:
Սուրեն Սարումյանը կարողացել է հերոսին հաշտեցնել անխուսափելիությանը` որ իրականությունը չի փոխվում, մարդուն տրված է մերկանտիլից աբստրահվելու բացառիկ շնորհ: Եվ կյանքն այն է, թե որքանով է հաջողվում շոշափել անդենականի սահմանը: Մնացածը լուռ գոյություն է: Սուրեն Սարումյանի պատումը աբստրակցիայի հաղթանակն է մերկանտիլի նկատմամբ, որ ճանաչման հաճույքն է: