Ավանդույթի համաձայն՝ Մանկապատանեկան գրքի շաբաթը մեկնարկում է Հայաստանի Հանրապետության մարզերից որևէ մեկում: Ապրիլի 3-ին Մանկապատանեկան գրքի շաբաթի մասնակիցները հյուրընկալվեցին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում: Մարդաշատ էր մարզպետարանի դահլիճը, որտեղ հավաքվել էին աշակերտներ, ուսուցիչներ, քաղաքի գրասեր հասարակության ներկայացուցիչներ, մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, մարզի գրողներ Ռաֆայել Սահակյանը, Ժաննա Աբրահամյանը, Արսեն Զաքարյանը և ուրիշներ:
Աշոտ Ղահրամանյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ մանուկներն են երկրի ապագան, ուստի՝ պետք է լավ սովորեն ու մեր երկրի լավագույն քաղաքացիները դառնան:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով օրվա հյուրերին՝ Սուրեն Մուրադյանին, Ռոզա Եղիազարյանին, «Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն, գրող Անուշ Վարդանյանին, «Ցոլքեր» պատանեկան-երիտասարդական հանդեսի խմբագիր, բանաստեղծ Հռիփսիմէին, արձակագիր Սաթենիկ Ղազարյանին, բանաստեղծ Օլգա Դարյանին, նշեց, որ թեև դասագրքերում ընդգրկված են ժամանակակից մանկագիրների ստեղծագործությունները, սակայն աշակերտները չեն ճանաչում իրենց կողքին ապրող հեղինակներին: Նրա հավաստմամբ՝ այսպիսի հանդիպումներ կազմակերպելով՝ մանուկներին հնարավորություն է տրվում՝ ճանաչելու այսօր ապրող, ստեղծագործող մեր մանկագիրներին: «Ժամանակակից մանկագրությունը գեղեցիկ էջեր է պարգևել մեր գրականությանը. շարունակելով Ղ. Աղայանի, Հովհ. Թումանյանի, Վ. Անանյանի ավանդները՝ մանկագիրներն այսօր ևս ստեղծում են հրաշալի գործեր, որոնք զետեղվում են «Ծիծեռնակ», «Ցոլքեր», «Աղբյուր», «Լուսապսակ» մանկապատանեկան ամսագրերում»,- ասաց Էդ. Միլիտոնյանը և կարևորեց բաժանորդագրության դերը երեխաներին դեպի լավ գրականություն ուղղորդելու գործում:
Սուրեն Մուրադյանը, արժևորելով Մանկապատանեկան գրքի շաբաթի մեկնարկը հատկապես Արմավիր քաղաքում, նշեց. «Սարդարապատի հերոսական ճակատամարտը բախտորոշ է եղել և խորհրդանշում է հայ ժողովրդի դարերով կուտակված անսասան ուժը, լավատեսությունը, լուսավոր և օրինաչափ ճակատագիրը»:
«Օրվա խորհուրդն այն է, որ մենք հիմա մանկական մոլորակ ենք մտնում պարզ անկեղծությամբ և հասկանալով՝ մեր նախնիներն ու մենք սովորել ենք հեքիաթներից, առակներից, լեգենդներից, իսկ այդ ամենը մեզ հասել է գրքի միջոցով»,- ասաց Ժաննա Աբրահամյանը: Ըստ Ռաֆայել Սահակյանի՝ «Մանկագիրների ներկայությունը որոշակի շունչ և ճշմարիտ հոգեբանություն հաղորդեց դահլիճում նստած երեխաներին, ովքեր այսօրվա գեղեցկության խտացումն են իրենց մեջ վերցրել, ապագայի ջիղն է նրանց մեջ նստած և հորդաբուխ լույսը, որ կրում են ժամանակի ու տարածության համար»: Անուշ Վարդանյանը, ներկայացնելով «Ծիծեռնակ» հրատարակչության տպագրած գրքերը, հորդորեց սիրել գիրքն ու կարդալ, քանի որ այն զարգացնում է միտքը, երևակայությունը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ