ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐՈՒՄ

Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության տարեմուտի նիստը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց 2014 թ. ՀԳՄ գործունեության ամփոփ հաշվետվությունը: Նա տեղեկացրեց, որ ՀՀ նախարարությունների` Մշակույթի, Կրթության և գիտության, Սփյուռքի, Պաշտպանության, Առողջապահության և այլն, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ Գրողների միության նախաձեռնած ծրագրերի մի մասն արդեն իրականացվել է, մյուսներն ընթացքի մեջ են: Նախագահը մասնավորապես կարևորեց ՀԳՄ համաձայնագրի կնքումը «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ-ի հետ, որով գրողներն այսուհետ կարող են անվճար և զգալի զեղչերով օգտվել կազմակերպության ծառայություններից: Այնուհետև նա համառոտակի անդրադարձավ եկող տարվա ծրագրերին ու միջոցառումներին:
ՀԳՄ նախագահության նիստը հաստատեց «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» մրցանակաբաշխության հանձնաժողովի քվեարկության արդյունքները: Փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին ՀԳՄ ամենամյա մրցանակակիր ստեղծագործությունները:
Նույն օրը տեղի ունեցավ ՀԳՄ վարչության տարեվերջյան նիստը, որն ամփոփեց Գրողների միության տարեկան գործունեությունը: ՀԳՄ վարչության անդամներին ներկայացվեցին նաև գալիք` 2015-ին նախատեսված ծրագրերը, որոնցում զգալի տեղ կգրավեն Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված տարբեր ձևաչափի գրական-մշակութային միջոցառումները:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը շնորհավորեց ՀԳՄ գրական ընտանիքի` Հայաստանի, Արցախի և Սփյուռքի գրողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ցանկացավ առողջություն, երջանկություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։