Հեքիաթով ապրելու արժանապատվություն

download (1)Մարտի 3-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ Մկրտիչ Գրաբսկու «Շրջայց» և «Ինքնավերծանում» բանաստեղծական ժողովածուների շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով բժիշկ Մկրտիչ Գրաբսկուն, նշեց, որ դժվար է գործել այլ ասպարեզում և միևնույն ժամանակ լինել գրականության մեջ` բարձր ճաշակով, փիլիսոփայական մեկնակետերով և պոետական արվեստի հմտությամբ: «Համարձակորեն բժշկական նշտարով մտել ես գրողական աշխարհ և գրական հոգին ես քչփորում` դասական ոճի, չափ ու եղանակի մեջ մատուցելով հստակ, հակիրճ, գրաֆիկորեն պարզ քո ապրումները, քո գեղագիտությունը»,- ասաց Էդ. Միլիտոնյանը և հավելեց, որ և՛ ռուսական, և՛ հայկական պոեզիայի լավագույն հոտառությունը կա «Ինքնավերծանում» գրքում:
ՀՀ ԱՆ կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ինստիտուտի տնօրեն, բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Բենիկ Հարությունյանը ներկայացրեց Մկրտիչ Գրաբսկու կյանքը և աշխատանքային գործունեությունը` ընդգծելով, որ նա բժշկական աշխարհում հեղինակություն վայելող մարդ է, «դժվար հիվանդություններ և դժվար հիվանդներ բուժող բժիշկ»:
«Հայրենի բնությունից, աղբյուրներից ո՞ր մասը վերցրեց Գրաբսկին մարդկանց ֆիզիկականը բուժելու համար և ո՞ր մասը` իր հոգին առողջ և երկար պահպանելու համար»,- հարց ուղղեց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը` իր հիացմունքն արտահայտելով Մ. Գրաբսկու ծննդավայրի բնության հանդեպ: Նրա հավաստմամբ` այն երեխան, որ երազել է բանաստեղծություն գրել, չի ծերացել, և Գրաբսկին. ականջն այդ երեխայի թոթովանքներին, բժշկության ճանապարհն անցնելով` բանաստեղծություններ է գրում:
ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը, ուշադրություն դարձնելով գրքերի վերնագրերին, նշեց, որ հեղինակը նախ շրջայց է կատարել իր ներաշխարհում («Շրջայց») և ապա՝ գրական աշխարհում, և այդ գրական աշխարհում հասկացել, որ գրողները գրքերը գրում են, քննադատներն ու գրականագետները՝ վերծանում: Եվ գրականագետների գործը հեշտացնելու համար հեղինակը ինքնավերծանում է կատարել («Ինքնավերծանում»): Ըստ բանաստեղծուհի Նոնա Պողոսյանի` Մ. Գրաբսկու բանաստեղծական հմտությունը ինքնախուզարկումով, ինքնաքննումով անցյալից ներկա գալն է և վերհուշը ներկա հասցնելը: «Վերհուշի միջով գալիս-հասնում եք ներկա և այդ ներկան ներկայացնում վերհուշի նման համոզիչ»,- ամփոփեց նա: Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանն անդրադարձավ «Շրջայց» գրքին` նշելով, որ այն հեղինակի հոգու հանգստության համար պատրաստված ժողովածու է, և պիտի ներողամիտ վերաբերմունք ունենալ այդ տեսակ գրականության հանդեպ, քանի որ բանաստեղծություն է գրում մեկը, ով քո պատկերացման մեջ բանաստեղծ չէ: Ելույթ ունեցան նաև բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը, «Անդին» հանդեսի գլխավոր խմբագիր, գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, գրող-հրապարակախոս Վահան Սաղաթելյանը և ուրիշներ:
Մարդասիրական գործունեության համար Ֆելիքս Բախչինյանը Մ. Գրաբսկուն պարգևատրեց «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալով: Մ. Գրաբսկու բանաստեղծություններից կարդաց ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը: Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Մկրտիչ Գրաբսկին:

Շ. ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։