Ի սկզբանէ էր Բանն… / ՊՈԵԶԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 

Ապրիլի 16-21-ը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում ՀԳՄ-ն անցկացրեց Պոեզիայի միջազգային առաջին փառատոնը «Ի սկզբանէ էր Բանն…» խորագրով, որին մասնակցեցին շուրջ 30 երկրից 100 բանաստեղծներ` 50 մասնակից Հայաստանից և Արցախից, 50-ը` արտերկրից:
Պոեզիայի միջազգային առաջին փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ «Կասկադ» համալիրում:
ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանի հավաստմամբ` պատահական չէ խորագրի ընտրությունը, քանի որ Հայաստանը պոեզիայի օրրաններից է, ուր ի սկզբանե Բանը և Բանաստեղծը գնահատվել են, և երբեք չի պակասել մեծարանքը գրողի և խոսքի նկատմամբ:
Ըստ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի` գրականությունը զարգացած է այն երկրներում, որտեղ ներշնչանքը շատ է: «Հայաստանն այդպիսի երկիր է, և համոզված եմ, որ մասնակիցները ներշնչանք կգտնեն ամենուր»: Վստահեցնելով, որ այլ երկրներից ժամանած գրողներն ընկալվում են որպես հայրենակիցներ, նա հույս հայտնեց, որ ստացած տպավորություններն առիթ կդառնան նոր բանաստեղծությունների ու պոեմների:
Փառատոնի շրջանակում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց պատվիրակության անդամներին: Ողջունելով փառատոնի մասնակիցների այցը համայն հայության Հոգևոր կենտրոն` Վեհափառ Հայրապետն օրհնեց ու բարեմաղթանքներ հղեց ներկաներին: Նա գնահատեց Լ. Անանյանի ներդրումը Երևանում Պոեզիայի միջազգային առաջին փառատոնի կազմակերպման գործում և անդրադառնալով պոեզիայի բարձր կոչմանը` հորդորեց գրողներին իրենց աստվածաշնորհ կարողություններով նպաստել մարդկության բարօրությանը, ժողովուրդների միջև բարեկամության հաստատմանը:
Ապրիլի 17-ին Պոեզիայի միջազգային փառատոնի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու
1915 թ. թուրքական ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին: ՀԳՄ նախագահ Լ. Անանյանի հավաստմամբ` «Հայաստան ժամանած օտարերկրացիների համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելը յուրօրինակ խորհուրդ ունի և միտված է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգայնացմանը»: Հիմք ընդունելով տարիների փորձը` նա ընդգծեց. արտասահմանից ժամանած գրողները, այցելելով հուշահամալիր, հետագայում գրքեր են գրում Հայոց ցեղասպանության մասին` այդպիսով նպաստելով, որ միջազգային հանրությունն առավել իրազեկ դառնա Հայոց ցեղասպանության մասին:
Կանադացի բանաստեղծ, Հայոց ցեղասպանու­թյան մասին մի քանի գրքերի հեղինակ Ալան Ուայթհորնը հուշահամալիրի մոտ մասնակիցներին ներկայացրեց 1915 թվին կատարված ոճրագործու­թյան պատմությունը և վստահեցրեց, որ յուրաքանչյուր գիտական աշխատանք, լրագրողական անդրադարձ Եղեռնի թեմային` ոճիրի միջազգային ճանաչմանն ուղղված քայլ է: Այնուհետև հյուրերը եղևնի տնկեցին Հիշողության պուրակում:
Նույն օրը «Նոր գիրք» գրախանութի հարևանու­թյամբ հիմնվեց Պոեզիայի պուրակ, որտեղ մասնակից երկրների պատվիրակները տնկեցին մեկական գնդաձև ակացիա:
Հայաստան ժամանած հյուրերը եղան նաև Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան-ինստիտուտում, Օշականում` հարգանքի տուրք մատուցելով Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին, Գյումրիում, Սևանում, Հրազդանում: Ինչպես և նախատեսված էր ծրագրով, կազմակերպվեցին այցելություններ թանգարաններ ու պատկերասրահներ:
Ծաղկաձորում տեղի ունեցավ փառատոնի մասնակիցների ստեղծագործությունների երկլեզու (անգլերեն և հայերեն) անթոլոգիայի շնորհանդեսը, որն ուղեկցվեց գրական ընթերցումներով` հայ և օտարազգի բանաստեղծների մասնակցությամբ:
«Պոեզիայի միջազգային օր» խորագրի ներքո Երևանի բուհերում և դպրոցներում կայացան գրական հանդիպումներ:
Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու ամփոփիչ միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպեց «Ի սկզբանէ էր Բանն…» փառատոնի մասնակիցներին: Նոբելյան մրցանակի հավակնորդ Ադոնիսը, շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության համար, նշեց, որ հայ ժողովրդի սերն ու ակնածանքը գրողների հանդեպ հենց առաջին հայացքից է ակնառու, ինչի ապացույցը մեծագույն գրողների անունները կրող փողոցներն են: «Հայ ժողովուրդը, որը հարուստ է ստեղծագործական ոգով ու ներուժով, իսկապես որակական մեծ դերակատարում ունի համաշխարհային մշակույթում»,- վստահեցրեց նա:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։