Հունվարի 26-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության նիստ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց օրակարգը.
1. ՀԳՄ աշխատանքների վերաբերյալ։
2. ՀԳՄ անդամների անդամավճարների մուծում:
3. ՀԳՄ ամենամյա մրցանակների քվեարկություն:
Էդ. Միլիտոնյանը ներկայացրեց նախագահության նախորդ նիստից հետո կատարված աշխատանքները, ապա նաև առաջիկա ամիսների միջոցառումների ցանկը. կանցկացվեն Մանկական գրքի, Մայրենիի օրվա, Գիրք նվիրելու օրվա ավանդական միջոցառումները, նոր գրքերի շնորհանդեսներ և այլն: ՀԳՄ նախագահը տեղեկացրեց, որ շնորհվող կոչումների ցանկի վերանայման և հստակեցման առաջարկությամբ դիմել էր ԿԳՄՍ նախարարությանը: Նախարարությունը պատասխան նամակում պաշտոնապես հավանություն է տվել առաջարկին, որոշվել է ստեղծել հանձնաժողով՝ համապատասխան չափորոշիչներ սահմանելու նպատակով: Քննարկվող հարցի կապակցությամբ արտահայտվեցին Վազգեն Գաբրիելյանը, Գուրգեն Խանջյանը, Արևշատ Ավագյանը, Կարինե Խոդիկյանը, Վան Արյանը։ Որոշվեց «Գրական թերթում» այդ խնդրի կապակցությամբ կազմակերպել հասարակական քննարկում:
Օրակարգի հաջորդ հարցի առնչությամբ ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, ներկայացնելով ՀԳՄ քարտուղարության քննարկման արդյունքները, նշեց, որ կան ՀԳՄ անդամներ, որոնք 10 և ավելի տարիներ անդամավճար չեն մուծել: Մինչդեռ ՀԳՄ կանոնադրության 3-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ երկու և ավելի տարի անդամավճար չմուծողները ինքնաբերաբար դուրս են մնում ՀԳՄ շարքերից:
Նիստը որոշեց. նախ՝ նման ՀԳՄ անդամներին հնարավորություն տալ կողմնորոշվելու և այդ մասին տեղեկացնել քարտուղարությանը։ Եվ ապա՝ արտերկրում գտնվող ՀԳՄ անդամների անդամությունը ժամանակավոր կասեցնել մինչև նրանց կողմից ՀԳՄ-ում իրենց կարգավիճակի որոշակիացումը։ Միաժամանակ որոշվեց 75-ն անց գրողներին ազատել անդամավճարի մուծումից:
Այնուհետև նախագահության նիստն անցավ օրակարգի երրորդ՝ մրցանակների շնորհման հարցին։ Ձայների բացարձակ մեծամասնությամբ որոշվեցին ՀԳՄ ամենամյա մրցանակակիրները: