Գիրք իր աչքերով տեսածի, իր ընկալածի մասին

Հոկտեմբերի 11-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ Հայաստանի ժողովրդական արտիստ Տիգրան Լևոնյանի «Վերադարձ» գրքի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ Տիգրան Լևոնյանը մեծ հետք է թողել Օպերայի երգեցողության, թատերական գործունեության ասպարեզներում, նրա կերպարը բնորոշեց իբրև էպիկական, բաց, հետաքրքիր, և անսպասելի համարեց այդքան գործերի, զբաղվածության միջակայքում «Վերադարձ» գրքի ստեղծումը: Անդրադառնալով գրքին` Էդ. Միլիտոնյանը նշեց, որ այն թեև կոչվում է գրական սցենար, բայց ընթերցվում է վիպակի պես, գեղարվեստական արձակի հենքի վրա է գրված: Նրա հավաստմամբ` թեման հատկապես 50-60-ական թվականներին քիչ էր արծարծվում, դյուրին չի եղել հայրենադարձների միահյուսվելը Սովետական Հայաստանի կյանքին, մի մասին միանգամից աքսորել են, մի մասին հաջողվել է ինչ-որ գործ ձեռնարկել: «Այս գրքերը բացահայտում են թաքուն շերտեր, որ ժամանակին չէին հրատարակվում, Տ. Լևոնյանն ինքը հենց այդ շերտերը բացողներից մեկն է: Այս գիրքը իր աչքերով տեսածի, իր ընկալածի մասին է»,- ամփոփեց նա: Նորայր Ադալյանի հավաստմամբ` հայրենադարձության թեման առաջին անգամ է հայ գրականության մեջ այդքան մանրամասնորեն արտացոլվում: Նա տեղեկացրեց, որ գիրքը լույս է տեսել «Գուրգեն Մելիքյանի` Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի» մեկենասությամբ: Ապա կարդաց գրքի առաջաբանը, որի հեղինակն ինքն է, և որը և՛ Տիգրան Լևոնյանին, և գրքի, և ընդհանրապես մեզ հասած ճակատագրի մասին է: «Այս գիրքը ոչ միայն Հայաստանի, հայ ժողովրդի, հայ մարդկանց, հայրենադարձության մասին է, այլև խորքում արտացոլում է ստալինյան ժամանակների մեծ կայսրության որոշ հատկանիշներ»,- ընդգծեց Ն. Ադալյանը: Արվեստագիտության թեկնածու, երաժշտագետ Թամար Հովհաննիսյանը անդրադարձավ Օպերային թատրոնի հիանալի ղեկավար Տ. Լևոնյանին, ով նաև նուրբ հոգեբան էր դերասանների հանդեպ իր վերաբերմունքով, շատ լավ գիտեր թատրոնի էությունը և իր մեծ ներդրումն ունեցավ Օպերային թատրոնի պատմության մեջ: «Նրա շնորհիվ օպերայի կատարողացանկում պահպանվեցին բացառիկ, բարդագույն ներկայացումները, որոնց նոր երանգներ բերեց Տ. Լևոնյանն իր յուրահատուկ կատարողական արվեստով»,- շեշտեց Թ. Հովհաննիսյանը: Արձակագիր Ալիս Հովհաննիսյանը խոստովանելով, որ գրքում նկարագրված բոլոր ապրումները զգացել է իր մաշկի վրա, նկատեց, որ հայրենադարձության, «ախպարների» և տեղացիների փոխհարաբերությունների երևույթը այնքան բազմաթիվ շերտեր ունի, որ դեռ շատ ու շատ կարելի է գրել ու չհոգնել:
Ռոբերտ Միրզոյանը իմաստալից համարեց գրքի վերնագիրը` «Վերադարձ», այսինքն՝ հեղինակը ի սկզբանե Հայաստանը համարել է իր հայրենիքը և վերադարձել է այստեղ: «Հենց գրքի վերնագրից երևում է այդ ջերմ վերաբերմունքը հայրենիքի հանդեպ»,- ասաց նա և հավելեց, որ այս գրքի հիման վրա կարելի է ֆիլմ ստեղծել, որը գեղեցիկ ներդրում կլինի հայրենադարձության պատմության մեջ: Ելույթ ունեցավ նաև Գուրգեն Մելիքյանը. արձակագիր, գեղանկարիչ Վանիկ Սանթրյանը, արձակագիր Վան Արյանը: Շնորհակալական խոսք ասաց Արմեն Խանդիկյանը` շեշտելով. «Կյանքս տխրեց իր բացակայությամբ, բայց միշտ ասում եմ ինքս ինձ` ուրախ եղիր, որ կողքիդ ունեցար Տիգրան Լևոնյան»:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։