Վերահրատարակվել է «Սև գիրք, ծանր բզեզ» գիրքը

Վերահրատարակվել է ետանկախության շրջանի հայ գրականության ամենանշանակալի դեմքերից մեկի` Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» գիրքը:
Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ «Նոյյան տապան» գրախանութում մեծ գրողի ծննդյան օրը` դեկտեմբերի 8-ին:
Գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանի խոսքով, Խեչոյանի գրականությունը բացառիկ գրականություն է. «Իր լեզվամտածողությունը աննման էր: Պարզ բառարանային բառեր էին, սակայն շատ գեղեցիկ շարադրված ու համադրված: Նրա «Խնկի ծառեր» գիրքը մի ամբողջ տիեզերք է: Նրա մտահոգությունը հայրենիքն էր, հայ մարդը` ուրիշ տեսակ տեսնված: Շատ քչերն են ունակ այդպես տեսնելու»,- ասաց Ե. Տեր-Խաչատրյանը:
«Սև գիրք, ծանր բզեզ» վեպը պատերազմի ու արվեստագետի մասին է: Խեչոյանն անցել է պատերազմի բովով և մեր գրականություն արդեն նորովի մեկնաբանությամբ և գեղարվեստական մշակումով ներմուծել այդ թեման: Ինչպես գրողի, այնպես էլ ընթերցողի համար, այս առումով, պատերազմը դարավոր ոսոխի դեմ վավերականության և պատմական փաստի արժեք ունի, ուստի կրկնակի դժվարանում է թեմայի գեղարվեստական մշակման, գրականացման խնդիրը: Խեչոյանն ընտրել է օրագրային ոճը, ինչը իրականության արտացոլման առավելագույն ճշգրտություն է ապահովում:
«Եթե մարդը գրականությունից գեղագիտական բավականություն է ստանում, ապա Լևոն Խեչոյանի պարագային այդ բավականությունը կատարյալ է, որովհետև, ցավոք, այդօրինակ գրականությունը այսօր շատ չի: Լևոն Խեչոյանը երեկվա գրողն էր, Լևոն Խեչոյանը այսօրվա գրողն է, և վստահ եմ, որ Լևոն Խեչոյանը նաև վաղվա, ապագա սերնդի գրողն է լինելու»,- նշեց Տեր-Խաչատրյանը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը շեշտեց, որ Խեչոյանի գիրը կապրի հավերժ. «Միասին Ավստրիա էինք հրավիրվել, մի շարք հանդիպումներ ունեցանք: Պատերազմական վիճակը նկարագրող նրա «Հողի դողը» պատմվածքը մեծ ազդեցություն էր թողնում նաև այնտեղի ընթերցողի վրա, որովհետև նա պատերազմը ներկայացնում է ոչ թե որպես կռվող կողմերից մեկ, այլ մի ուրիշ կետից` վերևից է նայում այդ երևույթին: Ինքը երևույթի դեմ էր, չէ՞ որ երկու կողմում էլ տառապող, կռվող և զոհվող մարդիկ էին: …Լևոնի գրականությունը կմնա այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ սիրում են գրականությունը և ընթերցում են»,- խոսքը եզրափակեց Էդ. Միլիտոնյանը:

Հերմինե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։