Ցավով տեղեկացա բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան մասին:
Պարոն Դավոյանը ժամանակակից հայ գրականության նշանավոր ներկայացուցիչ էր, ավելի քան 40 ժողովածուի և գրքերի հեղինակ, ում ստեղծագործությունները տպագրվել են նաև արտերկրի մի շարք պարբերականներում: Մեծ է նրա ներդրումը հայ ժամանակակից գրականության զարգացման գործում:
Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում պարոն Դավոյանի հարազատներին ու գործընկերներին:
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյան
***
Խոր ցավ եմ ապրում՝ իմ բազմաթիվ հայրենակիցների հետ միասին սգալով մեր նորագույն գրականության լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի կորուստը։
Ռազմիկ Դավոյանի ստեղծած գրականությունն ինքնատիպ ճանապարհ է դեպի մարդն ու մարդկայինը՝ ի սկզբանե համահունչ լինելով ժամանակին և իրականությանը։
Ավելի քան վեց տասնամյակ նրա յուրահատուկ ու բազմաշերտ ստեղծագործությունը որպես պոեզիա ու արձակ, որպես երգի վերածված բանաստեղծություն ու հրապարակախոսություն, որպես մարդկային զգացմունք և քաղաքացիական մտահոգություն ուղեկցում է մեզ։
Այն շարունակելու է այդպիսին մնալ նաև հետագա ժամանակներում, քանզի Ռազմիկ Դավոյանը ստեղծագործ անհատ էր ու հայրենիքի ճակատագրով ապրող քաղաքացի։
Ցավակցության և մխիթարանքի խոսքերս եմ հղում Ռազմիկ Դավոյանի ընտանիքին և հարազատներին, նրա գրչակից ընկերներին և նրա գրականությունը գնահատողներին։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան
***
ՀԳՄ նախագահ Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻՆ
Անվանի հայ բանաստեղծ, Հայաստանի քաղաքացի ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԻ մահվան կապակցությամբ հայտնում եմ խորին ցավակցությունս ընտանիքին ու մտերիմներին:
Նրա բանաստեղծությունները նրա հիշատակն են, որը միշտ կլինի մեզ հետ:
Ժուռնալիստների համագործակցության
Մեդիակոնգրեսի նախագահ, Ռուսաստանի ժուռնալիստների
միության քարտուղար
Աշոտ ՋԱԶՈՅԱՆ
***
ՀԱՅՐԵՆԻՔՆ ԻՐ
ԶԱՐԿԵՐԱԿՈՎ ԿՐՈՂԸ
Երկրի նժարն էլի դատարկվեց, երկնքինն ավելացավ… Հայրենիքն իր զարկերակով այս կրողն էլ չդիմացավ (հանկարծ նկատեցի, որ նախադասությունների վերջին բառերն ավարտվել են նույն վանկով-ցավ)։ Մենք, այս հերթական մեծ ցավը, մեծ կորուստը շալակած, դեռ երկար պիտի հերթապահենք հայ գրականության դատարկվող միջանցքներում…
Տխուր ստացվեց։ Տխուր, որքան մեծ պոետի կորուստը… Տխուր, որքան նրա վերջին ճանապարհի՝ նրան ոչ վայել անշուք հրաժեշտը։
Բայց ճշմարիտ բանաստեղծը չունի վերջին ճանապարհ. նրա յուրաքանչյուր բանաստեղծություն իր ճանապարհն է (ոմանք ուզենան, թե չուզենան), Ռազմիկ Դավոյան երևույթի դեպքում՝ նաև մեր ճանապարհն է։
…Մենք անփույթ ենք։ Մեզ թվում է՝ մեծերը միշտ մեր կողքին են լինելու։ Մենք սովորույթի ուժով մսխում ենք նրանց ներկայությունը։ Ռազմիկ Դավոյանի ներկայությունն էլ կարողացանք մսխել, իսկ մեզ որքա՜ն էր անհրաժեշտ նրա խոսքն այսօր, որքա՜ն է անհրաժեշտ վաղը։
Վաղը… այսօր… երեկ…
Երեկ մեզ թվում էր՝ պոեզիան հավերժ է, ու հանկարծ ժամանակն ամլացավ մեր աչքերի առաջ… Բայց միևնույնն է, պոեզիան հավերժ է՝ վկայությունը՝ դավոյանական բանաստեղծությունը։
Վաղը… այսօր…
Այսօր, երբ արժող-չարժողները քար են շպրտում ճշմարիտ արժեքների վրա, վերջիններս խռովում, հեռանում են մեզանից կամ պարզապես խլածաղկի նման փշրվում են օդում…
Բայց գալու է, անշուշտ, փշուրները հավաքելու ժամանակը, վերստին գալու է Ռազմիկ Դավոյան բանաստեղծի ժամանակը, գալու է բանաստեղծության ժամանակը…
Իսկ դա արդեն վաղը։
Անդրանիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ուսանողական տարիների հիանալի ԸՆԿԵՐԸ
Ուսանողական հինգ տարիներին Ռազմիկ Դավոյանը շատ սիրված էր կուրսեցիներից: Չնայած 50 ուսանողներից բաղկացած Խ. Աբովյանի անվան մայր մանկավարժական բուհի պատմալեզվագրական ֆակուլտետի մեր կուրսի ուսանողներից շատերը չափածո գրել գիտեին, սակայն բոլորս էլ համոզված էինք, որ կուրսից բանաստեղծ, այն էլ շատ տաղանդավոր, կդառնան երկուսը՝ Ռազմիկ Դավոյանն ու Արմեն Մարտիրոսյանը:
Ուսանողական տարիներին Ռազմիկը պաշտում էր Կոմիտասին, սքանչացած էր Զվարթնոցի ճարտարապետությամբ: Նրա ջանքերով առաջինը մեր ինստիտուտում կազմակերպվեց Պարույր Սևակի «Մարդը ափի մեջ» գրքի քննարկումը, որն ընթացավ լեփ-լեցուն դահլիճում և աննկարագրելի ջերմ ու բանաստեղծական խոսքի արժեքը գիտակցողների մթնոլորտում:
Ռազմիկի մեզնից հեռանալու ցավալի լուրը ինձ հայտնեց իմ համակուրսեցին:
Ռազմիկին հատկապես շատ էին գանահատում ՀՀ ԳԱԱ անդամներ և մեր սիրելի դասախոսներ Մորուս Հասրաթյանն ու Աշոտ Աբրահամյանը:
1963-ին, երբ Ռազմիկը չորրորդ կուրսում էր, լույս տեսավ նրա «Իմ աշխարհը» գիրքը, որը կարծես նվեր էր բոլորիս: Հետո նա շատ-շատ գրքեր հրատարակեց, որոնց մեջ հատկապես կառանձնացնեի հուժկու տաղանդով գրված «Ռեքվիեմը»: Դավոյանը գրել է փիլիսոփայական-մեկնողական գրքեր, փորձել է վերականգնել միֆական ժամանակների մեր էպոսը՝ «Ծովինարը»: Նրա պոեզիան սերում է գողթան երգերից, շարականներից, Գրիգոր Նարեկացուց, Պարույր Սևակից:
Միկրոկոսմն ու մակրոկոսմը, մարդը և տիեզերքը, Աստված և չարը շարունակ փիլիսոփայական ազդեցիկ խոհեր են դառնում Ռազմիկի պոեզիայում:
Մի անգամ Մատենադարանում Ռազմիկը հարցրեց, թե 12-րդ դարում Հայաստանում արդյոք կաղամբ աճել է: Եվ բացատրեց, թե մի վեպ է գրում, որում Կիլիկյան Հայաստանի արքան խոսում է նախարարների հետ և մի պահ սրահում մարդկային գլուխների փոխարեն տեսնում է կաղամբե գլուխներ:
Հայրենիքի ճակատագիրը նրան հուզում էր դեռ ուսանողական տարիներից: Եթե մեկի պաշտամունքը Կոմիտասն էր, այլ կերպ չէր կարող լինել:
Իմ սիրելի «Ռեքվիեմ» պոեմում, որը մշտապես մնալու է հայ գրականության գանձերի մեջ, Դավոյանի գերագույն պատգամն է.
Դուք մեր տոհմածառը թողե՛ք կանգուն…
Սա մշտապես պետք է հիշեն նաև ապագայի հայ սերունդները:
Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ
ՃԱԽՐԱՆՔ՝ ԲԱՌԵ ԹԵՎԵՐՈՎ
Երբ փորձում եմ հոգուս դուռը բացել, զգում եմ, որ հարուստ եմ եղել իմ ապրվածի ճշմարտությամբ։ Այնտեղից հիշողությունները հաճախ դուրս են եկել աղավնիների նման արևոտվելու և էլի վերադարձել են, որ ցորեն տամ։ Հոգիս դարձել է թևավորների վանդակը, որի դուռը երբեք փակ չի եղել։ Այնտեղ մահ չկա. աստվածատուր լույսի առատություն է…
Վերջին հուշախռիվը եղավ Ռազմիկ Դավոյանը։ Նրա պոեզիան ինձ համար պատկերացումների, ներշնչանքների երկինք էր։ Հիմա, երբ փորձում եմ գրել, հազար ու մի թևավորներ եկան, տեղավորվեցին հիշողություններիս պարանին։
Ռազմիկից մինչև Ռազմիկ երկար ճամփա է, երբ ջահելության խենթ օրերի մեջ խառնվում է իմաստնացած ծերությունը, երբ դալար ծառը դառնում է հզոր կաղնի, և բանաստեղծն ուզում է տեղավորվել նրա կեղևի տակ՝ որպես շարունակելիության միֆ։
Ես սիրահարվեցի Դավոյանին, երբ աղջկական սրտխփոցով մտա «Գրական թերթ»՝ իմ ձեռագիր բանաստեղծություններով։
Պատահում է, չէ՞, որ հաճախ զգացմունքները մնում են ներսիդ գաղտնարանում և գնալով նոր որակ ու ձև են ստանում։ Գայթակղությունը փոխվում է, դառնում ակնածանք, գնահատական ու գունապատկեր, որտեղ արդեն երևակայական աղջնակը դառնում է իրատես կին։
Ռազմիկը, Չարենցի անտիպ ձեռագրերի առաջ նստած, երկու ձեռքերի ճկույթներով զգուշորեն վերցնում էր արդեն փոշիացող, դեղնած թղթերը և փորձում էր վերծանել։
Սրբություններ էին դրանք, որոնք Ռեգինա Ղազարյանը մեծ սիրով նվիրել էր ժամանակին։ Սարսուռ զգացի։
Իմ կյանքի ամենամեծ դողէրոցքն էր։ Այդ օրվանից հոգիս շղթայվեց դավոյանական տեսակին, նրա պոեզիային, և մնաց մշտապես իմ որոնելին։
Ես չգիտեի, որ սկսնակների համար չէր «Գրական թերթը», բայց ինձ տպագրեցին։
Նա բոհեմիկ չեղավ։ Իր գրի սիրահարն էր ու ծափերի արժանավոր տերը։
Սիրում էր մեծերի հետ շփվել։ Չընկերացավ, չգինովցավ մյուս պոետների խենթացման ժամանակ։ Գրականությունը Դավոյանի համար կամուրջ էր՝ երկու եզրերը կապող։
Երբ առաջին անգամ մեր տանն էր, ամուսնուս ասաց. «Հռիփսիմէին լավ կնայես»։
Պարտադրանք էր։
Ես հետո այդպես էլ չասացի, որ իմ նեղ ուսերն ամուր են ցավի համար։
***
Հասմիկին էլ գիտեի։
Մի գրական հանդիպման ժամանակ փորձեցին կարդալ նրան նվիրված բանաստեղծությունը, բայց լսելի չէր. ասմունքողի ձայնը ցածր էր ու ոչ տաք։ Ռազմիկը չդիմացավ։
– Այսպես չեն կարդում։
Սկսեց արտասանել բարձր, գեղեցիկ՝ սեր դնելով ամեն մի տողի մեջ։
Դահլիճը ոտքի կանգնեց։
Չեմ ուզում հուշապտույտում երկար մնալ, որտեղ և՛ ցավ կա, և՛ հիացմունք։
Բայց մի պատկեր եկավ, ինձ առավ իր մեջ։
Երկրորդ նմանատիպ չարենցյան սարսուռ ու դողէրոցք զգացի, երբ Մհերի հոգեհանգիստն էր… Սուրբ Հովհաննես եկեղեցին ծխի և խնկի բուրմունքով էր շնչում։
Մոտեցա Ռազմիկին, գրկախառնվեցինք, շշնջաց.
– Ի՞նչ ես ասում, դե ասա, դիմանալո՞ւ բան է։
Երբեք նրան այդքան կոտրված չէի տեսել. դարձել էլ շանթահար ու անճանաչ։
Քարացել էի։ Ասելիք չունեի։
Ի՞նչ իմանայի, որ մի օր էլ նա պիտի լռելյայն գրկեր իմ ուսերը և ասելիք չունենար։
Դավոյանի հետ հեշտ էր զրուցելը։ Նա ծիծաղով ու իրեն շատ ներդաշնակ հումորով ժամանակի թնջուկը կարողանում էր վարպետորեն բացել։ Վերջին հանդիպումս իրենց տանն էր։ Արմենուհին հիացմունքով նայում էր նրան՝ որպես հավերժորեն սիրահարված կին։
Ռազմիկը վստահ էր, որ հիվանդությունը իրեն չի կարող հաղթել։ Բժիշկները հավատացրել էին առանց վիրահատության լուծել խնդիրը։
Զգացողությունս ինձ ուրիշ բան էր ասում։
Ծանր, շատ ծանր տարա Դավոյանի կորուստը։ Աղքատացա։ Բայց երկրորդ կյանքում մեր զրույցներն արդեն այլ են լինելու, իսկ հանդիպում, վստահ եմ` չի կարող չկայանալ։
ՀՌԻՓՍԻՄԷ