Հունվարի 11-ին 81 տարեկան հասակում կյանքից հեռացել է անվանի բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:
Ռազմիկ Դավոյանը հեղինակել է «Ստվերների միջով» (Երևան, 1967 թ.), «Ռեքվիեմ» (Երևան, 1969 թ.), «Խաչերի ջարդը» (Բեյրութ, 1972 թ.), «Մեղրահաց» (Երևան, 1973 թ.), «Կեղևդ բաց արա» (Երևան, 1975 թ.), «Ինչ էր եղել» (Երևան, 1977 թ.), «Տաք սալեր» (Երևան, 1978 թ.), «Պոեմներ» (Երևան, 1980 թ.), «Պղնձե վարդ» (Երևան, 1983 թ.), «Թորոս Ռոսլին» (Նյու Յորք, 1984 թ.), «Բանաստեղծություններ» (Նյու Յորք, 1984 թ.), «Էպոս պատանության» (Երևան, 1984 թ.), «Տխուր փիղը» (Երևան, 1985 թ.), «Սահման» (Երևան, 1986 թ.), «Ընտիր երկեր» (Երևան, 1987 թ. ), «Քարե բարձ» (Երևան, 1989 թ.) և այլ ժողովածուներ: Գրքերը թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, չեխերեն և այլ լեզուներով:
Ինձ թվում է թաքուն
Ամեն տարի մի օր,
Սուր-սուրալով, կամ թե
Փափուկ թավալգլոր,
Հավաքվում են մի տեղ
Քամիները բոլոր:
Եվ աշխարհի վրա, եւ աշխարհի վրա
Քարանում է հանկարծ
Հողը հազարամյա,
Ու քարերը քարե
Շնիկներ են դառնում,
Տիեզերքում մի մեծ
Լռություն է հառնում,
Ասես հողը մեկից
Երկինք է համբառնում:
Ուռուցիկ են դառնում
Եվ ծովերը բոլոր,
Օվկիանոսներն ամեն,
Որ խորքերից իրենց անհուն տագնապների
Մի ձայն, մի շշնջյուն,
Մի հառաչանք քամեն:
Եվ ուռուցիկ, կապույտ ջրերն իրենց վրա
Բարձրացնում են ճերմակ
Առագաստներ անթիվ,
Որոնք քամով լցված,
Ուռչում են անընդհատ
Ու լուռ քարանում են
Չսուրալու խանդից:
Եվ ուռուցիկ, թավշե շրթունքների վրա
Բառն ուռչում է՝ որպես
Բողբոջն ամենամեծ,
Եվ չի հիշում ոչ ոք,
Ոչ մեկը չի հիշում,
Թե ո՞վ իրենց այդպես
Համրությանը գամեց:Եվ լարումի ցավից
Կտրատվելով անլուր,
Հանկարծ տիեզերքում Բանաստեղծն է ճչում,
Եվ սուրում են ծովում
Առագաստներ անթիվ,
Եվ պոկվում են շուրթից
Հնչյունները կպչուն,
Եվ լսվում է ՝ ինչպես
Հողի ամեն հյուլե
Արձագանք է հնչուն:Նա ճչում է այդպես
Եվ ինքն արդեն չկա,
Նա ցրվում է կյանքի
Աչքերի մեջ ագահ,
Եվ նա չի էլ լինի,
Չի հայտնվի, մինչեւ
Այդ մեծ, սարսափելի
Լռությունը չգա: