«Եթե մոռանաս, կանիծեմ քեզ». գրքի շնորհանդես

Հովիկ ՎարդումյանԱպրիլի 21-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ արձակագիր Հովիկ Վարդումյանի «Եթե մոռանաս, կանիծեմ քեզ» վիպակի անգլերեն և պարսկերեն թարգմանության շնորհանդեսը: Վիպակը Ցեղասպանության ժամանակ աղջնակի, ապա` տարիքն առած կնոջ պատմություն է, անգլերեն և պարսկերեն է թարգմանել Արմինե Ղազարյանը, հրատարակել է Էդիկ Բաղդասարյանը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ մեր գրողների պարտքը մեր ցավը ոչ միայն անընդհատ ներկայացնելն ու բացահայտել-տարածելն է, այլև ապրելու կամքը ամրացնելը, այնուհետև անդրադարձավ Հովիկ Վարդումյանին, ով մասնակցելով բախտորոշ մարտերի, ինչպես նաև աշխատանքային գործունեությանը զուգահեռ գրել է գրքեր անկախ թեմայից` պատերազմ, ցեղասպանություն թե որևէ մարդու կյանքի մասին պատմություն: Էդ. Միլիտոնյանն ուրախալի համարեց այն փաստը, որ մեր գրողների երկերը թարգմանվում են տարբեր լեզուներով` օտարալեզու ընթերցողին հաղորդակից դարձնելով հայ ժողովրդի պատմությանը, քանզի այն ամբողջովին ներծծված է մշակույթի ոգով, և հենց դա էլ պահպանել է հայի նկարագիրը:
Արտաշես Արամի հավաստմամբ` Հ. Վարդումյանը եզակի մտավորականներից է, ով չի ընկրկել կյանքի դժվարագույն մարտահրավերների դեմ, չի երկնչել, երբ մեր լինել-չլինելու խնդիրն էր դրված (Արցախյան ազատամարտ), չի երկնչել նաև ճերմակ թղթի առջև, և արժևորեց գրողի քաղաքացիական կեցվածքը:
Դոկտոր, միջազգային իրավաբան Աիդա Հովհաննիսյանը գրքի անգլերեն տարբերակը փորձել է կարդալ երկու տեսանկյունից. նախ` ոչ որպես հայ մարդ` արդյոք գիրքը ինչ-որ բան կասի՞ անգլիախոս մարդուն, և երկրորդ` տեսնելու, թե մեր երիտասարդ սերունդը, որ այսօր դժվարանում է հայերեն կարդալ արտասահմանում, ում համար ավելի դյուրին է կարդալ անգլերեն, արդյոք ինչ-որ բան կասի՞ իրեն այդ գիրքը, որովհետև միշտ չէ, որ 100 տարի առաջվա դեպքերի մասին այսօրվա երիտասարդներին կարելի է խոսք ասել հասանելի, հասկանալի լեզվով ու տրամաբանությամբ: Նրա կարծիքով` այդ տեսակետից գիրքը հաջողվել է, քանի որ գեղարվեստական լինելով հանդերձ` լեզուն պարզ է, դյուրըմբռնելի է, վիպակը խոսում է մարդու զգացմունքներից:
Բան. գիտ. թեկնածու Անահիտ Եղյանն ընդգծեց, որ վիպակը կարդացել է պարսիկ ընթերցողի աչքով և արժևորեց թարգմանչի աշխատանքը, ով տիրապետելով պարսկերենին մայրենիի նման` հարազատ է մնացել բնագրին և հեղինակի ասելիքը, զգացմունքները շատ պարզ ու սահուն փոխանցել է ընթերցողին:
Արևելագետ Էմմա Բեգիջանյանը ևս արժևորեց թարգմանչի կատարած աշխատանքը. «Պարսիկ ընթերցողը կհասկանա, թե ինչ է ցանկացել ասել Հ. Վարդումյանը, և ինչ տառապանք է կրել հայ ժողովուրդը»: Արձակագիր Ալիս Հովհաննիսյանը, Հ. Վարդումյանի գրականությունը բնորոշելով իբրև բարձրարժեք գրականություն, նշեց. «Այն, որ հարյուր տարի հետո այս տատիկը եկավ Հովիկի երազի մեջ, ապացուցում է, որ 100 տարվա մեջ մեր հիշողությունը չի բթացել»:
Շնորհակալական խոսք ասաց Հ. Վարդումյանը` պատմելով, թե ինչպես է գիրքը դյուրությամբ հարթել իր ճանապարհը` նախ հրատարակվելով, ապա թարգմանվելով անգլերեն ու պարսկերեն: Ելույթ ունեցան թարգմանիչ, փիլիսոփա Արմեն Քարայանը, բանաստեղծ Երվանդ Պետրոսյանը, գրականագետ Սաթենիկ Ավետիսյանը, վիպակի թարգմանիչ Արմինե Ղազարյանը: Գրքերի խմբագիր և հրատարակիչ Էդիկ Բաղդասարյանի խոսքը կարդաց բանաստեղծ Արտաշես Արամը:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։