***
Օ, այս աշունը,
Որ ինձ ծառերի սերերն է պատմում,
Ու երկինքներն այս,
Որ գլորվել են դրախտից վերև,
Ու ճամփաները,
Որ մոռացել են ամեն մի խոստում,
Անհասկանալի տրոփյուններ են
Լցրել աչքիս մեջ…
Նորից փշրել են ինձ հազար գույնի՝
Տրտմության փեշին,
Որ այս որբացած, մերկ քամիների
Ծփանքը գրկեմ,
Գնամ, խառնվեմ առավոտների
Խոնավ շշունջին
Ու հիշողության հոգնած ուսերից
Ներքև գլորվեմ…
…Օ, այս աշունը, որ ոտաբոբիկ դեռ վազվզում է
Իմ աչքերի մեջ,
Մոռացումների փոշոտ ճամփեքին
Ես ինչպես թողնեմ…
…Ու թե կարոտը գա ու մեկնվի
Իմ դռան առջև,
Այսքան տխրություն ո՞նց որդեգրեմ…
***
Անհավասար օրերի
Լայնքի մեջ ու երկայնքի
Տեղավորվել չի լինում
Եվ կամ` խցկվել անհարկի…
Երբ փշերը խաբկանքի
Ես հանում եմ իմ մարմնից,
Մի անգույն ցավ է մնում`
Իբրև ծաղկող մի թախիծ…
Մի մեռյալ կետ է մնում
Իմ աչքերում քարացած.
Օ՜, ինչ դժվար է սիրվել
Ժամանակից որբացած…
…Անհավասար օրերի
լայնքի մեջ ու երկայնքի
Մի թռչնի դող է ննջում
Թևերի տակ երկնքի…
***
Մի որբացած գիշեր իմ պատուհանից
Կախվել, ճոճվում է՝
Գուցե ներս թողնեմ…
Նստենք իրար դեմ՝ մի ամբողջ աշուն
Իրար անծանոթ՝
Աստղեր աղոթենք…
Հետո ես գրկեմ ուսերը նրա,
Ու լուսնահաչը լցվի ծոցիս մեջ,
Հետո զարմանամ, որ այդպես խաղաղ
Մենք հեղեղվել ենք բառերից անքեն…
Ես նրան պատմեմ ծովերի մասին,
Լուսապարանոց վերադարձների,
Նա հանկարծ ննջի՝ աշխարհը թողած
Իմ հիշողության ցնցոտիներին…
…Հետո կամացուկ դուրս գամ իմ բախտից,
Կորցրած օրերը շարած մատներիս,
Աստղանամ նորից հին կարոտներից
Ու շնչակտուր հեռանամ ինձնից…
Մի որբացած գիշեր իմ պատուհանով
Սահեց, հեռացավ՝
Ուրու էր ասես…
Ու ես աշունը կապեցի քամու բարակ կոնքերին՝
Լուսանամ գուցե…
***
Այս պատմությունը մի օր կավարտվի…
Ու դու ձեռքերդ պարզած երկնքին
կասես.
-Աստվա՜ծ իմ, ի՞նչ է ուզում այս կինը ինձանից …
Ու տերևի պես, որ հալածվում է քամու բերանին,
կտանես Սերս ինչ-որ հեռու տեղ,
ուր մենք երկուսով կլինենք միայն
ու մեր Երանին…
Աչքերիս կիջեցնես հայացքը հողիդ,
ականջիցս կկախես բառդ հնադարյան,
շուրթերիս հայրեններ կշարես նորից
ու շարականներ կդնես հոգուս,
որ հուշիկ շրշան…
Ու մենք մեկմեկու կներենք անձայն…
…Այս պատմությունը կսկսվի մի օր,
երբ գա իմ որդին …
Ու դու ձեռքերդ պարզած երկնքին կասես.
-Աստված իմ, ի՞նչ է ուզում այս տղան ինձանից…
Ու տերևի պես, որ հալածվում է քամու բերանին,
կտանես նրա Սերն հեռու մի տեղ,
ուր դուք երկուսով կլինեք միայն
ու ձեր Երանին…
Աչքերին կիջեցնես հայացքը քո տաք,
ականջից կկախես բառդ ճշմարիտ,
շուրթերը կօծես Հույսով անհատակ
ու երազանքներ կշարես բախտին,
որ քեզ հավատա…
Ու դուք մեկմեկու կներեք անձայն…
Ու նա քո Սերը գրկած կշտապի ինձ վերադառնալ…
***
…Ես լուռ ոռնում եմ, լսո՞ւմ ես քաղա՛ք,
քարե արցունք է կախվել իմ կոպից…
Քարե ցնորքում ալս լալահառաչ
ես էլ չեմ գտնում քո դեմքը անբիծ…
Ու փնտրում եմ քեզ երկնքում ծավե,
հորիզոններին փարված հեքիաթում…
Բայց դու, դու չկաս…
Մի այլ ժանիք է
քեզ լուռ հոշոտում նորաշենքերի
խղճուկ շքերթում…
Անսեր թաթեր են դեմքդ ճանկըռում,
արնահոսում է ճակատդ պայծառ…
Ասես որտե՞ղ են քո բախտը կռում,
քո սերը ո՞նց են թալանում,
քաղա՛ք…
…Ես դեռ ոռնում եմ, լսո՞ւմ ես քաղաք.
Բազմահարկեր են ճոճվում քո բախտին…
Քարածածկույթում այս համատարած
ուզում եմ փրկել քո Էրեբունին…
***
Հեռու-հեռավոր արձակ դաշտերում,
Խաշխաշների տաք կարոտների մեջ
մի աղջիկ մնաց պատմությունից դուրս:
Երկնի լազուրե ձեռքը պինդ բռնած,
Խաշխաշների սև սրտիկների մեջ
Իր կարմիր շորի պտերը պահած
պատմությունից դուրս մի աղջիկ մնաց…
…Հիմա օրերի մութ ետնաբեմում
Հին անհոգությամբ դեմքը շպարած
Մի կին է կանգնած այն պատմության մեջ,
Որն ամեն գիշեր գնում է թաքուն
Խաշխաշների սև սրտիկների մեջ
Իր կարմիր շորի պտերը պահած,
Երկնի լազուրե ձեռքը պինդ բռնած
Այն աղջկա մոտ`պատմությունից դուրս…
Սեպտեմբերի 19-ից հետո
1.
…Անսեր աշուն էր,
անաստված Աստված…
էս ինչքան արյուն լցվեց ձեռքերիս,
ինչքան ոտնահետք`
մոլորված, անտեր,
անտուն-անտանիք
կպավ ոտքերիս,
ինչքան վառված մաշկ լցվեց մաշկիս տակ.
ծխամ ու ծխամ…
մռմռամ ու մռմռամ…
սարսռեմ ու սարսռեմ…
…Անսեր աշուն էր,
անաստված Աստված…
Էսքան մորթված խիղճ ո՞ւր տանեմ,
որտե՞ղ թաքուն պարտակեմ,
էսքան խեղված հուշ ո՞ր պատմությանը
նորից կարկատեմ…
Իմ ո՞ր կողի տակ,
Ցավի ո՞ր ոսկրի վրա ես տեղ տամ,
որ ապրեն նորից,
ծածկվեն-ծրարվեն
այսքան տառապյալ,
այսքան տնավեր,
այսքան խոշտանգված…
…Անսեր աշուն էր,
անաստված Աստված…
Էս ինչքա՞ն Հավատ կորավ ճամփեքին,
շուրթերին սառեց,
աչքում լերդացավ…
Ինչքա՞ն Կորցրած Խիղճ ժամանակների
խանձարուրներում
թլպատվեց անդարձ…
…Անսեր աշուն էր,
անաստված Աստված…
Ես ինչքա՞ն պիտի Խղճի ձեռքերին
Ցավն այս խնկարկեմ
ու ինչքա՞ն պիտի Սպանդը այս Նոր
առանց մեղայի երկինք ուղարկեմ…
…Էս ինչ աշուն էր՝ թևերը կտրած,
Ու ինչքան խեղճ էր անաստված Աստված…
2.
Անզորության այս մակարդուկներում
Ցավը լերդացել
ու համբերանքի նեղ երակներով
երկիր չի հոսում,
չի ելնում երկինք…
Ես բարձրացնում եմ նրան
մի փայտե անշուք դարակի
ու հասկացնում,
որ այն դարձել է մաշված խաղալիք…
Ես փրկություն եմ անվերջ որոնում.
Խիղճն եմ լուռ փակում`
անտուն, անտանիք,
փակում եմ միտքը`
մի նոր Արհավիրք,
ու Սերն եմ փակում,
որ չկեղտոտվի,
Հավատն եմ փակում,
որ չհոշոտվի…
Մինչև ո՞ւր տանեմ
Ցավն այս բնավեր,
Ցավն այս չարչրկված,
Ցավն այս անվավեր…
Անզորության այս մակարդուկներում
Ցավը լերդացել
ու համբերանքի նեղ երակներով
երկիր չի հոսում,
չի ելնում երկինք…
Ու ես կանգնել եմ այս Ցավի դիմաց`
ոնց վերջին վկան, որ իր ցուցմունքով
փրկել է փորձում չարչրկված հոգին…
***
Ես համրացա ձեր աչքերում,
Ու քարացա ձեր շուրթերին…
…Թե իմ մեջ եք դեռ դեգերում
Ինձ համարեք հավատարիմ…
…Մինչև մի օր ճամփա ընկնեմ`
Ձեր երկինքը որոնելու,
Իմ երակը ձերին խառնեմ`
Ձեր թևերով բաբախելու…
Լուսապարտի նման մինչև
Ինձ շղթայեմ ձեր օրերում,
Ու խորտակվեմ ափերին ձեր`
Նվիրումը զարդարելու…
Ես ծաղկել եմ ձեր աչքերում,
Բողբոջել ձեր խինդ ու լացին…
Թե երևաք իմ կողմերում,
Ինձ տարեք ձեր աղ ու հացին…
***
Տարին բառ գրեց նորից ճակատիս,
Ես ժամանակի հեգնանքը դարձա,
Վայրիվերումներ կապեցի բախտիս
Ու բոլորի պես մի քիչ ծերացա…
…Մոլորությունս իմաստնացել է`
Ծեր քամիներին քշել իր դռնից…
Չգիտեմ ինչ կա. թե հնացել եմ
Հանգիստ գլորեք ինձ մի կամրջից…
Տարին սրթսրթաց, խշխշաց տարին`
Մի սիրտ ունեի` բանաստեղծելու…
Գլուխս հանգիստ դրեցի քարին,
Հոգիս թողեցի` առևանգելու…
Ու երբ որբացա անզորությունից,
Խիղճը լուռ եկավ ինձ որդեգրեց,
Ետ վերադարձա մոլորությունից,
Որ ճիչս խոսքով զուգեմ-զարդարեմ…
Ու նորից, նորից ես կարոտեցի
Այն ծեր ընթացքին, որ գույնս տարավ…
Խաղալիքները կախեցի բախտից
Ու … հավատում եմ դեռ բնազդաբար…
***
Մի օր կգնամ`
Ցավի ականջին խիղճ շշնջալու,
ու նա անտարբեր ուսը կթոթվի`
իբր վաղուց է դեռ ինձ ճանաչում…
Նրան կգրկեմ, մի վերջին անգամ,
տաք գորովանքով,
ու մի պաղ աստղի մոլորումի տակ`
որպես գերեզման, կթաղեմ նրան`
փառքով ու շուքով…
Մի օր կգնամ`
Ցավի ականջին շշնջալու մի անցյալ ժամանակ,
կգնամ, որ դուք մի վերջին անգամ
ինձնով զարմանաք….
***
Ցավս մի կաղ, անտեր շուն
Թափառում է սրտից սիրտ,
Տաք անկյուն Է որոնում
Օրերում այս անբարիշտ…
Երբ չի գտնում հուսահատ
Վնգստում է իմ ներսում,
Ու ողջ գիշեր ես նրա
Սառած թաթերն եմ մերսում։
Ցավս մի կաղ, անտեր շուն
Փռվել է իմ դռան դեմ,
Ես նրանից հարազատ
Ուրիշ մեկին չգիտեմ…
***
Ես քայլում էի քարերի միջով.
Սեր էր հագինս…
Ու ճաքճքել էր իմ կրունկներին
Ցավերի գինը…
Ճամփան երկար էր…
Հոգիս ծփում էր վերքերը բախտի…
Չէի հավատում,
որ լռությունն էլ մերկանալ գիտի…
…Ես քայլում էի քարերի միջով.
օրը գլխատված սերեր էր ժամում…
Հույսը մեռնում էր բառերից առաջ.
արևներ էին իմ մեջ ծերանում…
Ես քայլում էի քարերի միջով.
Բախտ էր հագինս…
Այս ծեր քաղաքում ինչ ուշ է գալիս
ձմռան գարունը…
