ՀԱՅ ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՆԸ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

 

Սերգեյ Սարինյան գիտնականի ուղին ճշգրտորեն ներկայացված է ոչ միայն 26 մեծարժեք ու ստվարածավալ գրքերում, 1000-ի սահմանն անցած բազմապիսի հոդվածներում, այլև հենց իր կողմից համարձակորեն շարադրված «Ի հեճուկս» ինքնակենսագրականում, որտեղ նա մի առանձին գորովով է հիշում Երևանի պետական համալսարանում սովորելու տարիները, երբ աշակերտել է Հրաչյա Աճառյանին, Գրիգոր Ղափանցյանին, Արսեն Տերտերյանին, Մկրտիչ Մկրյանին, Գուրգեն Սևակին, Արարատ Ղարիբյանին: Նա ստացել էր ակադեմիական կրթություն, և դա իր կնիքն է դրել գիտնական-հետազոտողի վրա: Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը մեծագույն ընթերցող էր, շարունակ որոնող, արագ յուրացնող ու տեսականորեն զարգացնող մեծ գիտնական: Անտիկ փիլիսոփաները, լուսավորչական դարաշրջանի մեծ մտածողները, Վերածննդի տիտանները, Կանտը, Հեգելը, Ֆոյերբախը, Մարքսը, Էնգելսը, Նիցշեն, Շոպենհաուերը, Սպենսերը, Դարվինը և մտքի այլ հսկաներ սնում էին նրա գիտական հետաքրքրությունները: Սարինյանը քաջատեղյակ էր հայ, ռուս, եվրոպացի, ամերիկացի և այլ ազգի պատկանող գրողների նշանավոր երկերին, ռուսերենով կարդացել է Նոբելյան մրցանակի արժանացած գրողների գործերը: Ահա սրանք էին նրա հետազոտական տեսադաշտը, որով մեծ գրականագետն իր խոսքն էր ասում հայ գրողների վերաբերյալ:
Ս. Սարինյանը ուսումնասիրել էր XIX և XX դարերի հայ մամուլը՝ աշխատատար, սակայն գիտական առումով մեծարժեք մի գործ: Նրա աշխատություններում շարունակ հանդիպում ենք հղումներ «Մասիս», «Մշակ», «Արևելք», «Արձագանք», «Մեղու Հայաստանի», «Նոր դար», «Երկրագունդ», «Գործ» և այլ պարբերականներին:
Գրականագիտական առաջին քայլերից սկսած՝ Ս. Սարինյանը բացում է նոր ուղիներ, փնտրում և գտնում այն, ինչը մինչ ինքը ոչ ոք այդ ձևով ու ամբողջական չէր արել: Դա են վկայում նրա թեկնածուական ու դոկտորական ատենախոսությունների թեմաները՝ առաջինը՝ «Քննադատական ռեալիզմի սկզբնավորումը հայ գրականության մեջ», երկրորդը՝ «Հայկական ռոմանտիզմ»: Բոլորովին նոր ու թարմաշունչ էին Սարինյանի գրքերը՝ նվիրված Րաֆֆուն՝ «Րաֆֆի» (1957), «Րաֆֆի, Գաղափարների ու կերպարների համակարգը» (1985):
Նոր լույսի տակ և պրոբլեմների բոլորովին այլ կտրվածքով է գրված գրականագետի «Մուրացան» մենագրությունը, որը ներկայացնում է գրողի կերտած կերպարների տիպաբանությունը, էթիկան, պատմության փիլիսոփայությունը: Գրականագետը հիմնավորում է, թե ինչու Մուրացանն իր գյուղափրկիչ ռոմանտիկական պատրանքները փոխարինեց ճշմարիտ առաքյալներ չտեսնելու հոռետեսությամբ:
Արտակարգ և պատմականորեն ճշգրիտ է մեկնաբանված Մուրացանի «Անդրեաս երեց» վեպը. «Անդրեաս երեցը Մուրացանի իդեալն է և արտահայտում է ազգային գոյափիլիսոփայության նրա սկզբունքները, ըստ որի՝ պետք է դիմագրավել բռնությանը, ունենալ կամք և տոկունություն՝ դիմադրելու թշնամու վայրագություններին, ընդվզելու բռնավորի կամայականությունների դեմ և անհրաժեշտության պարագայում ընդունելու նահատակությունը»: Լիովին իրավացի է գրականագետը, երբ փաստում է, թե գրականագիտությունը «Անդրեաս երեց» վեպը վերագրել է Մուրացանի հետադիմական աշխարհայացքի վրիպանքին և գրեթե անտեսել նրա գրական արժեքը:
Գրականագիտական իսկական հայտնություն էր Սարինյանի «Լևոն Շանթ» գիրքը:
Սերգեյ Սարինյանը Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի շատ գրքեր է խմբագրել և առաջաբաններ գրել, սակայն նրա մեծագույն ծառայությունները այդ բնագավառում երկուսն են՝ ա) նա գլխավոր խմբագիրն է եղել «Հայ նոր գրականության պատմության» 5 հատորների՝ նրանցում ունենալով բազում հոդվածներ, բ) նախաձեռնողն ու իրականացնողն էր «Հայ քննադատության պատմության» երկու ստվար հատորների (հ. I–1985, h. II-1998): «Հայ նոր գրականության պատմություն» գրքերի վերջին՝ V հատորը լույս է տեսել 1979-ին: Այդ հատորների համար Ս. Սարինյանը 1980-ին ստացել է ՀՍԽՀ պետական մրցանակ: Նա ՀՀ նախագահի մրցանակ է ստացել «Հայոց գրականության երկու դարը» ստվարածավալ հինգհատորանոց մատենաշարի համար:
Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը եզակի գրաքննադատ է: Նա ճշտորեն համապատասխանում է այն պահանջին, որ Վենետիկի Մխիթարյան հայրերից Էդուարդ Հյուրմուզյանը դնում էր գրականագետի առաջ. ունենալ խոր և հիմնավոր գիտելիքներ թե՛ գրողների գործերից և թե՛ գրականության տեսությունից: Այս ամենը ունեցել է Սերգեյ Սարինյանը դեռ երիտասարդ հասակից:
Հանճարեղ արվեստագետ Երվանդ Քոչարը, լսելով ու հիանալով Սերգեյ Սարինյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանության ընթացքում տված բանավոր պատասխաններով, նրան անվանում է «Իմ Մեդիչի»:
Սերգեյ Սարինյանն իրավացի հեգնանքով է մերժում իրենց մոդայիկ համարող այն գրականագետներին, որոնք հայ գրականությունը հանիրավի թերագնահատում են: Նա չի ընդունում գիտության մեջ տիրացուականությունն ու աղքատիմացությունը:
Եթե Սարինյանը իր վերջին հինգ հատորները ներկայացրել է «Հայոց գրականության երկու դարը» խորագրով, ապա դա նշանակում է, որ գրականագիտական-հետազոտական հայացքի կիզակետում է պահել գրեթե հավասարապես հայ գրականության՝ այդ վերջին երկու դարերում երկփեղկված ճյուղերը՝ արևելահայ և արևմտահայ: Նրա համար նույնքան ընտանի էին Խ. Աբովյանը, Մ. Նալբանդյանը, Պ. Պռոշյանը, Մուրացանը, Հ. Թումանյանը, Ավ. Իսահակյանը, Վ. Տերյանը, Ե. Չարենցը, Պ. Սևակը, որքան Պ. Դուրյանը, Հ. Պարոնյանը, Սիամանթոն, Ս. Տյուսաբը, Հ. Կարապենցը, արդի սփյուռքահայ գրողները:
Իրավացիորեն Սարինյանը բարձր է գնահատում ու կարևորում գրաքննադատությունը՝ մեր իրականության մեջ առաջին խոշոր գրաքննադատ համարելով Միքայել Նալբանդյանին: Մ. Նալբանդյանի կյանքին ու գործին շատերն են անդրադարձել: Սակայն Սարինյանի գնահատականները խիստ սպառիչ են: Նալբանդյանի մասին նա գրում է «Ազատության առաքյալը» հոդվածում՝ գնահատելով գրաքննադատին, բանաստեղծին, արձակագրին և հրապարակախոսին: Նալբանդյանը համոզված էր, որ տիեզերքը նախաստեղծ է, որին ներհատուկ են փոփոխման ու նորոգման, ծագման ու զարգացման իր հարաշարժ օրենքները: Ահա այսպիսի սպառիչ գնահատական է տվել Սարինյանը Միքայել Նալբանդյան երևույթին. «Դժվար է մի անհատի կարողությունների և կարճատև կյանքի տևողության մեջ տեղադրել մտավոր ու հասարակական գործունեության այն համատեղումները, որ յուրահատուկ էր Նալբանդյանին»:
Սարինյանը հայ պատմավեպի անցած ուղու քաջ գիտակներից էր: Կարդացել էր ոչ միայն հայ դասական պատմավեպերը, այլև մեր օրերի բոլոր այն գրողների ստեղծագործությունները, որոնք գրված էին պատմական թեմատիկայով: Նա հմտորեն է ներկայացնում պատմական թեման հայ գրականություն բերած Րաֆֆու ու Մուրացանի համապատասխան գործերը, շեշտում այդ գրողների՝ պատմությունից ծնված փիլիսոփայությունը:
Հետաքրքիր ձևով է մեկնաբանված «Խենթը» վեպի գլխավոր հերոսի՝ Վարդանի ինքնախոստովանությունը:
Նալբանդյանի «Կրիտիկայի» կողքին նա հավասար մակարդակով դնում է Րաֆֆու ծավալուն հոդվածն՝ ուղղված բանահավաք ու բանագետ Սարգիս Հայկունուն՝ «Կայծեր» վեպի առիթով:
1957 թվականից Սերգեյ Սարինյանը ՀՀ գրողների միության անդամ էր:
Անհնար է պատկերացնել Սերգեյ Սարինյանի գրականագիտական վաստակն առանց այն բազում հոդվածների, հետազոտությունների, որոնք գրվել են մեր օրերի գրողների մասին: Դրանք երբեմն եղել են խիստ և բնականաբար առաջացրել են քննադատվողների դժգոհությունը:
Գրականության մեջ Սարինյանին հետաքրքրում էր ոչ միայն ազգայինը, այլև տիեզերականը՝ մակրոկոսմի և միկրոկոսմի փոխկապվածությունը, իսկ այդ խնդիրը գրականագիտությունը կապում է փիլիսոփայության հետ: Առանց չափազանցնելու կարող ենք ասել՝ Սարինյանը գրել է XIX և XX դարերի հայ գրականության փիլիսոփայության պատմությունը:
XX դարի երկրորդ կեսի արձակում գրաքննադատը հատուկ ուշադրություն է դարձրել Հրանտ Մաթևոսյանի գրվածքներին և Սուրեն Աղաբաբյանի, Լևոն Հախվերդյանի հետ զուգահեռ հովանավորել է գրողին ու նպաստել նրա առաջընթացին:
Սերգեյ Սարինյանն իր կեցվածքով, հագուստով, կարգապահությամբ իսկական մտավորական էր. մշտապես հարգում էր ուրիշների ժամանակը, երկար տարիների ճանաչողության ընթացքում միշտ հիացել եմ նրա գերմանական ճշտապահությամբ: Ղեկավարել է բազմաթիվ ասպիրանտների ու հայցորդների, որոնցից շատերը դարձել են գիտության թեկնածուներ ու դոկտորներ: Նա հրաշալի հռետոր էր, երիտասարդ տարիներին կարող էր ձգտել պաշտոնների, սակայն երբեք նման մղումներ չի ունեցել և բավարարվել է բաժնի գիտական ղեկավար լինելու դիրքով: Անտարբեր է եղել նաև արտասահմանյան ուղևորությունների հանդեպ: Ինչպես ինքն էր սրամտում, «կարմիր գծից անդին» մեկնել է միայն մեկ անգամ՝ Փարիզ՝ 2003-ի դեկտեմբերին մեկ շաբաթով, ուր զեկուցումով հանդես է եկել Գրիգոր Նարեկացու անմահ «Մատեան ողբերգութեան» երկի 1000-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովում:
Սարինյանի բազմագիտակությունը պայմանավորված է և՛ ի վերուստ նրան տրված օժտվածությամբ, և՛ հիացմունք առաջացնող տիտանական աշխատասիրությամբ: Ապագայի հայ գրականության պատմաբանը կարող է մեծապես օգտվել Սարինյանի հետազոտություններում եղած դրույթներից: Գրականագիտական իր սկզբունքներում նա անզիջում էր ու շարունակ մտածում էր հայ գրականության, նաև գրականագիտության ապագայի մասին:
Սարինյանը փիլիսոփա գրականագետ էր և հատկապես քաջատեղյակ էր XIX և XX դարերի համաշխարհային փիլիսոփայության հիմնական դեմքերի աշխատություններին:
Առասպելականը և միֆը, ըստ Սարինյանի, դեռ շարունակում է ապրել հայ գրականության մեջ՝ ընդունելով նոր ձևեր:
Սարինյանը ստեղծել է գրականությունը փիլիսոփայական դիտակետից հետազոտելու իր դպրոցը, ունի խիստ ճանաչելի սեփական ոճը ու բազում հետևորդներ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։