Քննադատի՝ գրախոսի պահվածքն ավելի հաճախ սուբյեկտիվ սկիզբ է նախանշում, որ միտում ունի օբյեկտիվության: Գրական ընթացքից հատընտրելով կոնկրետը՝ ցանկանում ես օրինաչափությունը տեսանելի դարձնել առաջին հերթին քեզ համար: Այդ ընթացքի մեջ կա մյուս կողմի՝ գրողի խնդրառությունը: «…անհամությունը հենց այն էր, որ բացարձակապես չգիտեի, թե ինչի մասին պետք է լինի այս երկրորդ վեպը: Ի՞նչ հայտնել մարդկությանը: Ցավն էլ հենց դա էր»1: Մ. Բուլգակովի «Թատերական վեպ» երկի գլխավոր կերպար Մակսուդովի տագնապն այսօր լիովին տեղին է մերօրյա գրականության շատ ներկայացուցիչների համար, ովքեր չգիտեն, թե ինչն է լինելու իրենց հաջորդ գրքի թեման, այդ պատճառով էլ առաջ է գալիս արդեն ասվածը կրկնելու և վերակրկնելու պահանջմունքը, ինչն էլ սպանում է ծնված կամ ծնվող երկը, որ ծնունդ չի դառնում, այլ կլոն:
Սակայն քիչ ներկայացուցիչներ էլ անում են իրենց գործը: Այդ կապակցությամբ հիշենք Վ. Սարոյանի վերաբերմամբ Հր. Մաթևոսյանի խոսքը. «Մի անգամ Սարոյանին հարցրին՝ ինչի մասին է գրում, երբ նյութը սպառվում է, մտածում է նյութ ամբարելո՞ւ մասին, և նա, այդ խելացի, հանճարեղ ծերուկն ասաց՝ նյութը ես եմ, քանի ես կամ, բառի համար նյութ կա»2: Մերօրյա արձակում կա՛ն գրագետներ, որոնց գիրն իրենք են, այդ գիրը երկրի ու մարդու համար է ծնվել, և նրանցից է Հովհաննես Երանյանը, որի ստեղծագործությունը առիթ է տվել մեր գոնե երկու անդրադարձի3: Եղել են այլ գրքեր ու անդրադարձի այլ պատեհություններ, սակայն այս առիթը Երանյանի յոթերորդ գիրքն է՝ «Մեղքի պարան»4 վեպը, որ, ինչպես հեղինակի մյուս երկերը, կյանքից է եկել: Թերևս կա նաև ութերորդը. «Օրերս լույս տեսավ իմ «Մեղքի պարան» վեպը, որի վրա աշխատել էի շուրջ չորս տարի և ավարտեցի «Մահացու հյուրախաղ» վեպը, որ գրեցի ընդամենը չորս ամսում»5:
«Մեղքի պարանի» վիպական պայմանականության մեջ նախ կարևորենք գրական առնչությունների խնդիրը: Այս իմաստով, մեր վերջին տարիների արձակի ինքնատիպ դեմքերից մեկի՝ Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գրքի» արձագանքը կա Երանյանի վեպում: Հիշենք այդ վեպի ավարտը. «Ագռավաքարի դռան մեջ հանկարծ մի ակնթարթ կարմրածուփ սուրհանդակը բոցկլտացող նշանով, կողքին` կապտալույսի մեջ, ձեռքերը կրծքին կանգնած Մհերին ցույց տվեց. Մհերն էր, միանշանակ նրան էի տեսել»6: Իսկ Երանյանի վեպում հոր գրությունների մեջ հատված կա. «Սա այն տեղն է, ուր գալիք աշխարհի մարդու քրոմոսոմն է պահվում,- պատասխանեց անծանոթն ու ձայնը ելևէջներից թրթռաց, բեկբեկվեց մարմնի ուրվագծերի ճերմակ լույսը:
Ագռավաքա՞րը,- հարցրի:- Դու նա՞ ես, ում փնտրում էր ընկերս, թե՞ հենց նա ես՝ ընկերս, ով որոնում էր:
Հիմա մենք միասնական ենք, մի մարմին, հերմետիկ հույս»:
Քիչ անց շարունակում է. «Ես եկա այստեղ, տեսա անմահին, վերադարձա, հասցրեցի պատմել ու ետ եկա» (89):
Այս առնչությունները հանգեցնում են նաև միջտեքստայնության: Վեպում իրար են հանգուցվել ոչ միայն տարբեր կերպարների (պապ, հայր, որդի, …) կողմից ձևավորված խոսք-տեքստերը, որ պատումի պայմանականություններից է, այլև ուրիշ հեղինակների տեքստերից «հիշողությունները» (ռեմինիսցենցիա): Ստեղծագործության մեջ անընդհատ նկատելի է «Աստվածաշունչ» մատյանի հիշողությունը: Կա նաև Հր. Մաթևոսյանի կերպարի հուշը՝ «Քեզ Աղունի տեղ մի՛ դիր, գրողի կին ես, մայր չես» (32), և մոր՝ առ զավակն ունեցած վերաբերմունքի «աղունական» պայմանականությունը. «Լավը չես, խեղճ ես, զավա՛կս, որդիս, առաջնեկս, իմ հույսս, լա՛վը չես, մեջդ վրեժ չկա»: Այդպիսին է նաև Չարենցի «Դոֆին նայիրական» շարքից «հիշողությունը»:
Չարենցյան բնագրում տող կա՝ «Երբ կոչեցի ես քեզ – նայիրական դոֆին», որ ճշգրտում է հասցեագրողի և հասցեատիրոջ անձերը: Եվ ապա կոնկրետ հղումներ կան՝ «Ժողովրդի հոգում չի՞ հուրհրում արդյոք // Դեռ դրախտի լեգենդը հրապուրիչ»7, «Նա պառկած էր նախկին սեղանատան միգում // Հին սեղանի վրա երկայնքն ի վար դրած // Իր դագաղում դեղին,- և ճակատին նրա //Քստըմնելի՝ հանգչում էր ծաղիկների մի կույտ» (ԳՄ, 128), « ոգու անօգնական այս տենչը՝//Անանձնական, անինչ ու աներկրային» (ԳՄ, 139), «Կոփելու են ելել նայիրական ոգին,//Որ չըկոտրի ահից,- և ոչ՝ մահից՝ դողա» (ԳՄ, 140):
Իսկ հիմա՝ երանյանական տեքստը. «Կուրանար քո մայրը, որդիս, որ չտեսներ քեզ պառկած՝ նախկին սեղանատան միգում, հին սեղանի վրա: Բալես, թագավոր բալես: Կուրանար քո մայրը, որ չտեսներ քեզ դեղին դագաղում և քո ճակատին՝ քստմնելի հանգչող ծաղիկների կույտը: Ասա, ո՞վ սպանեց քեզ, իմ հաղթական որդի, մի ձայն հանիր, բալես, դեմքիդ ոչ խոհ կա, ոչ մի պատգամ և ոչ էլ լուր, որ ճանաչեմ նրան՝ հավերժ հանցագործին: Խլանար քո մայրը, որ չլսեր ողբը էս գաղթական կանանց, բալես, որդիս, զավակս, իմ երեխա: Իմ հզոր ու թույլ, իմ ուժեղ ու խեղճ, իմ ինքնասածի, իմ համեստ, իմ հպարտ, իմ խոնարհ, իմ ամեհի, իմ հնազանդ, իմ իմաստուն ու խելառ բալա, դու, որ ծնվեցիր որպես նաիրական դոֆին ու պատրաստ էիր արյանդ վերջին կաթիլը տալ ի սեր քո երկրի, ընկար առանց արյան, սրճահամ թույնով, ու ո՞վ դավեց քեզ, ո՞վ: Արդյոք նրա՞նք, որոնց թագադրեցիր քո սեփական ձեռքով,- ողբում էր նախագահի մայրը ցածրաձայն» (127):
Եվս մի իրողություն: «Աստվածային կատակերգության» «Դժոխքի» երեսունչորսերորդ երգում պատկերվում է Դանտեի հանդիպումը Լուցիֆերի հետ, որը «Գեղեցիկ էր, դարձավ տգեղ անսահման, //Քանզի քիթը ցցեց Տիրոջ դեմ իսկույն, //Նրանից է բխում ամեն մի վատ բան»8:
Արտաքինի պատկերման ընթացքում ընդգծվում է երկու դետալ. «Երեք երես տեսա նրա մեծ գլխին» և «Վեց թևերը շարժում էր վեր կարկառած»9: Նույն բնագրի Ա. Տայանի թարգմանությունը հետևյալն է.
«Քանի որ նա Արարչի դեմ ծառացավ,//Ապա նման մեղքի համար ծանրագույն//Ամեն չարյաց սկզբնաղբյուրը դարձավ://Օ, զարմանքով համակվեցի ես իսկույն,//Երբ որ տեսա նրա գլխին երեք դեմք»10:
Ապա և՝ «Զույգ մեծ թևեր ուներ ամեն դեմքի տակ»11:
Այս տողերի համադրումը երանյանական տեքստի հետ հուշում է ծագումնաբանությունը «դեսպանի եռագլուխ վեցոտանի ձիու», որին տերը Լուցո է անվանում:
Հեղինակն իրենից կերտել է նախ և առաջ հոր՝ արձակագիր Թովմա Տերտերյանի կերպարը: Դիտարկումը հիմնավորվում է տարիքով, անգամ ծննդյան տարեթվով, թեմատիկ նախասիրություններով, փորձառությամբ: Վեպում հեղինակի նախորդ ստեղծագործությունների արձագանքը կա: Մասնավորապես «Մարդահամար» ժողովածուից, որտեղ կարևորել է արտագաղթի իրողությունը, ինչն այս վեպում էլ գերակա թեմաներից է. «Նրանք չգիտեին, թե որն է վերջնական նպատակը: Երբ տասներեք տարի առաջ հեռանում էին, չէին կարող պնդել, թե ճիշտ ժամանակին որոշել են չմնալ ու չմահանալ նրանց մեջ, ովքեր ապրում էին թեև, բայց չգիտեին, որ մեռած են, կային թեպետ, բայց չգիտեին, որ գոյություն չունեն: Նրանք գուցե բնազդորեն էին զգում, երևի գնում էին էլի մեռած ապրելու, բայց գոնե այնտեղ, ուր ամեն պահ սովից, ցրտից, թշնամու կամ յուրայինի հրե կամ աննյութ գնդակից զարկվելով՝ նորից ու կրկնակի մեռնելու վտանգ չկար» (28-29): «- Տես,- ասաց,- ընդամենը չորս-հինգ տուն կտուրի ծխնելույզից է հայրենասիրության կամ հեռանալու անել վիճակի, սկզբունքայնության կամ վտարանդիության անհայտ ապրումների համարձակությունը չունենալու նշանի ծուխ երևում» (63): «Գիշերները նրանք <հայելիները> լալիս էին կարոտից, իսկ ցերեկները թաքցնում արցունքները, որովհետև սենտիմենտալ են ու թեթևամիտ, քանզի կարծում են, թե հանկարծ կմտնի իրենց մեջ հավերժացած ուրվագծերի տերերից մեկնումեկը և ամոթանք կտա լացկանության համար» (65): «Ասում են՝ տները կարոտել են իրենց տերերին, որոշել են գնալ, գտնել նրանց: Էլ չեն ուզում սպասել, էլ հույս չկա» (183):
Արտագաղթի փաստումն ու նրա հանդեպ վերաբերմունքը՝ հաճախ զգացմունքային լարմամբ ու անգամ գնացածների հանդեպ պատասխանատվությամբ, սփռված են վեպի ընդհանուր հյուսվածքում և պայմանավորում են վեպի գրության գոնե մեկ շարժառիթը: Արտագաղթի մարդահամարը շարունակվում է՝ հավելելով նոր անուններ՝ Արտեմ ու Հասո Ծիտոյաններ, մոռացված ու մեռած Սարմեն Ծիտոյան, Նիդեռլանդների ֆուտբոլի երիտասարդական հավաքական հրավիրված Գառնիկ, նաև Կարո ու Աշխեն, Ալինայի զույգ նորածիններ…
Հանդիպում է կենսական որոշակի մանրամասնի կրկնություն «Զինադադար» վիպակում և «Մեղքի պարան» վեպում. «Ոչ մի կերպ ինձ չհաջողվեց պատերազմից հետ պահել Մարիամի հորն ու եղբորը, և երկուսն էլ զոհվեցին ընդամենը երեք ամսվա տարբերությամբ՝ մեկը ինքնաշեն ռումբը փորձարկելիս, մյուսը՝ թշնամու նշանառուի գնդակից»12: Կնոջ հոր և եղբոր զոհվելու պատկերը կա նաև «Մեղքի պարան» վեպում (տե՛ս էջ 42-44):
Արցախյան պատերազմից ու արտագաղթից զատ, կան նաև մերօրյա իրականության այլ ցուցիչներ՝ ներքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակի արձագանքներ, Արցախյան քառօրյայի փաստումը, մեր օրերին վերաբերող կռահումներ, Արտո Թունջբոյաջյան և Վարդան Պետրոսյան, անօրինականության դրսևորումներ բանակում, որ երկի էական ասելիքներից է՝ վեպի ճյուղավորումներից մեկը. «Զինվորը ծառայության մեջ է, պաշտպանում է հայրենիքը, հայրենիքի ժամապահն է, նրան սպանելով՝ թուլացնում ենք հայրենիքի պաշտպանությունը: Առանց թշնամու միջամտության սպանվել է հազար հինգ հարյուր զինվոր: Հանցագործը, որը սպանում է զինվորին կամ նրա մահվան պատճառ է դառնում՝ սովորական մարդասպան չի, նա հայրենիքի դավաճան է, թշնամու լրտես, և չե՞ք կարծում, որ նրան թաքցնելն ու հովանավորելը նույնպես լրտեսություն է, դավաճանություն: Հետաքրքիր է՝ այդ մարդասպանը, դավաճանը մեկ զինվորի սպանության համար թշնամու կողմից ինչքա՞ն է վարձատրվում» (36):
Կյանքից, իրականությունից կառչած այս վեպը խարսխվում է, սակայն, մեր առասպելի ու պատմական փորձառության վրա: Այս հանգամանքը հիվանդագին արձագանքներ է ունենում. երբեմն նմանվում ենք առաջ գնացող ավանակին հակառակ նստած հեծվորի, որ անցյալն է տեսնում: «Մեղքի պարան» վեպում ուրվագծվել է ակադեմիկոսի կերպար, որ այս աշխարհից փոխվելուց առաջ դիտարկում է (ասել է՝ իր կյանքի ընդհանրացումն է). «Ես ուսումնասիրել եմ իմ ազգի ու երկրի պատմությունը և գրքեր գրել՝ ներկայացնելով նրա վաղնջական ու մոտիկ անցյալը: Անցյալը, անցյալը, անցյալը: Ես պեղել եմ անցյալը, բայց ըստ երևույթին հիմա ինձանից պահանջվում է ապագան լուսավորել: Ապագան լուսավորել անցյալի լույսո՞վ: Բայց մի՞թե դա հնարավոր է, մի՞թե իմ ժողովրդի պատմության մեջ խավարն ավելին չէ, քան լույսը: Չկա անցյալի լույս, լույսը ներկա է ու ապառնի, արևը չի լինում երեկվա, որովհետև նա ամեն օր է լինում: Ուրեմն արևը միայն այսօր է և վաղը: Ես մեր անցյալը դարձրեցի ներկա, այն չի մնացել մեր անցած ճանապարհի հեռվում, մեր անցյալը մեր թիկունքում չէ, այլ՝ մեր դիմաց, որպես հանդիպակաց քամի, որ փոշի է լցնում մեր աչքերի մեջ և դաղում մեր դեմքը՝ ավազահատիկներ զարկելով: Այդ անցյալը մեր հոտն ուղեկցող պահապան ամեհի շուն պիտի լիներ, մինչդեռ մեզանից առաջ ու ետ ընկնող և մեր փողքերից վնգստալով կառչող տուզիկ է, մենք չենք ուզում նրան քացի տալ, թեև անընդհատ գայթում ենք նրա պատճառով, նա մեր ոտքերը կծոտել, արնոտել է, բայց մենք նրան խղճալով՝ մեզ ենք խղճում: Պիտի թիկունքը պահող զրահ դարձնեի մեր պատմությունը, բայց իմ արածը կուրծքը սեղմող վահանի վերածվեց, որ նետ ու նիզակից փրկում է, բայց սեղմում է մեր թոքերը, չենք կարողանում լայնաշունչ լինել Նեղ կամրջի վրա հանկարծ կռիվ փնտրող այծի պես մեր անցյալը մեր դեմ պոզերն է պարզում, ու մենք չենք կարողանում նրա եղջյուրներից բռնած՝ մեր հոտի հետ համընթաց ու խաղաղ առաջ տանել» (100): Իսկ Լ. Խեչոյանն ուղղակի ասում էր. «Մենք վեճ ունենք պատմության հետ»: Ոչ միայն պատմության հետ վեճ ունենք, այլ նաև առասպելի. նրանք ներհյուսված են: Այս դրույթն էլ առաջադրում է առասպելի քողազերծման պահանջը:
Կա իրականության ու առասպելի մեկտեղման տարածքը, երբ առասպելը մտնում է իրականություն, փորձում հաստատել իր գերակայությունը: Խոսքը վերաբերում է Ժպտացող արքային, որ գրից՝ խոսքից է գալիս, ապա որպես իրականություն ու իրականության մեջ մշտական ներկայություն (դեսպան Սադոյանի հորինվածքն ու Թովմա Տերտերյանի գրի առածը, որ վիպական պայմանականության մեջ նախագահի ու Տիգրան Երկրորդ որդու տեսքով են ներկայանում ու մեկ էլ դրսևորվում ծոռան կերպարանքով) է պատկերացվում: «Բայց ես ուրիշ բան էի փնտրում ու չէի գտնում: Ժպտացող արքայի մասին»,- փաստվում է վեպի սկզբներում, և այս փնտրտուքը դառնում է այն «մեղքի պարանը», որ վիպական հյուսվածքի կրողն է և վերնագրի մեկնություններից մեկը:
Առասպելը և՛ զորավոր էություն է, և՛ թուլության բացիլ: Կա առասպել՝ խեղճությունից ծնված երազանք, որ մեղք է և սերնդեսերունդ է փոխանցվում՝ ձևավորելով հյուսվածք՝ պարան: Առասպելը, որ դարձել է գենետիկ հիվանդություն, որից թոթափվելու, առողջանալու խնդիր կա (նման տարբերակ է վեպի կերպարներից Անիի ընտրությունը): Առասպելից չհրաժարվելու համառություն, որ հենց ոգու գենից է գալիս: Եվ առասպելից հրաժարվելու մտասևեռում: Առասպելը քողազերծելու, ապա և մերժելու գործառույթ ունի տարիներով գրվածն ու գրի առածը լավաշի տեղ ուտելու («Նրանք միասին ծամում էին թղթերը՝ հորս տասնամյակների քրտինքն ու ջանքը» (91)) կամ այրելու դիրքորոշումը, որ մեկնաբանվում է բանտային հիվանդանոցում.
«- Չէ՞ որ հիմա մեկ ենք ու գիտենք՝ ինչ դու գիտես: Մեկ ենք, ուրեմն ասա, ի՞նձ էր, որ Պետրոս կոչեցիր, եղբո՞րս, թե՞ ինքդ քեզ: Ինչո՞ւ ես ուտում թղթերդ, չէ՞ որ մեկ ենք և հասու ենք բոլոր գաղտնիքներին, որ դու ունես, մերն են քո բոլոր մեղքերը, և քոնն է մերը:
-Ինչո՞ւ ասացի: Ասացի ինչո՞ւ: Քանզի: Պատասխանեց: Նա պատասխանեց, ընկերս: Ո՞վ: Կարո՞ղ ես ասել: Երկիրը մեր: Ո՞վ ստեղծեց: Գրողները: Գրիչները: Պատմիչները: Ճի՞շտ է: Մագաղաթ: Թուղթ: Թղթե երկիր: Նա էր: Ընկերս ասաց: Այնտեղ էր: Քարանձավում էր: Մութ էր: Ճանաչեց ինձ: Ասաց: Ետ դարձիր: Գնա: Նա ասաց: Ասաց ետ դարձիր: Այրիր: Կայրես: Ոչ մեկը: Չթողնես ոչ մեկը: Ոչ մի գիրք: Ինքս չարեցի: Չէի կռահել: Իսկ դու գիտես: Իմացար: Երեսունվեց զինվոր: Մագաղաթ, թուղթ, տառեր: Ձեռագրեր: Գրքեր: Ու ոչ երկաթ: Ոչ կրակ: Գիրք: Տառեր: Աղոթագիրք» (172): Այստեղ էլ տեսնե՞նք մեկ այլ ռեմինիսցենցիա՝ այս անգամ կապված Շահան Շահնուրի հետ. «Պարտվածներ ենք, որովհետև այն վանականին հաշմանդամ հոգիին պես արհամարհեցինք և անգիտացանք գոյությունը մեր եսին, մեր ուժին, կամքին, անհատականության.-չկռվեցինք, չխածինք, չմաքառեցանք»13:
Տեսնում ենք առասպելի բազմաշերտություն: Ամենաէականը Ժպտացող արքայի (Մհերի) առասպելն է, որ նաև ապագայի մտասևեռում է («երբ կբարձրանա Ժպտացող արքան» (51)): Ոչ պակաս կարևոր է բիբլիական միֆն իր բաղկացուցիչներով՝ Բրուտի ագարակ, Օդը շոշափող անհավատ Թովմա, Պետրոսի երեք ուրացություններ… Եվ բանահյուսական պատկերացումներից առասպել ներառված (ներխուժած) միավորներ, ինչպիսին է Իսկո օձի հետ կապված պատումային գիծը: (Սրա վերաբերմամբ երկակի ծագումնաբանություն է փաստվում (էջ 70 և էջ 168-169): Երկրորդ տարբերակը փաստորեն ժառանգորդաբար է փոխանցվել՝ սկզբնավորվելով պարսկահայերի գյուղերից մեկում):
Եվ երբ հասել ենք իրականության և առասպելի խաչմերուկին կամ ճամփաբաժանին, այստեղից ընթացքիդ տրամաբանությունն ինքդ ես ընտրելու՝ մնա՞լ առասպելին գերի, ուրանա՞լ առասպելը, այն ներդաշնակե՞լ իրականությանը, թե՞ իրականությունը ներդաշնակել առասպելին: Այսօրվա ընտրությունը որոշելու է վաղվա կեցությունը: Կա նաև մի դիրքորոշում, որ վեպի կերպարներից Սրբազանինն է. ազգի «խոնարհությունը անտարբերություն է սեփական էության ու հողի հանդեպ և հեռացումով է ավարտվում: Խոնարհ է իշխանության առջև, բայց ըմբոստանում է հայրենիքի դեմ, նա հպատակվում է անաստվածներին, բայց բողոքում է Աստծո դեմ» (122):
«Մեղքի պարան» վեպում կարող ենք առանձնացնել ուղղակի և այլասացական սյուժեներ: Եթե ուղղակի սյուժեն վերաբերում է Տերտերյան ընտանիքի հետ կապված և իրական գիտակցվող իրողություններին, ապա այլասացականը քաղաքական վեպի, դետեկտիվի, հոգեբանական վեպի, առասպելի, հեքիաթի խառնուրդ է, ինչ-որ տեղ՝ ժանրերի էկլեկտիկա: Իհարկե, վեպը ամենաչկարգավորված ժանրն է, ինչն ազատություն է տալիս հեղինակին՝ իր մտահղացումներն իրականացնելու սեփական դիտարկումների հանգույն: Մյուս կողմից էլ, մերօրյա արվեստի միտումներից է սեռերի ու ժանրերի, մոտիվների ու թեմաների ձայնակարգությունը, սակայն չեմ կարծում, որ կատարված ընտրությունն ամենահաջողն է:
Հովհ. Երանյանը երկն ավարտում է շատախոս մի պայմանականությամբ. «Ես հասկացա, որ ոչ թե պարզապես ծնվել եմ, այլ առաքելությամբ եմ աշխարհ եկել: Չկա Ժպտացող արքան, բայց նրա փոխարեն կամ ես: Ես կլինեմ Ժպտացող թագուհին, որովհետև խելագարությունն անընդհատ է, երբեք չի վերջանում» (269): Այս ավարտը ընդհանրության եզրեր ունի Լ. Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ»-ի ավարտի հետ. «Այնուամենայնիվ, շատ հնարավոր է, որ նրա խելագարությունը ճշմարտությունից անդին է, ինչը մենք որոնում ենք»14:
Ասել է՝ մենք ընտրում ենք առասպելը, բայց ոչ պատմությունը: Սակայն առասպելի ընտրությունն արդեն իսկ հուշում է, որ Ժպտացող արքա (թագուհի) պայմանաձևի (որ հավասարարժեք է Փոքր Մհերին) իրական արտահայտություն է ամենքիցս մեկը՝ յուրաքանչյուրս: Մուշեղ Գալշոյանի «Տարեմուտին» անավարտ վեպում երևակվում է մի կերպար՝ Քարանձավ Խևոն. քարանձավի՝ Ագռավաքարի ծուռ՝ Փոքր Մհեր, կամ Իսահակյանի Օհան ամին, Խեչոյանի Արշակ արքան… Հայ գրականությունը Փոքր Մհերի արքետիպից ածանցված կերպարների բազմազանություն է ձևավորել, և այս վեպն էլ հուշում է, որ Մհերն ամենքիս մեջ է, ամենքս ենք Մհեր՝ չար ու բարու յուրահատուկ ներդաշնակմամբ: Եվ եթե ուզում ենք դուրս բերել մեր դրսի (Ագռավաքարի) Մհերին, պիտի նախ գործի դնենք մեր միջի Ագռավաքարի Մհերին:
Փաստորեն, մենք անընդհատ կրկնվում ենք՝ որպես պատմության և բարոյականության կրող, որովհետև բոլորիս հիմքում առասպելը կա՝ ամենահիմնավորը՝ ոգու գենը: (Միջանկյալ՝ իսկական պատմությունը առասպելի կահավորանքն է, կեղծ պատմությունը՝ տանտիրոջ կահավորածը):
«Մեղքի պարան»՝ մեր պատմության ու առասպելի և իրականության մեղքերի հերթագայությամբ ձևավորված շարան, որին իրատես լինելու խնդրառությամբ է գրվել այս վեպը՝ իր բացահայտ առավելություններով և ոչ բացահայտ թերացումներով, և որին վերադառնալու՝ նորելու գործառույթը թերևս ունենա հեղինակը: Վեպի ժամանակը քիչ է, վեպի կյանքի ժամանակը՝ երկար:
Սպասենք «Մահացու հյուրախաղ» վեպին:
———————-
1. Մ. Բուլգակով, Վարպետն ու Մարգարիտան: Թատերական վեպ, ռուս. թարգմ.՝ Ա. Հովհաննիսյան, Ե., «Սով. գրող» հրատ., 2005, էջ 481:
2. Հր. Մաթևոսյան, Ես ես եմ, Ե., «Ոսկան Երևանցի» հրատ., 2005, էջ 368:
3. Տե՛ս Վ. Փիլոյան, Ակնարկներ արդի հայ գրականության, Ե., «Լուսակն» հրատ., 2018, «Հովհ. Երանյանի պատերազմական երկերը»՝ էջ 139-149, և «Արտագաղթի մարդահամարը կամ ուրացումների և համառումների պատմություն. Հովհաննես Երանյանի «Մարդահամարը»»՝ էջ 286-297:
4. Հովհ. Երանյան, Մեղքի պարան, Ե., «Անտարես» հրատ., 2017: Գրքից մեջբերումների էջերը նշվում են շարադրանքի մեջ:
5. «Գրական թերթ», 29 դեկտեմբերի, թիվ 44 (3365):
6. Լ. Խեչոյան, Մհերի դռան գիրքը, Ե., «Անտարես» հրատ., 2014, էջ 385:
7. Ե. Չարենց, Գիրք մնացորդաց, Ե., «Նաիրի» հրատ., 2012, էջ 138:
8. Դանտե Ալիգիերի, Աստվածային կատակերգություն. Դժոխք, թարգ.՝ Ռ. Ղուլյան, Ե., ՀԳՄ հրատ., 2004, էջ 180:
9. Նույն տեղում:
10. Դանտե Ալիգիերի, Աստվածային կատակերգություն, թարգ.՝ Ա. Տայան, ԵՊՀ հրատ., 1983, էջ 166 -167:
11. Նույն տեղում, էջ 167:
12. Հովհ. Երանյան, Այլ ոտնահետքեր, Ե., «Անտարես» հրատ., 2013, էջ 112:
13. Շ. Շահնուր, Նահանջը առանց երգի, Ե., «Գրաբեր» ՍՊԸ, 2013, էջ 155:
14. Լ. Խեչոյան, Ձայներ և տեսիլքներ, Ե., «Նաիրի» հրատ., էջ 182: