Հասմիկ ԴԱԴԱՄՅԱՆ

***
Երկու մոմ ունեմ՝ մեկ սիրտ,
մեկ հոգի.
Ես էլ մի կանթեզ,
Աստված ինքը՝ լույս.
Աստծո լույսով բաշխվում եմ Ձեզ,
Լուռ հալվում եմ ես։

***
Քո անցյալը՝ երեկ,
Քո վաղը՝ այսօր։
Ասում են՝ սերը չունի ժամանակ,
Եվ չի մարում այն,
Թե պատահաբար
Ճակատագիրն է անգամ ջրբաժան։

***
Կարոտի թելերով հյուսեցի,
Կանթեղալույսի ճրագ վառեցի,
Հոգիս լույս տվեց,
Սակայն մարմինն իմ գունատ
Մոմի պես հալվեց,
Ուժասպառ կանթեղին փարվեց։

***
Երկրում տեսար, չհավատացիր,
Ասի՝ գա՞մ երկինք, թևերով չօգնեցիր,
Լուռ այրվեցի սիրուց,
Կրակն իմ մարեցիր
Եվ արցունքներով իմ
Մոխիր սարքեցիր։

***
Ո՞վ է ասում սիրո ճամփան երկար է.
Սիրելու համար այն մի ակնթարթ է։
Մարդու բախտն է երկար,
Մինչ կհասնի ակնթարթ։

***
Դու անհավատ, ես՝ հավատքին,
Դու անսեր ես, իսկ ես՝ սիրույթ,
Եկ այդպես էլ գրկախառնվենք.
Դու՝ դժոխք, ես՝ դրախտում…

***
Թակեցին հոգուս դռները մի օր,
Բացեցի՝ տեսնեմ, թե ով է եկել,
Երբ ընդունեցի չսպասված հյուրին,
Պարզ դարձավ հետո.
Տառապանքն ինքն էր
Ինձ այցի եկել։

***
Աստղերի փունջը դարձած
լուսեղ կույս,
Իր ձեռքը առած լուսինը՝ կանթեղ,
Երկնքից ահա նայում է հոգուս՝
Պահապան որպես։

***
Անպատրաստ ձմռան
սառնամանիքին՝
Մնացի հույսիս հագուստով բարակ,
Ես չէի կարող սիրել քո հոգին,
Մաշված հավատիս
շորն էր հասարակ։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։