ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ
Զանգերն են ղողանջում տիեզերքի տաճարում,
ու բառերն այստեղ
լեզուներով բոլոր
իբրև աղոթք են հնչում:
Հանգուցվել է
ժամանակը երկրային,
երկնային օրերն են
բացվում անդին.
սրբապատկերներն են
վկայում պատերին:
Հրեշտակների ուղեկցությամբ
սահուն են
անցումները բոլոր
երկրային-երկնային
երազների ճամփաներին:
Ժամանակի մեջ են քայլերը,
հավերժի մեջ՝ թռիչքները,
երկնքից են
ճառագում
դրախտային տարածքները:
ԿԱՊՈՒՅՏԸ
Եղիշե Չարենցին
Կապույտը հոգու աղոթանքն է մեր,
կապույտն անսահման.
Կապույտ ծովերի ու երկինքների
աղոթքի նման:
Կապույտում մաքուր
անուրջն է ապրում
լույս – արևավառ,
Կապույտում սրտի
փեղկերն են բացվում
անհունի դռան:
Կապույտի մեջ մեղմ
ղողանջն է հնչում
սուրբ Աստվածային,
Կապույտի միջից
աստղերն են ծագում
այն դրախտային:
Կապույտում հավերժ
խոսքն է ալիքվում
դարերից դարեր,
Կապույտում հոգու
տաճարն է հառնում՝
կապելով սրտեր:
ԵՐԿՆԱՅԻՆ
Պտտվում է Երկիրն իր ուղեծրում.
երկրային ամեն ինչ
հողին գամված է շնչում.
այս կապույտ աղոթքում
Երկրից համբարձված
երազներն են մարդկային
ամպերի մեջ ճերմակ ննջում.
տարածություն է
միայն անսահման,
ժամանակն այստեղ
հավերժին է պատկան,
ուղիներ էլ չկան հատվելու.
թռիչքները տանում են
թևերն ուր զորեն:
ԱՄՊԵՐԻՑ ՎԵՐ
Ճերմակ է երկնքում,
ուր աչքը նայի,
ու կապույտ.
գույները բոլոր
մաքրվել են ճամփին,
ու այստեղ ուղեծիրներն են
միայն աստղերի,
ամպերից վեր
ժամանակն է անհունի:
ՀՐԵ ԳՈՒՆԴ
Արևը երբեմն լուսին է դառնում,
լուսինը՝ արև երկնքում.
հազվադեպ էլ խավարում են՝
երկրագնդի աչքերում:
Կերպափոխվում են
իրերն աշխարհում,
տիեզերքի
անսահման ծալքերում.
ջրերի հավերժ ծփանքում
գույներն են մեկից
մյուսին սահում:
Արևի ու լուսնի հայացքներում
սերունդներ են երկրին հողանում,
մինչ աղավնիներն են հոգեթև
ամրոցի վրա պտտվում:
ԿԵՆԱՑ ԾԱՌ
Գույներ, պատկերներ
ու թթվածին,
որ շնչեն:
Տառեր, բառեր
ու գրիչ,
որ գրվեն:
Ծառեր, ծաղիկներ
ու արև,
որ աճեն:
Երկիր, երկինք
ու լույս,
որ ապրեն:
ՀՈՐԻԶՈՆ
Ահա այստեղ հեռվում,
այնտեղ ահա անդին,
հեռու հեռուներում
երկինքն է խոսում,
ու արձագանքներ արդեն
երկրին չեն հասնում.
գրքեր – կյանքեր,
հույսեր – լույսեր –
թավջութակն է բարձր
մեղեդուն ձուլվել,
ստեղների վրա
մատներն են ալիքվում,
ծփանքն է հնչյունների
դարպասները բախում.
այստեղ՝ երազելու լուսին,
այնտեղ՝ ծագող մի արեգակ.
կհանդիպե՞ն արդյոք
հորիզոնի լույսին:
ՈՒՂՂԱՀԱՅԱՑ
Անցյալ ու գալիք
լեգենդների միջև
պե՞տք է որ ներկա կետ լինի՝
կյանքն այս ապրելու համար,
ու երազները երկնային
պե՞տք է որ մի օր իջնեն հողին.
զուգահեռներ անվերջ,
անվերջ զուգահեռներ.
որտեղի՞ց են գալիս
և ո՞ւր են գնում.
դեպի երկիր
նետված ճառագայթներ՝
երկինք են տենչում զօր-գիշեր:
ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ
Փորձում եմ ուղիները բոլոր
հնարավոր – անհնարին,
հնարավորը անհնար է դառնում,
անհնարը՝ հանկարծ հնարավոր,
ու հետո ցնդում են ուղիները
տիեզերական անհուններում
հնարավոր ու անհնար
ձևերով բոլոր՝
թողնելով ինձ գնդի վրա
երկրամոլոր:
ԱՓԵԱՓ
Թո՛ղ ամենն այնպես,
ինչպես կար այնտեղ
ու դուռն հիշողության
ամուր փակի՛ր.
եղած-չեղածն անցի՛ր, մոռացի՛ր,
թո՛ղ մեռնեն հույսերն
այնտեղ սին:
Կրակն է բորբոքվում,
սառույցը՝ սառչում.
շնչահեղձման ժամանակ է հիմա՝
դուռ ու պատուհան
ամուր գոցելու.
զուր է ջանքը մութը մաքրելու:
Դու ճամփան քո հեռվի քայլի՛ր,
թոթափի՛ր ամենն,
ինչ մնաց ետևում.
քարերն ու խութերն անցի՛ր,
խաղաղվիր՝
նոր օրվա ձայներին ունկնդիր:
ԱՆՑՈՒՄ
Այնքան թեթև եմ անցնում այլևս
մարդկային – անմարդկային
աշխարհի միջով այս:
Դիմակավոր – անդեմ
թափորների մեջ՝
մաքուրն ավելի է մաքրված,
անիրավն՝ ավելի անիրավված:
ԽՑԱՆՈՒՄ
Հոգին երկնքում է լցվում,
սիրտը՝ երկրում դատարկվում:
Հիմա ճամփաները բոլոր
խցանված են պատերազմներով:
Աղմուկ է համակ ամենուր,
հողեղեն հույսերը – թափուր:
Ո՞ՒՐ ԵՍ, ՏԵ՛Ր
Երկիրդ ավետյաց
մնացել է անտեր:
Հյուսիսից, հարավից,
արևելքից, արևմուտքից
հորդաներ են գալիս,
ավերում երկիրդ
ներսից ու դրսից:
Բազում ասպետներ լույսի
զոհվեցին կռվում բարու ու չարի,
արյունից նրանց սրբազան
օրերը՝ լերկ, ցավագար:
Երկինքը, նույնիսկ երկինքը՝
երազի, հույսի, հավատի,
դարձել է թիրախը չարի,
հուր ու կրակ է թափվում
այնտեղից ամեհի:
Ախտից այս դավադիր
երկիրդ արարած մաքրի՛ր:
ՇՈՒՇԻԻ ՀՐԵՇՏԱԿԸ
Երկնային հրեշտակներ են միայն
այս քաղաքում ապրում…
Քարը քարին այս վայրերում
երկար չի մնում.
կառուցում են հայերը դարեդար,
հարևանները բարբարոս
ասպատակում,
ավերում են անդադար:
Մեկը ճերմակ հրեշտակներից
իջել իր երկինքներից,
Ամենափրկիչ եկեղեցու
դարպասին՝
մարդկանց էր դիմավորում:
Մարդ չդարձած ազերիները
դեմքը նրա հրեշտակային
աղճատեցին,
ու պահապան չկա
սուրբ տաճարին:
Բայց հոգիները
քաղաքի մատույցներում
ահեղ կռվի ժամին
զոհված քաջերի
քաղաքն այս չեն լքի,
նրանք դեռ ետ կգան:
Երկնային զորքը նրանց
դեռ պիտի իջնի
հաղթական կռվի,
հրեշտակը պահապան
դեռ հարություն կառնի: