Համլետ ԿԱՐՃԻԿՅԱՆ

Սերը՝ ընդհատակ

Ինչպես հողմերից բռնակալության
Ճշմարտությունն է
անցնում ընդհատակ,
Արդարությունն է դառնում աքսորյալ,
Ազատությունը լինում ոտնատակ,
Այդպես էլ սերս, միա՜կը գուցե,
Որով ապրել եմ ու կապրեմ նաև,-
Քո հոխորտանքի խոսքերից թեթև,
Անմիտ մերժումիդ մրրիկներից մութ,
Թևերը ծալեց, (թռիչքի՜ց առաջ),
Հալածվեց իմ մեջ, անցավ ընդհատակ՝
Դառնալով արյան ընդվզում ու կանչ…

(Եվ դադարեցինք հանդիպել իրար:
Եվ դադարեցինք ժպտալ մեկմեկու:
Ձմեռը անցավ գարնան պես խելառ,
Գարունը հագավ ծանր վերարկու)…
Նոր տարին անցավ-չհանդիպեցինք,
Ծննդյանդ օրն անցավ առանց ինձ,
Եվ մարտի ութին ծաղիկներ չեղան,
Որ քեզ պատմեին սիրո կարոտից:
Ամեն ինչ խաղաղ ու միապաղաղ,
Անցավ անվթար, առանց տագնապի,-
Դու շրջապատին ժպտացիր
միշտ պաղ,
Ես… չերգեցի երգն իմ կարապի…
Միայն թե սերս անցավ ընդհատակ,
Եվ հարցնող չկա՝ սիրտդ չի՞ ցավում,
Եվ ասող չկա՝ հիմա՜ր նահատակ,
Ինչո՞ւ ես ջահել քո կյանքին դավում…

Ինչո՞ւ չես ապրում և՛ հեշտ, և՛ թեթև,
Ձյան պես չես նստում ամեն տանիքի,-
Իսկ եթե ասում, հարցնում են եթե,
Սերս ծառս լինում իր ընդհատակից,
Սիրտս հրդեհում հեթանոսի պես
Ու ծուխը ոչ թե քամուն է տալիս,
Որ դու քո հեռվից սառնասիրտ դիտես,
Այլ ներսս է ներկում
դեմքի պես դարիս…

Հոգիս է պատում շմոլի նման,
Ծվատում, ինչպես պարտված դրոշի,
Եվ ծիծաղում է խենթ ու հուրհրան՝
Վստահ սանձահար իր
արդար ուժին…

Սե՜րս, և կյանքում միակը գուցե,
Որով ապրել եմ ու կապրեմ նաև…
Բայց դու ինչո՞ւ ես քո սիրտը գոցել
Գարուն է ախր, ու շա՜տ ենք ջահել…

Ամեն ինչ խաղաղ ու միապաղաղ
Անցնում անվթար, առանց տագնապի,
Բերում է միայն հաշտություն մի պաղ,
Դաշնություն երկու լռած քարափի…
Չեմ ուզում լինի ո՛չ քարափ, ո՛չ քար,
Դու էլ մի՛ եղիր ո՛չ քարափ, ո՛չ քար,
Ու եկ փշրվենք մեր կեղծ բարձունքից:
Ազատվենք այս սուտ,
էժան արցունքից,
Փլվենք ու դառնանք
կյանքին հավասար,
Սիրո մեջ, ասա, ի՞նչ անդունդ,
ի՞նչ սար…
Կյանքին՝ հավասար,
Մահին՝ հավասար…
Ձմռանն՝ հավասար,
Գարնանն՝ հավասար…

Իսկ եթե ինչ-որ բան անհավասար,
Թող դա էլ լինի սիրո նոր ամառ,
Թեկուզ և համառ,
Թեկուզ և շոգից
Սրտներս ճաք տա, դառնա երկու կես,
Միայն թե սերը,
Երկու կեսում էլ բույն դնի սերը,
Երկու կեսում էլ գտնի հայրենիք՝
Ոչ թե արդեն կես,
Լրի՜վ հայրենիք ու ամբողջական
Իր որդիներով, իր թոռով, ծոռով,
Եվ ոչ թե այսպես անցած ընդհատակ,
Գլուխը պահի երեսի զոռով:

Գուցե դու էլ ես զղջացել արդեն,
Եվ սպասում ես իմ վերադարձին…
Բայց ես ծննդյան օրս կնստեմ
Եվ չեմ խոնարհի գլուխս բարձին…
Եվ կզգամ ինչքան տխուր ես ապրել,-
Նոր տարին անցավ չհանդիպեցինք,
Ծննդյան օրդ անցավ առանց ինձ,
Եվ մարտի ութին ծաղիկներ չեղան
Որ քեզ հետ
խոսեն սիրո հրճվանքից…

Բայց ես ի՞նչ անեմ օրս ծննդյան,
Տխրե՞մ քեզ նման
խաղաղ ու հանգիստ,
Չէ՞ որ, սիրելիս,
Ինչպես հողմերից բռնակալության
Ճշմարտությունն է
անցնում ընդհատակ,
Արդարությունն է դառնում աքսորյալ,
Ազատությունը` լինում ոտնատակ,
Այդպես էլ սե՜րս, միա՛կը գուցե,
Որով ապրել եմ ու կապրեմ նաև,-
Քո հոխորտանքի խոսքերից թեթև,
Անմիտ մերժումիդ մրրիկներից մութ…
Չէ՞ որ, սիրելիս,
Նա չմահացա՜վ:
Չեղա՛վ թևաթափ,
Այլ միայն դժգոհ թևերը ծալեց
Ու սրտիս խորքում անցավ
ընդհատակ,-
Իր հրդեհները քեզ համար պահեց,
Քեզ համար ժպտաց
օրերին հստա՜կ…
Ու թե փլվել ենք մեր բարձունքներից,
Դարձել հողին ու մանրին հավասար,
Եկ ժպտա՛նք իրար մեր հեռուներից,
Եվ ընդհատակից սերը դուրս հանենք,
Որ հպարտ շողա՜, ինչպես
Մասիս սար,
Եվ ո՜վ էլ նայի,
Ի՜նչ հեռվից նայի՜,
Միշտ էլ երևա վեհ ու հավասար,
Կյանքին` հավասար,
Մահին` հավասար…
Ձմռանն` հավասար,
Գարնանն` հավասար: –

Իսկ եթե ինչ-որ բան՜ անհավասա՞ր,
Դա էլ թող լինի անտեսանելի`
Թող լինի ի՛մը, թող լինի քո՛նը`
Միմիայն մե՛րը,
Ամա՜ռը մեր շոգ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։