ՄԱՆՐԱՔԱՆԴԱԿՆԵՐ / Լևոն ԱԴՅԱՆ

ՊԱՏՎԻՐԱՆ
Ես մեռել էի: Ինձ թաղել էին, կամ այրել էին. դա չէ կարևոր- ես հառնել էի: Ես հառնել էի ուրիշ աշխարհում. ընկերները իմ չկային արդեն, ովքեր էլ կային` ծերացել էին. ինձ մտաբերել չկարողացան:
Մայրս… մայրս անպայման ինձ կճանաչեր, արցունքն աչքերին կրծքին կսեղմեր, բայց… մայրս չկար: Նա հող էր դարձել, և որպես ծաղիկ, որպես մի կակաչ` ինքը ալ կարմիր, սակայն, սիրտը սև, լուռ օրորվում էր մեղմիվ հովի հետ. նա լաց էր լինում իր որդու համար:
Ես հառնել էի, բայց մեկը չկար ինձ դիմավորեր… Ու նորից մեռա, որ դառնամ կակաչ, կամ մի այլ ծաղիկ` ամեն լուսայգի ողջունեմ մարդոց յուրաքանչյուրին, ասեմ, որ ես էլ այնպիսին էի, ինչպես դու հիմա, դու էլ կդառնաս ճիշտը այնպիսին, ինչպես ես հիմա. սերն է ի սկզբանե, սերն` հարափոփոխ, սերն` հրաթրթիռ ու լուսափթիթ, դրանից վսեմ լուսեղեն հեքիաթ աշխարհում չկա, սիրիր, քանի կաս, սիրիր մշտատև, քանի ապրում ես այս արևի տակ, կյանք չկա առանց ըղձալի սիրո հրավառության. սա է պատգամը ունա՜յն, ախ, ունայն, այս ունա՜ յն կյանքի…

ԱՅՍ ԳԻՇԵՐ
Սիրո խոսքեր մի՛ ասա այս գիշեր:
Եկ այս գիշեր չխոսենք, սիրո մասին չխոսենք: Չխնկարկենք խոսքեր սին, ես կլռեմ, չեմ խոսի, ու դու ևս մի խոսիր` սիրո մասին այս գիշեր:
Աստվածային դու պարգև, վսեմաշուք ինձ շնորհ` թավշե ձայնով հոգեթով, ժպիտն ալվան շուրթերիդ, քո նայվածքով շեղակի, քո քայլվածքով հմայուն, քո պահվածքով եզակի, քո կազմվածքով նրբագեղ, պարանոցով մարմարյա` նեֆերտիտյան համարյա – խելքահան ես արել ինձ:
Ասա, ինչպես, ախ, ինչպես ես խենթորեն չսիրեմ աչքերը քո սևորակ, շուրթերը քո մեղրահյուս, մատները քո նրբատաշ, հասակը քո նրբատեսք` բարակիրան, սլացիկ` ինչպես բարդի մի մատղաշ: Ախր, ինչպես, ախ, ինչպես չկորցնեմ ինքս ինձ` տարված քեզնով, քո սիրով…
Սիրո խոսքեր մի՛ ասա, խոսքերը կայրվեն կրակում, մի ասա ոչինչ այս գիշեր… Այս գիշեր խճողիր մազերս, թող մատներդ սահեն իմ դեմքով, ձեռքերդ թող գրկեն ինձ ողջ գիշեր: Այս գիշեր համբուրիր ինձ սիրաբաղձ, գուրգուրիր դու ինձ այս գիշեր քո կրքով: Այս գիշեր մինչև լույս ինձ պահիր գրկիդ մեջ, գրկիդ մեջ` այդքան ջե՛րմ, քաղցրանուշ:

ԷԼԵԳԻԱ
Ես ապրում եմ անցյալի մեջ… Ներկա կյանքում ես տե՜ղ չունեմ, ոչինչ չունեմ` ո՛չ ներկայում, ո՛չ գալիքում. լոկ վաղեմի հուշն է պահում ինձ այս կյանքում:
Ամեն ինչի հուշը անցած` լուսափթիթ վառ մանկության, պատանության արևը ջինջ ու հրավառ, հուշն իմ սիրո` հին օրերի շղարշի մեջ` անմեկնելի, անմատչելի, ձգում է ինձ, կանչում է ինձ հեռուներից անարձագանք:
Նա վերստին հառնում է իմ հուշերի մեջ, սերն իմ անմար, լույսի նման փայլ է տալիս տարիների հեռու հեռվում` հրացայտ սև ու ծիծաղկուն իր աչքերով ու իր տեսքով լուսաժպիտ` կախարդելով հոգեհմա: Այդ հուշերում երկուսով ենք, դրախտի պես մի տնակում` այգու ծայրին, ուր զրնգուն գալարվում է գետը ձորում, շուրջը` անտառ հնամենի, առվի խոխոջ, վարդի բուրմունք, արտույտի երգ` այգուց անդին, ձույլ հասկերով մեղմ ալիքվող արտերի մեջ, կարկաչ ծիծաղ, գիրգ շուրթերի կրքոտ հպում…Ո՜վ, իմ Աստված, եղե՞ լ է դա, թե երա՞ զ է, մտապատրա՞ նք` ծնված այրող իմ կարոտից:
Ես ապրում եմ անցյալի մեջ… Ներկա կյանքում ես տեղ չունեմ. լոկ վաղեմի հուշն է պահում ինձ այս կյանքում:

ԱՆՐՋԱՆՔ
Լիալուսնի կաթնալույսում սարից իջնող մտամոլոր ու քարքարոտ մի նեղ ճամփա, մի սայլ` բեռնված զմրուխտ խոտով` երնջակի, յուղածաղկի, ուրցի հոտով, ծաղկաբուրմունք խոտին պառկած փոքրիկ տղա, որի հոգին պարուրվել է երազական քաղցր թմրով:
Ոլոր-մոլոր մի նեղ ճամփա, հոր ոտնաձայն` քիչ առջևում, շուրջը անդորր ու մարմանդ հով, այս ու այնտեղ ցրքուն հանդեր ու անտառներ` հնադարյան, լիալուսին` սարի ուսին, չարագուշակ բվի կռինչ, առվի շշունջ, անծայրածիր, լուսաշողշող երկինքն ի վար կաթող աստղեր, ծղրիդի երգ` աստղահնչուն գիշերվա մեջ, ու երազներ, նիրվանային երանելի ջինջ երազներ` իր ջինջ հոգում:
Ոլոր – մոլոր, մտամոլոր ու քարքարոտ ճամփի վրա ծույլ նազանքով օրորում է սայլը նրան… Անրջային թմբիրը հին պարուրել է, ախ, իմ հոգին ու չգիտեմ, ախ, չգիտեմ, մեռնո՞ւմ եմ ես, թե՞ երազում…

ՉԳԻՏԵՄ, ՉԳԻՏԵՄ…
Կռիվ ու վեճ է իմ մեջ. շարունակ, անդադար, անընդմեջ, իսկ ես` արարած մի խեղճ, չգիտեմ ում լսեմ և ում հավատամ- չգիտեմ, չգիտեմ, չգիտեմ` որին կանգնեմ պաշտպան, որին գնամ ընդդեմ…
Բանականությունն իմ հանդիմանում է. մոռացիր դու նրան, որ ամեն ինչ անցած է արդեն, որ էլ վերադարձ չկա, ուրիշի կին է նա, քեզ համար` չկա, հասկացիր, չկա ու չի լինելու, իսկ սիրտն իմ` նա կա, քո մեջ է նա միշտ, անցյալն է քո նա, անցյալը` նրա սիրով անշեջ, ապրում է քո մեջ ու կապրի ընդմիշտ, քանի դու կաս, շնչում, ապրում ես այս բորբ արևի տակ…
Մոռացիր, մոռացիր, մոռացիր դու նրան: Ի՜նչ հեշտ է ասել` մոռացիր, մոռացիր ամեն ինչ. աչքերի փայլը, հայացքը նրա, ձայնն ու ժպիտը, շունչը նրա ջերմ, հառաչանքը թույլ, քնքշանքը նրա, գիրգ շրթունքների հպումը այրող, մատների դողը իմ մերակներին, նրա մոլուցքը` քնքուշ, անհագուրդ ու սիրահարույց…
Ի՞նչ ասեմ, բանականությանը ես իմ անզիջում և իմ հեգ սրտին, ի՞նչ ասեմ ես, ի՞նչ, ես` խեղճ արարած, անպաշտպան գերի` գիշեր ու զօր նրանց վեճին ունկնդիր…

ԿԱՐՈՏ
Հանդիպումը նախանշան երևի` սահմանված էր ի վերուստ, որ ես քեզ հետ, ու դու ինձ հետ` պիտի անցներ դրախտային մեր ուղին:
Որ կյանքը իմ ես քեզ տայի անմնացորդ, որ ապրեիր միայն ինձնով, որ շնչեի միայն քեզնով, որ նայեի աչքերիդ մեջ ծիծաղավառ, որ հալվեի քո հայացքից հոգեհմա, ձայնդ անուշ միշտ լսեի հանց մեղեդի, քո շուրթերի բույրն ըմպելով` խենթանայի, քեզ նայելով` նախանձեի… նախանձեի ես իմ բախտին:
Սակայն չեղավ, ավաղ, չեղավ, այդպես չեղավ, անեղծ սիրով մենք անբաժան` մենք միասին երբեք չեղանք, կյանքը` դաժան, մեզ իրարից արեց բաժան ու մեզ նետեց տարբեր ափեր, տարբեր ափեր մենք նույն գետի` անցանք ճամփան մեր անխոտոր` երազելով մեկս- մեկին, հեռվից-հեռու լուռ տենչալով մենք իրարու:
Ինչ է մնում ինձ անելու` ոչինչ – ոչինչ: Կորցնելով, ախ, ես նրան, էլ կորցնելու ոչինչ չունեմ: Մի հույս է լոկ ինձ փայփայում, որ երբևէ կհանդիպենք… եթե ոչ այս, այլ` մեկ ուրիշ, մեկ այլ կյանքում` ոսկեշղարշ արևից վեր, լույս երկնքում…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։