ՖԵԼԻՔՍ ՄԵԼՈՅԱՆ

«ԱՉՔԸ ՓԱԿԵՑ, ԳՆԱՑ ԱՊՐԵԼՈՒ ՄԱՐԴՈՒ
ԺԱՄԱՆԱԿԻՑ ԴՈՒՐՍ…»

Ֆելիքս Մելոյանն այս տողը Համո Սահյանի մահվան առիթով է գրել` «Հիմա ինքը չկա, 1993-ին աչքը փակեց, գնաց ապրելու մարդու ժամանակից դուրս»: Բայց տողը դրանով չի ավարտվում, շարունակություն ունի` կա մի Մեծ Ժամանակ, որը «տրոհվում է ժամանակների, երբ հավերժի մեջ կողք-կողքի ապրում են ողջերն ու մեռյալները և երբեմն էլ նրանց հոգիները մեռելահարցուկ ձայնակցում են»: Այսինքն թե` իր ներսի ու դրսի բնության ձայնին ունկնդիր, ճշմարիտ արարող մարդու համար, ըստ էության, մահ չկա:
Մի քանի տասնամյակ համատեղ աշխատանքի բերումով, մոտիկից ճանաչած լինելով Ֆելիքս քննադատին, գրականագետին, մարդուն, կարող եմ վկայել, որ Մեծ Ժամանակի մեջ գոյատևելու այս զգացողությունը նրա համար ամենևին էլ ինքնատիպության ցույց կամ կեցվածք չէր, այլ` բնական ապրում ու էություն, որ դրսևորվում էր ամեն ինչում` թե՛ գրվածքների մեջ և թե՛ առօրյա կյանքում: Իրողություն, որը դուռ է բացում դասական և ժամանակակից գրականության բավիղներում նրա հստակ կողմնորոշումների, մասնավորապես, Տերյան-Չարենց-Բակունցից սկսած մինչև Սահյան-Հովսեփյան- Մաթևոսյան գրական նախասիրությունների արմատներն ըմբռնելու համար:
Ահա թե ինչու, ուրույն էր քննադատ-գրականագետի նրա ձեռագիրը, որ հաստատվելու կամ ճանաչվելու համար կոչումների ու գիտական աստիճանների կարիք չուներ: Ինքն էր ու իր գիրը` անկախ, համարձակ, երբեմն ցավեցնող, ավելի հաճախ գնահատող ու խրախուսող (մանավանդ երբ խոսքը նորերին էր վերաբերում), բայց միշտ բաց, շիտակ ու անկեղծ, ինչպես թելադրում էր իր սիրտն ու միտքը: Թերևս, ավելի շատ սիրտը, քանզի սիրում էր կրկնել Համո Սահյանի «դասը», թե «աշխարհ չես եկել թամաշայի` կյանք է` պիտի ապրվի, և որ խելքիդ շատ չպիտի վստահես` մի օր կխաբի, բնազդն է ճիշտ` բնազդի խելքն է անսխալական»:
Եվ նույն այդ բնազդն էր նրան մղում, թվում է, տեսական-գիտական մտքին ոչ այնքան բնորոշ, պատկերավոր ու աֆորիստիկ մտածողության: Այդպես, Համո Սահյանը նրա ընկալման մեջ չէր գալիս, չէր մոտենում, այլ «ինքն իրեն բերում էր», իսկ եթե գնում-հեռանում էր, ապա «միայնակ, կախգլուխ իր ետևից ընկած…»: Բակունցը ներկայանում էր իբրև «նուրբ, խոհական, թռիչքը կասեցրած նահատակ»: Ահա նաև Մաթևոսյանը` հարազատ ժողովրդի նորագույն պատմության երթի մեջ առավել լայնահայաց ու համընդգրկուն, «ինքը կուսակցություն չէր ներկայացնում, իր խմորից ոչ մի կուսակցություն թոնիր հաց չէր թխի…»: Վերջապես, ճշմարիտ գրականության չափանիշի որոնումները նրա գրչի տակ գրեթե բանաձևային դրսևորում էին ստանում` «Ով գրող է` ազգային է, ով ազգային գրող է` համամարդկային է, ով համամարդկային գրող է…»: Իսկ կախման կետերի վերծանումն արդեն` ըստ ընթերցողի ընկալման աստիճանի ու մակարդակի:
Այս ամենը վկայում է, որ դեռ շատ բան ուներ տալու Ֆելիքս Մելոյանը, բայց… 2017-ին «աչքը փակեց, գնաց ապրելու մարդու ժամանակից դուրս»: Ապրելո՜ւ, որովհետև, արդեն գիտենք, ճշմարիտ արարող մարդու համար, ըստ էության, մահ չկա, կա միայն Մեծ Ժամանակը, որը, սակայն, «տրոհվում է ժամանակների, երբ հավերժի մեջ կողք-կողքի ապրում են ողջերն ու մեռյալները, և երբեմն էլ նրանց հոգիները մեռելահարցուկ ձայնակցում են»…

Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ
ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԱՌԱՔՅԱԼԸ

Մարդկային ամեն կորուստ խորապես ցավալի է, միաժամանակ կան կորուստներ, որոնք այնքան խորը վերք են բացում, որ ապաքինում կամ սպիացում չունեն: Այդ կորուստները մարդկությունը բնորոշել է որպես «անդառնալի կորուստներ», և ես կարծում եմ, որ խոսքը չի վերաբերում հատկապես մասնագիտական հմտություններին, թեև դա էլ իր հերթին կարևորագույն արժեք է, այլ առաջին հերթին վերաբերում է մարդկային տեսակի կորստին, որն իր մեջ մարմնավորում է այն բոլոր բարձրագույն արժեքները, որոնցով Արարիչն օժտել է մարդուն՝ պատգամելով, որ նա դրանք անաղարտ պահի, բայց դժբախտաբար այդ մաքրության, ազնվության, խղճի, արդարության կրողը հարաճուն պակասում է մեր իրականության մեջ: Ֆելիքս Մելոյանի կյանքից հեռանալը հենց էդպիսի տեսակի կորուստ է մեզ համար:
1959 թվականին երջանիկ պատահականությամբ ես հայտնվեցի այնտեղ, ուր ուսանողական տարիների ընկերություն էին անում Հրանտ Մաթևոսյանն ու Ֆելիքս Մելոյանը: Նրանք ինձ առան իրենց ընկերության մեջ, և Հրանտը, որպես ավագ եղբայր (նա հինգ տարով մեծ էր մեզանից), պատգամեց, որ դա հարատև լինի: Այդպես էլ եղավ մինչև, ահա, այս վերջին օրը, որ պայմանականորեն է «վերջինը» Մեր ընկերությունը վերջ չունի: Ֆելիքսը մեր անզիջում գրաքննադատն էր, մենք՝ նրա գրողները: Գրականության բարձրագույն արժեքներին ու արժանիքներին իրենց բնատուր տաղանդով խորապես հաղորդակից իմ ընկերները չափանիշների նշաձող էին դրել այդ անվերապահ արժեքները, և նշանակություն չուներ՝ դու գրո՞ղ ես, թե՞ գրականագետ, փոխադարձ պահանջները մնում էին նույն բարձրության վրա: Այս իմաստով ևս խորապես ցավալի կորուստ է Ֆելիքս Մելոյանի կյանքից հեռանալը:
Ամեն գրող ու գրադատ էլ ունի սեփական ճաշակին նախապատվություն տալու հակում, սակայն բախտավոր զուգադիպություն է, երբ այդ հակումը համընկնում է բարձրագույն գրականության պահանջներին: Ֆելիքս Մելոյանն ու Հրանտ Մաթևոսյանը անվերապահ առաքելություն ունեին՝ ընթացիկ գրականությունն ուղղորդելու դեպի այդ բարձրագույն չափանիշները, Ֆելիքս Մելոյանը նաև անզիջում խարազան էր նրանց նկատմամբ, ովքեր փորձում էին օժտվածների ճանապարհը փակելով, իրենց խոտանը առաջ մղել՝ մատուցելով որպես օրվա պահանջներին համապատասխան արտադրանք: Մեր ունեցածն այնքան էլ շատ չէր, այսօր՝ նույնպես, և առատաբուխ որոմն իսկապես կարող էր խեղդել, եթե պարբերաբար չհայտնվեր նաև Ֆելիքսի խարազանը՝ որպես ինչ-որ չափով այդ ախորժակը զսպող միջոց: Որպես գրական մամուլի տասնամյակներով ղեկավար-հրատարակիչ, նրա ձեռքի տակով սերունդներ անցան, և նա խնամքով ընտրեց առողջ հատիկները որոմի միջից: Թերթեք նրա «Ընթացք» վերնագրված երկու հատորանոց հոդվածների ժողովածուները և հստակ կարող եք տեսնել իր ժամանակի գրական ընթացքի ստույգ պատկերը: Դրանք ուղենիշ են նաև այսօրվա երիտասարդների համար, և այդպիսին կմնան նաև վաղը:

Ռազմիկ ԴԱՎՈՅԱՆ

ԱՓՍՈՍԱՆՔԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ԽՈՍՔ

Ֆելիքս Մելոյանն էլ գնաց` վերջին տասնամյակների ամենատաղանդավոր քննադատներից մեկը, եթե ոչ ամենատաղանդավորը, անսխալ ճաշակի, գեղարվեստական խոսքի հրաշալի զգացողության տեր, գորշության ու միջակության հանդեպ հեգնանքի անվերջ պաշար ունեցող, ընթացիկ գրականության հանդեպ այնքան ուշադիր: Ժամանակին ինձ վրա ուժեղ տպավորություն թողեց «Բեռնաձիերը» հոդվածը` Հրանտ Մաթևոսյանի պատմվածքների խոր վերլուծությամբ: Ինձ հիմա թվում է, որ քիչ գրեց: Բայց գրեց միայն այն, ինչ ուզում էր, ինչ անկեղծ էր:
Գնաց Ֆելիքս Մելոյանը, մնացին իր հոդվածները, իր վերաբերմունքը և սպասումը նոր Ֆելիքսի:

Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ՏԱԼԻՍ ԷՐ` ՈՉԻՆՉ ՉՊԱՀԱՆՋԵԼՈՎ

Բախտ եմ ունեցել աշխատելու Ֆելիքս Մելոյանի հետ, երբ նա «Գրական թերթի» գլխավոր խմբագիրն էր: Երկրի և թերթի համար ծանր տարիներ էին, սակայն Մելոյանի լավատեսությունը օգնում էր հեշտությամբ հաղթահարելու դժվարությունները: Մեր հարաբերությունները, և ոչ միայն մեր, նման չէին ղեկավար-աշխատակից հարաբերություններին, խմբագրությունում իշխողը ընկերությունն էր, որը շարունակվեց նաև հետագա տարիներին: Մտավորականի զարմանալի տեսակ էր, ով տալիս էր ոչինչ չպահանջելով, իսկ նրանից վերցնելու շատ բան կար: Հարստություն էր նրա ընկերությունը: Սակայն որքան զիջող, բարեհամբույր, մարդասեր էր, նույնքան պահանջկոտ, սկզբունքային էր ինքնագործունեության, գրամոլության և միջակության դեմ իր գնահատականներում: Հետագայում էլ, «Նորք» հանդեսը խմբագրելիս, հավատարիմ էր իր աշխատաոճին: Նույնքան խստապահանջ էր նաև իր ձեռագրի նկատմամբ: Քիչ էր գրում, որովհետև նրա գիրը խորքից էր, խուսափում էր մակերեսից, ինչով էլ պայմանավորված է նրա ձեռագրի առանձնահատկությունը, ձեռագիր, որը նույնքան խոհափիլիսոփայական և գեղարվեստական էր, որքան այն ստեղծագործությունները, որոնց մասին գրում էր: Նրա վերջին երկու գրքերի «Ընթացք» խորագիրը թերևս նրա գրականագիտական հավատամքի ամենաճշգրիտ բնորոշումն է` ամեն ինչ դիտարկել դեպի առաջ շարժման մեջ: Եվ հազիվ թե նրա մահն ի զորու է ընդհատելու այդ ընթացքը:

Սամվել ԿՈՍՅԱՆ

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԸՆԹԱՑՔ

Լինում է` ասուպի պես մի պահ փայլփլում, անց են կենում, ու չգիտես` բախտավորությո՞ւն համարես, որ աստվածային այս արարմունքից այլևս դուրս մնացին, թե՞, այնուամենայնիվ, չընդմիջվող շարունակականության մեջ է մարդկային ոգին փառավորող խորհուրդը:
Մեր իմացած աստվածներն ու տիեզերակալ անուններն իր սրտով չէին. ես բնապաշտ եմ` ասաց, ու, որ ձեռքերի հետ վեր պարզած հայացքներ էր տեսնում` չէր հեգնում, մարդ են` ամենքն իրենց բանին:
Աչքը` կուշտ, հայացքը` վերից, արքայավայել ու տիրական, ու սերն` ամեն ինչից վեր:
Երկար ճանապարհի էինք, արանք-արանք դաշտերում բանող հողի մշակներ էին, և նրանց գուրգուրանքը վայելող բույսերը չէին շտապում ծլարձակել: Նայեց շրջակա մոլախոտին, ասաց` բնության հարազատ զավակներն են, ո՛չ խնամող ունեն, ո՛չ տիրություն անող, բայց տես` ի՜նչ փարթամորեն են աճում… Գրականագիտությանը նոր որակ և հմայք հաղորդեց. նրա վերլուծական կամ քննադատական խոսքն էլ թվում է գեղարվեստական ստեղծագործություն` ստեղծագործության շուրջ: Կարծես մարդկային կյանքի բոլոր երևույթներին հաղորդված լիներ, հեղինակն իրեն խաբել չէր կարող` կեղծ ապրումներով շպարված, ոչինչ չասող գրական պատումները փշրվում էին հայացքի տակ, և խաբելու եկած ճարպիկների նյութերը վերադարձնելով, հորդորում էր` իմացածդ բաների մասին գրիր:
Համո Սահյան, Հրանտ Մաթևոսյան, Ռուբեն Հովսեփյան` իր ոգեղեն եղբայրների պես ինքն էլ չհասցրեց մահանալ` արարումների կշիռն ու ապրած կյանքի չխամրող հմայքն` իրեն էլ անմահականների մեջ ներառեցին: Եվ հիմա այնտեղ` այն հեռուներում է Ֆելիքս Մելոյան ազնվացեղ հայը: Բայց մեկ է, դժվար ես անցնելու Գրողների տան երրորդ հարկի իր սենյակի դռան մոտով, հայացքդ փախցնելու ես մետաղե սև ճաղերի սառնությունից, և ականջիդ հասնելու է շրխկացող բաժակներից ավելի բարձր հնչող նրա կենաց-պատգամը.
– Ով վախենում է սիրելուց` փողոցում է ծնվել:

Խաչիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։