Պահել երկիրը. շարքային մարդու թե պաշտոնատար անձի համար սա անհրաժեշտաբար նշանակում է իմանալ նրա (երկրի) ոչ միայն բնակչության, այլև զբաղեցրած տարածքի առանձնահատկությունները, մարդկանց բնավորությունը, հարատևելու անհրաժեշտ պայմանները։ Մեզնից յուրաքանչյուրը գիտակցաբար թե բնազդորեն, ողջ կյանքի ընթացքում դրսևորում է երկիրը պահելու իր վերաբերմունքը իրեն, ընտանիքին, շրջապատին, սերնդին առնչվող խնդիրներից մինչև համապետական անցուդարձ։ Արդ, ի՞նչ անեն, ինչպե՞ս ապրեն, ինչի՞ վրա հույս դնեն տունուտեղ, հայրենիք, հույս ու հավատ կորցրած արցախցիները, ինչպե՞ս պահեն գերեվարված երկիրը։
Անուրանալի է հազարավոր հայաստանցիների կարեկցանքը գաղթական դարձած արցախցիների նկատմամբ. օգնել և օգնում են ինչպես և ինչով կարող են, շնորհակալություն բոլորին։
Պահել երկիրը. սա գերխնդիր է գիտակից և հայրենասեր մարդկանց համար։ Ինչպե՞ս։ Ոմանք արդեն գտել են պատասխանը։ Ամենօրյա լուրերից հայտնի է, որ թշնամին բուռն եռանդով և անարգել ոչնչացնում է Արցախի հնագույն և նորօրյա մշակութային թանկագին կոթողները, տներն ու այլ շինություններ։ «Բա որ վաղը, մյուս օրը տարեցներս այլևս չլինենք, և հուսո դռները բացվեն, մեր զավակները վերադառնան, ինչպե՞ս են ավերակների մեջ գտնելու իրենց հայրական տան գոնե տեղը, որ վերակառուցեն››,- մտահոգ ասում են տարեցները։
Ես էլ ասում եմ ձեզ. մի մտահոգվեք, մարդիկ կան, որոնք ձեռնամուխ են եղել գրավոր նկարագրությամբ մոռացությունից փրկել կորուստների տեղն ու անունները։ Նրանցից մեկը Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի բնակչուհի Նաիրե Ոսկանյան-Աբրահամյանն է (մյուսը ես եմ)։ Նրա հայրը՝ ուսուցիչ Երվանդ Աբրահամյանը, ասես բնազդով զգալով Արցախի գլխին գալիք արհավիրքը, գրել ու հրատարակել է հինգ՝ «Մեծ Թաղեր», «Արցախյան դեղաբույսեր», «Մենք և մեր սարերը», «Հողի մշակին» և «Հուշեր» գրքերը, ասել է թե՝ մոռացությունից փրկել, պատմությանն է հանձնել գյուղի կենսագրությունը։
Ի՞նչ պիտի սովորեր դուստրը հորից. ընդօրինակելով նրան՝ նա գծագրել է գյուղի շուրջ 80 գերդաստանների տոհմածառերը՝ ընդծելով 1850-ական թվականներից մինչև մեր օրերը ծնված, կյանքից հեռացած և ապրող բոլոր անձանց անուն-ազգանունները։ Դա ամենևին հեշտ գործ չէ. ամենքը չէ, որ հիշում են իրենց նախնյաց ծննդյան-մահվան ամսաթվերը, անգամ անունները։ Նման դեպքերում նա դիմել է գյուղի տարեց բնակիչների օգնությանը և անգամ պարզել, որ շատերը Դիզակի արժանահիշատակ մեծ Մելիք Եգանի տոհմակից ազգականներն են։
Չբավարարվելով դրանով՝ շրջանի մոտիկ գյուղերի շատ ընտանիքների տոհմերն է ցուցակագրել՝ չմոռանալով հիշատակել տվյալ վայրի թաղամասերի, շրջակա հանդերի, աղբյուրների, հնագույն աղոթատեղերի, փլատակների վերածված շինությունների անունները։ Կասեք՝ ո՞ւմ են այլևս պետք դրանք։ Սխալվում եք։ Դրանք մեր ինքնության խոսուն վկայություններն են։
Ինչևէ։ Բուժքույր Նաիրեն 44-օրյա պատերազմի ժամանակ կամավոր մեկնել է առաջնագիծ և 15 օր օգնել վիրավոր զինվորներին, ազատ պահերին էլ արձանագրել տեղի ունեցող բախտորոշ որոշ դեպքերը։
«Մասնագիտությամբ պատմաբան, լեզվաբան կամ գրականագետ չեմ, մի հասարակ արցախցի եմ և ուզում եմ, որ որևէ հայրենակցի անունը, նրա ապրած բնակավայրի, թաղամասի, շրջակա տեղամասերի, անտառների, ծառատեսակների, աղբյուրների անունները չկորչեն››,- ասում է նա։ Շրջել ու գրառել է մի շարք գյուղերի տարեց մարդկանց պատմած հեքիաթները, ուտեստների անվանումները, զբաղմունքների տեսակները, հումորը, ամեն, ամեն ինչ։ Ասենք՝ Ղազանչի գյուղի բնակիչ Սուրեն Շաբոյանի հետաքրքրական պատմություններից արդեն երկու ձեռագիր գրքեր են ծնվել, որոնք, վստահ եմ, հետագայում շատ օգտակար են լինելու։
Նաիրեի և Արմեն Միքայելյանի ջանքերով ֆեյսբուքյան հարթակում բացվել է «Արցախյան խոսք» էջը, որտեղ տեղադրվելու են «արցախերեն» զանազան պատմություններ մարդկանց առօրյայի մասին, բնաշխարհին բնորոշ ավանդապատումներ, ասացվածքներ, օրհնանքներ, անեծքներ, հին ու նոր ճաշատեսակների անուններ, անվանի հայորդիների կենսագրություններ և շատ այլ հետաքրքիր նյութեր, որոնք կենդանի են պահելու բանտարկված հայրենիքի կերպարը։ Դե ասեք, սրանք երկիրը պահելու կարևոր բաղադրիչներ չե՞ն։
Թանկագին արցախցի պապիկներ ու տատիկներ, քույրեր, եղբայրներ, մի ցրվեք աջ ու ձախ, երբեք մի հուսալքվեք, մի մղնջորվեք, ձեր մեծացող թոռնիկներին, զավակներին ամեն օր պատմեք ձեր գյուղի մասին, շրջակա տեղանքների, անտառներում աճող օգտակար բույսերի, կենդանական աշխարհի, աղբյուրների, ջրաղացների, կիսավեր եկեղեցիների, կյանքից հեռացած հարազատների, նշանավոր հայրենակիցների, ամեն, ամեն ինչի մասին, դաջեք նրանց հիշողության մեջ մեր սովորությունները, մեր լեզուն, թույլ մի տվեք, որ նրանք տարվեն ոչուփուչ զբաղմունքներով, երբեք չմոռանան, որ իրենք արցախցի են և մի երջանիկ օր վերադառնալու են ու վերակերտելու են իրենց բնօրրանի նորոգ-կերպարը։ Մեր տան Աստվածը երբեք անտեր չի թողնի մեզ, վստահ եղեք, ձեր հույսն ու հավատը անկոտրում պահեք, լոխ լավա լինելու։
Ապրելու գինը շատ ու շատ մեծ է, բայց հասանելի։ Եկեք ապրենք Նաիրեի պես, ամենքս մի օգտակար գործով պահպանենք մեր քաջ ու հայրենասեր նախնիների շահած-պահած բնօրրանի կենդանի կերպարն ու պատիվը։ Լինենք միակամ, արժանապատիվ և վստահ, որ գալու, անպայման գալու է մեր ուրախության օրը։ Էլի ծնվելու են Մելիք Եգաններ, Անդրանիկներ, Նժդեհներ… Հիշեք «Չարի վերջը», « Ծիծեռնակի երգը».
Ծիծեռնակը բույն է շինում,
Եվ շինում է և երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս
Առաջվա բույնն է հիշում…
Փորձություններով թրծվում է ժողովրդի հարատևելու կամքը։ Տեսեք, աշխարհի տարբեր կողմերում ինչպիսի եղեռնագործություններ են կատարվում, տեսեք, Մերձավոր Արևելքի ժողովուրդների գլխին ինչ ռումբեր են պայթում, և փառք տանք Աստծուն, որ մեր կորուստները նրանց համեմատությամբ էլի տանելի են։ Դուք օտար վայրում չեք, հայության մայր հայրենիք Հայաստանում եք, ձեր քույրերի ու եղբայրների կողքին, պետության լավ-վատ հոգածության ներքո։ Լինենք հանդուրժող, համբերատար, մեծահոգի և իմաստուն։ Հավատը սարեր է շարժում, կգա օրը, և մեր տանն էլ կլինի մեծ, ցնծալի, համազգային հարսանիք։ Վստահ և պինդ կացեք։
30 նոյեմբերի 2025 թ.
Ռայա ԽԱՍԱՊԵՏՅԱՆ / Ապրելու գինը
