ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԾՆՆԴԱՎԱՅՐԻ ՀԵՏ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Ջեյմս Ջոյսը «Դուբլինցիները» համարում էր իր հայրենիքի հոգեկան կյանքի պատմությունը: Այս բնորոշումը թերևս սազական է նաև Ներսես Խառատյանի «Խաղ մահվան հետ» նոր ժողովածուին, որի բոլոր պատմությունները ծննդավայրի` Մեղրիի ու նրա բնակիչների մասին են, պատմություններ, որոնք թեմատիկ ամբողջության մեջ լի են զգայական պատկերներով, կյանքի խաչմերուկներում մոլորված կամ հաղթանակած ճակատագրերով և անսահման ձգտումով` հաղթահարելու գավառական փոքրիկ քաղաքի միօրինակությունը: Պատմվածքներում գործողությունների զարգացման հիմնական առանցքը ոչ թե դեպքերի և իրադարձությունների պարզ հաջորդականությունն է, այլ՝ տիպական բնավորությունների և հանգամանքների որոշակի հարաբերակցության խաչաձևումը, ինչն էլ ապահովում է հերոսների հոգեկան միջավայրն ու վերաբերմունքը իրերի, երևույթների նկատմամբ: Փոքրիկ Մեղրիին մեծ իրադարձություններն ու հոգեցունց բախումները բնորոշ չեն, թելադրողը պարզ կենցաղն է, մարդկային հավանական ու անհավանական հարաբերությունները: Խառատյանն ինքն էլ չի խտացնում գույները, պարզապես իրականության մանրամասների ներքին կապակցությամբ փորձում է պատկերել մարդկանց հոգևոր վիճակի ընդհանրացված պատկերը, մանրամասներ, որոնք հեղինակային վերաբերմունքի, հեղինակային հուզականության ներարկումների շնորհիվ առավել ամբողջական ու ընկալելի են ներկայանում: Պատմվածքների մեծ մասի գործողությունների զարգացման լոկոմոտիվը հուշերն են, գեղարվեստական այն բանալին, որով հեղինակը վերակենդանացնելով անցյալը, փորձում է անցյալի ապրված ու թանկ միջավայրի տպավորությունները ներդաշնակել ներկայի բովանդակությանը: «Սիրելիի հետ ամեն ինչ թեթև է…» ստեղծագործությունն սկսվում է դրամատիկ իրավիճակով, երբ բոլորը սպասում են Գոհար տատի մահվանը: Թվում է մահվանից ավելի դրամատիկ ոչինչ չի կարող լինել, սակայն սիրելիի հնչած անունը անսպասելիորեն պահի նոր սրբագրումներ է թելադրում: Հրաշքն ակնհայտ է: Գոհար տատը պատրաստվում է դիմավորել Նիկոլին: Հիշողությունների խառնարանում նրա և Նիկոլի սիրո սքանչելի պատմությունն է, որ, ավաղ, գավառական միջավայրում մնում է կիսաբաց, չգտնելով իր շարունակությունը: Գոհար տատը մեռնում է, սակայն անավարտ սիրո վերհուշը ստիպում է մահվանը մի քանի ժամով նահանջել և մահը վախճան չէ այլևս, այլ՝ ճանապարհորդություն, հանդիպման հեռանկար սիրելիի հետ: Սիրո թեման արծարծված է նաև «Այսպիսի սեր…», «Պայտը» պատմվածքներում: Նույն չկայացածի դառնությունը, զգացմունքների բուռն հոսքը, անաղարտության ու անմիջականության նույն ձեռագիրը, ճակատագրի հետ անհամաձայնությունների ու հակասությունների մթնոլորտը ու, միաժամանակ, անգամ տարիների հեռվից` ապրումների չմարող ջերմությունը: «Լավագույն պատմվածքը» ստեղծագործության մեջ Խառատյանը տալիս է սիրո իր բանաձևումը. «Աշխարհում ստեղծված ամեն հրաշալի ու կատարյալ բան սիրո արդյունք է` սիրո ծնունդ: Այդ մաքուր, արևային զգացումը այս ունայն ու անցողիկ կյանքի բարձրագույն արժեքն է` շռնդալից, հոգեպարար ու արարչագործ, որ մարդուս մղում է ամենավեհին ու ազնվագույնին»: Բոլորովին այլ հոգեվիճակ է «Դոռեմիֆսյադո», «Բումերանգ», «Ուր են ճողոպրում» ստեղծագործությունների պարագայում` ավելի հաճախ բարի հումորի և կոմիկ իրավիճակների խաչաձևումով, մի բան, որը բացակայում է «Ոտքերս են սոված, ոտքերս…» պատմվածքում, որում սոցիալական անարդարության, ստալինյան բռնությունների կնիքը, մանավանդ փոքր քաղաքի սահմանափակ տարածքում, առավել դրամատիկ և մռայլ շրջանակով է ներկայացված: Գրքի համարյա բոլոր պատմվածքներում հեղինակային պատումի առանցքը իր ծննդավայրի մարդիկ են, նրանց հոգևոր բարեմասնությունները, նրանց հուսահատության և երջանկության պահերի, տրտմությունների ու երազանքների քարտեզագրումը, ինչից էլ հերոսների հոգեբանական զարգացումները հաճախ գործողությունների ընթացքից ավելի ընդգծված, ցայտուն են դրսևորվում: Թերևս հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ առանձին գործերում նրան հաջողվում է սահմանափակ գործողությունների պարագայում զգայական ավելի մեծ տարածք ապահովել: Ասվածի տիպիկ օրինակը «Խաղ մահվան հետ» գործն է, որն ի տարբերություն գրքի մյուս գործերի, գեղարվեստական այլ արտահայտչամիջոցների, կյանքի փիլիսոփայական ընկալման այլ ոճավորման արտահայտություն է, մի տեսակ գրական կղզի՝ ժողովածուի ընդհանուր կառուցվածքի մեջ: Ամբողջ պատումը երկխոսություն է մահվան հետ: Մահը պահանջատեր է. «ժամանակդ լրացավ, բարի եղիր տեղդ զիջել», սակայն մարդկային հնարամտությունը ունակ է հաղթահարելու ժամանակի թելադրանքը, փոխելու անգամ անխուսափելիի ընթացքը: Այս և մյուս գործերում Խառատյանի կողմից իրադարձությունների ընտրությունն անպայմանորեն կապված է հեղինակային աշխարհընկալմանն ու վերաբերմունքին, ինչն ստիպում է նրան ավելի կենտրոնանալու երևույթների ներքին գծերի բացահայտմանը, խուսափելով արհեստական, շինծու դրամատիզմից, չիմաստավորված կեցվածքներից և գեղարվեստական արտահայտչամիջոցների անհարկի շահարկումներից: Խառատյանի ձեռագրին բնորոշ է արտաքուստ անկողմնակալ, անմիջական և օբյեկտիվ պատմելաձևը, ինչը առավել վստահություն է հաղորդում անգամ երևութական պատկերների նկատմամբ: Վստահություն է հաղորդում, որ նրա հայրենիքի հոգու պատմությունը շարունակություն ունի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։