Մեռանիմք եւ ոչ զարհուրիմք:
ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ
Մարկ Տվենի «Խորհրդավոր անծանոթը» (The Mysterious Stranger) գործում, եթե հիշողությունս չի դավաճանում, մի այսպիսի հատված կա. «Հրեշտակը» ծերունուն խոստանում է նրան երջանիկ դարձնել և կատարում է իր խոստումը՝ ծերունուն զրկելով բանականությունից: Վերջինս իր օրերն անցկացնում է հոգեբուժարանում՝ զրուցելով երևակայածին իր հին ընկերների հետ, «ծախսելով» գոյություն չունեցող փողեր, ապրելով «ուրախ ու երջանիկ»…
Ամերիկացի ֆանտաստ գրող Ռոբերտ Շեքլին սև հումորով գրված մի վիպակ ունի՝ «Գիտակցափոխություն» (Mindswap, տարբերակ՝ մտքի, բանականության փոխանակում). երկրաբնակ գլխավոր հերոսն իր գիտակցությունը փոխանակում է մարսաբնակի գիտակցության հետ (որը, պարզվում է, խարդախ է և հանցագործ): Երկար արկածներից հետո, ի վերջո, նա հայտնվում է իբր իր հայրենի մոլորակում, հայրենի տանը, ուր ամեն ինչ «առաջվանն է». հայրը առնետների իր հոտն է արածեցնում, մայրը շարունակում է ձու ածել, կաղնիներն, ինչպես միշտ, ձմռանը հարավ են չվում, այլևայլ անհեթեթություններ: Եվ նա շարունակում է ապրել «ուրախ ու երջանիկ»…
Անգլիացի գրող, փիլիսոփա Քոլին Ուիլսոնը «Գիտակցության մակաբույծները» (The Mind Parasites, տարբերակ՝ մտքի, բանականության, ուղեղի մակաբույծներ) վեպում խոսում է այնպիսի մակաբույծների մասին, որոնք ախտահարում են մարդու ուղեղը և խաթարում նրա միտքն ու բանականությունը: Այդպիսով՝ մակաբույծներ սերմանողներն իրենց են ենթարկում մարդկանց…
Վերը թվարկածս ստեղծագործությունների հեղինակները թե ի՛նչ գեղարվեստական, առավել ևս՝ գաղափարական նպատակներ են հետապնդել դրանք գրելիս, թողնենք գրականագետներին: Ինձ այսօր հետաքրքրում է դրանց արդիականությունը՝ այլ տեսանկյունից: Նախկինում գուցե այդ գործերում արծարծված գաղափարները հեղինակների երևակայության, քմայքի ծնունդ համարեի, իհարկե, դրանց օրինակներով արտահայտված հակաուտոպիական գաղափարներն ու զգուշացնող ահազանգերը չանտեսելով (Սվիֆթը, Վոլտերը, Հերբերտ Ուելսը, Օլդոս Հաքսլին, Ջորջ Օրուելը, Բրեդբըրին, Զամյատինը…, այլ հակաուտոպիստներ էլ՝ մեզ նվեր): Բայց այսօր ստիպված եմ այդ ամենին նայել արդեն ավելի մտախոհ հայացքով, մանավանդ՝ որ այդպիսի երևույթը միայն գրականության մեջ չէ. դրա վառ օրինակներից կան հենց բնության մեջ, որոնցից մեկը ներկայացնեմ ստորև:
Մրջնանոցում գիտնականները հայտնաբերել են լոմեխուզա միջատներին: Դրանք, մտնելով մրջնանոց, «բարեկամանում են» մրջյունների հետ՝ վերջիններիս հրամցնելով իրենց գեղձերից արտադրված մահաբեր քաղցրահամ թույնը: Մրջյունները սիրով հյուրընկալում են դրանց, բավականությամբ ճաշակում այդ թույնը, ասես խրախճանք են անում: Ավելին. նրանք լոմեխուզաներին կերակրում են իրենց ձվերով, իսկ աղետի ժամանակ նախևառաջ փրկում են դրանց ու դրանց թրթուրները: Որոշ ժամանակ հետո մրջյունները տկարանում են, հյուծվում ու մահանում՝ «դավին անտեղյակ», իսկ լոմեխուզաներն, ուտելով մրջյունների ձվերի մի մասը, մյուս մասն օգտագործում են իբրև պարարտ միջավայր՝ սեփական սերունդն աճեցնելու համար: Ըստ էության, լոմեխուզաների արտադրած թույնը մրջյունների վրա նույն ազդեցությունն է գործում, ինչ ալկոհոլն ու թմրադեղերը՝ մարդկանց վրա:
Հիմա հարց. որքան էլ հավուր պատշաճի հավելեմ, թե «բերված օրինակներում բոլոր նմանություններն ու համընկնումները զուտ պատահականություն են», վերջին տարիների կորոնավիրուսակիր աշխարհաքաղաքական և ներհայաստանյան իրադարձությունները մեզ առնվազն չե՞ն հուշում, որ ռուսամետ (ոչ վաղ անցյալում՝ բոլշևիկյան), արևմտամետ (նոր ժամանակներում՝ գլոբալիստական) գաղափարներով «տոգորվածներս» նման ենք վերոբերյալ օրինակների «գործող» (գործածվող) անձանց ու միջատներին: